Thursday, December 23, 2010

hayazgaynakan.do.am

Տիգրան Խզմալյանը կտրուկ դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը

Տիգրան Խզմալյան-


Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կտրուկ դեմ է օտարալեզու դպրոցների բացմանը և կարծում է, որ երկրի իշխանությունը «զավթած գավառական և անկիրթ վաճառականները զբաղված են տարբեր և տգեղ միջոցներով թամաշա կազմակերպելով և հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելով»։ Ըստ նրա՝ դա Ռուսաստանի նեոգաղութային ծրագիրն իրականացնելու նպատակով է արվում։

«Ես դեմ չեմ թեքումով դպրոցներին, ավելին` կարծում եմ, որ դրանք անհրաժեշտ են, և մեզանում կան և՛ դպրոցներ, և՛ բուհեր, սակայն ստեղծել օտարալեզու հանրակրթական դպրոցներ, նշանակում է ստեղծել գետտո»,- «Կապիտալ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ռուսական կրթություն ստացած կինոռեժիսորը։ Ըստ նրա՝ դա նման է այն բանին, որ մարդու լեզուն կտրեն ու տեղը փորձեն ուրիշի լեզուն կարել։

«Այդ նախագծով ձեռք է բարձրացվում ազգային անվտանգության վրա, փորձ է արվում օտարի առջև բացել ազգի համար ամենակենսական և կարևոր իրողության դուռը։ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունը և օտարալեզու դպրոցների ստեղծումն իր վտանգով հավասար է ազատագրված տարածքների զիջմանը։ Եվ եթե ղարաբաղյան հարցում փորձ է արվում զիջել պետականության անվտանգության երաշխիքներ հանդիսացող ազատագրված տարածքները, օտարալեզու դպրոցների հիմնադրմամբ՝ ստիպված ենք լինելու զիջել ազգային ինքնության անվտանգության տարածքները։ Մենք փորձ ենք անում ռուսացնել, օտարացնել լեզվամտածողությունը, արժեհամակարգը, մշակույթը, աշխարհայացքը։ Այս ամենը, կրկնում եմ, անհեթեթ է, և այնքան անհեթեթ, որ ինձ հիշեցնում է 70-ականների բրեժնևյան սահմանադրությունը, որն առաջացրեց վրացիների զայրույթը, նրանք պահանջեցին, որ հանվի այն կետը, որը ռուսերենը դարձնում էր ԽՍՀՄ երկրների համար պետական լեզու։ Հայաստանի 70-ականների փառապանծ մտավորականները ծպտուն չհանեցին։ Հիմա անկախ Հայաստանում այդ հարցի քննարկումը թերևս լիներ ծիծաղելի, եթե հետևանքները ողբերգական չլինեին»,- ասել է Տիգրան Խզմալյանը։

Նշելով, որ հայերը լեզուներ իմացող ազգ են՝ Խզմալյանը «Լեզվի մասին» օրենքի փոփոխության նախագծի հեղինակներին և համակիրներին խորհուրդ է տալիս ուսումնասիրել Աստվածաշնչի «Գիրք գրոց» մասը, որտեղ թափանցիկ ակնարկ կա հայերի «թարգամացեղ» լինելու մասին։ «Իսկ Թարգամի [Թորգոմ-խմբ.] ցեղը Հայկ նահապետի հետ հեռացավ Բաբելոնից, որտեղ զբաղված էր թարգմանչությամբ։ Բաբելոնաշինության և քաղաքակրթության զարգացման ժամանակ հայերն ունեցել են թարգմանչի դեր։ Թարգամի ժողովուրդը՝ հայերը, թարգմանիչներ էին։ Կառավարության որոշումով չէր հայ վաճառականը հասնում Չինաստան ու այնտեղից բերում ու սեփական բառապաշարը հարստացնում «չնաշխարհիկ» բառով: Իսկ հայ վաճառական Հովհաննես Ղազարյանը, որին աշխարհը գիտի Ջոն Լազարոս անունով, անգլերենից Աստվածաշունչը թարգմանեց չինարեն։ Ավելին՝ երկու տարի հետո տոնելու ենք հայ տպագիր առաջին գրքի՝ Ուրբաթագրքի հինգ հարյուր տարին։ Այս ամենն ասում եմ, որ հասկանան՝ այս ժողովուրդը նմանօրինակ հիմարություններով կարգավորվելու պահանջ չունի։ Ոչ ոք իրավունք չունի խախտել հայերի բնական ձգտումը դեպի ուսում։ Երկու-երեք տրաֆարետային դպրոցներ ստեղծելու փոխարեն՝ լավ կանեն ուժեղացնեն հանրակրթական դպրոցները։ Սա ազգային դավաճանություն է, որով զբաղվում են մարդիկ այն կուսակցությունից, որն իշխող է մեզ մոտ և որը կանգնում է Սուրեն Սպանդարյանի արձանի մոտ Գարեգին Նժդեհի անունով կեղծ երդումներ է տալիս։ Ես ուզում եմ այսպես կոչված նժդեհականները մի վայրկյան պատկերացնեն, թե ինչ կկատարվեր Նժդեհի հետ, եթե նա բացեր աչքերը և տեսներ, թե ինչ են անում այսպես կոչված նժդեհականները»,- ասել է կինոռեժիսորը:
Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ եթե նույնիսկ մենք վարում ենք ռուսամետ քաղաքականություն, պարտադիր չէ սեփական երեխաներին հրամցնել նրան։ «Կան երկրներ, որտեղ հյուրասիրության մեջ է մտնում հյուրին սեփական կնոջով հյուրասիրելու ավանդույթը։ Ավանդույթ է, որով կարելի է զարմանալ կամ հարգել, բայց կրկնել նման պոռնկությունը սեփական չակերտավոր զարգացածությունը ցույց տալու համար, մեղմ ասած, չարժե։ Սակայն այն, ինչ փորձ է արվում անել, հենց դա է»,- ասել է կինոռեժիսորը։

No comments:

Post a Comment