Հայ հասարակությունն արդեն տևական մի ժամանակահատված իր վրա զգում է սոցիալ-քաղաքական և տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքները: Սրան գումարվում է նաև հասարակության խոր բևեռացումը. մի կողմում ֆինանսական տուզերի խմբերն են` անհայտ ծագման վիթխարի ունեցվածքով, մյուս կողմում` Հայաստանից փախչել չկարողացող և օրհաց գոյություն պահպանող ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը: Ստեղծված իրավիճակում, սակայն, չեն դադարում միասնության և համախմբման կոչերը թե իշխանության ներկայացուցիչների, թե ամեն գնով իշխանության ներկայացուցիչ դառնալու ձգտում ունեցող խմբերի ու անհատների կողմից: Նաև նրանց, ովքեր, մի քարի վրա կանգնած, թամաշա են հավաքում: Եվ յուրաքանչյուրն ունի միասնության գաղափարի սեփական ընկալումը, որի հետևանքով գրեթե արժեզրկվել է հենց գաղափարը:
Իշխանությունների համար միասնությունը հանրության կողմից իր գործունեության պտուղների անքննադատ ընդունումն է և աչքափակ ծափահարությունը, որի շինծու աղմուկի մեջ չի լսվում նաև սխալի սրտացավ քննադատությունը: ‹‹Ով դեմ է մեզ, ուրեմն, մասնատում է հասարակությունը, խոչընդոտում համաժողովրդական միասնությունը և թուլացնում պետությունը››. սա է մոտեցումը, որը թեև անընդունելի է, բայց նաև հասկանալի. ձեռքն ընկածը ոչ ոք կորցնել չի ուզում:
Այստեղ չխոսենք քաղաքական ընդդիմության մասին, քանի որ, իմ խորին համոզմամաբ, Հայաստանում նման բան գոյություն չունի: Քաղաքական ընդդիմությունը, ինչպես ներքին կազմակերպվածություն ունեցող բոլոր նորմալ երկրներում, տվյալ երկրի համար դառնում է զարգացման խթան, իշխանություններին զգաստ ու զգոն պահող առաջմղիչ ուժ, այլ ոչ օտար պատվերով պետություն քանդող կամակատար:
Խամաճիկ է դառնում նաև ներքին պատվերով ձևավորված ընդդիմությունը, որի միակ դերը պետական ցուցափեղկում քաղաքական բազմակարծության պատրանք ստեղծելն է: Բազմակարծությունը ժողովրդավարության անբաժանելի մասն է, բայց սեփական շահերով պայմանավորված քաղաքական ստրկամտությունը երբևէ բազմակարծության բաղադրիչ չի կարող լինել:
Միասնության անհատական ընկալումն էլ մեզանում վերածվել է ասվածի ‹‹անվանական›› մոդելի. շատերն են իրենց համարում առաջնորդ, որոնք, սակայն, հետևորդ չունեն: Չունեն նաև դա գիտակցելու և հետևորդ դառնալու կարողություն, բայց ունեն ինքնուրույն գործ անողին պառակտիչ անվանելու սովորություն: Սա նույնն է, թե հայկական խոհանոցի թագն ու պսակը դարձած վերմիշելով փլավ պատրաստող տանտիրուհուն մեղադրես ընտանիքի միասնությունը քայքայելու մեջ, քանի որ համատեղ նվիրում չի ապահովել:
Այսինքն, այսօր ունենք սոցիալ-հոգեբանական առումով իրոք մասնատված հասարակություն, որի գլխին անընդհատ միասնության մասին անհասկանալի քարոզ են կարդում:
Սակայն աշխարհաքաղաքական ժամանակակից զարգացումների պայմաններում, երբ հարկ է դիմագրավել արտաքին վտանգներին, հրամայական է դարձել սոցիալ-հոգեբանական կուտակված հակասությունները նվազագույնի հասցնելու, հասարակության համախմբմանը նպաստող համաժողովրդական խնդիրների և նպատակների հստակեցման անհրաժեշտությունը, քանի որ պրկված լարի կտրվելու ժամը ոչ ոք կռահել չի կարող: Այս առումով, կարևորվում է անհատի ազատության և հասարակական ,,կաշկանդվածության,, ընդունելի համադրությունը: Բոլշևիկյան գաղափարախոսության սնանկության պատճառներից մեկն այն էր, որ փորձ արվեց հանրությանը բռնությամբ պարտադրել համընդհանուր արժեքներ և նպատակներ. Այդ պարտադրանքի մեջ էլ արհամարհվեց և ճզմվեց անհատը` դառնալով զանգվածի միավոր:
Բռնությամբ պարտադրված միասնությունը հասարակությանն արագորեն հանգեցնում է գաղափարական և քաղաքական քայքայման: Տրամագծորեն սրան հակառակ գործելաոճը ևս աղետաբեր է, ինչին բոլորս ականատես եղանք անկախության առաջին տարիներին, այսինքն` անթաքույց հրաժարում հասարակությանը միավորող ազգային, գաղափարախոսական և մշակութային արժեքներից: Նման ծայրահեղությունը հասարակության համար կարող է վերածվել ողբերգության, քանի որ վերանում են մարդկանց սոցիալական և հոգևոր կյանքի բոլոր արժեքային չափորոշիչները:
Հենց սա պետք է հաղթահարել:
Մենք` հայերս, այդ հնարավորությունն ունենք: Հիշենք 88-ը` համաժողովրդական միասնության եզակի օրինակ, որի կարևորագույն առանձնահատկությունն այն էր, որ իրականություն դարձավ հասարակության բոլոր անդամների կամքի ազատ դրսևորման հիմքով` Հայրենիք էր ազատագրվում: Բայց դրանով, կարծես, մեր կռիվն ավարտվեց, և շարքային հորջորջված ժողովուրդը խրվեց պարզունակ գոյատևման ճահիճը:
Աղոտացավ նաև համազգային գերխնդիրը:
Այսօր պիտի հասկանանք, պետականորեն պիտի հասկանանք, որ Արցախի ազատագրումը մեր համաժողովրդական պայքարի վերջնակետը չէ, այլ սկիզբը: Հայաստանի մի հսկայական մասը այսօր էլ մնում է բռնազավթված, և եկել է, վաղուց է եկել Սասունի ու Կարսի մասին ախուվախը իրական պահանջատիրությամբ փոխարինելու ժամանակը: Այս գործին նվիրված անհատները գիտակցում են սա, անում են իրենց հասանելիքը, և սա պետք է լինի ազգային գաղափարախոսության ու համազգային միասնության հիմքերի հիմքը: Հասարակության բոլոր անդամների մեջ հոգևոր այդ միասնության ձգտումը կա: Բացակայում է պետության ներքին կազմակերպվածությունը: Մինչդեռ այդ խնդիրները հնարավոր է լուծել միայն պետական բոլոր կառույցների հստակ գործառնության դեպքում: Պետական ներքին կազմակերպվածության, հետևաբար և, համաժողովրդական միասնության երաշխիքները հասարակական կյանքի բոլոր կարևորագույն ոլորտներում են` տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգևոր-մշակութային:
Ամեն մեկն իր տեղում պետք լինի և իր գործը պետք է անի` վերից վար և մանավանդ` վերից:
Սա է դժվար:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
No comments:
Post a Comment