Saturday, December 25, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ (մաս երկրորդ)


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅՍՕՐ (մաս երկրորդ)

II. Միջազգային իրավական մակարդակ

Հայկական պետության ռազմավարական խնդիրները

Նախքան Հայկական հարցի միջազգային իրավական մակարդակի վերլուծությանն անցնելն անհրաժեշտ է համառոտաբար ամփոփել ներկա ուսումնասիրության նախորդ գլխում ասվածը (I. Ռազմավարական մակարդակ

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայկական հարցի բովանդակությունը՝ Հայաստանի տարածքային-քաղաքական ազատագրության անհրաժեշտությունը, նույնը մնալով, ընդունեց նոր ձևեր, որոնք արտահայտվեցին նախևառաջ վերածնված հայկական պետության հետևյալ ռազմավարական խնդիրներում.

ա) Արցախի (ներառյալ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) շուրջն ընկած տարածքի) ազատագրում և ամրապնդում.

բ) Հայաստանի անվտանգության համար կենսականորեն կարևոր հայկական Ջավախքի պահպանում և նրա ազգային դիմագծի ամրապնդում.

գ) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, ցեղասպանության ժխտման փորձերի դեմ պայքար, ինչպես նաև այդ հարցի միջազգային շահարկումների բացահայտում և չեզոքացում.

դ) Խորհրդային Միության փլուզմամբ վերաբռնկված հայ-թուրքական հակամարտությունը, ներառյալ ինչպես օսմանյան ու հանրապետական Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցերը, այնպես էլ Թուրքիայի ներկայիս թշնամական քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության երկարամյա շրջափակումը, Ադրբեջանի՝ ԼՂՀ և ՀՀ դեմ ուղղված պատերազմական գործողություններին, այժմ էլ՝ նախապատրաստություններին ամեն կերպ օժանդակումն ու խրախուսումը, Հայոց ցեղասպանության ժխտումը, միջազգային ասպարեզում Հայաստանի պատմության համապարփակ կեղծումը, հայ պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, ՀՀ-ի և հայության դեմ մղվող տեղեկատվական-հոգեբանական պատերազմը և այլն։

Հայկական հարցի այս բաղադրիչներն անքակտելիորեն կապված են, նրանցից յուրաքանչյուրը պարունակում է մեծ վտանգներ, իսկ որևէ մեկում ձախողումը հղի է ծանր հետևանքներով Հայաստանի և հայության համար։ Վերը թվարկված խնդիրներն ունեն մի շարք կողմեր, այդ թվում՝ ռազմական, ժողովրդագրական, տնտեսական, միջազգային-իրավական, որոնցից ամեն մեկն ունի իր կշիռն ու նշանակությունը։

Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը

Համապատասխանաբար, Հայկական հարցի միջազգային իրավական թղթապանակը բաղկացած է հետևյալ գործերի համադրույթից.

  1. 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է Հայաստանի համար իրապես դրական նշանակություն ունենալ միայն այն ժամանակ, երբ կընդունվի որպես իրավականորեն պարտադիր ակտ, այլ ոչ որպես սոսկ քաղաքական հռչակագիր, ինչպիսինայն դարձել է աշխարհի ավելի քան քսան երկրների խորհրդարանական բանաձևերում և հայտարարություններում։ Հռչակագրային բնույթ ունեցող ճանաչումները որևէ փոփոխություն չեն առաջացրել ցեղասպանությունը ճանաչած պետությունների՝ Հայաստանի անվտանգության հրատապ խնդիրների նկատմամբ վարած քաղաքականության մեջ։ Այնինչ միայն այդպիսի արդյունքը կարող էր կարևոր լինել, քանի որ Հայաստանի անվտանգության ծանրագույն խնդիրները հե՛նց ցեղասպանությունն է ծնել։ Օրինակի համար, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Բելգիան, Լիտվան, Նիդերլանդների Թագավորությունը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց այդ երկրների քաղաքականությունը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ որևէ դրական տեղաշարժ չի արձանագրել։ Ավելին, աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը փաստացիորեն արժեզրկել է Հայոց ցեղասպանության մասին որոշ պետությունների խորհրդարաններում ավելի վաղ ընդունված բանաձևերը։ Այսպես, ի հեճուկս Լիբանանի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը երկիցս՝ 1997 և 2000 թթ. ճանաչելու փաստի՝ 2008 թ. իր մեծությամբ լիբանանյան երկրորդ քաղաքի՝ Տրիպոլիի գլխավոր հրապարակը վերանվանվել է Հայոց ցեղասպանության առաջին փուլի ղեկավար՝ պատմության մեջ «արյունոտ սուլթան» մականվամբ հայտնի Աբդուլ Համիդի անվամբ։ Հունաստանում Սալոնիկի քաղաքապետը մտադիր է հուշարձան կառուցել ի պատիվ երիտթուրք այն պարագլուխների, որոնք ծնունդով այդ քաղաքից են։ Եվ այս սրբապղծության դեմ անզոր են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Հունաստանի խորհրդարանի 1996 թ., ինչպես նաև Եվրախորհրդարանի (որի անդամ է Հունաստանը) 1987 ու 2002 թթ. ընդունած բանաձևերը։ Կիսապաշտոնական Ֆրանս-Պրես գործակալությունը տարիներով շարունակում էր թեականորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին նույնիսկ այն բանից հետո, երբ 1998 թ. Ֆրանսիայի խորհրդարանը հատուկ բանաձևով ճանաչել էր այն (դրությունը շտկվել է միայն վերջին 2-3 տարվա ընթացքում)։ Շվեդիայի խորհրդարանը երկիցս փոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ։ Այսպիսով, ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական բանաձևերը, ինչպես նաև պետությունների ղեկավարների հայտարարությունները, թեև կարևոր են, սակայն անվստահելի են և անարդյունավետ (այստեղ չենք անդրադառնա այն բազմաթիվ փաստական սխալներին, որոնք նրանցում թույլ են տրված), քանի որ մշտապես ենթակա են ներքին և արտաքին քաղաքական շահարկումներին։

Իրականում, 1893-1923 թթ. Հայոց ցեղասպանության մասին գործը պատկանում է միջազգային և ազգային դատաիրավական վարույթին, մասնավորապես, ՄԱԿ-ի Միջազգային դատարանին կամ նախկին Հարավսլավիայի ու Ռուանդայի հարցերով տրիբունալների օրինակով ստեղծվելիք Հայոց ցեղասպանության հատուկ տրիբունալին։ Սակայն 1970-ական թթ. ի վեր՝ որոշ պետություններում խորհրդարանական քննարկումների օրակարգ մտցվելով (հետևաբար՝ դառնալով բանավիճային) և հայտնվելով տուժող կողմի՝ Հայաստանի և հայության արդյունավետ վերահսկողությունից դուրս, այդ գործը մի շարք դեպքերում դարձավ աշխարհաքաղաքական առուծախի առարկա՝ այլ պետությունների Թուրքիայի հետ ունեցած սեփական խնդիրները Հայոց ցեղասպանության շահարկումների հաշվին լուծելու միջոց։ (Այդ ամոթալի երևույթիվառ վկայությունն են ԱՄՆ նախագահների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախընտրական խոստումների լկտի և բացահայտ դրժումները։) Ուստի Հայոց ցեղասպանության մինչև այսօր եղած միջազգային ճանաչումները միայն խորհրդարանական բանաձևերի, որոշումների և հայտարարությունների տեսքով ժամանակավրեպ են։ Առնվազն այն պահից, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման (այլ ոչ՝ սոսկ ճանաչման) հարցը պետք է զուգահեռաբար արծարծվեր նաև միջազգային քաղաքական առուծախին պակաս չափով ենթակա իրավական դաշտում՝ ազգային և միջազգային օրենսդրություններում ու դատարաններում։ Միջազգային դատարանում Հայաստանը հայցելու է Թուրքիայից բարոյական և մշակութային փոխհատուցում, նյութական-ֆինանսական տուգանքներ, ինչպես նաև բռնագրավված տարածքների վերադարձ։

Այս գործը կարող է լսվել 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած «Ցեղասպանության հանցագործութունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) և այլ միջազգային-իրավական ակտերի համաձայն։ Մասնավորապես, որպես Կոնվենցիայի ստորագրող կողմ (23 հունիս 1993թ.) Հայաստանի Հանրապետությունն իրավասու է արծարծել Թուրքիայի դեմ (որը նույնպես ստորագրել է այն՝ դեռևս 1950թ. հուլիսի 31-ին) այդ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որով յուրաքանչյուր կողմ կարող է դիմել ՄԱԿ-ի լիազոր մարմիններին՝ պահանջելով ձեռնարկել այն միջոցները, որոնք այդ կողմի համոզմամբ անհրաժեշտ են ցեղասպանությունը «կասեցնելու» (ճնշելու) համար: Հեղինակավոր իրավաբան-միջազգայնագետների, մասնավորապես պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասի կարծիքով, ցեղասպանության «կասեցումը»՝ պատժիչ արդարության հաստատումից բացի՝ ենթադրում է նաև ավելի լայն միջոցների կիրառում: Հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս վերացնել դրա հետևանքները: Հետևաբար, այդ միջոցները ներառում են ոչ միայն ցեղասպանության մեղավորների պատժումը, այլև վերապրած սերունդների իրավունքների վերականգնումն ու նրանց փոխհատուցելը, այդ թվում, հնարավոր է, նաև տարածքային զիջումների տեսքով: ՀՀ-ը կարող է կիրառել նաև Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը հայտարարում է. «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման ու կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պատասխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանը` վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»:

Այս առումով հարկ է նկատել, որ վերոհիշյալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածում ցեղասպանություն հասկացության և բուն ցեղասպանություն (genocide) եզրույթի սահմանումը տվել է աշխարհահռչակ իրավագետ Ռաֆայել Լեմկինը` հիմքում դնելով հատկապես ու մասնավորապես Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Ավելին՝ Ռաֆայել Լեմկինը Կոնվենցիայի անբաժանելի մաս համարվող Նախապատրաստական զեկույցում ուղղակի հղում է արել Հայոց ցեղասպանությանը: Այս հղումը բավարար է եղել, որպեսզի Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը՝ 2007 թ. մարտի 9-ին դատապարտելով Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին 90 օր պայմանական ազատազրկման և տուգանելով նրան 3,000 շվեյցարական ֆրանկի չափով՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, միաժամանակ հայտարարի, որ Հայոց ցեղասպանությունը դադարում է լինել վիճարկման առարկա, քանի որ եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի ձևով արդեն միջազգայնորեն ճանաչվել է, դրվելով հիմնարար միջազգային իրավական ակտի հիմքում: Ավելին՝ ֆորմալ տեսակետից դիտելու դեպքում, կարելի է պնդել, որ Թուրքիան, 1950թ. հուլիսի 31-ին ստորագրելով Կոնվենցիան՝ անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հայաստանի ու հայության աշխատանքի մյուս ուղղությունը պետք է լինի տարբեր պետությունների ազգային օրենսդրություններում և դատական պրակտիկայում Հայոց ցեղասպանության ժխտման, վիճարկման կամ մեղմման քրեականացման հասնելը։ Ցավոք սրտի, այս հարցում իրավիճակը չափազանց վատ է բուն Հայաստանի Հանրապետությունում։

Ինչ վերաբերում է տարբեր պետությունների խորհրդարաններում և միջազգային այլ՝ ոչ-իրավական ատյաններում Հայոց ցեղասպանության արծարծմանը, ապա վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու հայությունը նման բանաձևերը գնահատեն իրենց սեփական չափանիշներով, որոնք համապա­տասխանում են ինչպես պատմական իրականությանը, այնպես էլ հայկական շահե­րին, ընդ որում՝ և՛ ազգային, և՛ պետական շահերին (սրանց միջև հակասություններ չկան, ինչպես տարիներ շարունակ փորձում են մեզ մոլորեցնել): Ստորև առաջարկում ենք այդպիսի գնահատման հինգ գլխավոր չափանիշ.

  • ցեղասպանության ժամանակագրական սահմանների ճշգրիտ նշում՝ 1893-1923 թթ.
  • անհրաժեշտ հիշատակում առ այն, որ հայերը ոչնչացվել են իրենց պատմական հայրենիքում՝ հիմնականում Հայաստանի արևմտյան մասում.
  • մարդկության դեմ այդ ոճրագործությունը կատարած պետության՝ Օսմանյան Թուր­քիայի հստակ մատնանշում, ինչպես նաև նրա իրավահաջորդի՝ Թուրքիայի Հանրա­պե­տության՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու և Հայաստանի դեմ թշնամական գործո­ղություններ իրականացնելու (շրջափակում, քարոզչական պատերազմ, դիվանագիտական հա­րաբերություններից հրաժարում, Ադրբեջանին ռազմական օգնություն և այլն) աներկբա դատապարտում.
  • թուրքական պետության պատասխանատվության ճանաչում հայ ժողովրդի շահերի վերջնական արտահայտչի և ներկայացնողի հայկական պետության առջև, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցելու անհրաժեշտության ընդունում (խոսքը նախևառաջ տարածքային փոխհատուցման մասին է).
  • նման բանաձևերում ցեղասպանության հետևանքների և տարածաշրջանի ներկա աշ­խարհաքաղաքական դրության կապակցումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ցեղասպանության բացասական ներազդեցության ճանաչումը: Ամենից կարևորը հենց դա է՝ որքանով են այդ բանաձևերը նպաստում ամենահրատապ խնդրին՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը։

Հայոց ցեղասպանությունը հայերի գոյատևման համար ստեղծել է հողային խնդիր՝ նրանց կենսատարածքը սեղմել-հասցնելով ծայրահեղորեն վտանգավոր չափերի: Ճիշտ ա՛յդ տեսանկյունից է պետք դիտարկել ինչպես Արցախի ազատագրումը (որի շնոր­հիվ միայն Հայաստանի սահմանները ձեռք բերեցին պաշտպանունակություն ու ռազմա­վարական նվազագույն անհրաժեշտ խորություն), այնպես էլ Ջավախքի հայության անվտանգ զարգացման ապահովումը:

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատա­պարտումը Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշարջանում մնայուն խաղաղության հաստատման հետ վարպետորեն կապելը: Միջազգային համայնքը ճա­նաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայերի իրավունքը Արցախի, ներառյալ ազատագրված ամբողջ տարածքի վրա։

Վերը նշված պատասխանատվության ու փոխհատուցման չափանիշերը միջ­ազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում առայժմ չեն գրանցվել։ Եվ չէին էլ կարող գրանցվել, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքն այդպիսի խնդիրներ իր առջև երբեք չի դրել, երբեք նման ծրագրեր մշակելու փորձեր չի արել ու բնականաբար՝ երբեք համապատասխան հիմնավորված պահանջներով հանդես չի եկել։

(Շարունակելի)

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր

«Հայաստանի ԶՐՈՒՑԱԿԻՑ»,

#45 (163), 24 դեկտեմբերի, 2010 թ.

Այս շարքից․

Մաս առաջին․ I. Ռազմավարական մակարդակ

No comments:

Post a Comment