Սփյուռքահայ պատմաբան, լրագրող Գևորգ Յազիճյանը մի հետաքրքիր ցանկ է կազմել, որում ներկայացված է երևանյան տաքսի ծառայության ընկերությունների շուրջ 750 անվանում:
«Հասարակության մի հայելին էլ տաքսիներն են,- կարծում է Յազիճյանը,- բոլոր զարգացած երկրներում տաքսիներն ունենում են մի գույն, սովետական շրջանում, օրինակ, դեղին էին: Սակայն մեզ մոտ այդ ամենը սարսափելի վիճակում է թե՛ տեսքի, թե՛ անվանումների առումով»:
Յազիճյանն այդ ամենը մեկ բառով անվանում է աջաբսանդալ, սակայն եթե աջաբսանդալը համարենք հայկական կերակուր, ապա դրա հետ էլ չի կարելի համեմատել, քանի որ այդ անվանումների հետ հայկականությունը ոչ մի կապ չունի: «95 տոկոսի մեջ հայերենը կա՛մ բացակայում է, կա՛մ լատինատառ է,- նշում է նա,- սակայն հայերեն տառերով գրվածը դեռ չի նշանակում հայերեն: Թող չփորձեն մարդկանց հիմարի տեղ դնել»:
Այդ ողջ հավաքածուի մեջ գերիշխողը` շուրջ 70 տոկոսը, անգլերեն բառերն են` լատինատառ: Եթե տաքսի բառի լատինատառ գրվածքն այնքան էլ սարսափելի չէ, ապա անվանումների դեպքում՝ «թեթև տանել» պարզապես չես կարող:
Ի դեպ, Յազիճյանը տաքսի բառը հայտնաբերել է նաև թուրքերենով:
«Երևանյան տաքսիների լեզվական երեսակի սոսկական դիտարկումը դիտորդին բերում է այն համոզման, որ սա հայոց լեզուն պետական լեզու հռչակած ՀՀ կոչվող պետության մայրաքաղաք Երևանը չէ, այլ` Ռուսաստանի Դաշնությունը կամ ԱՄՆ-ի մի նահանգը»։
Պատմաբանն այդ հարցով դիմել է Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանին. վերջինս համաձայն է, որ տաքսիների անունների 80 տոկոսն օտարալեզու է, սակայն այդ փաստը հաստատելով հանդերձ` առայժմ ոչ մի քայլ չի ձեռնարկել. «Նա ձեռքերը պիղատոսաբար լվանում է այս խախտումները վերացնելուն ուղղված իր տեսչության պարտավորության վրայից` մեղքը գցելով օրենսդրության անկատարության վրա»,-ասում է Յազիճյանը։
Եվ այսպես, բերենք օրինակներ պրն Յազիճյանի հետաքրքիր, սակայն ցավալի «հավաքածուից».
Լատինատառ օտար անվանումներ` Lights, Comfort, Cavalier, Sun, King, Getz, Baron, Just, Roof, Busy, Glamour, Gold Extremal, Sweetway, Wolf, Matrix, Real, Relax, Music, Markiza, Fox, Green Way, Golden Cab, King Deluxe, Dream, Vin, Girl, Seven Star, Legion և այլն:
Օտար անձնանուններ` Mishel Mona, Rosi, Emanuel, Victoria, Alex և այլն:
Հայատառ, սակայն օտար անուններ` Էդէլ, Գոլդուեյ, Բալու, Չերրի, Կոզինա, Լինդեզա, Սեկաս +, Ֆիեստա Գոլդ, Ույուտ, Ֆրի դեյ, Կոմֆորտ, Էքստրա, Լունա և այլն:
Օտար երկրների նահանգների և քաղաքների անուններ` Italia, Madrid, Milan, Moscow, Marsel, Texas և այլն:
Սխալ ուղղագրությամբ կամ անհասկանալի անուններ` Kaiser, Okei, Aveo, Ervis, Baobab Դովր, Պրիորրա, Ս, Ան, և այլն:
Լատինատառ հապավումներ` GAG & AN, Go & KA և այլն:
Սակայն ամենազավեշտալին անձնանունների աղավաղված տարբերակները կամ մականուններն են` Միլի, Մետքո, Ash, ԱՆ, Ջուլի, Անուլիկ, Կանչո, Աիդիկ, Ռուդիկ, Հովո, Գոնչ, Sergo, Գեվո, Աննա Գագու, Lyov, Boka, Mik, Գոգո, Monushka, Թամուշկա և այլն:
Յազիճյանը հայտնաբերել է անգամ լատինատառ եբրայերեն բառ` Shalom:
Հետաքրքիր է նաև, որ կա «Արմենիա» անվանումով տաքսի ընկերություն, բայց «Հայաստան»` ոչ:
Այդ ամենի մեջ ընդամենը մի քանի տոկոս են կազմում զուտ հայկական և հայատառ անուններով տաքսի ընկերությունները, որոնց տերերին, ըստ Յազիճյանի, պետք է խրախուսել. «Զանգեզուր, «Դվին», «Կարին», «Ջավախք», «Սարդարապատ», «Անի», «Երևան», «Բարև», «Ապահով», «ժպիտ» և այլն:
Ուսումնասիրելով տաքսի ընկերությունների անվանումները` ևս մեկ անգամ համոզվում ես, որ օտարամոլությունը հայ ժողովրդի մեջ խոր արմատներ ունի: Պատմաբաններն ու հոգեբանները դրա բացատրությունը բազմիցս են տվել` օտարի տիրապետության տակ դարեր շարունակ ապրելը և այլն, սակայն ժամանակը չէ՞ ընդմիշտ ազատվել այդ բարդույթից և մերը գերադասել բոլորից, մանավանդ, որ այսօր ունենք անկախ պետություն, այն էլ` «նժդեհյան, ցեղակրոն գաղափարախոսությամբ իշխանությունների հովանու ներքո»:
www.ankakh.com
No comments:
Post a Comment