Friday, December 31, 2010

Ամանորի ծեսը Հայաստանում

Դեկտեմբեր 30, 2010թ. 09:46



Ամանորը  հեթանոսական տոն է:
Այս տոնը մեր ազգի գլխավոր տոներից է, որն ունի մեռնող-հառնող բնության խորհուրդ: Այն հաղորդակցությունն էր կրակի և արևի, ջրի և ուտելիքի հետ:
Վաղնջական ժամանակներում հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը. փառաբանել են բնության զարթոնքը, աղերսել աստվածներին, որպեսզի տարին բերքառատ դարձնեն:
Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը /օգոստոսի 11-ը/ և տևել է մինչև սեպտեմբերի 9-ը: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ: Նավասարդ բառը կազմված է նավա/նոր/ և սարդ/տարի/ բառերից: Այս անվան մասին Անանիա Շիրակացին /7-րդ դար/, Հովհաննես Իմաստասերը/1045-1129/ և այլ նշանավոր գիտնականներ ավանդում են, թե Նավասարդը Հայկ Նահապետի դուստրերից մեկի անունն էր, որով մեր նախահայրը անվանել էր տարվա առաջին ամիսը:
Ամանորի հաջորդ օրը հայերը տոնում էին իրենց ամենաշքեղ ու ամենակարևոր տոնը: Այն նվիրված էր հայոց աստվածների հայր Արամազդին և կոչվում էր Նավասարդյան տոներ։ Նավասարդյան տոները ուղեկցվել են երգ-երաժշտությամբ, պարերով, թատերական, կրկեսային ներկայացումներով, զինախաղերով ու մարզական մրցումներով, այլ կերպ ասած`Նավասարդյան խաղերով։
Մեկ այլ ավանդության համաձայն, Հայկ նահապետը Հայոց ձորում սպանել է Բելին: Այդ հաղթությունը ենթադրաբար տեղի է ունեցել մ.թ.ա.2492թ. օգոստոսի 11-ին:
18-րդ դարում, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը, սակայն որպես տարվա սկիզբ տոնելը համընդհանուր դարձավ 20-րդ դարի սկզբներից:
Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի 30-31-ին` Տարի հաց պատրաստելով: Տարի հացը տափակ հաց էր`երեսը զարդարված ընկույզով, չամիչով, այլազան պտուղներով: Հացի մեջ դնում էին դրամ կամ ուլունք և այն բաժանում ընտանիքի անդամների թվով: Ում բաժնի մեջ ընկներ ուլունքը, ենթադրում էին, որ տան հաջողությունն ու բախտավորությունը նրա հետ է կապված: Մատենագիտական նյութերը վկայում են, որ հնում Տարի հացը 12 մասի է բաժանված եղել, իբրև 12 ամիսների խորհրդանշան: Տարեհացը մեծ հանդիսավորությամբ կտրում էին Տարեմուտի գիշերը:
Թխում էին նաև զանազան ձևավոր հացեր`Ասիլ- Բասիլներ, որոնք մարդակերպ էին և խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին` Նարին, Արա Գեղեցիկին:
Հաջորդ օրը, հունվարի մեկին, մեծերն այցելում էին միմյանց և շնորհավորում խնձորով, ընկույզով, ըմպելիքով: Շնորհավորում էին բոլորը բոլորին, միայն մի բացառությամբ` ամուսինը կնոջը չէր շնորհավորում և նվեր չէր տալիս` ամոթ համարելով:
Ամանորի արարողություններն սկսվում էին տարեմուտի գիշերը և շարունակվում 12 օր: Այդ 12 օրերն էլ բաժանվում էին 3 փուլի` տոնակատարությունների: Առաջինը Ամանորն է, որը նվիրվում էր բնության ու տիեզերական ուժերի փառաբանմանը: Երկրորդը փուլը Սուրբ Զատիկն է` Քրիստոսի ծնունդը, որն իր մեջ կրում էր մոմի, կրակի, լույսի խորհուրդը: Իսկ երրորդը Քրիստոսի Մկրտությունն էր կամ, այլ կերպ ասած, խաչը ջրի մեջ իջեցնելու տոնակատարությունը: Այսինքն` հունվարի 4-ին սկսվում էր նավակատիքը: Մարդիկ սկսում էին պատրաստվել Սուրբ ծննդյան արարողություններին, հացեղեն ուտեստներ էին պատրաստում, հացահատիկ եփում: Հունվարի 5-ը Ճրագալույցն էր, իսկ հունվարի 6-ին արդեն սկսվում էր բուն Սուրբ ծնունդը: Հունվարի 7-ին նշվում էր Մկրտությունը:

No comments:

Post a Comment