Տնտեսության ամբողջական մոնոպոլիզացում, մանր և միջին բիզնեսի հիմնավոր ոչնչացում, գյուղերի քայքայում, բնապահպանական աղետի ստեղծում, սոցիալական բևեռվածության խորացում, համատարած անարդարություն, քրեա-օլիգարխիկ կառավարման համակարգի կիրառում, մեկ անձի և իր շրջապատի կամայականություններին և ցանկություններին Օրենքի ստորադասություն, ժողովրդի կամարտահայտման և ընտրելու իրավունքի ոտնահարում, ապագայի նկատմամբ մարդկանց մոտ հույսի և հավատի իսպառ ոչնչացման փորձ, հայ մարդու և նրա բարոյական արժեհամակարգի ձևախեղում, իշխանությունը ամեն գնով պահելու դիմաց ազատագրված տարածքների՝ հայրենիքի մի մասի սակարկում, որոնց հետևանքով Հայաստանի հուսահատված քաղաքացին լքում է Հայրենիքը։
Ժողովրդագրական պատկերի կտրուկ վատթարացումը հետևանք է Հայաստանի Հանրապետությունում իշխող ռեժիմի կողմից ստեղծած և առկա քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական և բարոյա-հոգեբանական ոլորտներում խորը ճգնաժամի գոյության։
Այս իրողություններին արագ արձագանքում են այն պետությունները, որոնք իրենց երկրներում ունեն ժողովրդագրական լրջագույն խնդիրներ։
Եվրամիությունը՝ «Արևելյան գործընկերություն», Ռուսաստանի Դաշնությունը՝ «Հայրենակիցներ» և ԱՄՆ-ն «Գրին քարտ» ծրագրերով կազմակերպում և իրականացնում են բնակչության տեղափոխում դեպի իրենց երկիր, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունից։
Յուրաքանչյուր պետություն լուծում է իր ներքին խնդիրները, սակայն ո՞ւմ և ինչի՞ հաշվին։
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը գտնվում են զինադադարի պայմաններում, Թուրքիան Հայաստանին իբր այլևս չի դիտում որպես թշնամի պետություն, սակայն առ այսօր հայ-թուրքական սահմանում տեղակայված է Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը, Վրաստանը Ջավախքում իրականացնում է հակահայ քաղաքականություն, որի հետևանքով վտանգվում է Հայաստանի հյուսիսային դարպասի անվտանգությունը։
Հայաստանի ազգային անվտանգությանը նետված լրջագույն մարտահրավերներին ավելացել է նաև ամենամահացուն՝ Հայաստանի հայաթափումը:
Կոչով դիմում ենք ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ՀՀ-ին բարեկամ համարվող Եվրամիությանը, ժողովրդավարական արժեքներ դավանող և սերմանող Միացյալ Նահագներին և հորդորում. չօժանդակել արտագաղթին և կասեցնել իրենց կողմից իրականացվող գործընթացը:
Հայաթափված Հայաստանը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայոց պետականությանը, այլ նաև՝ համայն հայությանը, հետևաբար այս կոչ-հորդորը ընդունեք համայն հայության անունից:
«Սարդարապատ» շարժում
No comments:
Post a Comment