Դեկտեմբերի 24-ին Սփյուռքի նախարարության կողմից Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնին հատկացված երաժշտական գործիքներն ու տարազները հայ-վրացական սահմանի վրացական անցակետում թույլ չեն տվել անցկացնել:
Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները եկել են Երևան, Սփյուռքի նախարարությունից ստացել մոտ 30 երաժշտական գործիք և երգի-պարի համույթի 20 տարազ:
Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները փորձել են տարբեր բանակցությունների միջոցով հարցը կարգավորել, սակայն ապարդյուն: Վերջապես սահմանի ծառայողներն ասել են, որ պետք է մաքզսազերծել ապրանքը, կամ ՀՀ սփյուռքի նախարարությունը պետք է դիմի Վրաստանի մշակույթի նախարարությանը և այնուհետև համապատասխան ձևակերպումնով դիմեն Վրաստանի մաքսային ծառայությանը:
ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընդամենը ձևակերպման խնդիր է եղել. «Մաքսային որոշակի պահանջներ ու ընթացակարգ կա, որ պետք է պահպանել ընդամենը, ուրիշ բան չկա»,- ասաց Ա.Արշակյանը:
Հարցին, թե ինչու չեն պահպանվել այդ կանոնները կամ չեն ձևակերպվել ուղարկվելիք գործիքներն ու տարազները նախքան ուղարկելը, պատասխանեց, որ նախկինում նման առիթ կամ նախադեպ չի եղել, և այդ ընթացակարգին ծանոթ չեն եղել, հիմա արդեն իմացել են և ֆորմալ ձևակերպումներն արդեն ընթացքի մեջ են. «Դա ուրիշ հարց է` ձևակերպվել է կամ թե ինչու չի ձևակերպվել, կամ ուշացել է, բայց իրենց մոտեցումը շատ ֆորմալ էր»:
Թե երբ կարվեն այդ ձևակերպումները և տարազները երբ կհասնեն Ախալցխայի երիտասարդական կենտրոն, Ա. Արշակյանը դժվարացավ հստակ ասել` «գուցե տոներից հետո, գուցե և առաջ»:
Այժմ երաժշտական գործիքներն ու տարազները գտնվում են հայկական մաքսակետում:
Նշենք, որ դեկտեմբերի 26-ին նախատեսված էր և տեղի է ունեցել ամանորյա համերգ` նվիրված Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի 4-ամյակին: Եվ կենտրոնի սաները սպասում էին ուղարկված տարազներին` իրենց պարերի բեմադրության համար:
Լուսանկարում` երիտասարդական կենտրոնն ու սաները: Լուսանկարը` www.akhaltskha.net-ի
No comments:
Post a Comment