Դեկտեմբերի 28-ին «Golden Tulip Yerevan» հյուրանոցում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած տարեվերջին «Սիվիլիթաս» հիմնադրամի տարեկան զեկույցի հրապարակումը՝ «Հայաստան 2010. Անորոշության տարի» խորագրով։
Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը և ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Դավթյանը։ Քննարկմանը մասնակցում էին փորձագետներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և այլք։
Ելույթ ունենալով քննարկման ժամանակ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն ասել է, որ լսելով բանախոսներին իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե այստեղ բոլորն ընդդիմադիր են, բոլորն ուզում են հասկանալ ինչ անել, որովհետև բոլորն էլ դժգոհ են ստեղծված իրավիճակից։
Գնահատելով անցնող տարին երեք՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական և սոցիալ–տնտեսական հարթություններով, Թևանյանը նշեց հետևյալը.
-1. Արտաքին քաղաքականություն։ Աստանայում վերջնականապես տապալվեց «ֆուտբոլային» դիվանագիտությունը և ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիևին, ով իր ագահության և նաև հիմարության արդյունքում հնարավորություն տվեց մեզ խուսափել անխուսափելիից, որովհետև բոլորս էլ հիշում ենք, թե Սերժ Սարգսյանն ինչպիսի համառությամբ էր հարցազրույցներ տալիս և պատրաստակամություն հայտնում շատ արագ լուծել Ղարաբաղի հարցը՝ հանձնելով, իսկ դրա դիմաց Ադրբեջանից պահանջելով ինչ-որ անորոշ ձևակերպումներով ինքնորոշման իրավունք Ղարաբաղի համար։ Սարգսյանը պատրաստ էր տալ, բայց Ալիևը անխոհեմաբար չվերցրեց, ինչի համար շնորհակալ պետք է լինենք Ալիևից, ով, փաստորեն, ակամայից դարձավ ՀՀ անվտանգության երաշխավորը։ Սերժ Սարգսյանին դրանից հետո այլ բան չէր մնում, քան հայրենասիրություն խաղալը։
2. Շնորհակալ պետք է լինենք նաև Սերժ Սարգսյանից, ով, անկախ իր կամքից, ոչնչացրեց տիտղոսային ընդդիմության տարիներ շարունակ քարոզած «Մինչև Ղարաբաղի հարցը չլուծենք (ըստ էության՝ միակողմանի զիջումների գնանք), Սերգո ջանը լավ չի ապրի» գաղափարը։ Բոլորը գործնականում տեսան, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում տերպետրոսյանական գաղափարախոսությունը։ Հիմա ներքաղաքական դաշտում վակուում է, որը պետք է լցվի։
3. Սոցիալ–տնտեսական վիճակ։ Կառավարության տնտեսական քաղաքականությունը շատ խորհրդանշական ձևով ամփոփվեց այս օրերին ձվի շուկայում տիրող իրավիճակով։ Սա՛ է Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության իրական գնահատականը։ Իսկ ընդհանրապես, այս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության փլիսոփայությունն այն է, որ իրենք հույսը դրել են իրենցից չկախված գործոնների վրա։ Դրանք են՝ 1. Հայ ժողովուրդը գնա դուրս փող աշխատի, ուղարկի Հայաստան, իրենք այստեղ ծախսեն, 2. պղնձի և մոլիբդենի միջազգային գների բարձրացմամբ դոլարներ հոսեն Հայաստան, իրենք այստեղ ծախսեն այդ գումարները, 3. Դրսից վարկ բերեն, անհասկանալի ձևով օգտագործեն դրանք։ Այսինքն՝ այս կառավարությունից բան կախված չէ և տնտեսական վիճակի բարելավումն իրենք այլ գործոններով են պայմանավորում ու հույսը դրսի կոնյունկտուրայի վրա է դրված։ Էդ դեպքում, այս իշխանությունների քաղաքականությունը բերում է այն մտքին, որ Լենին պապին ճիշտ էր, երբ ասում էր, թե ցանկացած խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել։
7or.am
No comments:
Post a Comment