Ինչպես իր երկրին նվիրյալ զինվորն իր պարտքն է համարում գտնվել այն թեժ կետում, որտեղ իր երկրի հող ու ջրին վտանգ է սպառնում, այնպես էլ ես, որպես իմ երկրի զինվորն ու նվիրյալը չեմ կարող իմ երկրին պատուհասած այս ճակատագրական պահը դիտել հեռու -հեռվից , ու տեսնել, թե ինչպես կարող է իր ֆանտաստիկ երևակայությամբ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը փորձում հարցականի տակ դնել մեր մայրենի լեզվի վաղվա օրը, մեր սերունդներին զրկելով մայրենի լեզվի կատարյալ իմացությունից, որ հայ երեխան բարբառի օտար լեզվով, որ «Հայր մերե»-ը օտար լեզվով աղոթի, որ հայ մայրերն իրենց երեխաներին օտար լեզվով օրօրոցային երգեն, մեր Կոմիտասյան Շարականներն հայ երեխաների շուրթերից այլևս չհնչեն... այս օտարամուծության դառնահամ պտուղների շարանն անվերջանալի են, մինչև ամբողջությամբ ինտեգրվելն օտար գաղափարների, մինչև վերջնական ուծացում... Այսինքն, հայի վերջն է եկել. դեռ տաք ենք , չենք զգում, որ մեր ազգի մահախոսականն են ցրցամ տալիս: Ասես ազգովի լեթարգիական քնի մեջ ենք ու դեռ լավ չենք պատկերացնում ազգի գլխի գալիքը ու թե ե՞րբ կարթնանաք այu թմբիրից' հարց է:
Այն, որ դարեր ի վեր մեր թշնամիներին չհաջողվեց իրագործել, հիմա շատ հեշտ ու հանգիստ հայ մարդն է ձգտում ի կատար ածել իր կուսակցական ընկերների' ազգային ժողովում աթոռների տիրացած ապազգային ոհմակի հետ միասին:
Պարոն Արմեն Աշոտյանը Նախարար նշանակվելուց ի վեր շատ էր ձգտում իր պաշտոնին' կրթության ու գիտության նախարարին համահունչ մի գյուտ հնարել որպես անակնկալ, որ զարմացնի մեր գիտնականներին,
իրեն ենթակա ողջ համակարգին. մտածեց, մտածեց ու կանգ առավ մեր մայրենի լեզվին. ումի՞ց է պակաս հայ երեխան. անգլիացու՞ց, ֆրանսիացու՞ց, Իտալիացու՞ց, թե՞... դե թող աշխարհն իմանա, որ հայ երեխան կարողանում է խոսել մաքուր անգլերենով, ֆրանսերենով, իտալերենով ..., առհամարելով մայրենի լեզուն:
Հայտնաբերեց, որ հայ երեխայի ինչի՞ն է պետք հայերենը, երբ աշխարհը մխրճվում է գլոբալիզացիայի երախը, որտեղ խժռվում են մանր-մունր ազգությունները, այսինքն' մեր նման պուճուր ազգն ի՞նչ է անում սեփական լեզուն, այբուբենը. համ էլ Մաշտոցի դարն անցել է. մենք հաղթական առաջ ենք գնում, մինչև վերջնական ուծացում:
Ցավով պետք է արձանագրել, որ ինչքան փորձում ենք նմանվել Եվրոպային, այնքան հեռանում ենք մեր արմատներից ու մխրճվում գլոբալիզացիայի գիրկը, որը մեր մի բուռ ազգի համար անդառնալի հետևանքներ է ունենալու:
Նախագահի, կառավարության կողմից ամեն մի ապազգային որոշում, մեր ժողովրդի կողմից համարժեք արձագանքի չի արժանանում, ընդունվում է լռելյան: Հարմարվողական, կրավաորական կեցվածք ընդունելը դարձել է մի տեսակ օրինաչափություն: Իշխանավորների այսօրինակ կամայականություններին մեր ժողովրդի հանդուրժողականությունը նրանց լկտի ու սանձարձակ է դարձրել:
Ապազգային քաղաքականության հիմքը դրվեց դեռ այն օրվանից, երբ կրոնի ազատության մասին օրենք ընդունվեց, հաճոյանալու համար Եվրոմիությանը:
Հենց այն ժամանակ պետք է բուռն քննարկումներ լիներ ու ընդվզումներ: Միթե՞ պակաս քայքայիչ չէ ու ազգի հիմքերը խարխլող, քանդող, երբ եհովականությունն արտոնվեց մի բուռ ազգիս պառակտելու, ծվատելու համար:
Ի՞նչն է հային հայ պահողը.
1. Մայրենի լեզուն
2. Քրիստոնեական հավատքը,
3. Հայեցի մտածողությունն ու հայրենապաշտությունը...
Հավատքի մասով իրենց սև գործն արել են արդեն. օր-օրի ավելանում են եհովհականների թիվը, հերթն արդեն լեզվինն է, իսկ թե հաջորդ անկանխատեսելի քայլը ո՞րն է լինելու... անակնկալ - անակնկալի հետևից մատուցվում է մեր ազգին. դեռ ֆուտբոլային դիվանագիտության դառնահամ պտուղները չմարսած, հիմա էլ նոր անակնկալ. իսկը Պուշկինի «Ոսկե ձկնիկը» հեքիաթում ենք հայտնվել. հայ երեխան իր մայրենին դեռ չսերտած օտար լեզուն են պարտադրում: Սա էլ իր հետին մտքերն ու հեռահար նպատակներն ունի Հայաստանը հայաթափող:
Պարոն Աշոտյանին չի գոհացնում մեր ազգի օտար լեզվի իմացության ցուցանիշներն այն դեպքում, երբ 10միլ հայ ազգի 7միլոնը սփյուռքում է ու խոսում է օտար լեզվով. նախարարը փորձում է Հայաստանի ժողովրդին էլ ներգրավի այդ գործընթացին. ինչու՞ հետ մնան սփյուռքում հայտնված մեր հայրենակիցներից. զավեշտական է, երևակայությունից վեր: Այսoր հանրակրթական դպրոցներին է սպառնում oտարել մեր մայրենին, վաղը' Աշոտյանի խելքին կփչի մանկապարտեզից սկսել oտարացման գործընթացը, որ էֆեկտիվությունն ավելի շոշափելի լինի : Ամեն ինչի պատրաստ են, սոցիալական բևերռացումն ավելի խորացնելու, որ հարուստն ու աղքատն իրարից զատվեն դեռ մանուկ հասակից. ինչու՞ պետք է աղքատի երեխան դեռ մանուկ հասակից չհամակերպվի այդ դաժան իրողությանն որ ինքն աղքատ է ու իր տեղը, դիրքը չճանաչի, ու ոտք չերկարի հարուստի երեխաների հետ հաճախելու նույն դպրոցը, նստելու նույն նստարանին կողք-կողքի...Միթե՞ այդքան սադիստ պետք է լինի գիտության ու կրթության նախարարը, որ դեռ մանուկ հասակից փորձում է հոգեբանորեն ճնշած պահել աղքատ խավին, որ հետագայում էլ չափահաս դառնալուց հետո նրանք չփորձեն հարուստի հղփացած բալաների հետ համեմատվեն, կարևոր պաշտոնների ձգտեն...Միթե՞ մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը կարելի է վստահել մի մարդու, որը դեռ մատաղ հասակից է թունավորում հայ երեխայի ներաշխարհը, խաղում նրանց ճակատագրերի հետ. խեղում, թունավորում նրանց փխրուն ինքնասիրությունը ... և վերջապես ամենակարևորը. մարդ, որը առհամարում է ոսկեղենիկ մեր մայրենին և օտար գաղափարախոսության ջատագովն է :
Աշոտյանն, այդ պարոնը լավ գիտե , երբ մարդը լիակատար տիրապետում է այս-կամ այն օտար լեզվին, նրա դեմ փակ դուռ չկա լքելու Հայրենիքը և օտար ափերում փնտրելու բարեկեցիկ կյանք: Երբ խորը մտածում ենք, վերլուծություն կատարում,
առերեսվում ենք մի դաժան իրողության, որ մեր կառավարությանը ձգտում է միտումնավոր, կանխամտածված արագացնել արտագաղթը ու տարբեր ելքեր է փնտրում, որոնցից մեկն էլ օտարալեզու դպրոցների բացումն է, որն անմիջապես հարվածում է մատաղ սերնդի ինքնության ձևավորմանն ու հայեցի մտածողության դրսևորմանը:
Մեղք է մեր ազգը, որի ազգային անվտանգության պատասխանատուն աթոռատենչ Արթուր Բաղդասարյանն է, իսկ կրթության ու գիտության նախարարը Աշոտյանը. (իրականում ազգի ցեցերը): Աշոտյանը մեծ ճիգեր է գործադրում ցույց տալու, թե ինքը լի ու լի տիրապետում է կրթական համակարգին ու բարեփոխումներ է փորձում իրականացնել, բայց այս անհաջող
բարեփոխումը լինելու է չարյաց մեծագույնը. խորացնելու է սոցիալական բևեռացումը, հայ երեխան սեփական պատմությանը անհաղորդ է մնալու, դառնալու է օտար մտածողության կրողը, իսկ հետևանքներն անդառնալի են լինելու :
Լավ, մի բան չեմ հասկանում. այս մի բուռ ազգը ինչքա՞ն փորձությունների միջով պիտի անցնի. Հայի արյական ոգին փորձում են մերել օտար գենի հետ. առանց այդ էլ Ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայության սերունդները խոսում են օտար լեզվով, իսկ անկախությունից հետո ՀՀՇ-ի վարած սխալ քաղաքականության շնորհիվ կիսով չափ հայաթափվեց Հայաստանը և հիմա սփյուռքում հասակ առած ու ծնված հայ երեխան դարձյալ օտար լեզվով է խոսում: Մոտավոր հաշվարկով
սփյուռքահայության 80-90% -ից ավելին տիրապետում է օտար լեզվին.
Պարոն Աշոտյանը գիտի՞, որ հայ երեխաները այստեղ' Եվրոպայում բարձրագույն ուսում առնելով, ոչին չգիտեն Հայոց պատմությունից, իրենց արմատներից ու նրանց տրամաբանությունը նման է ևրոպացու, ոչ' հայի: Անգամ հայերեն գրել ու կարդալ չգիտեն: Երբ Հ-1-ով «Հայ ասպետ» հաղորդաշարն է լինում, հայ երեխան կլանված լսում է ու զարմանում մեր հայ դպրոցականների Հայոց պատմության իմացության վրա: Դեռ 2007թվականին ես խնդրանքով դիմեցի Հ1-ի տնօրեն Ա. Հարությունյանին, որ հեռուստատեսությամբ մայրենի լեզվի ուսուցման դասաժամեր հատկացնեն հմուտ մանկավարժների մասնակցությամբ ու գոնե շաբաթական երկու օր ու նույն ժամերի ուսուցանվի հայերեն. սկսած այբուբենից, որ սփյուռքում հայտնված հայ երեխան գոնե տառաճանաչ դառնա, սակայն պատասխան չունեցա, ես ստիպված նույն խնդրանքով դիմեցի Սերժ Սարգսյանին, երբ նա վարչապետ էր, դարձյալ լռություն, դիմեցի այսօրվա մշակույթի նախարար Հրանուշ Հակոբյանին, բայց ինչպես տեսնում եք սայլը տեղից չշարժվեց:
Խորը ցավով եմ գրում, որ մեր մայրենին կամաց-կամաց հոգևարք է ապրում սփյուռքում:
Եթե այսօր նման պատկերի ականատեսն ենք, ապա ինչ՞ սպասենք 50, 100 տարի անց...Իմ խորին համոզմանբ պարոն Աշոտյանի մտադրությունը մեկն է. հայի միջից արմատախիլ անել հայի ոգին, ինքնության գիտակցումը, այն, ինչը հային հայ է պահում: Երկար տարիներ գտնվելով սփյուռքում, առերեսվելով հայի ուծացման փաստի հետ, սրտիս խորին մի անկյունում հույսեր էի փայփայում, որ կա Հայաստան աշխարհ, որտեղ հայ երեխան հայ է մեծանում իր մտածողությամբ, հայրենասիրությամբ, հայերենի գերազանց իմացությամբ..., որ գոնե նրանց ուծացման վտանգը չի սպառնում..., բայց այսօր այդ վտանգը եկել մեր դուռն է չոքել:
Մենք' հայերս տառապում ենք օտարամոլության սինդրոմով, միշտ ուրիշից օրինակ վերցնելու սովորույթով, թեկուզ ինչքան էլ վատը լինի օտարինը, մենք մեր լավը
օտարից ստորադասում ենք: Այսօր այդ օտարամոլությունը պարզ երևում է նոր նկարահանվող Հայկական սերիալներում, որտեղ գործող անձերից ոմանք պարտադիր պետք է խոսեն ռուսերեն. ցուցամոլությու՞ն որակել, թե՞... գլուխ չեմ հանում. այն դեպքում, երբ հազարավոր սփյուռքահայերի անմատչելի է ռուսերենը: Չեմ մոռանում, երբ սովետների ժամանակ շատ ծնողներ իրենց երեխաներին ռուսական կրթություն ստանալու համար ամեն միջոցի դիմում էին, մինչև անգամ կաշառքի, որ իրենց երեխան ռուսական կրթություն ստանա: Էլ չեմ ասում մոդայիկ էր դարձել ռուսերենի իմացությունը ցուցադրել ամենուրեք:
Թող թյուր կարծիք չստեղծվի, թե ես դեմ եմ, որ հայ երեխան տիրապետի օտար լեզուների, քավ լիցի, թող 10-ը լեզու իմանա, բայց ոչ մեր մայրենի լեզուն ոտնատակ անելու հաշվին:
Ի՞նչ է, հնարավոր չէ այսօր հանրակրթական դպրոցներում հայերենին զուգահեռ օտար լեզվի իմացության պատշաճ մակարդակ ապահովել, որակյալ, լավ մասնագետների օգնությամբ, իհարկե
անլուծելի ոչինչ չկա, միայն նվիրվածություն, հետևողականություն ու ցանկություն լինի: Աշոտյանի թեթևամիտ այս քայլը նման է, երբ մարդը փորձում է փոքրիկ խրճիթ կառուցել, տապալում է հազարավոր արհավիրքների դիմակայած դարավոր հզոր ամրոցը:
Հանրապետական կուսակցությունը սկսած նախագահից, վերջացրած ազգային ժողովում աթոռներ գրաված, մանդատների տիրացած բիզնեսմեններով , ապազգային դրսևորումներով խայտառակեցին իրենք իրենց. Քաջնազարների հավակածու է այդ կուսակցությունը, որոնք շահից ու փողից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Ի՞նչ հայրենիք, հայրենասիրություն, ինչ հայապահպանություն...միայն կաղին ունենան, ուտեն, պառկեն գիրանան...
Նման ազգադավ նախագահից, որ ամբողջ ազգի արժանապատվության հետ խաղաց ծնկելով թուրքի առաջ. ճանապարհային քարտեզի տակ գաղտագողի ազգի թիկունքին Շվեյցարիայում ստորագրելով "ճանապարհային քարտեզը", իսկ հոկտեմբերի 10-ին նույն Շվեյցարիայում վավերացվեց մի խայտառակ փաստաթուղթ. « Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը' սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով> , հազիվ թե ազգապահպան գիտության ու կրթության նախարար ունենայինք: Եթե նախագահը շատ թե քիչ, թեկուզ մի կաթիլ հայրենասիրության նշույլ ունենար հենց ինքն անձամբ պետք է կանխեր այսքան մեծ հնչեղություն ստացած Աշոտյանի ցնդաբանությունը և պահանջեր նախարարի հրաժարականը: Այստեղ տեղին է ասված. Երբ գողը տանից է լինում, հորթը երդիկից են հանում... համեմատությունս կոպիտ է, բայց ցավոք այս է դառն իրականությունը:
Դեռ անամոթաբար իրենց Հանրապետական կուսակցությունն էլ համարում են իբր մեծ զորավար Նժդեհի գաղափարների շարունակողը:
Մարդ չգիտե լա՞, թե՞ խնդա. հանրապետական կուսակցությունն ու՞ր, հայրենասիրությունն ու՞ր, երբ Նժդեհի
ամեն մի բառից ու տառից հայրենասիրության բուցն է առկայծում, ամեն մի տողը մի մասունք է, աֆորիզմ, որոնք երբեք չեն կորցնի իրենց վաղեմության ժամկետը և այսօր էլ հնչում են մարգարեաբար որպես պատգամ ու ուղղեցույց ողջ ազգի համար, դարերի համար...
«Հայրենիքը չի տրւում այնպես, ինչպես ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպես հոգեհաղորդ չլինել նրան:
Կարելի է, վերջապէս, իրաւապես հայրենատէր լինել, իսկ հոգեպէս՝ անհայրենիք:Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ՝ իբրեւ միջոց»,-Գարեգին Նժդեհ։
Իմ խորին համոզմամբ Նժդեհի այս տողերը իրավմամբ ուղղված է հենց հայրենատեր, բայց անհայրենիք հանրապետականներին , ովքեր աթոռների տիրանալով չունեն դավանելու գերագույն նպատակ, իրենց անձը իբրև միջոց հայրենիքի հզորացմանն ու հարատևմանը ծառաեցնելու . հոգեպես են անհայրենիք...
Հանրապետականներ մի'ք թաքնվեք Մեծն զորավար Նժդեհի թիկունքում, Նժդեհի անունը մի խայտառակեք, սրբապղծություն է, ամոթ է, մեղք է...
Մենք փոքր ազգ ենք, բայց անցել ենք դարերի փորձությունների միջով ու հազարամյակներ գոյատևել մեր լեզվի շնորհիվ : Ցնորվել կարելի է. այսօր գիտության ու կրթության նախարարը հավան չէ մեր լեզվին. չգիտեմ, ապշած եմ ու բառեր չեմ գտնում արտահայտվելու իմ մեջ կուտակված զայրութը: Հարց է ծագում, երբ Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարն օտար գաղափարների կրողն է, ու՞մ վստահել աճող սերնդի հայեցի դաստիարակությունը, ու՞մ...
Մեր Մայրենին այսօր անպաշտպան որբուկի կարգավիճակում է հայտնվել. ազգովի պետք է նրան պաշտպանենք Աշոտյաններից...
Սոնա Արշունեցի-Բրյուսել
(գրող-հրապարակախոս )
No comments:
Post a Comment