Wednesday, December 29, 2010

Բաց նամակ Ռուբեն Վարդանյանին




[ 2010/12/28 | 14:26 ]

Բաց նամակ «Դիլիջանի միջազգային դպրոց» նախագծի նախաձռնող խմբի անդամ պրն Ռուբեն Վարդանյանին

Մանե Հակոբյան
, ֆիզ.մաթ.գիտ.թեկն., դոցենտ

Մեծարգո պրն. Վարդանյան 15.07.2010թ., երբ ՀՀ մամուլում տպվեց Ձեր բաց նամակն ուղղված ՀՀ Հանրային խորհրդին, որոշեցի հանդես գալ պատասխան բաց նամակով եւ սթափության կոչ անել Ձեզ: Գործերի բերումով, իմ բաց նամակն այդ օրերին չներկայացրի տպագրության:

Համոզված էի, որ այդ օրինագծի դեմ մեր երկրում լուրջ թափ առած հասարակական շարժումը, որի անդամ եմ ես, կսթափեցնի մեր իշխանություններին ու Ձեզ նույնպես: Այսօր արդեն, 2010թ. տարեմուտին, երբ հայոց խորհրդարանը, հլու-հնազանդ, իր «այո»-ն ասաց օտարալեզու միջազգային դպրոցներին ՀՀ տարածքում, չեմ կարող լռել:

Սկսենք Ձեր բաց նամակում արված կարեւոր հարցապնդումներից, ըստ որոնց,- «Հայաստանը եւ հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն: Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել եւ զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատեւել:

Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով եւ կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա:

Այս երկու մոդելները գոյության իրավունք ունեն, սակայն նրանց միջեւ ընտրությունը պետք է կատարվի գիտակցված կերպով:

Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ ազգի կատարած ընտրությունը հանգեցնում է որոշակի հետեւանքների` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այս մոդելների վերլուծությունն առանձին եւ լուրջ խոսակցության առարկա է»:

Երիցս ճշմարիտ հարցադրումներ են, սակայն ինքներդ, այդպես էլ, չեք պատասխանում այդ պարզ հարցին, թե, ի վերջո, Դու՞ք ինչպիսի Հայաստան, ինչպիսի՞ հայրենիք եք ուզում կերտել, մեծարգո պրն. Վարդանյան:

Բաց նամակի հաջորդ տողերից պարզում ենք, որ «գիտակցելով խնդրի կարեւորությունը` դեռեւս 2000թ. հայաստանցի եւ այլ երկրներում բնակվող ազգությամբ հայ մի խումբ գործարարներ նախաձեռնեցիք «Հայաստան-2020» նախագիծը, որի իրագործմանը մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր երկրներից հրավիրվեցին միջազգային մակարդակի խորհրդատուներ, ինչպես նաեւ անկախ խոշոր բազմաթիվ փորձագետներ:

Կատարված աշխատանքի արդյունքում 2005թ. մշակվեցին մոտակա 20 տարիների համար Հայաստանի զարգացման սցենարներ, նախապատրաստվեց երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը, ինչպես նաեւ մատնանշվեցին տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը, որոնք անհրաժեշտ է զարգացնել, արդիականացնել կամ ստեղծել»:

Այնուհետեւ թվարկվում են այս տարիների ընթացքում «Հայաստան-2020» նախագծի սահմաններում իրականացված տարբեր ծրագրերից մի քանիսը, այդ թվում նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրումով «Հայաստան-2020» նախաձեռնող խումբը, այդ թվում նաեւ Դուք, մեծարգո պրն. Վարդանյան, ողջունելի քայլ եք ձեռնարկել, որով, թեկուզ յուրովի, փորձ է արվում ՀՀ կրթության ոլորտը բարեփոխել:

Այլ հարց է, թե ի՞նչ եք Դուք բարեփոխում անվանում եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ նախաձեռնությունը, փորձենք պարզել:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ Դիլիջանի միջազգային դպրոցում դասավանդման լեզուն, ըստ նախաձեռնող խմբի մտահղացման, հայերենը չի լինելու, ինչն, իհարկե, հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին, ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ մի շարք օրենքներին, դրանով հիմնովին խարխլելով մեր նորանկախ պետականության հիմնասյուները, միեւնույնն է` սա հարցի մի կողմն է միայն, թեկուզ շատ կարեւոր կողմը:

Դիլիջանի միջազգային դպրոցի հնարավոր ստեղծման նախագիծն իր մեջ շատ ավելի խորը վտանգներ է պարունակում եւ այդ դպրոցի օտարալեզու լինելու փաստը հայոց նորանկախ պետականությանն ու հայկական ինքնությանը վտանգող ահռելի այսբերգի երեւացող մասն է միայն:

Եթե այդ դպրոցը, Աստված մի արասցե, շուտափույթ բացվի եւ նրանում ուսուցման լեզուն, անգամ, հայերենը լինի, վտանգը որեւէ չափով չի նվազելու: Մեծարգո պրն. Վարդանյան, մի պահ ենթադրենք, թե Դիլիջանի միջազգային դպրոցն, ի վերջո, ստեղծվել է եւ այն հայալեզու է:

Ենթադրենք նաեւ, որ տաղանդավոր, անգամ անապահով ընտանիքներից, հայ երիտասարդներն, իրոք, անվճար կրթություն են ստանում այդ դպրոցի սահմաններում:

Երազելը մեղք չէ, ենթադրենք նաեւ, որ այդ տաղանդավոր երիտասարդների մեծ մասը, անգամ Ձեր նշած անապահով ընտանիքներից հայ երիտասարդները, ինչ-ինչ ուղիներով, հնարավոր է Ձեր հովանավորությամբ, իրենց կրթությունը կշարունակեն նաեւ միջազգային բարձր վարկանիշ ունեցող հետազոտական կամ այլ համալսարաններում, ձեռք կբերեն լուրջ գիտելիքներ, գիտական կոչումներ կստանան, կտիրապետեն լեզուների, հետո՞:

Շարունակենք երազել, ենթադրենք, թե բարձր գիտելիքներ ստացած այդ տաղանդավոր հայ երիտասարդները, բոլորը կամ նրանց մի մասը, միջազգային առաջատար համալսարաններում կրթություն ու կոչումներ ստանալուց հետո, ցանկություն կհայտնեն վերադառնալ հայրենիք եւ օգտակար լինել ՀՀ առաջընթացին:

Իսկ հայրենիքում այդ տաղանդավոր երիտասարդներից մեծ մասի, ճնշող մեծամասնության համար, աշխատանք չի լինի, քանի որ, եթե այսպես շարունակվի, ՀՀ-ում դեռ շատ երկար, հնարավոր է երբեք, չեն լինի ո՛չ միջազգային չափանիշներին բավարարող գիտական ու կրթական ոլորտներ, ո՛չ բարձր տեխնոլոգիական արտադրություններ:

Կլինեն միայն Դիլիջանի միջազգային դպրոցն ու նմանատիպ հանրակրթական ու բարձրագույն կրթական եւ այլ կառույցներ իրենց սահմանափակ կադրային-կրթական ծրագրերով ու հնարավորություններով, իրենց, զուտ բիզնես նպատակներով, կլինեն խաղատներ, գիշերային ակումբներ, ռեստորաններ, որսատեղեր, ուրիշ ոչինչ, որ մասնագիտական առումով կհետաքրքրեին այդ տաղանդավոր երիտասարդներին եւ, նաեւ, կհամապատասխանեին նրանց ձեռք բերած գիտակրթական մակարդակին:

Ինչպե՞ս կվարվեն այդ տաղանդավոր, միջազգային առաջատար կենտրոններում լուրջ կրթություն ստացած մեր զավակները:

Ասեմ Ձեր ու իմ փոխարեն, նրանք չեն վերադառնա հայրենիք ու կմնան օտար ափերում, օտար պետություններ բարգավաճ դարձնելու ու ձուլվելու հեռանկարով, ինչքան էլ դա ծանր լինի նրանց համար:

Այլ ճանապարհ նրանք չեն ունենա, ու Դուք դա գիտեք: Այսինքն, ներկա պայմաններում, շեշտում եմ` ներկա պայմաններում, Դիլիջանի միջազգային դպրոցի եւ նմանատիպ այլ դպրոցների հիմնումը մեր երկրում ոչ միայն որեւէ դրական դեր չի կարող խաղալ ՀՀ տնտեսության, կրթության ու գիտության ոլորտների զարգացման հարցում, այլ նաեւ կարեւորագույն դեր է ունենալու հայ երիտասարդության, հատկապես տաղանդավոր հայ երիտասարդության շուտափույթ արտահոսքի հարցում մեր երկրից, հիմնականում, դեպի այն երկրները որտեղ նրանք միջազգային առաջատար համալսարաններում կրթություն կստանան եւ այդ երկրները գրկաբաց կընդունեն մեր տաղանդավոր զավակներին:

Սրա արդյունքում Հայաստանն անվերադարձ ու շատ արագ կհայաթափվի, ու Դուք դա լավ գիտեք, մեծարգո պրն. Վարդանյան:

Քսանմեկերրորդ դարը գիտելիքի դար է լինելու և պետությունների կշիռն ու հզորությունն աշխարհում, առավելապես պայմանավորված են լինելու ոչ թե նրանց տարածքներով, բնական ռեսուրսներով, ազգաբնակչության թվով և այլն, ինչպես նախորդ դարերում է եղել, այլ, նախ և առաջ, նրանց գիտակրթական պոտենցիալի, գիտատար արտադրությունների մակարդակով ու ծավալներով, ինչն էլ ապահովելու է այդ պետությունների ռազմական, տնտեսական, կենսաբանական և այլն պոտենցիալն ու անվտանգությունը:

Գիտակրթական լուրջ պոտենցիալ չունեցող պետություններն, անկախ իրենց չափերից ու բնակչության թվից դատապարտված են լինելու կորցնել իրենց պետականությունները և վերածվել զուտ տարածքների, իսկ այդ երկրների ժողովուրդները ենթարկվելու են արագ ձուլման:

Միջազգային փորձաքննությունը ցույց է տալիս, որ բոլոր փորձերը զարգացնելու համար որեւէ երկրի գիտության, բարձրագույն կրթության կամ հանրակրթության ոլորտներն առանձին-առանձին ի սկզբանե դատապարտված են անհաջողության:

Այդ ոլորտները հնարավոր է զարգացնել միաժամանակ, համապարփակ, ընդհանուր ծրագրով, երկրի տնտեսության կայուն զարգացման համատեքստում`առաջանցիկ, բարձր տեխնոլոգիական արտադրությունների, ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա զարգացող տնտեսության պայմաններում:

Ուստի, մեծարգո պրն. Վարդանյան, քսանմեկերրորդ դարում հզոր ու բարգավաճ ՀՀ կերտելու միակ, ճշմարիտ եւ, բոլոր առումներով, ամենահեշտ ուղին, մեր երկրի գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման եւ կայուն ու միաժամանակյա, համահունչ ծրագրերով զարգացման, բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծման ուղին է, ինչի արդյունքում ՀՀ-ը, շատ արագ, կվերածվի բարձր տեխնոլոգիաների ու գիտատար արտադրությունների, գիտություն ու կրթություն արտահանող երկրի:

Այսինքն, ՀՀ զարգացման այս միակ, ճշմարիտ, իրատեսական ուղին ընտրելու պարագայում, ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման հենց սկզբում անհրաժեշտ է լինելու, շատ արագ, ՀՀ տարածքում հիմնել բարձր տեխնոլոգիական եւ ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա աշխատող ժամանակակից արտադրություններ:

Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ գիտակրթական ոլորտներում ֆինանսական լուրջ ներդրումների եւ ճիշտ քաղաքականության իրականացման պարագայում արձանագրվում է երկրի ՀՆԱ-ի կայուն աճ:

Փորձագետների գնահատմամբ, սկսած ՀՆԱ-ի գիտատարության գործակցի կրիտիկական մեծությունից (1,5%-3%), գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումները ՀՆԱ-ում ապահովում են ներդրման նկատմամբ միջինը 10-ապատիկ աճ եւ ավելի:

Ժամանակակից աշխարհում գիտությունը (հատկապես գիտության կիրառական մասը) դիտարկվում է որպես առավել շահութաբեր, առավել խոշոր բիզնես-ոլորտ: Լուրջ բիզնես-ոլորտ է նաեւ կրթության ոլորտը:

Ավելին, ժամանակակից աշխարհի առավել զարգացած, առաջատար երկրներում գիտության եւ կրթության ոլորտները դիտարկվում են որպես տվյալ երկրի ռազմավարական առաջնահերթ նշանակության ոլորտներ, որոնք հիմք են հանդիսանում այդ երկրի տնտեսական, պետական, ռազմական, կենսաբանական, բնապահպանական անվտանգության համար:

Մյուս կողմից, ներկայումս, արտաքին տարբեր ուժերի համար որեւէ երկրի կրթության ոլորտները լավագույն հնարավորություն են ազդեցության տակ առնելու համար այդ երկրի պետական, տնտեսական, մշակութային, հոգեւոր եւ այլ ոլորտները:

Մեր երկրում արդեն իսկ առկա են օտարալեզու բարձրագույն կրթական միջազգային ձեւաչափի կառույցներ`համալսարաններ, ակադեմիաներ, որոնք գործում են երկկողմ համաձայնագրերով եւ որոնք արդեն իսկ լուրջ վտանգ են ներկայացնում մեր նորանկախ երկրի ազգային անվտանգությանը ու սա աչքաթող է արվում:

Այժմ արդեն խոսքը ՀՀ տարածքում միջազգային օրարալեզու հանրակրթական դպրոցների բացման մասին է, ինչն առավել քան վտանգավոր է:

Մեծարգո պրն. Վարդանյան, մենք ազգովի նախ պետք է որոշում կայացնենք, որ այլևս չենք ուզում գոյատեւել, մեզ հարատեւել է պետք, ինչի համար ամուր, հզոր, ժողովրդավարական պետություն է պետք կերտել, հզոր գիտակրթական ոլորտներով, գիտատար արտադրություններով, որը ոչ թե հանքաքար կարտահանի, այլ գիտություն, գիտատար վերջնական արտադրանք, նոր տեխնոլոգիաներ ու կրթություն:

Սա քսանմեկերրորդ դարի հրամայականն է:

Այսպիսի Հայաստանի Հանրապետություն կերտելու համար խիստ վտանգավոր է ներկա փուլում, շեշտում եմ` ներկա փուլում, Դիլիջանի միջազգային դպրոցի տիպի դպրոցների հիմնումը մեր երկրում, անկախ դրանցում դասավանդման լեզվից եւ նրանից, թե լինելու՞ է այդ դպրոցներում բարերարության տարր, թե՞ ոչ եւ ի՞նչն է այս դեպքում բարերարություն կոչվելու: Ավելին, ինչքան շատ թվով այդօրինակ դպրոցներ հիմնվեն մեր երկրում, այնքան վտանգն առավել մեծ է լինելու:

Ուրեմն բոլորս, այդ թվում նաեւ Դուք, մեծարգո պր. Վարդանյան, եթե, իհարկե, Ձեր նպատակներն անբիծ են հայրենիքի հանդեպ, նախ ո՛չ պիտի ասենք այդօրինակ նախագծերին եւ, ապա, մշակենք ու կյանքի կոչենք մեր երկրի կայուն զարգացման այն միակ սցենարը` կայուն զարգացման հայկական մոդելը, որը հիմք կհանդիսանա մեր երկրի թռիչքային անցմանը զարգացման որակապես նոր, առավել զարգացած փուլ, ամրապնդելով իր կարեւորագույն տեղն ու դերը ժամանակակից աշխարհում:

Իսկ ՀՀ տնտեսության կայուն զարգացումն առավելագույնս ապահովող սցենարը միակն է, որի հիմնասյուներից ամենակարևորը, նրա հիմքերի հիմքը ՀՀ գիտության ու կրթության ոլորտների կայուն զարգացումն է, միաժամանակ մեր երկրում բարձր-տեխնոլոգիական արտադրությունների, ինովացիոն տեխնոլոգիաների հիման վրա զարգացող տնտեսության պայմաններում:

Այս ճանապարհն են անցել ժամանակակից աշխարհի առավել զարգացած, առաջատար բոլոր երկրները:

Մեծարգո պր. Վարդանյան, ես հակված չեմ կասկածի տակ առնել Ձեր միջազգային փորձագետ-խորհրդականների մասնագիտական կարողություններն առանց լուրջ հիմքերի ու առանց պարզելու, թե որպես նախապայման, ՀՀ ապագայի ինչպիսի տեսլական է առաջադրվել նրանց նախաձեռնող խմբի կողմից, ինչը խիստ կաեւոր է եզրահանգումների համար:

Իրոք, ենթադրենք, նախաձեռնող խմբի կողմից այդ միջազգային փորձագետ-խորհրդականներին, որպես նախապայման, առաջադրվել է բարձր-տեխնոլոգիական արտադրություններ, միջազգային առաջատար գիտակրթական համակարգերին լավագույնս ինտեգրված գիտակրթական համակարգեր ունեցող, գիտություն ու կրթություն արտահանող եւ կայուն զարգացող ՀՀ կերտման տեսլականը:

Ենթադրենք նաեւ, որ այս պարագայում, փորձագետ-խորհրդականները տարբեր մոդելների քննարկման արդյունքում եզրահանգել են, որ այդպիսի Հայաստանի Հանրապետության կերտումն անհրաժեշտ է սկսել ՀՀ տարածքում Դիլիջանի միջազգային դպրոցի եւ նմանատիպ այլ դպրոցների հիմնումից:

Եթե ամեն ինչ այսպես է եղել, ուրեմն Ձեր միջազգային փորձագետ-խորհրդականները Ձեզ, մեղմ ասած, խաբել են, Մեծարգո պր. Վարդանյան, այն էլ լուրջ, շատ լուրջ հոնորարներ ստանալով դրա համար:

Անկեղծ ասած, այս տարբերակին ես չեմ հավատում, քանի որ գիտեմ ինչ ասել է որակյալ միջազգային փորձագետ: Չեմ հավատում նաեւ, որ Դուք, մեծարգո պրն. Վարդանյան, կարող էիք թույլ տալ, որ Ձեզ խաբեն, ես դա էլ եմ բացառում:

Այդ դեպքում պարզենք, թե Ձեր միջազգային փորձագետ-խորհրդականները նախաձեռնող խմբի կողմից ինչպիսի՞ նախապայմանների առաջադրման պարագայում կգային նման եզրահանգման:

Միջազգային բարձր որակավորման խորհրդականները այդ եզրահանգմանը կգային միայն ու միայն, եթե Ձեր կողմից նրանց առաջադրված նախապայմանը լիներ` հնարավորինս արագ Հայաստանի Հանրապետության հայաթափելն ու այն ապազգային տարածքի վերածելը: Սրան ես որեւէ կերպ չեմ էլ ուզում հավատալ, մեծարգո պրն. Վարդանյան, սակայն փաստերն այդ են վկայում:

Կա նաեւ երրորդ, առավել հնարավոր տարբերակը, ըստ որի, Դիլիջանի միջազգային դպրոցի Ձեր նախաձեռնությունն, ընդամենը բիզնես-նախագիծ է, ուրիշ ոչինչ:

Ինչպես վերը նշեցինք, ժամանակակից աշխարհում գիտության եւ կրթության ոլորտները դիտարկվում են որպես մեծ շահույթներ ապահովող բիզնես-ոլորտներ: Իհարկե, գիտության ոլորտում շահութաբերությունը բազմապատիկ անգամներ ավելին է, քան կրթության ոլորտներում:

Սակայն, գիտության ոլորտում մեծ շահույթներ ակնկալելու համար բազմապատիկ անգամ մեծ ֆինանսական երկարաժամկետ ներդրումներ է պետք իրականացնել կրթության ոլորտների հետ համեմատած եւ, բացի այդ, գիտության ոլորտում մեծ է ներդրումների ռիսկայնությունը:

Այլ է կրթության, հատկապես հանրակրթության ոլորտը, որտեղ ներդրումները շատ արագ եւ մեծ շահույթներով վերադառնում են ներդրողների գրպանները, այնպես, ինչպես առեւտրի ոլորտում: Հենց այս պատճառով էլ, վերջին տասնամյակների ընթացքում կրթության ոլորտը հայտնվել է միջազգային խոշոր բիզնեսի ուշադրության կենտրոնում:

Ավելին, մշակվել են որոշակի, այդ թվում նաեւ գլոբալիզացիոն ինչ-ինչ նպատակներին բավարարող, այսպես կոչված, միջազգային դպրոցների ստանդարտ, ապազգային ծրագրային ամբողջական փաթեթներ, որոնց հիման վրա էլ ստեղծվում են Դիլիջանի միջազգային դպրոցի տիպի հանրակրթական կառույցներ:

Իհարկե, Դիլիջանի միջազգային դպրոցի տիպի դպրոցները լուրջ շահույթներ կապահովեն դրանց տերերին` դրանցում լուրջ ներդրումներ իրականացնողներին, այսինքն Ձեզ, մեծարգո պրն. Վարդանյան, ինչպես նաեւ, օգտակար կլինեն գլոբալիզացիոն գործընթացներով շահագրգիռ միջազգային տարբեր կենտրոններին:

Իսկ մեր երկրի առաջընթացի հարցում դրանք միմիայն բացասական դերակատարում են ունենալու եւ վտանգելու են մեր երկրի անկախությունը:

Մեծարգո պրն. Ռ. Վարդանյան, քամահրանքի արժանի որեւէ բան չկա նրանում, որ Դուք եւ «Հայաստան-2020» նախաձեռնող խումբը լուրջ շահույթներ ստանալու նպատակով եք նախաձեռնում Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնումը, ժամանակակից աշխարհում դա նորմալ է:

Պետք չէ, սակայն, այդ զուտ բիզնես-նախաձեռնությունը համեմել հայրենասիրական մտքերով, «մտահոգությամբ» հայրենիքի ու ազգի ապագայի հանդեպ ու այն ներկայացնել որպես բարեգործություն:

Այն, ինչը Դուք բարեգործություն եք անվանում անապահով հայ երիտասարդների հարցում, կիրառվելու է անապահով այլազգի երիտասարդների նկատմամբ նույնպես, ինչն այդօրինակ միջազգային դպրոցների ստանդարտ ծրագրային փաթեթի սահմաններում է նախատեսված, ոչ ավելին:

Ձեր բաց նամակի վերջում կարդում ենք,-«Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում»:

Արդարացի որոշում է, մեծարգո պրն. Վարդանյան: Իրոք, ճիշտ կլիներ, եթե ի վերջո, Դուք տեր կանգնեիք գոնե Ձեր այս վճռին ու հրաժարվեիք ՀՀ տարածքում այդօրինակ միջազգային դպրոցների հիմնման որոշումից, քանի որ մենք, ազգովի, այն մերժելու ենք միշտ եւ մեր մերժումը լուրջ հիմքեր ունի:

Սակայն, Ձեր այս հայտարարությունից հետո, անցած հինգ եւ կես ամիսները ցույց տվեցին, որ Դուք այս հարցում նույնպես հետեւողական չեք Ձեր գործողություններում, մեծարգո պրն. Վարդանյան` ասում եք մի բան, այլ բան անում:

Վերջին տաս-տասերկու տարիների ընթացքում մեր երկիրը քայլ առ քայլ կորցնում է իր պետականության կարեւոր շատ ատրիբուտներ, վերածվելով տարածքի, ուր ամեն ինչ, այդ թվում նաեւ երկրի Մայր օրենքը, ենթակա են ցանկացած փոփոխության, վերաձեւման, եթե կա դրանց բիզնես-պահանջը:

Դրա վերջին, վառ ապացույցը, մասնավորապես, ՀՀ խորհրդարանի կողմից ՀՀ լեզվի ու հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների ու լրացումների հարցի քննարկումներն էին 2010թ. տարեմուտին:

Ավելին, 24.12.2010թ. ՀՀ ԿԳՆ պրն. Ա. Աշոտյանն էլ, իր հերթին հանդես եկավ «սենսացիոն» հայտարարությամբ, թե ինքը որոշել է, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ բարձրագույն կրթության ոլորտը զարգացնել` դիտարկելով այն որպես ՀՀ տնտեսության զարգացման հիմք: Սպասենք, ժամանակը ցույց կտա, թե այս հերթական աբսուրդ-նախագիծն ու՞մ բիզնես-ծրագիրն է:

Մեծարգո պրն. Վարդանյան, սթափության կոչ եմ անում Ձեզ, կանգ առեք: Եթե Ձեր հոգում կա մաքուր անկյուն, որտեղ կա սեր հայրենիքի հանդեպ, եթե Դուք, իրոք, դյուզն անգամ, մտահոգ եք մեր երկրի ապագայի համար, հրաժարվեք այս բիզնես-ծրագրից, քանի դեռ ուշ չէ:

Ես ֆիզիկոս եմ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեսաբան-ֆիզիկոս: Զբաղվում եմ պինդ մարմինների էնենգետիկ զոնային կառուցվածքում նոր` կումուլյատիվ վարիզոնության, ներդրմամբ ցանկացած էլեկտրոֆիզիկական եւ այլն հատկություններ ունեցող կիսահաղորդչային նոր նյութերի ու կիսահաղորդչային տարաբնույթ նոր, գերզգայուն միկրոսարքերի ստեղծման հարցերով:

Զբաղվում եմ նաեւ տեխնածին երկրաշարժերի գեներացման ֆիզիկական մեխանիզմների բացահայտման հարցերով (թափանցող ռումբերով ռմբահարման, արհեստական մեծածավալ ջրամբարների առկայության եւ այլն դեպքերում):

Հեղինակ եմ «ՀՀ գիտության ու կրթության ոլորտների համակարգային վերափոխման եւ կայուն զարգացման» համապարփակ ծրագրի (այսուհետ «Ծրագրի»), որը լուրջ ու աշխատող ծրագիր է եւ, իրավամբ, կարող է դառնալ ՀՀ տնտեսության կայուն զարգացման հիմնաքար:

Այդ ծրագրի համաձայն, մեր երկրում, իհարկե ի՛ր ժամանակին, անպայման անհրաժեշտ կլինի ստեղծել միջազգային դպրոցներ, սակայն բոլորովին այլ, մեր ազգի ու մեր պետության շահերին ծառայող միջազգային դպրոցներ, ո՛չ հիմա, այլ իր ժամանակին եւ, նաեւ, հօգուտ այլ ո՛չ ի վնաս մեր երկրի գործող դպրոցներ:

Այդ «Ծրագրի» կյանքի կոչման պարագայում ՀՀ-ում, շատ արագ, կստեղծվեն միջազգային բոլոր չափանիշներին բավարարող հայալեզու հանրակրթական համալիր-կենտրոններ եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որտեղ ուսուցումը կիրականացվի միջազգային լավագույն կրթական ծրագրերով, որոնք, իհարկե, կտեղայնացվեն:

ՀՀ հանրակրթական դպրոցն ավարտած յուրաքանչյուր երիտասարդ ազատ կտիրապետի, առնվազն, երկու օտար լեզվի: Այս կրթական կենտրոնները, շատ արագ, ձեռք կբերեն բարձր ռեյտինգ մեր տարածաշրջանում եւ աշխարհում:

Սփյուռքի մեր հայրենակիցները, այդ թվում նաեւ Դուք, մեծարգո պրն. Վարդանյան, Ձեր զավակներին, հետագայում թոռներին, ուրախությամբ կուղարկեք սովորելու մեր կրթահամակարգում` նրանց կրթելու ու հայ մնալու վստահությամբ:

Ավելին, այդ «Ծրագրի» կյանքի կոչման որոշակի փուլում մենք, իքներս, կստեղծենք խիստ բարձր կրթական ցենզ ապահովող մեր սեփական տարբեր կրթական ծրագրերը, որոնց հիման վրա էլ միջազգային կրթական` հանրակրթական ու բարձրագույն կրթական, կենտրոններ կստեղծենք ոչ միայն ՀՀ տարածքում, այլ նաեւ մեր տարածաշրջանի երկրներում` հայկական միջազգային դպրոցներ ու հայկական միջազգային համալսարաններ եւ այլն եւ այլն:

Այդ «Ծրագրի» իրականացման հենց սկզբից, մեծ է լինելու մասնավոր ներդրումների, հետեւաբար եւ` բիզնես-ոլորտի դերը թե՛ ՀՀ գիտության ու կրթության ոլորտների եւ թե՛ ՀՀ տարածքում բարձր տեխնոլոգիական արտադրությունների հիմնման հարցերում:

Ահա այստեղ է անհրաժեշտ լինելու հայկական ֆինանսական աշխարհի լուրջ, փոխշահավետ միջամտությունն այդ «Ծրագրի» հաջող կյանքի կոչման հարցում, մեծարգո պրն. Վարդանյան:

Մեծարգո պրն. Վարդանյան, պատրաստ եմ իմ «Ծրագիրը» քննարկել բոլոր նրանց, այդ թվում նաեւ «Հայաստան-2020» նախաձեռնության անդամների հետ, ովքեր կարեւորում են ՀՀ տնտեսության կայուն զարգացումն ու նրա անցումը զարգացման նոր, առավել բարձր փուլ, ՀՀ գիտության ու կրթության ոլորտների զարգացման եւ մեր երկրում, միաժամանակ, բարձր տեխնոլոգիական, ժամանակակից գիտատար արտադրությունների կազմակերպման հիմքի վրա եւ ովքեր, իրապես, պատրաստ են օժանդակել այդ խիստ հավակնոտ «Ծրագրի» հաջող իրականացմանը:

Յուրաքանչյուր ազգ հարատեւման իր միակ ու ճշմարիտ ուղին ունի, մնում այն գտնել:

Խոսքից անցնենք գործի, մեծարգո պրն. Վարդանյան:

28.12.2010թ.

No comments:

Post a Comment