Sunday, December 26, 2010

Հայաստանի իշխանությունը բացեիբաց անտեսում է Արցախի ժողովրդի կամքը


Դեկտեմբեր 25, 2010թ. 16:41

ArzaxՀայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների
հայտարարությունը

Աստանայում Սերժ Սարգսյանի ստորագրած հայտարարությունը եւ ԱԺ-ում կայացած քվեարկության
արդյունքները՝ ԼՂ Հանրապետության անկախության ճանաչման օրինագծի վերաբերյալ, վկայում են, որ Հայաստանի
իշխանությունը բացեիբաց անտեսում է Արցախի ժողովրդի կամքը։ Այն կամքը, որը դրսեւորվեց 1991 եւ 2006թթ. ԼՂՀ
անկախության եւ Սահմանադրության հանրաքվեների ժամանակ։

Ադրբեջանի համաձայնությունը՝ տրամադրել Լեռնային Ղարաբաղին նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում
միջանկյալ կարգավիճակ եւ միջանցք դեպի Հայաստան, Հայաստանի իշխող վերնախավը դիտել է որպես նվաճում:
Այդ “նվաճման” վրա հիմնված` խաղաղություն հաստատելու մշուշոտ հեռանկարի դիմաց Հայաստանը պատրաստ է
հրաժարվել ԼՂՀ սահմանադրությունից։ Փաստորեն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին մնում է միայն
քննարկել այդ գործարքի մանրամասները։

Իշխող կոալիցիան պարզապես փախուստի է դիմել ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծին վերաբերող
քվեարկությունից։ Օրենսդիր գործառույթի այդ սաբոտաժի միջոցով կոալիցիան իր աջակցությունն է ցուցաբերել Սերժ
Սարգսյանի “ռազմվարական որոշմանը”: ԵԱՀԿ քաղաքական ճգնաժամի ֆոնին հայ օրենսդիրների արարքը վկայում է
Հայաստանի իշխանությունների սնանկության մասին։ Իսկ քաղաքակիրթ ազգերի համար սա պարզապես վկայությունն է
այն իրողության, թե որքան հեռու է դեռ Հայաստանը իրավական պետություն լինելուց, եւ թե որքան խղճուկ եւ
պատեհապաշտ է նրա իշխող վերնախավի քաղաքական մտածելակերպը։ Փաստորեն, Ազգային Ժողովի
պատգամավորների 90%-ի պատկերացմամբ Ադրբեջանի հետ խաղաղության դաշնը կարող է նվաճվել ԼՂՀ
Սահմանադրությունից հրաժարվելու գնով։

Անընդունելի է Արցախի քաղաքացիների նկատմամբ նման արատավոր մոտեցումը։ Հայաստանի համար ԼՂՀ
անկախության ճանաչումն ավելին է, քան միջազգային հարաբերություններում ԼՂՀ իրավահավասարության փաստի
արձանագրումը։ Առաջին հերթին դա այն կատարված սխալի ճանաչումն է, որ Արցախում մարդու հիմնարար
իրավունքները առ այսօր մնացել են խախտված` այդ թվում Հայաստանի կողմից: Ընդ որում հենց այդ իրավունքների
խախտումն է հանգեցրել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծմանը։ Երկրորդը` դա մարդու իրավունքների եւ
արժանապատվության հանդեպ պետության հարգանքի անվերապահ հաստատումն է՝ որպես բարձրագույն քաղաքական
արժեքի։ Դա նաեւ հայկական հասարակության վերադարձն է իրավական պետություն ստեղծելու ուղուն:

Մարդու իրավունքները եւ արժանապատվությունը դադարեցին բարձրագույն արժեք լինել մեր պետությունում,
երբ 1992թ.-ին Հայաստանը հրաժարվեց ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Այդ քայլը արդարացնելու համար
իշխանությունը ստիպված էր կանգնել մեր հասարակության իրավական գիտակցության ոչնչացման ուղու վրա։
Անօրինականությունը հռչակվեց որպես պետության անքակտելի կենսաձեւ։ Իշխանությունը զավթվեց, իսկ ժողովուրդն
օտարվեց պետական կառավարումից։

Հարգանքը դեպի ժողովրդի ազատությունը եւ ազգային արժանապատվությունը քաղաքական
պատեհապաշտության հարց չէ։ Արցախի ժողովուրդը իր պետության լիիրավ տերն է: ԼՂՀ իրավահավասարությունը
Հայաստանի կողմից պետք է ճանաչվի հիմա´։ Պատերազմի վերսկսման սպառնալիքը կվերանա ա´յն ժամանակ, երբ
Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության հարցը կդադարի լինել սակարկության առարկա։

Հայ ժողովուրդը հազարավոր ազնիվ կյանքեր զոհաբերեց իր երկրի ազատության համար։ Մենք համոզված ենք,

որ Արցախյան պատերազմի հերոսների փառքը եւ ժողովրդի իրավունքները յուրացրած երկրի այսօրվա ինքնահռչակ
տերերը չեն կարող կանգնեցնել ազգի զարգացման պատմական գործընթացը։ Մեր ժողովրդի կողմից իր սեփական
պատասխանատվության գիտակցումը՝ Հայաստանում եւ Արցախում իրավական պետության կառուցման գործում,
անխուսափելի է։

Մենք առոչինչ ենք համարում իշխանությունների սին հայտարարությունները` ժողովուրդի հանդեպ իրենց
պատասխանատվության մասին: Այսուհետ մենք չենք ճանաչում նրանց իրավազորությունը ազգի ճակատագիրը որոշելու
հարցում:

Մենք հաստատում ենք մարդու իրավունքները՝ որպես պետության բարձրագույն արժեք, իսկ հարգանքը մարդու
արժանապատվության նկատմամբ՝ միջազգային անվտանգության գլխավոր գործոն։ Այդ արժեքների համար պայքարելը
քաղաքացիական հասարակության գործն է:

Մենք հայտնում ենք մեր համերաշխությունը ԼՂՀ քաղաքացիներին, ովքեր հանդես են գալիս Արցախի ժողովրդի
խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի միջազգային ճանաչման օգտին։ Միջազգային հանրության կողմից այդ
իրավունքի հարգումը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հիմքն է:

24 դեկտեմբերի, 2010թ. ք.Երեւան

“Ազգային արժեք” ակումբ, Գյումրի

Ազգային ուսանողական խորհուրդ

“Բիոսոֆիա” հ/կ, Գյումրի

“Զարթոնք-89” հ/կ

“Ընդդեմ իրավական կամայականության” հ/կ

“Համագործակցություն հանուն ժողովրդավարության” կենտրոն

Հայաստանի “Սպառողների ասոցիացիա” հ/կ

“Հույս” հ/կ

“Պետական կարիքների զոհեր” հ/կ

“Սեփականության իրավունքի պաշտպանություն” հ/կ

“Սէմանտ” կրթամշակութային հ/կ

“SOS Արգիճի” հասարակական նախաձեռնություն

“Վան -Վասպուրական” հայրենակցական հասարակական կազմակերպություն

“Ուխտ Արարատի” նախաձեռնություն

“Ուսման իրավունք” նախաձեռնող խումբ

“Փաստաբանները մարդու իրավունքների համար” հ/կ

“Քաղաքացիական ազգային նախաձեռնություն” հ/կ

Անդրիաս Ղուկասյան, քաղաքագետ

Անուշ Սեդրակյան, վերլուծաբան

Արթուր Ավթանդիլյան, “Ռազմավարական քաղաքականության ակումբի” անդամ

Էդգար Վարդանյան, քաղաքագետ

Կարապետ Կալենչյան, քաղաքագետ

Հայկ Բալանյան, վերլուծաբան

Հարություն Կարապետյան, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու

Մանվել Սարգսյան, քաղաքագետ

Մարինե Պետրոսյան, հրապարակախոս

Նաիրա Հայրումյան, լրագրող

Սեդա Մելիքյան, հասարակական գործիչ

No comments:

Post a Comment