[ 2010/12/22 | 13:34 ]
Այսօր Ազգային ժողովը 69 կողմ, 1 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դեմ է քվեարկել անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը «Հետքին» ասաց, որ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցել քվեարկությանը` հավանաբար հուսալով, որ քվորում չի ապահովվի, սակայն իշխանական կոալիցիայի խմբակցությունները կողմ են քվեարկել:
Արամ Ապատյանը ենթադրեց, որ քվորում ապահովվել է` պատգամավորներին զանգահարելով, հրահանգելով ու խորհրդարան կանչելով: Քաղաքացիական նախաձեռնությունը պիկետ էր անում ԱԺ-ի մուտքի մոտ այն ժամանակ, երբ օրենքը քվեարկվեց:
Առաջին ընթերցմամբ Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեություն նախատեսող օրինագիծն ընդունվել էր հունիսի 24-ին` Սբ. Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնի օրը:
Որպեսզի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքը մտնի կիրառության մեջ, նախագահը պետք է վավերացնի այն: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակելու է պայքարել, որ նախագահը չվավերացնի օրենքը:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հայտարարել է, որ օգտագործելու է օրինական բոլոր միջոցները, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ չգործեն: Նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ եթե անգամ օրինագիծն ընդունվի, իրենք այնպիսի մթնոլորտ կստեղծեն օտարալեզու դպրոցների շուրջ, որ դրանք չեն կարողանա գործել
No comments:
Post a Comment