Քաղաքացիական նախաձեռնության անդամները կարծում են, որ քաղաքապետի այս որոշումը հակասում է նաեւ Հայաստանի Անկախության հռչակագրին եւ «Լեզվի մասին» օրենքին:
Օրերս Երեւանի քաղաքապետարանում Կարեն Կարապետյանի եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովի ներկայությամբ մեկնարկեց քաղաքապետարանի աշխատակիցների համար ռուսերենի դասընթացները:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը ասաց, թե իրենք սպասում էին, որ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությանը կհաջորդեն հենց այսպիսի քայլեր:
«Մենք զգուշացնում էինք, որ արհեստականորեն միջավայր է ստեղծվելու օտարալեզու դպրոցների շրջանավարտների համար: Հիշենք սովետական մեր անցյալը` աշխատանքի ընդունվում էին ռուսերենի լավ իմացությամբ, եւ ռուսերենի լավ իմացության գլխավոր գրավականը ռուսական դպրոց ավարտելն էր», – ասաց Հովհաննիսյանը:
Հունվարի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Լեզվի մասին» օրենսդրական փաթեթը (ներառում էր «Լեզվի մասին» օրենքը, որում լրացում կատարվեց եւ «Հանրակրթության մասին» օրենքը, որում փոփոխություններ կատարվեցին), որը հնարավորություն է տալիս Հայաստանում բացել օտարալեզու դպրոցներ: Այս օրենսդրական փաթեթը հասարակական դժգոհության լուրջ ալիք էր բարձրացրել դեռեւս անցյալ տարվա կեսերից:
Մինչդեռ Երեւանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը կարծում է, որ «Հայաստանում ռուսաց լեզուն օտար չէ»:
«Դեռ ավելին` այն անվիճելի ներդրում է ունեցել եւ’ հայոց լեզվի զարգացման, եւ’ համաշխարհային քաղաքակրթությունում հայոց լեզվի, մշակույթի առաջ մղման գործում: Ինչպես մենք գիտենք, հայկական դասական [գրականության], էպոսների, ֆոլկլորի գլուխգործոցները սկսվեցին այն բանից, երբ Վալերի Բրյուսովը իր համախոհների` ռուս ամենահռչակավոր գրողների, թարգմանիչների հետ իրականացրեց այդ դասական ստեղծագործությունների թարգմանությունը, (որը հետո արեց նաեւ Մաքսիմ Գորկին), ու հրատարակեց «Հայ պոեզիայի անթոլոգիան»: Դա 1916 թվականին էր», – ասաց Կրիվոպուսկովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Հարցին` եթե ռուսաց լեզուն չլիներ, հայոց լեզուն չէ՞ր զարգանա, Կրիվոպուսկովը պատասխանեց. – «Իհարկե` ոչ: Բայց մենք «եթեների» աշխարհում չենք ապրում, այլ` իրական: Իսկ իրականությունը հետեւյալն է` այն ամենը, ինչ այսօր աշխարհը ստանում է հայոց լեզվից` նախեւառաջ գրականության ոլորտում, այն սպասում է, թե երբ դա լույս կտեսնի ռուսերենով, որովհետեւ թարգմանության մեր դպրոցը` հայերենից-ռուսերեն, անգերազանցելի է»:
Երեւանի քաղաքապետարանում, բացելով ռուսերենի դասընթացները, Կրիվոպուսկովը, մասնավորապես, ասել էր. – «[Ռուսերենի իմացությունը] թույլ կտա բարձրացնել քաղաքապետարանի կառավարչական որոշումների մշակման որակը»:
Արմեն Հովհաննիսյանը Կրիվոպուսկովի այս խոսքերը որակում է որպես «սանձարձակ իմպերիալիստի արտահայտություն»:
«Ռասիստական ենթատեքստ եմ ես այստեղ տեսնում: Այսինքն եթե մենք ավելի «բարձր» ռուսական մշակույթին չառնչվենք, ապա չենք կարողանա ինքներս մեզ կառավարել: Բայցի այդ, կարո՞ղ է մեկը ինձ բացատրել, թե 1828-ից մինչեւ 1991 թիվը այդ ի՞նչ կառավարման գաղտնիքներ են մնացել հայ ժողովրդից, որ մենք մինչեւ հիմա չենք ընկալել», – հարցնում է Հովհաննիսյանը:
Վիկտոր Կրիվոպուսկովը հերքեց այս մեղադրանքները, ասելով, թե «իրենք նպատակ չունեն խրախուսել Հայաստանում ռուսաց լեզվի տարածումը»:
Ռուսերենի դասընթացներին մասնակցելու են քաղաքապետարանի 11 բաժինների 26 աշխատակիցներ, իսկ դասընթացները ֆինանսավորում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն:
Սարգիս Հարությունյան
www.azatutyun.am
No comments:
Post a Comment