Friday, January 28, 2011

Ռուբեն Զարգարյան.«Ադրբեջանում հարևան պետություններին ինքնավարության կարգավիճակ են առաջարկում»


Հունվար 28, 2011թ. 13:57
LXH-qaxtez11Պատմական գիտությունների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը Analitika.at.ua –ին մեկնաբանել է Էլհան Շահինօղլիի <<Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի>> գիրքը:

Ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլին Բաքվում ներկայացրել է <<Լեռնային Ղարաբաղ. կարգավիճակ առանց կարգավիճակի>> գիրքը, որտեղ հեղինակը քննարկում է հակամարտությունների կարգավորման և ինքնավարության տրամադրման տասը մոդել: Նա գրում է. <<Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակին` դրանք միջազգային նախադեպեր են. Ալանդյան կղզիներ, Թաթարստան /ՌԴ/, Ղրիմի, Հյուսիսային Իռլանդիայի, Հարավային Տիրոլի, Տրիեստի, Կատալոնիայի կարգավիճակը>>: Է. Շահինօղլին ձևացնում է, թե չի հասկանում ԼՂՀ և այդ նախադեպերի միջև սկզբունքային տարբերության մասին: Իսկ այն կայանում է նրանում, որ այդ ինքնավարությունների դեմ ոչ ոք ցեղասպանություն չի իրականացրել` նման ԼՂՀ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության  սիստեմատիկ ցեղասպանությունների քաղաքականությանը: Ադրբեջանը Եվրոպա չէ: Ի տարբերություն Բաքվի ղեկավարության, եվրոպական երկրների կառավարությունների մտքով անգամ չէր կարող անցնել լայնամասշտաբ ագրեսիա, ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացնել իրենց ինքնավարությունների դեմ, ռմբակոծությունների և հրթիռակոծությունների ենթարկել խաղաղ քաղաքները: Սկզբունքային տարբերություն գոյություն ունի եվրոպական երկրների և Ադրբեջանի քաղաքական մշակույթի մակարդակների միջև:

Վաղուց կայացած, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը <<ինքնավարության կարգավիճակ>> առաջարկելով` ադրբեջանցի քաղաքական գործիչները ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնություններ են ներկայացնում Լեռնային Ղարաբաղին: Իմանալով Բաքվի ռևանշիստների տարածքային ախորժակների մասին` հեռու չէ Ադրբեջանի հարևան այլ պետություններին իր կազմում ինքնավարություններ դառնալու նմանատիպ առաջարկություններով դիմելը:

Ի դեպ, Ալանդների մասին: Ալանդյան կղզիներում կրկին Ֆինլանդիայից անկախություն ստանալու պահանջներ են հնչում: Այդ մասին  հայտարարել է Ալանդների վարչապետ Ռոգեր Նորլունդը և ԵՄ-ում ալանդյան կառավարության ներկայացուցիչ Բրիտտ Լունդբերգը: Ակտիվորեն տարածվում է պրոֆեսորներ Դագ Անկարի և Բարրի Բատմանի <<Ալանդների անկախության հիմնական սկզբունքները>> գիրքը: Այդպիսով, ԼՂՀ համար կարգավորման ալանդյան մոդելի մասին  եվրոպական որոշ դիվանագետների և ադրբեջանական քաղաքագետների սիրելի փաստարկը չի դիմանում ժամանակի փորձությանը նույնիսկ Ֆինլանդիայում, որը, ընդգծեմ, սկզբունքորեն տարբերվում է Ադրբեջանից քաղաքական մշակույթի իր բարձր մակարդակով: 2008թ. Ալանդների խորհրդարանի անդամ Ռոջեր Ջանսոնը ընդգծել է, որ եթե Ալանդներում մարդկանց մեծամասնությունը գտնի, որ Ֆինլանդիան իրենց չի բավարարում, նրանք հանրաքվե կանցկացնեն. <<Եվ մենք միանշանակ համոզված ենք, որ այն բանից հետո, երբ մեր մարդիկ անկախության մասին որոշում կայացնեն, մեզ մոտ կղզիում չեն հայտնվի ֆիննական զորքերը>>:

Ի տարբերություն հանրաքվեների նկատմամբ եվրոպական քաղաքակիրթ ռեակցիայի, ԼՂՀ-ում նմանատիպ հանրաքվեի անցկացումից հետո  Լեռնային Ղարաբաղի դեմ 1991-1994թթ. վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ղեկավարության գործողությունները պետք է որակել որպես միջազգային պետական ահաբեկչության և ցեղասպանության քաղաքականություն, որն արտահայտվեց ԼՂՀ քաղաքացիների բնաջնջման, էթնիկական զտումների, խաղաղ բնակչության ռմբակոծությունների և հրթիռակոծությունների, գերեվարումների, մշակութային հուշարձանների ոչնչացման, ԶԼՄ-ներում և կրթական համակարգում ռասայական ատելության քարոզչության տեսքով :

Հոծախումբ օդային ռմբակոծությունների ժամանակ օգտագործվել են գնդիկային և ասեղային ռումբեր, որոնք պատկանում են զանգվածային բնաջնջման զենքերի շարքին: 1991թ. նոյեմբերից 1994թ մայիսը Ղարաբաղի միայն մեկ քաղաքի` Ստեփանակերտի վրա նետվեց <<Գրադ>>-ի ավելի քան 21000 ռեակտիվ արկ, <<Ալազան>> տիպի 2700 հրթիռ, ավելի քան երկու հազար հրետանային արկ, հարյուր ութսուն գնդիկային ռումբ, մոտ հարյուր հատ հինգ հարյուր կիլոգրամանոց ավիառումբ, այդ թվում ութը՝ վակուումային: Որպես օրինակ կարելի է բերել միայն երեք օրվա` 1992թ. փետրվարի 19-ից 22-ի տվյալները, երբ Ստեփանակերտում սպանվել և վիրավորվել է  150 մարդ, որոնց կեսը կանայք և երեխաներ էին: Մոսկվացի գրող Ինեսսա Բուրկովան, որ ԼՂՀ էր ժամանել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ, 1992թ. փետրվարի 23-ին Ստեփանակերտից Ռուսաստանի նախագահին դիմում էր ուղարկել, որտեղ ասվում էր. <<Տասնյակ օրերի ընթացքում` գիշեր ու զօր ադրբեջանական բանակը հրթիռակոծում է քաղաքը <<Գրադ>> հրթիռային կայաններից: Դրանց կրակից ամբողջովին հողին են հավասարվել բնակելի թաղամասեր, ոչնչացվել են ծննդատունը, հիվանդանոցը, հեռուստակենտրոնը:  Ամենուրեք հրդեհներ են բռնկված, սակայն դրանք հնարավոր չէ մարել>>: Դիմումը վերջանում էր կոչով` <<Անհապաղ դադարեցնե’լ Լեռնային Ղարաբաղում հայերի բնաջնջումը>>: Ադրբեջանական բանակը նմանատիպ հրթիռակոծություններ և օդային ռմբակոծությունների է ենթարկել նաև ԼՂՀ այլ քաղաքներ և գյուղեր:

1992թ. ապրիլի 10—ին ադրբեջանական զորքերի կողմից մի քանի ժամով զավթված ղարաբաղյան  Մարաղա գյուղում գազանաբար սպանվել է 81 մարդ, 67 գերեվարվել է. նրանցից շատերի ճակատագիրը առայսօր հայտնի չէ: Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որ գյուղ էր այցելել ադրբեջանցիների զորքերից ազատագրելուց անմիջապես հետո, վկայում է. <<Այդ օրերին Մարաղայում նկարահանված կադրերում դրոշմված են այստեղ տեղի ունեցած սարսափելի կոտորածի վկայությունները. գլխատված և անդամահատված մարմիններ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր այն տեղերում, որտեղ ադրբեջանցիները սղոցել էին կենդանի մարդկանց>>: 1992թ.  ամռանը ԼՂՀ տարածքի  45%-ը օկուպացված էր ադրբեջանական բանակի կողմից, և այն բնակիչները, որոնք չէին հասցրել թողնել իրենց օջախները, սպանվել էին ադրբեջանական զորքերի կողմից: Մարդկության դեմ ադրբեջանական հանցագործությունները ակնառու կերպով ցույց տվեցին միջազգային հանրությանը, որ ԼՂՀ պետական  անկախությունը այլընտրանք չուներ:

Է. Շահինօղլուն, այնպես ինչպես Բաքվի ադմինիստրացիան, անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի մեխանիզմը: Ադրբեջանական քաղաքագետներին անհրաժեշտ է իմանալ, որ վերջին ժամանակների միջազգային փորձը վկայում է այն մասին, որ արդեն ձևավորվել են էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման որոշակի սկզբունքներ: Դա, առաջին հերթին, անկախության մասին հանրաքվեի անցկացումն է: Հանրաքվեներ արդեն անց են կացվել, կամ պլանավորվում են Արևելյան Թիմորում, Էրիտրեայում, Քվեբեկում, Ֆարերյան կղզիներում, Ջիբրալթարում, Արևմտյան Սահարայում, Նոր Կալեդոնիայում, Հարավային Սուդանում, Գրենլանդիայում,  Չերնոգորիայում:

Միջազգային հանրության կողմից երկրորդ կարևոր սկզբունքը ձևակերպված է հետևյալ կերպ` երկիրը կկորցնի միջազգայնորեն ճանաչված իր իրավունքները որևէ տարածքի նկատմամբ (երբեմն առանց սեփական համաձայնության) այն դեպքում, երբ ղեկավարությունը ընդունակ չի լինի արդյունավետ կառավարում իրականացնել ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման, էթնիկ խաղաղության և տարածաշրջանում կայունության սկզբունքների հիման վրա: Բազմաթիվ մասնագետների կարծիքով այդ սկզբունքները փաստորեն դարձել են միջազգային իրավունքի նոր սկզբունքներ:

Այդ երկու սկզբունքները ամենաանմիջական առնչությունն ունեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: 1918թ-ից ի վեր Ադրբեջանի յուրաքանչյուր ղեկավարության օրոք հայերի դեմ ցեղասպանության նպատակաուղղված քաղաքականությունը  ակնառու և համոզիչ կերպով ցուցադրել է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում մնալու անհնարինությունը: Ադրբեջանում հայերի նկատմամբ սիստեմատիկ և նպատակաուղղված ցեղասպանության փաստերը այնքան ակնհայտ և աղաղակող են, որ դա արդեն բավարար կլիներ, եթե ԼՂՀ պետական անկախության հռչակման համար նույնիսկ այլ իրավական հիմքեր չլինեին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձևավորվել է  պետական անկախության մասին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, որը Լեռնային Ղարաբաղում  անց է կացվել 1991թ. դեկտեմբերի 10-ին` թե միջազգային իրավունքին և թե այդ ժամանակ դեռևս գոյություն ունեցող ԽՍՀՄ օրենսդրությանը լրիվ համապատասխան: Հանրաքվեի` որպես ուղղակի համաժողովրդական կամարտահայտության արդյունքի որոշումն օժտված է բարձրագույն իրավական հեղինակությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է դարձել որպես անկախ պետություն ի հայտ գալու փաստի շնորհիվ: 1905թ. Նորվեգիայում, 1944թ. Իսլանդիայում, 1962թ. Արևմտյան Սամոայում, 1974թ. Կոմորյան կղզիներրում, 1977թ. Ջիբութիում, 1993թ. Էրիտրեայում, 1999թ. Արևելյան Թիմորում, 2006թ. Չերնոգորիայում անց են կացվել անկախության մասին նմանատիպ հանրաքվեներ, որոնց արդյունքները միջազգային հանրության կողմից վերջիններիս որպես ինքնիշխան պետություններ ճանաչման հիմնական գործոն են ծառայել: ԼՂՀ անկախության մասին հանրաքվեի անցկացումը նույնպես ունի անշրջելի իրավական հետևանքներ:

Շատ հատկանշական է 1998թ. Կանադայի Գերագույն դատարանի որոշումը Կանադայի կազմից Քվեբեկի դուրս գալու հարցի վերաբերյալ, որի մեջ ասված է, որ չնայած երկրի սահմանադրությունը Քվեբեկին միակողմանի կարգով անկախություն հռչակելու իրավունք չի տալիս, սակայն այն դեպքում, եթե Քվեբեկի բնակչության ճնշող մեծամասնությունը արտահայտվի ի օգուտ անկախության, Կանադայի դաշնային ղեկավարությունը և մնացած նահանգները պարտավոր են սկսել Քվեբեկի  անջատման վերաբերյալ բանակցությունները: Գերագույն դատարանի եզրակացության մեջ հստակ ասված է հերթական հանրաքվեի դրական արդյունքի դեպքում անկախության հռչակման լեգիտիմության մասին: Կանադայի Գերագույն դատարանը ճանաչել է երկրի սահմանադրության մեջ Քվեբեկի անջատման քաղաքակիրթ մեթոդները սահմանող ուղղումներ մտցնելու հնարավորությունը:

2002թ. նոյեմբերի 8-ին Ջիբրալթարում անց է կացվել հանրաքվե, որին մասնակցած բնակչության 98,97%-ը այդ ինքնավար բրիտանական գաղութում Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի <<համատեղ ինքնիշխանություն>> մոդելի ստեղծման նախագծին դեմ է քվեարկել: Մեծ Բրիտանիան հանրաքվեի արդյունքները վկայակոչել է որպես հիմք բանակցային գործընթացում Ջիբրալթարի հարցի վերջնական լուծման համար: Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դենիս Մաքշեյնը ընդգծել է, որ Ջիբրալթարի ժողովուրդը միաձայն արտահայտվել է այդ երկրի կարգավիճակի հարցում ցանկացած փոփոխության դեմ: Դ. Մաքշեյնը հայտարարել է, որ մենք հիմա ապրում ենք ոչ թե տասնյոթերորդ կամ տասնիններորդ դարում, երբ դիվանագետները կարող էին պայմանագրեր ստորագրել, իսկ մարդիկ պետք է նրանց ենթարկվեին: 2004թ. դեկտեմբերի 16-ին Իսպանիան Ջիբրալթարի վերաբերյալ բանակցությունների ձևաչափի փոփոխման  համաձայնություն է տվել: Իսպանիան առաջին անգամ ճանաչեց Ջիբրալթարը որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ և համաձայնվել է նրա հետ բանակցություններ վարել եռակողմ ձևաչափով` Իսպանիա, Ջիբրալթար, Մեծ Բրիտանիա:

Արշիպելագի 44 հազարանոց բնակչության շրջանում հանրաքվեի ճանապարհով պատրաստվում են լուծել Դանիայից  Ֆարերյան կղզիների անկախացման հարցը: Ֆարերյան կղզիները  գրավոր ձևով դիմել են ՄԱԿ իրենց ինքնորոշման հարցի կապակցությամբ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու խնդրանքով: Սոցիոլոգիական հարցումների տվյալներով, մասնավորապես, Դանիայի բնակչության 68 տոկոսը համաձայն է Ֆարերներին ինքնավարություն տալ: Բոլոր դանիական կուսակցությունները ըմբռնում են ցուցաբերել ֆարերների դիրքորոշման նկատմամբ: Դանիական կառավարությունը հայտարարել է, որ չի խոչընդոտելու Ֆարերյան կղզիների անջատմանը, եթե նրանք այդպիսի ցանկություն հայտնեն:
2008թ. նոյեմբերի 26-ին Գրենլանդիայում անց է կացվել հանրաքվե, որի ժամանակ մոլորակի ամենամեծ կղզու բնակչության 80%-ը արտահայտվել է հօգուտ ինքնավարության ընդլայնման: Հանրաքվեն փաստորեն վերջին քայլը եղավ Դանիայից վերջնական անկախացման ճանապարհին:

Դանիայում հանրաքվեն դրականորեն է ընդունվել  ինչպես բնակչության ճնշող մեծամասնության, այնպես էլ քաղաքական էլիտայի մեծամասնության կողմից` ինչպես իշխող այնպես էլ ընդդիմադիր: Դանիայի նախարարների կաբինետի ղեկավար (այժմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է. << Ինձ ուրախացնում է այն, որ Գրենլադիայի բնակիչները այդքան համերաշխորեն սատարել են ինքնուրույնության ընդլայնման գաղափարին>>: Ընդդիմությունը գլխավորող սոցիալ-դեմոկրատների ղեկավար Հելլե Տորնինգ-Շմիդտը ընդգծել է. <<Շատ կարևոր է, որ այսուհետ գրենլանդիացիները իրավաբանական իմաստով ինքնուրույն ազգ կճանաչվեն և ավելի կկարողանան մեծ չափով տիրություն անել սեփական տանը>>:


Ժամանակակից դարաշրջանը բնութագրվում է երկու փոխլրացնող գործընթացներով` ժողովուրդների ինքնորոշում և նրանց անկախության ինչպես նաև միջազգային ինտեգրման ճանաչում: Վերջին 20 տարում երեք տասնյակ պետություն ՄԱԿ-ի անդամ է դարձել: Մի շարք պետություններ աշխարհի պետություններից միայն մի մասի կողմից են ճանաչված: Կոսովոն, Թայվանը, Արևմտյան Սահարան և Պաղեստինը ճանաչվել են տասնյակ երկրների կողմից: Լատինական Ամերիկայում վերջերս Պաղեստինի ճանաչման ալիք բարձրացավ: Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչվել են 4 պետության կողմից, Հյուսիսային Կիպրոսը` Թուրքիայի կողմից: Սակայն որոշիչն այստեղ ոչ թե քանակական, այլ որակական տեսանկյունն է, այսինքն, հենց անկախության ճանաչման փաստը: Այս տրանսֆորմացման հետևանքն այն է, որ նմանատիպ այլ էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման գործընթացում արդեն ոչ պրոֆեսիոնալ և անհամոզիչ է խոսել նախադեպերի բացակայության կամ էլ այս կամ այն կոնկրետ դեպքի բացառիկության և անկրկնելիության մասին: Այս ամենը միջազգային իրավունքին դինամիկություն է հաղորդում, որն իմպերատիվ կերպով թելադրում է վաղուց ի վեր կայացած և հաջողությամբ զարգացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերջնական ճանաչման անհրաժեշտությունը:

ArmAr.am

No comments:

Post a Comment