Հունվար 11, 2011թ. 10:15
Մինչեւ վերջերս Թուրքիայում տաբու էր գրելը քեմալիզմի տարիներին բռնի թրքացած ու քրդացած հայերի մասին, որոնք այսօր, ինչպես Արեւմտյան Եվրոպայի իրենց բնակության երկրներում, այնպես էլ Արեւմտյան Հայաստանում ու Կիլիկիայում ինքնաճանաչման զարթոնք են ապրում:Համշենահայերից հետո, մասնավորաբար, Սասունի, Մուշի, Տարոնի «իսլամացած», «թրքացած» ու «քրդացած» հայերի հետ արդեն կարելի է զրուցել իրենց անցյալի ու ներկայի մասին, երբ թոթափելով իրենց «դիմակ» անուն-ազգանունները, փորձում են վերադառնալ հայության գիրկը, Թուրքիայի զանազան փոքրամասնությունների հետ պայքար ծավալել իրենց իրավունքների պահպանման համար, հիշել ցեղասպանության ենթարկված իրենց պապերին:
Այսօր հայության գիրկը վերադարձող այդ վերապրողներին կարելի է հանդիպել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Հայաստանում, մանավանդ Իրաքում եւ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձություններից հետո: Ոմանք, որպես «քրդացածներ», պայքարել են PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) շարքերում եւ Օջալանի գերեվարությունից հետո, հիասթափվելով եւ արդեն իմանալով, որ իրենք հայեր են, որոշել են վերադառնալ մայր հայրենիք կամ մեկնել Գերմանիա, որտեղ քաղաքական եւ ազգային աշխատանքի լայն դաշտ կա Թուրքիայից արտագաղթած փոքրամասնությունների առկայության պատճառով՝ Ֆրանկֆուրտում, Վիսբադենում, Շտուտգարդում, Մայնցում եւ այլուր:
- Ծնվել եմ Տարոնի Կարմիր խաչ (Կզըլ Աղաչ) գյուղում: Մենք Մեծ եղեռնից վերապրել ենք, որովհետեւ առերես մահմեդականությունն ենք ընդունել, մանավանդ, որ քրդախոս ենք: Հայրս ու եղբայրներս թուրքական ֆաշիզմի դեմ պայքարելու համար դարձել են PKK-ի մարտիկներ, բանտարկվել ու տառապել են բազմիցս: Այստեղ՝ Գերմանիայում երկար ժամանակ աշխատում ու սովորում եմ, լայն կապեր եմ պահպանում հայկական համայնքի եւ առաջադիմական շարժումների հետ: Իսկ Արեւմտյան Հայաստանում, մանավանդ, հայկական ու բռնի թրքացած-քրդացած Վարդո ավանում, ուր 60-ական թթ.-ին երկրաշարժ է եղել, ապրում են մեր հարազատները, որոնք բազմաթիվ արհավիրքների միջով անցել ու անցնում են,- պատմում է այսօր վերստին հայացած Սիմոն Կոստանյանը (Սարդետ Կոսդուն):
Կիլիկիայի Ադիամանի շրջակա գյուղերից մեկում ծնված Ռազմիկ Հակոբյանն էլ (Նուրեդդին Յագուբ) երկար տարիներ պայքարել է PKK-ի շարքերում, ձերբակալվել ու բանտարկվել է Անկարայի սարսափազդու բանտերում: Գրող ու կինոռեժիսոր է, այժմ փորձում է նկարահանել իր ինքնությունը կորցրած արեւմտահայ պանդուխտի կյանքը արտասահմանում:
«Ծնողներս թաքցնում էին մեր ինքնությունը, մանավանդ որ հայ կոչվելը Ադիամանի շրջակայքում աններելի անարգանք ու հանցանք էր… Չնայած դրան, թրքացած-քրդացած հայերից շատերը «գյավուր» էին կոչվում: Ֆիլմը, որը փորձում եմ նկարահանել, հայ տառապյալ վտարանդու մասին է, նաեւ արեւմտահայ վերապրողների ոդիսականն է: Այն իրականացնելու եմ Հայաստանում անհրաժեշտ աջակցություն գտնելու դեպքում, Արեւմտյան Եվրոպայի մեր գաղափարակից եղբայրների օժանդակությամբ»,- հայտնում է բազմաչարչար Ռազմիկը:
Այսօր հազարների է հասնում մանավանդ, Սասունի ու Մուշի երբեմնի կորուսյալ, այժմ իրենց արմատներին վերադարձող հայերի թիվը:
«Այսօր Մուշում շուրջ 1000 հայեր են ապրում: Քրդական հարցերի պատճառով թուրքական կառավարությունը մեզ ժամանակավորապես հանգիստ է թողել: Ժամանակին հայերին կոտորած քրդերի զավակներն անընդհատ մեղա են գալիս ու ներողություն խնդրում իրենց հայրերի ոճիրների համար»,- ասում է մշեցի Արմենը, որը հաճախ է լինում Հայաստանում, իր ազգակիցների մոտ:
Համո ՄՈՍԿՈՖՅԱՆ, Վիսբադեն-Մարսել
ArmAr.am
No comments:
Post a Comment