Wednesday, January 12, 2011

Ախալքալակում նոր վրացական դպրոց կառուցելու վրացական իշխանությունների մտադրությունը տարակուսանքի տեղիք է տալիս. Շիրակ Թորոսյան

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, HayNews.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ախալքալակում նոր վրացական դպրոց կառուցելու վրացական իշխանությունների մտադրությունը` նշեց. «Սա նոր տարակուսանքի տեղիք է տալիս: Ախալքալակում կա երեք հայկական դպրոց, որոնք այնքան էլ բարվոք վիճակում չեն, թեև ժամանակին հայկական միջոցներով վերանորոգվել են: Բացի այդ, Վրաստանում արգելվեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստումը, շարունակում է արգելվել նաև դեպի այդ երկիր հայկական գրականության ու մամուլի տեղափոխումը,  և այս ընդհանուր լարվածության ֆոնի վրա վրացական դպրոց կառուցելը տարակուսանքի տեղիք է տալիս»:
Շիրակ Թորոսյանի խոսքերով` համամասնությունը պահելու համար կարող էին վրացական դպրոցի կառուցման հետ մեկտեղ գոնե մեկ հայկական դպրոց վերանորոգել. «Եթե վրացական իշխանությունները ցանկանում են, որպեսզի մարդիկ կրթություն ստանան վրացերենով, դա իրենց խնդիրն է, սակայն պետք է հաշվի առնեն ազգային փոքրամասնության իրավունքները, իսկ Ջավախքում բնակչության 98% հայեր են»:
Շիրակ Թորոսյանը հավելեց, որ չի ասում, թե վրացերեն սովորելը վատ է. «Սակայն Ջավախքի հայությունը միշտ նախընտրել է հայկական դպրոցները, և դա եղել է դարերով: Հնարավոր է, որ այդ կերպ Վրաստանի իշխանությունները փորձում են կառուցվելիք դպրոցի լավ պայմաններով գայթակղել հայ ծնողներին, որպեսզի իրենց երեխաներին ուղարկեն վրացական դպրոց, թեպետ խիստ կասկածում եմ, որ նման բան կլինի»:
Թորոսյանն ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասխանում վրացական կողմի այն պնդումները, թե «ոչ վրացիները վրացերեն սովորելու մեծ ցանկույթուն ունեն»:
HayNews.am

No comments:

Post a Comment