Saturday, June 18, 2011

Հայկական արտադրության անօդաչու համակարգերը կարող են գործել հակառակորդի թիկունքում


Այն անօդաչու ինքնաթիռները, որոնցով պարբերաբար հպարտանում է Ադրբեջանը, միայն հետախուզական միջոցներ են։ Այսօրվա ասուլիսին այս մասին ասաց Ռազմական ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանը։ «Մեր տեխնիկան և մասնագետները պատրաստ են և անընդհատ վերապատրաստվում են «Զավթում անօդաչու ինքնաթիռների» խնդիրն իրականացնել»,- ասաց նա։
Գնդապետը տեղեկացրեց, որ Հայաստանն այսօր ունի հայկական «անձնական նախագծերը, որոնք ոչ միայն նախագիծ են, այլև աշխատում են»։ Ըստ նրա՝ հայկական արտադրության այդ համակարգերը կարող են գործողություններ իրականացնել նույնիսկ հակառակորդի խորը թիկունքում, քանի որ դրանք «օպերատիվ խորքի համար աշխատող անօդաչու համակարգեր» են։
«Չենք բացառում ձեռք բերել արտասահմանյանը՝ թեկուզ համեմատության համար. տեխնիկայի առումով կարևոր է համեմատությունը»,- նշեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի օդուժի ռեսուրսների հարաբերակացության մասին հարցին՝ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Տեղին չէ համեմատել օդուժը օդուժի հետ, քանի որ ամեն երկիր իր օդուժը զարգացնում է իր բանակի համատեքստում։ Իրենց օդուժը ստեղծված է PR-ի համար։ Իրենց օդուժը բավական ավելորդ ճոխություններ ունի. իրենց տեխնիկայի մի մեծ մասի համար չունեն համապատասխան մասնագետներ»,- ասաց նա։
Ըստ փորձագետի՝ ադրբեջանցի օդաչուները փորձ չունեն լեռնային պայմաններում թռիչքներ իրականացնելու։ «Իրանք գնում են Թուրքիա՝ սովորելու, բայց թուրքական տեխնիկան էլ իրենց ունեցածին չի համապատասխանում։ Արդյունքում ունեն տեխնիկա, բայց դրա համար մասնագետներ չունեն»,- ասաց նա։ Ըստ Հովհաննիսյանի՝ ադրբեջանցիների մոտ ամեն ինչ ուռճացված է. «Քանակական ավելացնում են, բայց օդաչուների հարցում՝ ոչինչ»,- կրկնեց նա։
Տեղեկացնում է «tert.am»-ը։

No comments:

Post a Comment