Saturday, June 18, 2011

Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»... ՀԱՄ Քրմական խորհրդի անդամ՝ քուրմ Մանուկ



Գրել է Լուսանցք   
18-06-2011
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության, բայց պատասխանի իրավունքով –
Հայ քրիստոնյայի լուսավորիչ Գրիգորիսի «տեսիլքը»Որ քաղաքական գործի սկիզբ էր՝ այսօրվա հետեւանքներով
«Լուսանցք»-ում քանիցս ասվել է, որ հայ պատմագետը, մեկ-երկու բացառությամբ, 301թ. դեպքերը սխալ է հասկացել, մեկնաբանել, ներկայացրել: Ավելին՝ ոչ միայն սխալ, այլեւ՝ այդ չարաբաստիկ ժամանակաշրջանին վերաբերող շատ՝ պատմիչների կողմից ներկայացված փաստեր անտեսել է, որի իրավունքը պատմագետը չունի: Այդպիսի անտեսված բազմաթիվ փաստերից է Ագաթանգեղոսի հիշատակած Գրիգորիսի (հայ քրիստոնյայի լուսավորչի) «տեսլիքը»1,- մի փաստ, որում կիսաբացահայտորեն, կիսաթաքնատեսորեն ներկայացված է 301-ին ու դրանից հետո Հռոմի ու նրա վստահած անձ Գրիգորիսի կողմից Հայաստանի գլխին բերածների պատմությունը (պատկերացնու՞մ եք, հայ պատմագետը ինչ փաստ է անտեսել): Մինչ տեսիլքին անցնելը՝ նույն Ագաթանգեղոսի օգնությամբ ուրվագծորեն ներկայացնենք Վաղարշապատ մայրաքաղաքում այդ «տեսլիքին» նախորդող իրադարձությունների ընթացքը:
Հայոց թագը Հռոմից ստանալով ու երկիրը կարծես խաղաղեցրած պատկերացնելով՝ Տրդատ թագավորը մայրաքաղաքում իր մոտ գտնվող հայոց շատ նախարարների ու իշխանների հետ որոշում է որսի դուրս գալ: Որսագնացները, երբ Վաղարշապատից դուրս են գալիս, նրանց դեմ դավադրություն է կազմակերպվում, պարզ է, նախապես ծածուկ պատրաստված: Դավադրությունը պատրաստած է լինում մայրաքաղաքում տեղակայված հռոմեական զինուժը2 (մեր այդ ենթադրությանը հուշում է դեպքերի հետագա ընթացքը): Որսագնացների մի մասին դավադիրները սպանում են, մի մասին էլ՝ գերեվարում: Փոքր մասն էլ արքայի հետ դավադիրներից փախուստի դիմելով՝ քողարկվում են մայրաքաղաքին մերձակա եղեգնուտներում: Դավադրությունը այնուհետեւ վերածվում է ապստամբության: Ապստամբները մայրաքաղաքը գրավում են, որի ընթացքում շատ վաղարշապատցիներ են սպանվում, իսկ կենդանի մնացածները՝ գերի վերցվում: Մայրաքաղաքի առումը ուղեկցվում է նաեւ թալանով ու ավերով: Հռոմեացիները Վաղարշապատում դրության տերը դառնալով՝ գերված հայ նախարարներին ու իշխաններին ստիպում են, նրանց տանջանքների ենթարկելով ու ահաբեկելով, Խոր Վիրապում բանտարկված Գրիգորիսին բանտից հանելու հրաման տալ3: Որը եւ տեղի է ունենում եւ որին դրդում է թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը (պատմաբանների կողմից կա ենթադրություն առ այն, որ նա եղել է թագավորի «սիրելի գրագրի»՝ Գրիգորիսի սիրուհին): Այս Գրիգորիսը Տրդատի մոտ, դեռեւս Հռոմում եղած ժամանակ, որպես գրագիր ծառայության է անցել՝ որպես, պարզ է, Հռոմի գործակալ: Սա բանտից ազատվելով՝ անցնում է ապստամբության գլուխ: Նրա առաջին գործը լինում է թագավորին՝ իր տոհմական ու անձնական թշնամուն4 գտնել-բերել տալը: Որը եւ արվում է: Ահա եւ իր համար էլ անսպասելի դրության տեր դառնալով՝ Գրիգորիսը իր առջեւ բերած Տրդատ արքային արքայատանը, նախարարներին ու իշխաններին, մյուս հայ գերիներին չարախնդորեն պատմում է իր «տեսիլքը», որն ըստ էության Հայաստանի վերացման հռոմեական ծրագրերի ներկայացումն էր: Մինչ «տեսիլքին» անդրադառնալը՝ Գրիգորիսը իր «գործի» նպատակների վերաբերյալ անկեղծ խոստովանություն է անում, որը ոչ պակաս անկեղծությամբ հիշատակում է այդ «գործի» պտուղները հետագայում քաղող Ագաթանգեղոս պատմիչը: Ասում է. «Այս բանը Տերը (այսինքն՝ Հիսուսը,-հեղ.) հայտնեց ասելով, թե «այս բանում ճշմարիտ է այն խոսքը, թե այլ է սերմանողը եւ այլ է նա, որ հնձում է. ես ձեզ (իր աշակերտներին,-հեղ.) առաքեցի հնձելու այն, որ դուք չեք վաստակել, ուրիշներն են աշխատել, եւ դուք նրանց վաստակի մեջ եք մտել, քանզի ով սերմանում է եւ ով հնձում միասին պետք է ցընծան»»5: Ասել է թե՝ դա ասողը հայերի ու հայերի թագավորի առջեւ բացում է իր գործի բուն նպատակը՝ «սրբազան թալանը»՝ Հայաստան աշխարհի բնիկի հազարամյակներ ի վեր ցանածն ու սերմանածը «հնձելը»:Իր առաջիկա թալանի մասին բացեիբաց ասելուց հետո անցնում է իր «տեսիլքի» մասին պատմելուն: Մեր կողմից նկատենք, որ տեղյակ ու վերահասու Հայաստանում ընթացող դեպքերին՝ կայսրությունից Գրիգորիսին գիշերով ինչ-որ «այր»-պատգամավոր է այցելում, ով եւ նրան թելադրում է «վերին» հրամանները: Լրջամիտ պատմաբանի աչքերով՝ հենց այդպես պետք է հասկանալ  Ագաթանգեղոսի ծածկագրությունը. «Այս գիշերվա կեսին (պատմում է Գրիգորիսը իր արթմնի տեսած «տեսիլքը»,-հեղ.), երբ դուք քուն էիք մտել, ես դեռ արթուն էի մնացել՝ հանկարծակի սաստիկ ձայն եղավ... Բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը, եւ իջավ մի այր լույսի կերպարանքով, կանչեց իմ անունը ու ասաց. «Գրիգոր: Նայեցի, տեսա նրա կերպարանքը եւ զարհուրած դողալով գետին ընկա6: Ասաց ինձ. «Դու վեր նայիր եւ տե՛ս հրաշքները, որ քեզ ցույց եմ տալու...»: «Մի այրի» ցույց տված «տեղում» Գրիգորիսը «տեսնում» է, շարունակենք պատմիչի բերած ծածկագրության վերծանումը, թե ինչ է բերելու խաչակիրների՝ քրիստոնյաների բանակը (պատմիչի խոսքերով՝ «մարդկային կերպարանքով, լուսեղեն, երկթեւ անչափ զորքը՝ թեւերը կրակի նման») երկիր մոլորակի, մասնավորապես՝ «հյուսիսական» երկրի՝ Հայաստանի ու նրա հարակից երկրների գլխին եւ թե ինչպես բազում առաքինի ու հպարտ արիներ ջուրն անցնելով ոչխար են դառնալու, այսինքն՝ քրիստոնյա են մկրտվելու (տեսիլքի խոսքերով՝ «տեսա սեւ գույնի այծերի անթիվ հոտեր, որոնք ջուրն անցնելով ոչխարներ դարձան»), այդ ոչխարներից բազում գառներ են ծնվելու (խոսքը «այծերի» (հասկանալ՝ խոյերի,-հեղ.) սերունդների մասին է), որոնց մի մասը գայլեր դառնալով՝ հոշոտելու են մնացած հոտին7 («տեսիլքի» սահմռկեցուցիչ խոսքերով ասած՝ «գառները դարձան թուխ գայլեր եւ գնացին-հարձակվեցին հոտերի վրա, սկսեցին կոտորել, եւ արյան ճապաղիկ եղավ»), ինչպես նաեւ՝ թե այդ ամենի հետեւանքով ինչ հարուստ են դառնում կենդանի մնացած խաչակիրները, նրանց համար ինչպիսի «հորդաբուխ աղբյուր է բխում»: «Այրը» այնուհետեւ Գրիգորիսին հորդորում է անել «մասնաբաժին իր գործը», համաերկրային քրիստոնեական ցնցումի ծրագրի՝ իրեն «ավանդված»՝ Հայաստանին վերաբերող մասը եւ ինքը «Քրիստոսի անպատում պարգեւներին» կարժանանա: «Եվ դու,-ասում է «այրը» Գրիգորիսին,-պինդ կաց, քաջ եւ զգույշ եղիր, քանզի գործը եկել-հասել է քեզ8, հեշտությամբ բարություն է արվելու է9, եւ ճշմարիտ մշակների հետ առնելու ես Քրիստոսի անպատում պարգեւները10: Արդ՝ զգույշ եղիր ավանդից, որը քեզ վստահվեց...»: «Այրի»՝ Գրիգորիսին տված մեկ այլ՝ առաջնահերթ կատարվելիք ցուցումի համաձայն էլ նա պետք է «գործը» բարեհաջող առաջ տանելու համար քրիստոնեական տաճար (Վաղարշապատում) ու «կույսերի» համար վկայարաններ (նրանց սպանելու տեղում) կառուցել տար,- կառույցներ, որոնք լինելու էին «գործի» կազմակերպման կենտրոնատեղիները: Սա՝ «տեսլիքը»: Գրիգորիսը ձեռնամուխ է լինում «տեսլիքում» «այրի» ցուցումների իրականացմանը եւ մեծ հաջողությամբ էլ դա անում է՝ ի ողբերգություն հայոց աշխարհի:
 Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտՀայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի անդամ
1 Արտահայտությունը Ագաթանգեղոսինն է:2 Ըստ Պարսկաստանի ու Հռոմի միջեւ կնքված Մծբինի հաշտության պայմանագրի, Հռոմը իրավունք է ստացել Հայաստանում հզոր ռազմաբազա ունենալ: Մեկը տեղակայված էր Վաղարշապատում:3 Այդ ժամանակ Տրդատը դեռ ծպտված էր եղեգնուտներում:4 Տրդատի հոր՝ Խոսրովի հրամանով Գրիգորիսի հոր՝ Անակի (նույն Խոսրովին սպանողի) ամբողջ տոհմը սրի էր քաշվել, իսկ Տրդատն էլ Գրիգորիսին տեսակ-տեսակ տանջանքների էլ ենթարկել իր հրամանը չկատարելու համար:5 Ագաթանգեղոսը չի կեղծում. հիրավի Հիսուսը իր աշակերտներին՝ իր կողմից «սրբազան թալանի» հանվածներին (արտահայտությունը Լեոինն է,-հեղ.) նման բան ասել է: Տե՛ս Ավետարան ըստ Հովհաննեսի:6 Կարծել է (մեր կողմից ենթադրենք)՝ իր անձը պահպանողների պատնեշը ճեղքել, եկել է իրեն սպանելու:7 Խոսքը արիամիջյան, մեր առումով՝ հայը հային սպանելու մասին է:8 Խոսքը «այս աշխարհը» քանդելու հուդաքրիստոնեական ծրագիր-«գործի» մասին է:9 Նկատի է առնվում այն, որ այդ ժամանակ Հայաստանի ներքին ու արտաքին գործերի վիճակը շա՜տ նպաստավոր էր «գործը» գլուխ բերելու համար. չկա՜ր այն ուժը, որ դիմակայեր Հռոմին ու նրա գործակալ Գրիգորիսին:10 Հիրավի կարճ ժամանակ անց Գրիգորիսը «անպատում պարգեւների» է արժանանում՝ դառնում է Հայաստանի տեր-տիրակալը՝ իշխանությամբ ու հարստությամբ:
«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment