Tuesday, February 1, 2011

Պապ Արշակունի


Հունվար 31, 2011թ. 10:15
pap
ՈՒշ – ու՛շ են գալիս , բայց ո՛չ ուշացած ,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակի՛ն ,
Եվ ժամանակից առա՛ջ են ընկնում ,
Որի համար էլ չե՛ն ներում նրանց …


Ժամանակ առ ժամանակ , մեր պատմության վճռորոշ պահերին , ի հայտ են եկել անհատներ , որոնք տոգորված ազգայինով՝ իրենց փրկարար կամքն են պարտադրել շրջապատին և մեկ անգամ ևս ապացուցել աշխարհին Հայ Կամքի ամենազորությունը : Իհարկե , նրանցից շատերը՝ չգնահատվելով ու չհասկացվելով ժամանակակիցների կողմից , սերունդներին ներկայացվել են մտացածին ձևերով , հակառակ տեսանկյունից : Նույն բախտին է արժանացել նաև Պապ Արշակունին : Ժամանակի պատմագրությունը նրան վերագրեց բազում արատներ : Սակայն , հարցին ավելի լուրջ մոտենալու դեպքում , դժվար չէ համոզվել , որ նման բնորոշումները չեն համապատասխանում Պապի անձին :

368 թ . պարսից Շապուհ արքայի խարդավանքներին ու հայ նախարարների բանսարկություններին զոհ գնացած հայոց Արշակ Բ – ից հետո , երկիրը կանգնել էր արհավիրքի առջև : Գահին հավատարիմ մի խումբ այրերի հետ պարսիկներին դիմադրություն ցույց տալուց հետո , ի վերջո , Արշակի այրի Փառանձեմ թագուհին գերի ընկավ և անարգվելով պարսիկների կողմից՝ մահացավ Տիզբոնում : Երկիրն սկսում է ենթարկվել պարսից զորքերի անպատիժ ասպատակություններին՝ կործանվում են բազմաթիվ քաղաքներ , բնակչության հոծ զանգվածներ տարվում են գերության : Այս պայմաններում շարունակվում է անհաշտ , պառակտիչ պայքարը հունասեր և պարսկասեր խմբավորումների միջև : Հայկական մի շարք ծայրամասային գավառներ անջատվում են Հայքից և միացվում Պարսկաստանին :
Համատարած այս հուսալքության պահին է , որ ասպարեզ իջավ Պապը՝ գործիչ , որն իր վարքով ապացուցեց , թե ավելորդ լացն ու աղոթքը չէ՛ , որ փրկելու են մեզ , այլ՝ հանուն անկախության , համառ ու անզիջում պայքա՛րը :

Պապը որդին էր Արշակ Բ – ի և Փառանձեմ թագուհու : Վերջինս Սյունյաց Անդոկ իշխանի դուստրն էր և մեծապես ազդել է Պապի դաստիարակության վրա : Հայոց պետականությանը հավատարիմ և զուտ հայկական արժեքներով ապրող այդ թագուհին որդուն դաստիարակում է նախնյաց բարքերով : Հետագայում կղերական պատմիչ Փավստոս Բուզանդը Պապի մասին գրելիս պատմում է , թե Փառանձեմը մանկուց որդուն նվիրեց դևերին : Ավելորդ չէ ասել , որ եկեղեցին դևեր էր անվանում հին աստվածներին : Այս կարծիքի վկայությունն է և այն , որ Պապի սպանությունից հետո հրավիրված հայ մեծամեծների ժողովը որոշում է . քանի որ սպանվածը մի հեթանոս արքա է , ապա նպատակահարմար չէ՛ նրա պատճառով թշնամանալ քրիստոնյա կայսեր հետ : Դեռևս Արշակ Բ – ի կենդանության ժամանակ , Պապն ուղարկվում է Բյուզանդիա՝ կրթություն ստանալու :

Սակայն , օտար միջավայրը չի ազդում ազգային արմատներից սնված պատանու վրա : Նրա հունական փայլուն կրթությունն ու գիտությունների իմացությունը երբեք չվերածվեցի՛ն հունասիրության : Մոր կողմից ստացած ազգային դաստիարակությունն ու բնատուր տաղանդն էլ պայմանավորեցին պատանի արքայի ողջ գործունեությունը : 371 թ . Ձիրավի ճակատամարտից հետո ամրապնդվելով հոր գահին՝ Պապը երկրի հզորությունը վերականգնելու ուղղությամբ եռանդուն միջոցներ ձեռնարկեց : Պետական գործչի փայլուն ընդունակություններ ցուցաբերելով՝ կարճ ժամանակամիջոցում Պապը հայկական բանակի թիվը հասցրեց 90 հազարի , ինչը հնարավորություն ընձեռեց վերականգնել երկրի բնական սահմանները : Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերը վերագրավում և Հայկական թագավորությանն են միացնում Արշակի օրոք Հայաստանից խլված տարածքները : Բյուզանդացիների օժանդակությամբ անցնելով իշխանության գլուխ՝ Պապը , սակայն , չդարձավ նրանց կամակատարը , որպիսին ձգտում էին նրան տեսնել եկեղեցին և հունասերների խմբավորումը : Հայրենապաշտ արքան , ի տարբերություն իր նախորդների , շատ լավ հասկանալով , որ ոչ մի տարբերություն չկա պարսկական ու բյուզանդական տիրապետությունների միջև՝ միանգամայն անկախ քաղաքականություն վարեց :

Պապն անհողդողդ կամք և սթափ դատողություն է ցուցաբերում հատկապես Պարսկաստանի՛ հետ հարաբերություններում : Հայկական նվաճված հողերն ազատագրելուց հետո , Պապը դրական արձագանքեց Շապուհ 2 – րդի բարեկամության առաջարկին : Այս քաղաքականության շնորհիվ , Պապի իշխանությունը ճանաչվում է Շապուհի կողմից և Հայաստանը զերծ է մնում Սասանյան հզոր տերության ասպատակություններից : Սակայն , Պապը շատ լա՛վ էր գիտակցում , որ առանց կենտրոնական իշխանության ուժեղացման ու ներքին կարգ ու կանոնի , Հայաստան աշխարհի անկախությունը երկար չի տևի : Այստե՛ղ է , որ ի հայտ են գալիս ազգային գործչի մեծ ընդունակությունները : Պետության սահմաններն ամրապնդելուն զուգընթաց ՝ Պապը ձեռնարկեց մի շարք կարևոր վերափոխումներ : Լավ հասկանալով գոյություն ունեցող եկեղեցական համակարգի՝ պետության համար վնասակարությունը , Պապն առաջին հայ արքան էր , որ խարխլեց նրա տնտեսական և հատկապես քաղաքական հզորությունը : Նա կրճատեց վանականների թիվը՝ նրանցից առողջներին պարտադրելով անցնել ռազմական ծառայության : Վերացվեցին վանականներին տրվող բազմաթիվ արտոնություններ :

Պապը փակել տվեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները , որոնք քամում էին պետության միջոցներն ու լցված էին ձրիակերներով : Վերացվեցին կուսանոցները . բոլոր կույսերին Պապն ամուսնացրեց՝ մեծապես նպաստելով ազգի բազմացման գործին : Եկեղեցուց խլվեցին նրա կալվածքների մեծ մասը , վերացվեցին բնակչությունից գանձվող տասնորդն ու պսակի հարկը : Շնորհիվ վանքապատկան հողերի կրճատման , հնարավոր դարձավ մեծացնել պետական եկամուտները և դրանք ծախսել բանակի կարիքների համար : Բնական է , որ խարխլելով եկեղեցու հզորությունը , Պապը չէր կարող գովերգվել նրա կողմից :

Դաշնակցելով Պապի անկախ քաղաքականությունից դժգոհ հունասեր խմբավորման հետ ՝ եկեղեցին , համակված կղերական ատելությամբ , հայոց արքայի դեմ կատաղի , անհաշտ ու վարկաբեկիչ պայքար սկսեց : Հետագայում , Փավստոս Բուզանդը Պապին մեղադրում էր արվամոլության , անպարկեշտության մեջ : Եվ միջոցների մեջ խտրություն չդնելով՝ եկեղեցին սերունդների առջև Պապին դարձրեց Նեռ ու մարդասպան հրեշ : Սակայն , Պապի ժամանակակիցներից ոմանց ( նաև Բուզանդի ) տեղեկությունների՛ց էլ դժվար չէ կռահել այդ բանսարկությունների բուն նպատակը :

Պապի դեմ այս քարոզարշավն ավելի կատաղի բնույթ ստացավ 372 թ . ՝ Ներսես կաթողիկոսի մահից հետո : Առիթը չկորցնելով , եկեղեցին Պապին մեղադրեց կաթողիկոսին թունավորելու մեջ : Մերժելով հունասերների առաջադրած թեկնածուին ՝ Պապն անմիջապես կաթողիկոս նշանակեց Աղբիանոսի տոհմից Հուսիկին : Սա պատահական չէր : Բուն հայկական ծագում և քրմական անցյալ ունեցող այս տոհմը բոլոր ժամանակներում օժանդակել է հայկական պետականության հզորացմանը : Բացառություն չէր և Հուսիկը , որն անսահմանորեն նվիրված էր Պապին : Փոխանակ Հուսիկին ուղարկելու Կեսարիա , որտեղ միշտ ձեռնադրվել են հայ կաթողիկոսները , Պապը նրան ձեռնադրեց տեղում : Դրանով Պապը մի անգամ և՛ս ցույց տվեց անկախ պետություն ստեղծելու իր կամքը : Այս քայլով նա բացառեց հայ եկեղեցու կախումն արևմուտքից :

Սակայն , հայ եկեղեցին ազգայնացնելու Պապի ջանքերը ցավագին կերպո՛վ ընդունեցին հունասերներն ու եկեղեցականների մեծ մասը : Քաղաքական տհասությունը , ազգային մտածելակերպի բացակայությունն ու օտարահակությունը խանգարու՛մ էին նրանց հասկանալ արքային , և ծայր առավ մի դավադրություն , որի կազմակերպման գործում խառն էին թե՛ եկեղեցին , թե՛ մեծ թվով ազնվականներ : Այն ժամանակ , երբ Պապի դիվանագիտական համառ ջանքերի շնորհիվ , Բյուզանդիան Հայաստանի արևմտյան մասերից իր կայազորները դուրս էր բերելու , վերոհիշյալ ուժերի դրդմամբ , Հայաստանում բյուզանդական զորքերի հրամանատար Տերենտիոսն առաջարկեց կայսրին ՝ պատժել Պապին : Պապը խաբեությամբ հրավիրվեց Տարսոն , բայց այնտեղ ժամանակին հասկանալով կայսեր նենգ մտադրությունը՝ փախուստի դիմեց և անվտանգ վերադարձավ Հայաստան : Սակայն , նրա թշնամիները չէին դադարում գործել : Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը խաբեությամբ Պապին հրավիրելով խնջույքի՝ դավադրաբար սպանեց արքային : Այս սպանությանը տեղյակ էին շատ հայ իշխաններ : Սակայն , տեղին չէ՛ սպարապետ Մուշեղին մեղադրել այս հարցում , ինչպես պատմում է Փավստոսը : Չպետք է մոռանալ , որ նա՛ եղավ Պապի գլխավոր դաշնակիցն անկախ պետականություն ստեղծելու ճանապարհին և նա՛ էր , որ նախատում էր Պապին հաջորդած Վարազդատին հունասեր քաղաքականության համար , ինչի պատճառով և սպանվեց : Համատեղ գործունեության ողջ ընթացքում Պապի հետ լինելով , Մուշեղն ապահովե՛ց նրա վարած քաղաքականության հաջողության ռազմական հիմքը : Ամենայն հավանականությամբ , հայրենանվեր սպարապետի անունը եկեղեցական պատմիչը փորձել է օգտագործել Պապի դեմ :

Այսպե՛ս ավարտվեց պատանի արքայի կարճ , բայց հայրենանվեր կյանքը , արքա , ով Հայաստանի քրիստոնեացումից հետո եղավ հայոց ամենասթափ ու անկախ պետական այրը , երբեք չընկա՛վ տերեր փնտրող այս կամ այն հոսանքների ազդեցության տակ և զսպելով բոլոր կենտրոնախույս ուժերին՝ կարճ ժամանակում Հայաստանը կրկին դարձրեց տարածաշրջանի ազդեցիկ ուժերից մեկը : Իրոք , Հայաստանը կարո՛տ էր Պապի կարգավորող ու վճռական ձեռքին և մեծապես տուժեց նրա սպանությունից հետո : Այս արքայի մեջ զուգորդված էին բնածին խելքն ու կազմակերպչական մեծ ընդունակությունները , սառը դատողությունն ու վճռականությունը , որոնք նա անմնացորդ նվիրաբերեց Հայոց պետականության հզորացման գործին : Նա եկավ ապացուցելու , որ « այնտե՛ղ է լոկ սխրանքն սկսվում , ուր վերջանում է ամեն մի հնար » : Եվ սրա համար պարտական ենք այ՛ն հայեցի դաստիարակությանը , որ մայրը տվեց Պապին :

Ազգային դաստիարակությու՛նն էր , որ Պապի մեջ սերմանեց աննպաստ միջավայրի ու ճակատագրի դեմ կռվելու կամք և իր փառահեղ նախնիներին հավատարիմ ու հարազատ մնալու շնորհ :

Գևորգ ՀՈՎՀՆՆԻՍՅԱՆ

http://www.armar.am/?p=58930 

No comments:

Post a Comment