Sunday, October 14, 2012

Տիրատոն է՝ հազարամյակներ անց







Եվս մեկ տոն կվերականգնվի ու կնշվի հազարամյակներ հետո՝ առաջին անգամ, ինչպես վերականգնվեցին Աստվածահայր Արայի, Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու տոները, այնպես էլ՝ Տիր Աստծո տոնը:

Մեր մյուս 4 Աստվածների՝ Մայր Անահիտի, Աստղիկ Աստվածուհու, Վահագն ու Միհր Աստվածների տոները ավելի վաղ են վերականգնվել ու ամեն տարի նշվում են:

Այս ամսվա 2-րդ կեսին՝ հոկտեմբերի 15-ին հայ արիները կայցելեն նախ Զվարթնոցի տաճար, որտեղ առ այսօր էլ պահպանվում են Տիր Աստծու տաճարի մասնիկները:

Հետո հայ արիները կհիշեն ու կերկրպագեն Հայոց իմաստության Աստված Տիրին՝ նշելով Տիրատոնը, որ քրմեր Արամի եւ Արմոգի արիադավան ծեսով ու ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի փառաբանման խոսքով այդ օրը կկայանա Քարահունջի աստղադիտարանի տարածքում:

Նախնյաց նվիրված նախորդ տոնակատարությունը եւ նախնիների հոգիների հետ շփվելը վերաիմաստավորվելու է մղում հայ արիներին եւ նրանք դիմում ու փառաբանում են Տիր Աստծուն՝ փառահեղ նախնիների հոգիների հետ նորոգած կապն ու կյանքը Աստվածային Իմաստնությամբ պատելու եւ պահպանելու, նաեւ՝ մարդկանց եւ հոգիների Հայկական Աշխարհների կապը մշտառկա պահելու համար:

Տիր Աստվածը նաեւ գիտության ու դպրության, գիր-գրականության, արվեստի ու արհեստների, հայոց մշակույթի եւ ավանդույթ-սովորույթների պահապան Աստվածն է, որի համար այդ տոնը նշում են բազմաթիվ ասպարեզների ազգային շերտեր, առայժմ դեռ միմյանցից զատ-զատ:

…Եվ այժմ հասկանալի է, թե ինչու հենց Տիր Աստծո տաճարը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը գնացին քանդելու հուդա-քրիստոնյա ավերիչները:

Գրիգորիս Խավարիչը նախ որոշեց հիմնահատակ ավերել ու ոչնչացնել հայոց միտքը՝ իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց սրբազան պահապանն է Տիր Աստվածը:

Հայ արիները փառաբանություն կհղեն Հայոց Տիր Աստծուն առ այն, որ Նա դառնա դեպի ազգը՝ բերելով իր հետ հայոց իմաստնության խորունկ տարրերը, կփառաբանեն Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ միասնական ազգը ու Միացյալ Հայաստանը վերակերտելու ուժի ու օժանդակության համար:

Ի դեպ, ուշադիր ընթերցողը կնկատի, որ «Լուսանցք»-ի «դաջվածքը» հենց Տիր Աստծո պատկերն է՝ բնականաբար համապատասխան մեկ այլ դաջվածք-կարգախոսով՝ «Ճշմարտությունը ուժեղների՛ մենաշնորհն է»:

Ուրեմն՝ ազգովի արժանանանք Տիր Աստծո խորհուրդ-խրատներին՝ իսկապես ուժեղ ու ճշմարտացի լինելու համար:



Նարե Մշեցյան

2 comments:

  1. 3 թիվը կոչվել է Տիրի անունով: Մշեցիները նրան անվանում էին Դըմըզա՝ Յակե Դուկե Դըմըզա:
    Նա է սուրբ երրորդությունը:

    ReplyDelete
  2. Հետազոտությունները ցույց են տվել, որ Մաշտոցի բանահյուսական կերպարը քրիստոնեական ժա¬ռանգորդն է Տիր աստծու։

    ReplyDelete