Քոչվորների մե՜ծ երազախաբությունը |
Գրել է Լուսանցք | |
Վերջերս Ադրբեջանի Միլի Մեջլիսի լիագումար նիստում մի շարք պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանի Հանրապետության անունը փոխելու առաջարկով: Ըստ «Նովոստի Ազերբայջան»-ի, ընդիմադիր միացյալ ազգային ճակատի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիեւն առաջարկել է իրավական գնահատական տալ Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերին ու ըստ այդմ՝ փոխել Ադրբեջանի անվանումը: Իսկ այս քոչվորները հիշու՞մ են, թե ինչպես մասոնա-հուդա-բոլշեւիկյան Ռուսաստանը գործածեց «Ադրբաջան» անունը՝ հեռահար նպատակներով: Ստացվում է՝ հեռահար նպատակները հիշում են, բայց որ թյուրք-թաթարներից են ադրբեջանցի դարձել-«կերտվել» եւ «Ադրբեջան» պետություն են նվեր ստացել, չե՜ն հիշում... Ձեռք չի տալիս: Ինչեւէ: «Ադրբեջանի 2/3-րդ մասը գտնվում է Իրանի տարածքում, այդ պատճառով անհրաժեշտ է վերանվանել Ադրբեջանի հանրապետությունը՝ դարձնելով Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն»,- այսպե է «հիմնավորել» իր տեսակետը հիշյալ ընդդիմադիր պատգամավորը: Բայց որոշ ադրբեջանցիների համոզմամբ, Հյուսիսային Ադրբեջանի գաղափարը օրակարգ բերելը ԼՂ-ի հարցի վերջնական լուծում կնշանակի: Վերջերս նաեւ «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես»-ի կանանց խորհրդի նախագահ Դունյախանում Ալիեւան է արտահայտվել: «Tia.az»-ի հետ զրույցում նա խիստ վտանգավոր է համարել վերջին շրջանում Ադրբեջանում շրջանառվող պնդումներն այն մասին, որ անհրաժեշտ է Ադրբեջանի Հանրապետության անունը դնել Հյուսիսային Ադրբեջան: «Եթե նման բան արվի, ուրեմն Ադրբեջանի նոր անունը պետք է վերագրանցվի ՄԱԿ-ում: Իսկ Լիսաբոնի գագաթնաժողովում աշխարհի 54 երկրներ Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես վիճելի տարածք, եւ ոչ Ադրբեջանի մաս: Այդ պատճառով Ադրբեջանը ՄԱԿ-ում կրկին գրանցելու դեպքում, այդ տարածքը չի ճանաչվի որպես Ադրբեջանի մաս»,- ասել է նա: Որ այս գաղափարը օրակարգ բերելը ԼՂ հարցի վերջնական լուծում կնշանակի, շատերն են կարծում Ադրբեջանում: Անվան փոփոխությունը ուղղված է հատկապես Իրանի դեմ, բայց դա տարածաշրջանային խնդիր կդառնա նաեւ: Վերափոխելու գաղափարը արծարվել է 1990-ականներին՝ Ադրբեջանի ազգայնամոլ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության օրոք եւս ու, նկատի ունենալով նույն վտանգը, այն հանվել է օրակարգից: Արտակ Հայոցյան Նախիջեւանի հայապատկանության շոտլանդական հավաստիացումը Ժամանակ առաջ շոտլանդացի գիտաշխատող Սթիվեն Սիմը նկարագրել էր իր տհաճ տպավորություններն «Ադրբեջանի կողմից ներկայումս գրավված պատմականորեն հայկական տարածք հանդիսացող՝ Նախիջեւան» այցից հետո: Նրա՝ 2006թ. շատ բան բացահայտող զեկույցը պատշաճ չէր լուսաբանվել միջազգային մամուլում.- ասել է Հարութ Սասունյանը («Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր), ով ներկայացրել է զեկույցի որոշ կարեւոր հայեցակետերը: Նախ Ս. Սիմը հայտնել է, որ ինքը մտել է Նախիջեւան ավտոմեքենայով՝ թուրքական սահմանից եւ շարժվել է Երնջակի հովտում գտնվող Աբրակունիս գյուղ: Երբ այնտեղ հարցրել է 12-ամյա մի տղայի, թե որտեղ է գտնվում գյուղի եկեղեցին, նա ցույց է տվել դատարկ մի տարածք: Ապա շոտլանդացին այցելել է Բանանիյար գյուղ, որը հայերին հայտնի է որպես Ապարանք, որտեղ, իր ասելով «առնվազն մինչեւ 1970-ական թվականները գյուղի կենտրոնում բարձրադիր վայրում գտնվող մեծ միջնադարյան եկեղեցու փլատակը կար: Այժմ նախկին եկեղեցու հողի վրա մզկիթ է կառուցվել»: Նորաշենում, այս գյուղի հյուսիս արեւմտյան ծայրում 2 հայկական եկեղեցիներ եւ գերեզմանատներ կային: Նա ոչ մի եկեղեցու կամ գերեզմանատան հետք չի գտել այնտեղ: Նախիջեւանում 3-րդ օրը, երբ գնացքով Ջուլֆա է գնացել, Ս. Սիմը նկատել է Ջուղայի գերեզմանատան փլատակները: Տեսել է «երեք լեռնաշղթաների վրա սփռված եւ քարե սալիկներով ծածկված մի բլրալանջ: Բոլոր գերեզմանաքարերն առանց բացառության շրջված էին»: Օրդուբադում գիտաշխատողը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից եւ հարցաքննվել է իր այցի նպատակի համար, զննության են ենթարկել ձեռքի պայուսակը: Ապա հաջորդ ավտոբուսով նրան հետ են ուղարկել Նախիջեւան քաղաք: Այնտեղից նա գնացել է Շուռութ, որը «միջին դարերի վերջում փոքրիկ հայկական քաղաք էր իր եկեղեցիներով, դպրոցներով, վանքերով, ձեռագրատներով ու մի քանի տասնյակ հազար բնակիչներով»: Քռնա գյուղի հարեւանությամբ տեղի հայկական եկեղեցու հետքերն իսկ չկային: Նույն իրավիճակը նաեւ Գահ գյուղում էր: Երբ մի անցորդի Ս. Սիմը հարցրել է Շուռութ գյուղում եկեղեցու մասին, անցորդը պատասխանել է, որ եկեղեցին ոչնչացվել է: Շուռութ գյուղում Ս. Սիմը դեմ առ դեմ է խոսել է մի խումբ գյուղացիների հետ եւ ասել, որ եկել է տեսնելու հին եկեղեցին: Պատասխանել են, որ գյուղում երբեք եկեղեցի չի եղել: Հեռանալու ժամանակ տաքսու վարորդը հայտնել է, որ գյուղացիներն ահազանգել են Ջուլֆայի ոստիկանություն, եւ որ իրավապահ մարմինների աշխատակիցները հավանաբար սպասում են նրան ճանապարհին: Ոստիկաններն իրոք սպասում էին Սիմին: «Ոստիկանը նստել է տաքսու ետնամասում եւ հարցրել, թե արդյոք գիտաշխատողի մոտ կա տեղագրական քարտեզ եւ ազգագրական գիրք»: Երբ Սիմը պատասխանել է՝ ոչ, ոստիկանն արագ զննել է նրա պայուսակը: Ջուլֆայում Սիմին կանգնեցրին ոստիկանության մոտ, որտեղ նրա պայուսակը եւս մեկ անգամ զննեցին: Որոշ ժամանակ միջանցքում սպասելուց հետո, շոտլանդացուն տարել են քաղաքի Արազ հյուրանոց եւ ուղեկցել շենքի ետնամասում գտնվող այգի: 3 ժամ պահելուց հետո, ի վերջո, ազատ են արձակել, պայուսակից «հանել էին բոլոր իրերը եւ մանրամասն զննել՝ պարզելու, թե արդյո՞ք պայուսակը գաղտնի գրպաններ ունի»: Նախիջեւանում Սիմին հարցրել են նրա աշխատանքի մասին. որքա՞ն է վաստակում, ո՞վ է հովանավորում նրա այցը Նախիջեւան, եւ ինչու՞ է նա իր սեփական միջոցները ծախսել այստեղ գալու համար: Ոստիկանները մանրազնին ստուգել են նրա գրի առած նոթերը, ինչպես նաեւ թվային ֆոտոխցիկի բոլոր լուսանկարները: Նրանց ուշադրությունը հատկապես գրավել է Նախիջեւան քաղաքում արված լուսանկարը: «Դա քարե սալիկ էր, որ ես տեսել էի Մոմինա Հաթուն դամբարանի դիմացի այգում՝ շրջապատված խոյաձեւ գերեզմանաքարերով: Այս քարի վրա փորագրված էր մի խաչ, որը վեր էր խոյանում ուղղանկյան հիմքից», - հայտնել է Սիմը: Ադրբեջանցի պաշտոնյաները նրան ասել են, որ դա խաչ չէ: Երբ գիտաշխատողը պնդել է, որ կարդացել է եկեղեցու մասին հայկական մի գրքում, ադրբեջանցիները ջղագրգիռ պատասխանել են. «Այդ ճիշտ չէ: Այնտեղ սուտ է գրված: Հասկանում եք՝ հայերը միշտ խաբում են, խաբում են բոլորին»: Եվ նշել են, որ «Նախիջեւանում երբեւիցե գոյություն չի ունեցել որեւէ հայկական եկեղեցի: Այստեղ որեւէ հայ չի ապրել, հետեւաբար ինչպես կարող են այստեղ եկեղեցիներ լինել»: Եվ Սիմին ասել են. «Կարծում ենք, որ դուք եկել եք Ադրբեջանի Հանրապետություն՝ մեզ համար ոչ բարի նպատակներով»: Շոտլանդացի գիտաշխատողը նշել է, որ Նախիջեւանում իր տհաճ տպավորությունները «որոշ առումով մերկացրեցին այն վերաբերմունքը, որ ադրբեջանցիներն ունեն հայերի ու հայկական ամեն ինչի նկատմամբ»: Զեկույցում երեւում է, թե ինչու է Արցախի հայերի համար ադրբեջանցիների կեղեքիչ լծի ներքո կրկին ապրելն անհնար: Եթե շոտլանդացի այցելուի հետ են այսպես վատ վարվում, պատկերացրեք, թե ինչքան ավելի վատ են ադրբեջանցիները վարվել իրենց հայ հպատակների հետ՝ մինչեւ Արցախի ազատագրումը: Այս տեսակետը պետք է այլեւս հասկանալի լինի բոլոր անաչառ միջնորդներին, որոնք փորձում են հաշտարարի կերպար ընդունել եւ հայերի ու հայկական տարածքների հաշվին պետություն սարքած քոչվորներին մեզ հետ բարեկամացնել:… Անի Մարության Գերհարցեր՝ գերմակարդակներում Պաշտոնական Վաշինգտոնը զարմացած է Ռուսաստանում առկա հակաամերիկյան տրամադրություններից: ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, թե «Վաշինգտոնի համար իսկական անակնկալ է եղել ՌԴ-ում գոյություն ունեցած հակաամերիկյան տրամադրությունների աստիճանը»: «Լենտա.ռու»-ն եւս անդրադարձել է այս խնդրին: «Մենք ընդհանրապես հետաքրքրված չենք «սառը պատերազմի» նման երեւույթի կամ խայթիչ հռետորաբանության վերադարձով: Կարծում ենք՝ դա չի բխում ամերիկյան ազգային շահերից,- ասել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը՝ հավելելով,- ի պատասխան մամուլում տարածված հակաամերիկյան տրամադրությունների Միացյալ Նահանգները մտադիր է դիմել «իրական դիվանագիտությանը»: ԱՄՆ-ում սպասում են, որ երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի Վաշինգտոն, ամերիիկյան իշխանությունները նրա հետ բովանդակալից զրույց կունենան, քանի որ «Նահանգները չի պատրաստվում հետ կանգնել Ռուսաստանի հետ «վերբեռնման» քաղաքականությունից եւ շարունակելու է ՌԴ-ի հետ հարաբերություններն այնպես, ինչպես դրանք ընթացել են վերջին 3 տարիներին: Իսկ ռուսական իշխանական որոշ լրատվամիջոցներ, ինչպես նաեւ կառավարական շրջանակներ մեղադրում են Մոսկվայում ԱՄՆ դեսպանին, դեսպանատան այլ աշխատակիցների՝ ռուսական ընդդիմությանը ֆինանսավորելու համար: Բացի այդ, որոշ ընդդիմադիր գործիչներ մեղադրվում են ԱՄՆ-ի դեսպանատուն հաճախակի այցերի եւ խորհրդակցություններ անցկացնելու համար, որոնք, ըստ տեղեկությունների, ուղղված են ՌԴ-ում սոցիալական ու քաղաքական անհանգստություն հրահրելուն: Ի պատասխան սույն մեղադրանքների, ԱՄՆ դեսպանն ասել է, թե իրենք չեն ֆինանսավորում եւ ոչ մի քաղաքական կառույցի կամ շարժման, այլ դրամաշնորհային քաղաքականությամբ ընդամենը օգնում են քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը: (Այս «կայացմանն ու զարգացմանը» շատ երկրներում են ծանոթ, այդ թվում եւ Հայաստանում): «Կարծում եմ, Ռուսաստանում այս հարցի առնչությամբ մեծ մոլորություն կա»,- ասել է դեսպանը: Վստահ ենք այսպես կասի նաեւ մեզ: Նարե Մշեցյան «Լուսանցք» թիվ 12 (233), 2011թ. Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում |
No comments:
Post a Comment