Saturday, March 3, 2012

Հայ ծագումը - Ով ենք մենք



Գրել է Լուսանցք   

Սկիզբը՝ թիվ 4-ում

«®Արարչական արյունդ®» (Պ. Սեւակ)

Կրոնական ավանդույթների թելադրանքով՝ շատերը բոլոր մարդկանց համարում են հողածին՝ զուտ երկրային ծնունդ: Այդ շատերն անտեսելով մարդկության ծագումնաբանության հին, ավելի արժանահավատ դիցաբանական վավերագրերը՝ ուշադրություն չեն դարձնում, որ մարդկության մեջ բացի հողածին (երկրածին, երկրի բացասական էներգիան մարմնավորող Վիշապի ստեղծած) տեսակից՝ գոյություն ունի նաեւ արարչածին (Արարչի որդի) տեսակ: Այս երկրորդին պատկանող մարդիկ կոչվում են Արեւորդիներ կամ հրածիններ, քանի որ արեւը (հուրը)՝ տիեզերական կենաց զորությունը դիցաբանական հավատալիքներում համարվում է Արարչի էությունը:

Կրոնական սուրբ գրքերից մեկի՝ եբրայական Բիբլիայի օգնությամբ համոզվում ենք, որ կրոնական գիտակցության մեջ անգամ ամրագրվել է մարդու երկու տեսակների մասին պատկերացումը: Այստեղ  այլ՝ դիցաբանական փաստերով դրանում համոզվենք:

- Հայ էպոսի՝ Սասունցի Դավթի հերոսները այն զգացում-գիտակցումն ունեն, որ իրենք «ազնաուր»,  դիցազն (դյուցազն)՝ դիցերի (աստվածների) սերունդ ցեղից են եւ, հետեւաբար, անմահ են (հայ դիցհերոսներից վերջինը՝ Փոքր Մհերը, ոգի դառնալով փակվում է Ագռավաքարում՝ վերջնական այն հեռանկարով, որ, օրերից մի օր, երբ աշխարհը քանդվի ու նորից շինվի, այնտեղից դուրս կգա, կվերամարմնավորվի, կրկին աշխարհիկ կյանք կմտնի), որ իրենք, ինչպես նաեւ իրենց մշտական ուղեկից հրեշտակը՝ Քուռկիկ Ջալալին, ամենաբացարձակ ու ամենազգացական աստվածային բնական տարերքի՝ հուրի ծնունդ՝   հրածին են (հայ դիցհերոսները հուրի արտահայտություն «թոնդրան վրա» էլ կնքվում են), ի տարբերություն տիտանածին (դիվածին) Մսրա տան հերոսների, որոնք հողածին, մահկանացու (պարզապես մարդիկ) են: Հայ դիցհերոսներին հակոտնյա ցեղի հերոսները այդպես էլ ընկալում են (հիշենք Մսրա Մելիքի՝ Դավթին կրակով ու ոսկով փորձության ենթարկելու դրվագը):

-Արիական (հայազուն) ցեղի ծագումի մասին պատմող հին մի առասպելից մի դրվագ (վիշապածին Աժդահակի երազում վերապրված) է պատմում մեր պատմահայր Մովսես Խորենացին: «Երազումս ես մի անծանոթ երկրում էի գտնվում, -պատմում է Աժդահակն իր երազը,- մի լեռան մոտ, որ գետնից երկար բարձրացած էր եւ որի գագաթը թվում էր սաստիկ սառույցներով պատած, ու կարծես թե այն Հայկազանց երկրում էր, եւ երբ ես շատ երկար նայում էի այդ լեռանը, մի ծիրանազգեստ կին երեւաց ինձ երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած, խոշոր աչքերով, բարձրահասակ, կարմիր այտերով, որ բռնված էր  ծննդի երկունքով: Երբ ես երկար նայում էի այս երեւույթին եւ հիացման մեջ էի, հանկարծ կինը երեք (զավակ) ծնեց, կատարյալ դյուցազուններ (աստվածամարդիկ,- Ս.Մ)՝ հասակով եւ էությամբ: Առաջինն առյուծ հեծած սլանում էր դեպի արեւմուտք, երկրորդը՝ ընձառյուծ հեծած դեպի հյուսիս էր դիմում, իսկ երրորդը՝  վիթխարի վիշապ սանձած՝ արշավակի մեր տերության վրա էր հարձակվում»: Անտարակուսելի է, որ երազի երկնագույն քողով ծիրանազգեստ կինը աստվածների մայրը՝ Անահիտն է, իսկ նրա ծնած՝ հասակով եւ էությամբ դյուցազուն (աստվածների ցեղից) զավակները Հայկազանց երկրի՝ Արարատի բնակիչների նախնիք: Իսկ եթե զավակների երկնային բացարձակ մայրը՝ Աստվածամայրն է, ապա, ինքնին հասկանալի է, որ բացարձակ Հայրն էլ Արան է: Երազի Աստվածամարդ երեք զավակների սլացքի  ուղղությունները խորհրդանշում են Արիների՝ երկրի տարբեր կողմեր տարածվելը:

- Շումերա-աքքադական դիցասքում՝ Գիլգամեշում (տե՛ս Հին արեւելքի պոեզիա, էջ 105-164), հստակորեն ուրվագծվում է մարդու երկու տեսակների՝ անմահ մարդ-աստվածների եւ սոսկական մարդկանց (մահկանացուների)՝ իրենց զգալի տարբերություններով հանդերձ պատկերացումը: Այստեղ պատմվում է, որ «երկու երրորդով աստված, սոսկ մեկով® մարդ» (այսինքն՝ մարդու երկու՝ աստվածամարդ եւ մարդ տեսակների խառնուրդ, այդ երկուսի «մարմիններից» սերված) Գիլգամեշը, գիտակցելով, որ ինքն, այնուամենայնիվ, մահկանացու է, «անծանոթ ուղիով» գնում է աստվածների երկիր՝ Մաշուի լեռները (ըստ պատմագիտական նորագույն հետազոտությունների՝ սա գտնվում է Հայկական լեռնաշխարհում), այդտեղ ապրող աստվածներին հատուկ «անմահ կյանքը» «գտնելու», որ ինքն էլ անմահ դառնա: Էպոսը ստեղծողները, այնուամենայնիվ, նրա որոնումներին տալիս են մի հանգուցալուծում, որ մարդը, որքան էլ Աստծո «մարմինը» կրի, միեւնույն է՝ «մահկանացու» է մնում, «աստվածների կաճառում» նրա համար «աթոռ դրված» չէ, որ՝ «Մարդիկ եւ աստվածները՝ ինչպես թանն ու կարագը, (Մարդիկ եւ աստվածները՝ ինչպես մղեղն ու ցորենը): Էպոսում Գիլգամեշին խորհուրդ է տրվում մնալ մարդկայինի, միա՛յն մարդկայինի սահմաններում, անհնարին աստվածայինին չձգտել:

- Հիթիթական՝ հնագույն փոքրասիական երկրներից մեկի դիցաբանությունում եւս կարելի է նկատել մարդու երկու տեսակների տարբերակումը. մեկին (որը բարեշնորհ, հարուստ, ուժեղ, աստվածապաշտ, ազնիվ, առաքինի, իմաստուն է համարվում) «արի», «երկրային աստված»,  Արեւ աստվածության որդի (Արեւորդի) անվանումն է տրվում, իսկ մյուսին (որը «չար եւ հիմար», «բոլոր աստվածների կողմից» մերժված, քամահրված ու ատելի է համարվում) պարզապես «մարդ» անվանումն է տրվում: «Երկրի զավակների ծնունդը» ասքում մարդու այդ տեսակները համարվում են «Երկնային կառապանի» (Արարչի, - Ս.Մ.) Արեւ աստծո ու Երկրի կենակցությունից ծնված երկվորյակ ծնունդներ. մեկը՝ ամբողջական, մյուսը՝ թերի (հիշեցնում է հայ էպոսի Սանասար եւ Բաղդասար երկվորյակ եղբայրներին): Առաջինի սերունդը լինելու զգացում-գիտակցումն ունեցող հիթիթը («Կանտուցիլիսի աղոթքում»), դիմելով Արեւային աստվածությանը ու ասելով, որ «Դու ինձ հայր ես եղել եւ մայր: Քեզանից բացի, աստվածություն, / Չկա հայր ու մայր ինձ համար, չկա ոչ մեկը բնավ»՝ իրեն համարում է աստվածության «հավատարիմ սպասավորը», նրանով երդվողը (հիշեցնում է մեր «Արեւս վկա»-ն) ու իր երդումը երբեք չդրժողը:

- Երկա՜ր ժամանակ հույնին կրթող- դաստիարակող, բայց հետագայում ավա՜ղ, նրանից դուրս մղված հոմերոսյան էպոսի՝ շատից-քչից ուշադիր ընթերցողը չի կարող  չտեսնել, որ նրանում պատմվում է մարդու երկու տեսակների՝ «դիցազների» («Աստծո կողմից» սերվածների կամ «Արիների»), որոնք աքայացոց բանակի առաջնորդների ու տոհմապետերի մեծ մասն են (ինչպես նաեւ հենց ինքը՝ Հեղինեն, ում տրոյացիների կողմից առեւանգվելու պատճառով տեղի ունեցավ Տրոյայի պատերազմը) եւ սոսկական մարդկանց (ոչ արիների), որոնք կազմում են տրոյացիների բանակը, հակամարտության մասին: Ընդ որում՝ առաջինները ներկայացվում են բացարձակ հոգեգծերով օժտված (առաքինի, քաջակորով, ուխտապահ, հավատավոր, խորհրդապաշտ, իմաստուն, հատու խոսող®.), իսկ երկրորդները՝ թերի:

- Ըստ մեկ այլ   հին հույն իմաստուն՝ Հեսիոդոսի «Աշխատանքներ եւ օրեր» մարդաբանական պոեմի, Օլիմպոսում ապրող անմահ աստվածները մարդկային առաջին ցեղը երջանիկ ստեղծեցին. դա ոսկե դարն էր:  Այդ դարաշրջանի մարդիկ ապրում էին ինչպես երանելի անմահ աստվածներ, նրանք մշտապես ուժեղ էին, նրանց երկարատեւ կյանքին հաջորդող մահը նման էր հանգիստ ու մեղմ երազի, հավատավոր էին, բանականությամբ ու անձնիշխանությամբ առլեցուն, նրանց հետ երկնային անմահ աստվածներն անգամ խորհրդի էին նստում: Մահից հետո ոսկե դարի մարդկանց ի վերուստ կյանքի մեկ այլ ձեւ տրվեց. նրանք դարձան բարի ոգիներ, երկրի վրա ապրող մահկանացու բոլոր մարդկանց պահապան-հսկողներ: Ինչ խոսք, Հեսիոդոսի պատկերացրած այս մարդը ոչ մի կապ չունի եբրայական Բիբլիայի Ադամի հետ, որը սոսկ մահկանացու էր, զուրկ էր բանականությունից (նրան արգելված էր «իմացության ծառի» պտուղն անգամ ճաշակելը) ու անձնիշխանությունից (նա Եվայի դրդմամբ է «իմացության ծառի» պտուղը ճաշակում),  աստծո «երեսը» նա ոչ մի կերպ չի տեսնում (այսինքն՝ նրա եւ նրան ստեղծող աստծո միջեւ ամիջական գենետիկական կապ չկար):

- Պլատոնը իր «Պետություն» աշխատության մեջ, հույների՝ արիական ազգերից մեկի մեջ հնուց ի վեր պահպանված մի լեգենդ է հիշում: Լեգենդը «մի քաջ մարդու, Արայի՝ Արմենիայի զավակի» մասին է: Իմաստասերը պատմում է, որ մի պատերազմի ժամանակ նա սպանվում է: Սպանվելուց 12 օր անց նրան մյուս սպանվածների հետ երբ ցանկանում են այրել՝ նա հանկարծ կենդանանում է եւ պատմում, թե ինչ է իր հոգին տեսել «այնտեղ», երբ դուրս է եկել իր մարմնից ու մյուս սպանվածների հոգիների հոտ հայնվել «ինչ-որ Աստվածային տեղում», որտեղ նստած «դատավորները» (աստվածները եւ նրանց գործակալ հրեշտակները,- Ս.Մ.) իրենց մոտ եկած հոգիների դատն էին անում: Դատավորները մեկ առ մեկ հոգիների երկրային կյանքի գործերը քննում եւ համապատասխան (արդար է կամ անարդար է) դատավճիռն էին կայացնում. «Երբ հերթը հասնում է Արային, դատավորները նրան ասում են, որ նա մարդկանց համար պետք է դառնա պատգամախոսն այն ամենի, ինչ-որ այստեղ տեսել ու դատավորներից լսել է: Եվ նրան ասում են ամեն ինչ լսել ու ամեն ինչ դիտել»: Աստվածայինի եւ մարդկանց («մեկօրյա հոգիների» կամ «մահկանացու ցեղի»,- ինչպես բնութագրում են դատավորները նրանց) մինչեւ այդ միջնորդը լինելու մեջ տեսնելով Արայի (փաստորեն՝ ոչ սովորական մարդու հոգու (փաստորեն՝ հավերժական կյանքով ապրող հոգու) առաքելությունը՝ մոյրաները՝ մարդկային ճակատագիրը տնօրինող Աստվածուհիները նրան հեռու են պահում մյուս բոլոր հոգիների համար նախատեսված հետագա ճակատագրի վիճակ հանելու պարտադրանքից ու մոռացության գետի ջուրը խմելու փորձությունից:

Պլատոնը այս լեգենդը պատմում է իր փիլիսոփայության՝ հոգու անմահության գաղափարը հիմնավորելու համար: Դժվար չէ նկատել, որ այդ լեգենդում կա Հին Հայաստանում ու Հին Ասորեստանում Արա Գեղեցիկի մեռում-հառնումի մասին պատմող լեգենդի հետքեր,- լեգենդ, որն էլ, իր հերթին, ձեւավորվել է արի ցեղի բնօրրանում ցեղի ծագումի, նրա՝ որպես արարչազարմ մարդատեսակի (աստվածների ու սոսկական մարդկանց միջեւ միջնորդի) մասին պատմող հին մի նախատիպարային առասպելի հիմամբ: Օտար գինականը՝ անգլիացի Ա. Սեյսն է գրում՝ «Արայի պաշտամունքը, նաեւ Էր (Արա,- Ս.Մ.) - Արմենիոսի լեգենդը ձեւավորվել է Հայկական Լեռնաշխարհում, ապա տարածվել հին աշխարհի բազմաթիվ ցեղերի ու ժողովուրդների դիցարաններում»:
Շարունակելի


Սերգեյ Մանուկյան

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

«Լուսանցք» թիվ 6 (227), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment