Saturday, March 3, 2012

Հայ ենք, հայի գեն ու լեզու, կենսակերպ, հավատ ու լեռնաշխարհ ունենք...



Գրել է Լուսանցք   

…Եվ Հայ Աստվածներ ունենք

Արարիչը մեկն է ինչպես Տիեզերքը, եւ այլընտրանք չկա Արարչին ու չի կարող լինել երբեւէ: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Տիեզերապատում» շարքից եւ «Լուսանցք»-ում հրապարակված հոդվածներից նաեւ համոզվեցի, որ ոչ միայն Տիեզերքի Տերը մեկն է ու միակը, այլ՝ Արարիչը հենց Տիեզերքն է, եւ Տի-Եզերքն էլ Արարչական Մեծ-Եզերքն է՝ Նրա Արարչածին Մարմինը...

Եվ հայ արիները փետրվարի 13-ին նշում են Արարչին՝ Տիրոջն ընդառաջ գնալու տոնը: Հայ Արիական տոնացույցով դա հստակ ամրագրված է:

Կրակներ վառելը՝ Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ (կրակե դեզ) վառելը Արեգակի երկնային խորհուրդն է նախանշում: ԱրԷգԱկ-ի՝ Արական ու Ի(Է)գական Ակունքը որպես երկրային կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերնընդառաջը նշում են որպես Տրնդեզ...

Իրապես փառաբանվում է Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ ԱրէգԱկ-ի խորհուրդ-կրակներով ընդառաջ են գնում Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով...

ՀԱՄ լրատվական կենտրոնի տեղեկացմամբ, օրերս Տիեզերքի Արարչին ընդառաջ կատարվել է տոնախմբություն. «Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները, արիադավան-հեթանոսական ծիսակարգի համաձայն, փետրվարի 12-ին Հայոց Տրնդեզի արարողություն կատարեցին: Արարատի մարզի Ազատավան գյուղի տարածքում՝ վեհ Մասիսների հայացքի ներքո՝ քուրմ Մանուկը, քրմի թեկնածուներ եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը փառաբանեցին Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին, նաեւ Հայ Աստվածներին՝ Հայաստանի ու հայության համար նոր վերազարթոնքի սպասումով... Վառվեց Տրնդեզի ծիսական կրակը՝ Երկնային Արէգակի Երկրային Խորհրդանիշը, եղան գինեձոներ, բաժանվեցին ծիսական ուտեստներ, եւ հայ արիներն ու ազգայնականները երդվեցին Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին՝ վերականգնել Հայոց արիադավան-հեթանոսական հավատն ու Արիական հզոր Հայաստանի հիմնաքարը...

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասն էլ փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Քարահունջի (Հնչեղ քարեր - Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանի տարածքում կատարեց մեկ այլ ծիսական արարողություն՝ Հայոց Տրնդեզի (ծիսական կրակների դեզի) կամ Տերնընդառաջի՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու տոնի առթիվ:

Ձոներ նվիրվեցին Արարչին եւ Հայ Աստվածներին: Եվ Արարչին ընդառաջ գնալով՝ հայ արի քրմի թեկնածուները հայությանն ու հայոց նպատակներին վերջնական ու հաղթական մաղթանքներ հղեցին:

Իսկ Հայ առաքելական եկեղեցին, ինչպես տեղեկացնում են զլմ-ները, «ամեն տարի փետրվարի 13-14-ը՝ Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի եւ այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը՝ Քրիստոսի լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, եւ հենց այդ կրակով էլ վառում են նաեւ Տյառնընդառաջի խարույկը»:

Եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ՝ զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը: Տոնի օրը, ըստ սովորության, նվերներով այցելում են նորապսակներին, նրանց 3-7 անգամ խարույկի շուրջը պտտեցնում, կրակի վրայից թռցնում, իսկ հետո նրանց վրա շաղ են տալիս չիր, չամիչ, որ քաղցր զույգ լինեն:

Եվ ինչպես ամեն հին հայկական ծեսի կամ տոնի օրը, այս անգամ էլ հայ եկեղեցականները փորձում են եւս մեկ անգամ ազգից գողանալ իր տոնը՝ այն եկեղեցական դարձնելու մղումով. «Տեառնընդառաջի տոնը քրիստոնեական է, իսկ կրակի վրայով թռչելիս որեւէ երազանք պահելը դատապարտելի է»,- ասում են քահանաները: Բայց չգիտես ինչու, «եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ», նրանց 3-7 անգամ խարույկի շուրջը պտտեցնում, կրակի վրայից թռցնում են: Դե՜, մարդիկ վճարում են «օրհնության կարգի» համար, եւ քահանաները «մոռանում» են, որ «կրակի վրայով թռչելիս որեւէ երազանք պահելը դատապարտելի է»...

Իսկ հին հայկական արեւա-կրակապաշտական տոնը 1711 տարի է «քրիստոնեացվում» է՝ «Տեառնընդառաջի տոնը քրիստոնեական է: Դրա հետ կապված եկեղեցին բազմաթիվ ավանդույթներ ունի, իսկ մնացածը ժողովրդի մեջ տարածված ենթադրություններ են եւ սնահավատություներ»,- ասել է Մարկոս քահանա Մանգասարյանը՝ ներկայացնելով նաեւ տոնի խորհուրդը: Զարմանալով դեռ զարմանում ենք, թե այսքան չարությունը հայոց անցյալի եւ պատմության նկատմամբ ե՞րբ են սպառելու եկեղեցու սպասավորները: Անգամ կասկածներ են առաջանում ոմանց հայկական գեն կրելու առումով... Այսքա՜ն չարությու՞ն ու չկամությու՞ն... Տրնդեզ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ դեզի կրակ վառելով... Եվ սա Արարչի՛ հետ կապ ունի, ոչ թե Հիսուս Քրիստոսի... Ում միայն Հայ առաքելական եկեղեցին է մերթ ընդ մերթ արարիչ որակում՝ առանց երկար-բարակ մտածելու... Մյուս քրիստոնեական եկեղեցիները գոնե հասկանում են, որ Հիսուսը չէ Տիեզերքի Տերը, քանզի մինչ նրա ծնունդը Տիեզերքը կար, եւ Երկիր մոլորակն էլ կար, մարդկություն կար...

Եվ հայը չի հրաժարվում կրակի դեզ անելուց եւ իր հեթանոսական անցյալը փառաբանելուց... Անգամ իր ազգային ավանդույթով (ոչ թե՝ քրիստոնեական) պարտադրում է, որ հենց եկեղեցիների բակերում կրակներ վառվեն, եւ ոչ մի երիտասարդ նորապսակ այդ օրը հաստատ չի՜ հիշում «քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը», այլ կրակի դեզի վրայից ամեն մի թռիչքից հետո իր նորաստեղծ ընտանիքի կամ ծնվելիք երեխայի երազանքներն է փայփայում...

Դե, սա էլ չէր  կարող վրիպել եկեղեցականների փորձառու աչքից, եւ ահա «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 14-ը հռչակվել է նորապսակների, նաեւ ընտանիքի տոն: Սուրբ Պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում կկատարվի նորապսակների օրհնության կարգ»... Իհարկե ողջունելի է, որ ընտանիքի տոն պետք է նշվի նաեւ: Բայց այս ամենը իրավիճակային լուծումներ են:

Նախ՝  Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին ընդառաջ գնալու տոնը դարձնում են «քառասունօրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու» տոն, հետո՝ հայտարարում են, թե այն քրիստոնեական տոն է, իսկ մնացյալը «ժողովրդի մեջ տարածված ենթադրություներ են եւ սնահավատություներ», հիմա էլ՝ ընտանիքի տոնն են խառնում այս ամենին... Եվ այս բոլորի նպատակը մարդկանց իրենց արմատներից կտրելն է, իրական տոնը իրական խորհրդից զրկելը: Եվ ստում են այն եկեղեցականները, ովքեր մերժում են Տրնդեզի՝ հեթանոսական ժամանակներից գալը: Ու նրանց ընտանիքի տոնն էլ հարամ է, քանզի հային արմատից կտրելով ընտանիք չեն կառուցի...

Մի քահանայի խոսք էլ մեջբերենք, որպեսզի քրիստոնեական «հանդուրժողականությունը» հստակ երեւակվի: «Տրընդեզին հատուկ սովորություն է կրակ վառելը եւ վրայով թռչելը: Թերեւս այդ սովորությունը ոմանք համարում են հեթանոսությունից մնացած, ոմանք որպես գեղեցիկ արարողություն են ընկալում, սակայն եկեղեցականները միանշանակ պնդում են, որ դա հեթանոսության հետ կապ չունի»,- ասել է Ադամ քահանա Մակարյանը՝ հավելելով, որ «կրակը վառելու սովորությունը հիշեցնում է Աստծո լույսը, Աստծո ջերմությունը եւ բոլորովին կապ չունի հեթանոսական արարողության հետ, որովհետեւ հեթանոսներն իրենք պաշտում եւ աստվածացնում էին կրակը»: Այս հոգեւորականը այնքա՜ն հեռու է իրականությունից եւ աստվածայինից, որ ԱրԷգԱկ-ի պաշտամունքը, որի լույսով ու ջերմությամբ է մոլորակը հարատեւում, «քրիստոնեական սիրով ողողված» աչքերում կրակապաշտություն է նկատվում, անգամ աստվածացվում... «Դե ե՛կ վարդապետ ու մի խենթանա»... Նորից չարություն ու չկամություն ազգի անցյալի հանդեպ:

Իսկ ո՞վ եք դուք, որ ազգի պատմության տարեթիվ ու ծնունդ եք փոխել փորձում, ազգային արժեհամակարգ եք աղավաղում... Ո՞վ եք, եթե ոչ ազգի թշնամի...

Հալալ չէ՞ հույներին, իտալացիներին, եգիպտացիներին, չինացիներին, ճապոնացիներին, հրեաներին եւ այլոց, որ անգամ քրիստոնեական, մահմեդական, թե բուդդայական կրոններին գերի դառնալով՝ չմոռացան իրենց անցյալը, չքանդեցին ու չավերեցին իրենց պատմական հուշարձաններն ու տաճարները, «չմեռցրին» իրենց Աստվածներին եւ մնացին արմատներին կառչած ու այսօր հզորների շարքում են՝ ոչ թե տկարների ու մեղանչող ողորմացողների...

Վերոնշյալ քահանան այնքան «մեծահոգի» է գտնվել, որ մի կերպ հիշել է.«Եթե անգամ ինչ-որ տեղ փորձելու լինենք կապել հեթանոսական սովորության հետ Գրիգոր Տաթեւացու մեկնությամբ՝ մենք ոչ թե աստվացածնում ենք կրակը, այլ եթե ժամանակին կրակապաշտություն է եղել, մենք այդ կրակը հաղթահարված ենք համարում եւ վրայով ցատկելով՝ ցույց ենք տալիս իր ավելի ցածր լինելը»...Հա՜, 301 թվին այնպե՜ս ցատկեցիք, որ առ այսօր հայ ազգը միայն երազներով է ապրում՝ հիշելով անծայրածիր թագավորություններն ու աշխարհակալ արքաներին, հեթանոս արքաներին, հեթանոս քրմերին, որ ամբողջ աշխարհն էր դողում նրանց «ցատկից»...

Բայց ապազգային դրսեւորումներն ավերեցին ամեն բան ու շարունակում են մութ քող քաշել Հայոց Արմատներին: Եվ դա անում են քրիստոնեական «հնազանդության» անվան տակ՝ շարունակելով կեղծել ազգի պատմությունը, իսկ սա հենց նաեւ այլ ապազգային տոների ներխուժման պատճառ է դառնում: Օրինակ՝ քահանաները տարիներ շարունակ փորձում են մեր հանրության միջից դուրս հանել «սուրբ Վալենտինի տոնը»: «Վալենտինը ընդունված է, որովհետեւ գովազդվում է շոու բիզնեսի ներկայացուցիչների կողմից՝ փող են կորզում,- բողոքում են եկեղեցականները, - հետեւելով մեր եկեղեցական օրացույցին, ընդունում ենք միայն Հայ առաքելական եկեղեցու կողմից հաստատված տոները, հետեւաբար սիրեցյալի հետ սիրահարների տոնը նշվում է փետրվարի 4-ին՝ Երիտասարդների եւ սիրո բարեխոս սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը»: Իսկ սուրբ Վալենտին նշողներին կոչ է արվում հրաժարվել այդ վատ սովորույթից ու հետեւել «մեր ավանդույթներին»... Այստեղ պետք է մի հարց տալ՝ սուրբ Վալենտինը կապ չունի հայության հետ, իսկ այդ սուրբ Սարգիսն ի՞նչ կապ ունի մեզ հետ, ո՞ր մի ազգակերտ առաքելության շնորհիվ է դարձվում (բառի բուն իմաստով) սիրահարների կուռքը... Եվ եթե գովազդի մասին են խոսում, ապա եկեղեցու գովազդը քի՞չ է պետական (ուրեմնեւ՝ մեր) միջոցներով արվում, բոլոր թերթերի էջերից ու հեռուստաեթերներից միայն եկեղեցականների խոսքն է հնչում տոնական օրերին, ծեսերի մեկնաբանությունների ժամանակ... Բայց օգուտ չկա... Խորտակվող նավը կսուզվի...

Հայերը ունեցե՛լ եւ ունե՛ն Սիրո Աստվածուհի Աստղիկ, եւ սիրահարվածների տոնը Վարդավառի օրն է, երբ ջրով մաքրագործվում են մարդկանց մարմիններն ու հոգիները ու նրանք գնում են դեպի իրենց անարատ սերը... Հավերժական սիրո Աղբյուրը հայերի սիրո Աստվածուհի Աստղիկի եւ ռազմի ու զորության Աստված Վահագնի սերն է... Բայց եկեղեցականներն ինչպես կրակին են դեմ՝ Տրնդեզի տոնին, այդպես էլ ջրին-ջրոցիին են դեմ՝ Վարդավառին... Ի՞նչ է, ամեն ինչ սեւ սքեմավորի կերպարանքի մե՞ջ պիտի պարուրվի...…

Այս ամենի վերջն էլ կգա: Աշխարհի վերջ ասելով հենց սա էլ պիտի հասկանալ, գալու է այս «քաղաքակիրթ» աշխարհի վերջը, այսօրվա ապազգային քաղաքականության, մշակույթի, կենսակերպի ու կրոնական տեսությունների վերջը...

Եվ դրա վկայությունը նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցներում հայտնված հերթական «բացահայտումն» է. «Սամվել Նիկոյանը քրիստոնյա չէ՞... Լավատեղյակ աղբյուրների վստահեցմամբ՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը դեռեւս 90-ականների սկզբին մի խումբ ՀՀԿ-ականների հետ հեթանոսություն է ընդունել՝ ըստ այդմ հրաժարվելով  քրիստոնեությունից: Արարողությունը տեղի է ունեցել Գառնիի տաճարում»:

Այնուհետեւ զրուցել են «Մայր աթոռի տեղեկատվական բաժնի աշխատակից Հայկ սարկավագի հետ», ով նշել է. «Այն անձը, որը ծիսակագով դարձել է հեթանոս, միանշանակ չի կարող համարվել քրիստոնյա, անկախ նրանից, թե նա ինչ բացատրություն է տալիս իր արարքին: Եթե նույնիսկ հեթանոսության ընդունումը համարում են ազգայնականության դրսեւորում, ապա միեւնույնն է, նրանք այլեւս քրիստոնյա համարվել չեն կարող» (http://www.zham.am):

Է հա՜, չե՛ն կարող, թերեւս չե՛ն էլ ուզում, ի՞նչ կա այստեղ զարմանալու: Հայն է ստեղծե՞լ հավատը կամ կրոնը, թե՞ Քրիստոսից հետո 6 դար հրեա մարգարեների ձեռքով գրված քրիստոնեական ուսմունքն է հային ստեղծել... Հայ ազգը բազում հազարամյակների պատմություն ունի եւ դրանից միայն 1700-ն է քրիստոնեական, մնացյալը արիադավան-հեթանոսական է եւ գենի բնական արձագանքի դեպքում հայը հաստատ հեթանոս (էթնոս-ազգ) է դառնում ու ազգային հավատին հետեւում: Ի միջի այլոց, ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ էր հեթանոս օծված, եւ ոմանք այն ժամանակ էլ «ահազանգում» էին, թե ինչպե՞ս կարելի է քրիստոնեական երկրում հեթանոս վարչապետ ունենալ... Հիմա էլ՝ հեթանոս ԱԺ նախագահ... Ժամանակին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էլ ծածուկ աթեիստ էին կոչում... «Ահազանգողներին» ասենք նաեւ, որ արդեն հազարավոր արորդի-հայորդիներ ունենք Հայաստանում եւ Սփյուռքում...

Հա՜, աղանդավորական, համասեռական, օտարի գործակալ, այլազգի, անհավատ կամ չգիտեմ էլ ինչ կարգի պաշտոնյաներ, արվեստի կարկառուն դեմքեր, հանրային ու հասարակական «պաշտպաններ» ու այլ գործիչներ կարող են լինել Հայաստանում, իսկ հայ հավատի հետեւորդներ՝ ո՞չ: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Այն բացակայում է եւ չի կարող լինել սին քաղաքական կամ կրոնական համոզմունքների առկայության պարագայում: Ի՞նչ է, կրոնախեղ, սեռախեղ կամ օտարահպատակ քրիստոնյաները հայ հեթանոսից նախընտրելի՞ են... Ուրեմն անհրաժեշտ է լրջորեն խորհել:

Հայի հավատը հայ-արիականությունն է (որ քրիստոնյաները օտար բառով կոչել են հեթանոսություն), լեզուն հայերենն է, հայրենիքը՝ Հայաստանը՝ Հայկական լեռնաշխարհը, գաղափարախոսությունը՝ հայկականությունն է... Հայը հայահավատ է եւ ուրեմն՝ Աստվածներն էլ հայ են...

Եվ  Տիեզերքում Նրանց Հայ Աստվածներն են ասում...

Քուրմ Արմոգ

Հայ Արիական միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դաս

«Լուսանցք» թիվ 6 (227), 2011թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment