Sunday, May 8, 2011

Փրկենք հային՝ Թուրքիայում... Հայի մայրաքաղաքը՝ Հայաստանում...



Գրել է Լուսանցք   
07-05-2011
Մի քանի հարյուր տարվա անիմաստություն

Tert. am-ը հաղորդում է, որ հայազգի զինծառայող Սեւակ Շահին Բալըքչըն զոհվել է Քըվանչ Աղաօղլու անունով թուրք զինվորի արձակած գնդակից: Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը՝ նշելով, որ մինչեւ այս պահը թուրք զինվորի անունը չէր հրապարակ-վում:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Քըվանչ Աղաօղլուն տարված է ազգայնական (շտկենք՝ «ազգ»այնամոլական,-Ն. Մ.) գաղափարներով, ինչի մասին են վկայում  Facebook սոցիալական ցանցում թուրք զինծառայողի զետեղած ազգայնական բովանդակությամբ հրապարակումները:
Հիշեցնենք, որ Սեւակ Շահին Բալըքչըն զոհվել է ապրիլի 24-ին Բաթմանի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է իր ծառայակցի կողմից ինքնաձիգից պատահաբար արձակված գնդակից ստացած ծանր մարմնական վնասվածքի հետեւանքով:
Սակայն ավելի ուշ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բալըքչըն ծառայության ընթացքում ծեծի է ենթարկվել իր հրամանատարի կողմից: Զորամասում նույնիսկ սպառնացել են այրել նրան:
News.am-ն էլ հաղորդում է, որ թուրք զինվորականներն ապրիլի 24-ին սպանված Սեւակի ընտանիքին տարել են այն զորամաս, որտեղ տեղի է ունեցել սպանությունը:
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Սեւակի մայրը զինվորական հրամանատարությունից ստացած հատուկ թույլտվությամբ դեմ առ դեմ հանդիպել է իր որդուն սպանած Քվանչ Աղաօղլուին: Սեւակի մայրը կարողացել է հարցնել միայն, թե ինչո՞ւ է նման բան արել Քվանչը եւ ուշագնաց եղել, որից հետո նրան դուրս են հանել սենյակից:
Ցավոք, շատ ցավոք, բայց... սովորական հայ-թուրքական պատմություն է. մի քանի հարյուր տարի է թյուրքը հային մորթում է, ու այդքան տարի հա-յը թուրքին հարցնում է՝ ինչու՞:  Պատասխանը պարզ է, գիտենք, բայց էլի հարցնում ենք:
Ազգայնական մի ընկեր ունեմ: Մի առիթով ասաց. «Էս հայ ազգը հայ ժողովրդի ձեռքը կրակն է ընկել»... Փակագծերը ամեն օր բացում ենք, մեր ամեն թողարկումում: Հայը, քանի դեռ մտածում է ոչ թե զորանալու, այլ՝ թշնամուն հավատալու մասին (այսպես ավելի հեշտ է), հաճախ է հարց տալու ա-նիմաստ ինչու՞-ն...

Նարե Մշեցյան


Մաքուր Երեւան՝ ոչ թե քարոզով, այլ՝ կեղտոտողի գրպանին խփելով
Ամբողջ մայրաքաղաքը վերածվել է մեծ եւ կեղտոտ ցուցանակի1
ՀՀ տարբեր աստիճանի պետական պաշտոնյաները տեղի-անտեղի, իսկ հաճախ՝ անտեղի, մեր երկիրը համեմատում են Եվրոպայի հետ՝ բերանի ծամոն սար-քած «եվրոպական չափանիշ» արտահայտությունը:
Վերջին օրերի այս «եվրոհայերի» սոփեստությունն ապացուցելու համար շատ հեռուն գնալ պետք չէ. բավարար է դուրս գալ փողոց եւ հպանցիկ ակ-նարկ գցել շենքերի պատերի, էլեկտրասյուների, հեռախոսային վահանակների եւ հանրային սեփականություն հանդիսացող այլ գույքի վրա: Ամե-նուրեք հայտարարություններ ու որմազդներ են. տան/բնակարանի/տարածքի առքուվաճառքի/վարձակալման/փոխանակման, անձնական դասերի եւ «կոոպերա-տիվ» ուսումնական հաստատությունների հայտարարություններ, հանրահավաքի կոչեր, գիշերային ակումբների միջոցառումների գովազդներ (որպես կանոն՝ անգլերեն), տեղական ինքնավարության մարմինների եւ Ազգային Ժողովի թեկնածուների գունավոր լուսանկարներ ու նշանախոս-քեր, սիրո խոստովանություններ, զանազան ու զարմանազան բովանդակությամբ միագույն կամ բազմագույն թղթիկներ ու թղթեր: Փողոցային քաղաքական ոլորտում առաջատարը «Մեկ ազգ» դաշինք կոչվածն է՝ իր առերեւույթ բովանդակալից, բայց ըստ էության անբովանդակ, երբեմն էլ ծիծաղելի կամ անընդունելի (օրինակ՝ հայ = Հայ առաքելական եկեղեցի (Հռոմի պապից ավելի կաթոլի՞կ են…)) կոչ-նշանախոսքերով, որոնք մերթ ընդ մերթ շատ մեծ քանակով փակցվում են որտեղ պատահի: Ով ինչ կամենում է ասել՝ սոսնձում կամ կպչաթուղթով ամրացնում է իր խելքին փչած վայ-րում: Կան ավելի համառները, ովքեր սոսնձի փոխարեն ներկ են գործածում ու փչացնում են հատկապես անցումների պատերը, երբեմն նույնիսկ հայհոյանքներ (որպես կանոն՝ նորից անգլերեն, նվազ քանակով՝ ռուսերեն, հազվադեպ՝ հայերեն) գրել-մրոտելով: Ոմանք նույնիսկ քանդակում են: Այս վանդալների առաձնահատուկ սիրած վայրերն են պատմական հուշարձանները, որտեղ կարելի է հանդիպել սիրո մաթեմատիկական բանաձեւերի՝ x + y = սեր-ի նման խոստովանությունների...
ՀՀ Սահմանադրությամբ եւ ստորագրած միջազգային փաստաթղթերով ամրագրված խոսքի ազատությունը երբեք ամենաթողություն չի նշանակում: Ժողովրդավարությունն էլ ունի իր խաղի կանոնները, եթե կուզեք՝ նույնիսկ իր գեղագիտությունը:
Օտարների առաջ պարծենում ենք, թե հնագույն մշակույթի տեր ազգ ենք, սակայն նույն օտարին ցույց ենք տալիս գովազդ-հայտարարություններով հույժ կեղտոտված մեր փողոցներն ու հանրային մյուս վայրերը:
Մեկ ուրիշ խայտառակություն է այս խառնիճաղանջի լեզուն: Գրությունները եթե նույնիսկ հայերեն են, ապա սովորաբար «փայլում են» ահ-ռելի տառասխալներով եւ հայերեն համարժեք ունեցող օտար բառերի առատությամբ: Քիչ չեն նաեւ զուտ օտարալեզուները, հատկապես ռուսերեն-ներն ու անգլերենները: Վերջին շրջանում ավելի հաճախ են հանդիպում զբոսաշրջության եւ սպասարկման ոլորտներին առնչվող պարսկերեն որմազդ-գովազդներ. օտարալեզու այս զզվանքները հայտնվում են նույնիսկ հանրապետության բուն սրտում՝ Հանրապետության հրապարակում: Բայց չէ՞ որ հայերենը ՀՀ պետական միակ լեզուն է, որն սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները, ինչպես սահմանված է ՀՀ «Լեզվի մասին» օրենքի առաջին հոդվածում: Բայց ՀՀ-ում ո՞վ է առհասարակ օրենքները, հատկապես նշված օրենքը բանի տեղ դնում...
Երեւանի գեղագիտական տեսքի խաթարման մեջ իրենց մեծ «ներդրումն» ունեն ամենուրեք սոսնձվող այս նյութերը: Ոչ քիչ դեպքերում, նյու-թը փակցվում է մի քանի օր կամ նույնիսկ մի քանի ժամ առաջ սոսնձված մեկ այլ նյութի վրա, երբեմն՝ դիտավորյալ կերպով (օրինակ՝ նույն «Մեկ ազգի» թղթիկները Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքային կոչերի վրա): Առավել մարդաշատ վայրերում կարող ենք տեսնել էլեկտրասյուներ, պատեր, ծառերի բներ եւ այլն, որոնց վրա կպցրած տպագիր նյութերի հաստությունը արդեն մի քանի սանտիմետր հաստություն ունի:
Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների ուշադրությունը հրավիրելով այս անընդունելի երեւույթի վրա՝ առաջարկում ենք մաքրել մայրաքաղաքի պատերն ու հանրային սեփականություն հանդիսացող գույքը այս աղտեղությունից (վստահ եմ՝ այդ դեպքում մի քանի տասնյակ տոննա մակուլատուրա կառաջանա), հիմնովին արգելել նման ինքնագործունեությունը, եւ ծանուցել ցանկացողներին առաջարկել գովազդ-հայտարա-րությունը տեղադրել հատուկ մեծ ցուցանակների վրա՝ խորհրդանշանական վարձավճարով, ասենք՝ Ա-4 ֆորմատի մեկ թուղթը մեկ շաբաթ ժամանակով տեղադ-րելու համար՝ 10-20 դրամ, խստորեն արգելելով ՏԻՄ մարմնի թույլտվության կնիքը չկրող նյութերի հայտնվելը նույն այս մեծ ցուցանակ-ներում: Թույլտվության ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել նյութի մեջ հայերենի առաջնային, պարտադիր ու անսխալ առկայության օ-րենսդրական պահանջի բավարարման վրա՝ ի հարկին գրությունը փորձաքննության համար Լեզվի պետական տեսչություն ուղարկելով:
Խախտողների համար պետք է նախատեսել պատիժներ՝ նվազագույն աշխատավարձի բազմապատիկ չափերով՝ կախված խախտողի ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելուց ու աղտոտման տարողությունից:
Պահանջում ենք Երեւանին անհապաղ վերադարձնել իր արտաքին նախկին հաճելի, մաքուր տեսքը: Սա բոլոր երեւանաբնակներիս տարրական իրավունքն է:

Գեւորգ Յազըճյան 
Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ

 1 Հեղինակեցի 25 Ապրիլ 2011-ին ու 26 Ապրիլ 2011-ին շարուածքը յանձնեցի «Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրութեան:

«Լուսանցք» թիվ 17 (193), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

No comments:

Post a Comment