| Գրել է Լուսանցք | |
| 15-04-2011 | |
| Նժդեհի «Ցեղի Ոգու Շարժը»(մի փոքրիկ մեկնաբանութիւն) Քչեր, շա՜տ քչեր մեր կեանքում խօսում, գրում կամ գործում են «արիւնով ու ջղերով»: Բարձր  տեմպերամենտի եւ հզօր անհատականութեան հոգեբանական տիպարներ են դրանք,  որոնք աչքի են ընկնում իրենց հարազատած գաղափարներն ու ճշմարտութիւնները  կրօնական էնտուզեազմով ապրելու յատկութեամբ եւ իրենց ինքնատիպ ոճով -  ընդհանրապէս ֆրագմենտար բնոյթի: Անկասկածօրէն  դրանցից մէկը այս գրքոյկի հեղինակն է - մի մարդ, որ իր խառնւածքը  խորհրդանշող ֆրագմենտար մտածումով ու ոճով, յաճախ երե-ւում է հայ խօսքի  ամբիոնի կամ հայ մամուլի եւ գրքի էջերում:  Սոյն հրատարակութեան առումով-որ ի դէպ  միայն բեկորներ է բովանդակում Նժդեհի հռետորական ստեղծագործութիւնից -  չենք ուզում լայնօ-րէն զբաղւել հեղինակի անձնաւորութիւնը կերպաւորող  հոգեւոր տարրերով, չենք ուզում անգամ նրա աշխարհայեցողութեան ամբողջական  պատկերը տալու փորձն անել: Դրա հանդէպ տուրք տալով ա՛յն վարկածին, թէ երկը  հասկանալու համար անհրաժեշտ է երկասիրողը ճանաչել, մի քանի ընդհանուր  գծերով պիտի դիմորոշենք հեղինակը, այսինքն պարզենք հոգեւոր կարգի ա՛յն  տւեալները, որոնք պայմանաւորում են նրա ցեղա-շունչ գործը եւ գրւածքը: Որո՞նք են դրանք: Ա)  Բարձր տեմպերամենտ.- Ո՛չ միայն Նժդեհի խօսքը, այլեւ նրա գրական ոճը  թողնում են ա՛յն անայլայլ տպաւորութիւնը, որ նա բարձր տեմ-պերամենտի մի  ստեղծագործ է: Հոգեբանական այս տիպարի առանձնահատկութիւններից մէկն ա՛յն է,  որ նա հազիւ թե զբաղւում է արտա - «ես»-եան իրականութեանց վերլուծմամբ,  եւ, ընդհակառակն, անդադար դեգերում է սեփական «Ես»ի անդունդներում:  Ինքնապրպտումով է կառուցում նա իր ճշմարտութիւնները: Նշանակապաշտ է նա եւ  խորհրդապաշտ. մտածելիս՝ ընդվզում է բանապաշտական դատելակերպի դէմ, ճգնում է  խուսափել հոգեւոր մեքենականութիւնից եւ յաճախ կառչում է տարերայինին եւ  էմոցիոնալին: Նա ապաւինում է ներգերբնականին, սակայն սեփական «ես»ի  փլուզման վտանգից սարսափած՝ ներեսում է մի բնական պատւանդան, աստւածացնում է  մի համա - «ես», եւ, համակւելով կրօնական վերացման զգացումով, թափանցում է  ենթագիտակցականի մարզում: Համա - «ես»-ը, որ դարձած է Նժդեհի հոգեւոր  պատւանդանը՝ ցեղն է: Սա է շեշտում եւ երանգաւորում նրա տեմպերամենտը:  Ցեղակրօնութիւնն է լեցնում նրա անձնաւորութիւնը: Ենթագիտակցականը, որում  անհատական «ես»ը հանդիպում է ցեղային համա«ես»ի տարերքին, ամեն դէպքում չի՛  հանդիսանում հոգեւոր ներշնչարան: Այդ կախւած է նրանից, թե տւեալ  տեմպերամենտն ո՞րպիսի դիր-քորոշման է մղում իր անօթին-անհատին, բախողակա՞ն,  թէ՞ ներդաշնակելի: Առաջին դէպքում՝ ցեղային եւ անձնական «Ես»երի միջեւ  ստեղծ-ւում է անկամրջելի մի վիհ, որի հետեւանքով անհատը մատնւում է ներքին  ողբերգութեան. նրա տեմպերամենտն սկսում է աղօտանալ եւ ի վեր-ջոյ նա դառնում  է սովորական եսապաշտ, անձնական փառասիրութեան մի գերի: Երկրորդ դէպքում՝  երկու «Ես»-երի ներդաշնակ ձուլումով կաղապար-ւում է ցեղատիպ մարդու հուժկու  անձնաւորութիւնը: Ներհոգեւորի այս բարեբախտ ձուլումով, ահա, կերպաւորւած է  Նժդեհի էութեան երկ-րորդ գիծը - նրա անհատականութիւնը:Բ)  Հզոր անհատականութիւն.- Մէկի հոգեւոր ֆինիոնոմին բնութագրելիս՝ մարդս միշտ  էլ որոշ երկմտութիւն է ապրում: Մենք գործ ու-նենք փոթորկալից անցեալի տէր  մի անհատի, հայկական չափանիշով վերցրած պատմական մի անձնաւորութեան հետ: Նժդեհի  անձնաւորութեան մասին խորհրդածելիս՝ մեր դէմ ծառանում են մեկնաբանութեան  կարօտ մի քանի բարդ կնճիռներ: Որո՞նք են այս մարդու անհատականութիւնը  ձեւակերպող գործօնները. ո՞րն է նրա հոգեւոր գանձերի շտեմարանը. ի՞նչն է նրա  կորովն անսպառ դարձնում եւ նրա խօսքի թափը՝ ահռելի: Կարիք չկայ  հոգեբանական նոր պրպտումների դիմել: Անհատը միշտ էլ մնում է հոգեւոր թզուկ,  եթէ նա չի ներ-ձուլւում մի հաւաքական «Ես»ի, եթէ ընդունակ չէ դառնալ նրա  մոլութիւնների եւ առաքինութիւնների կրողը, նրա ներկայացուցիչը,  միկ-րոկոսմոսը բոլոր դէպքերում, իսկ վտանգի պատմական վայրկեաններին՝ նաեւ  նրա մարգարէն, գուշակը եւ առաջնորդը: Մեր  եղերաբախտ ընկեր Յ. Զարիֆեանը յաճախ էր պատմում Դիլիջանի եկեղեցու բակում  Նժդեհի խօսած ճառի - Ղարաքիլիսէի պատմական ճակատա-մարտը հոգեբանօրէն կարելի  դարձնող խօսքի - մասին: Նա պատմում էր եւ զարմանում մարդկային խօսքի  հոգիները յեղաշրջող եւ ցնցող ոյժի վրայ: Իսկ հիմա՞. 14 տարի յետոյ հա՛րկ է  ճշմարտագրել, թէ առանց ցեղի հոգեւոր շտեմարանից օգտուելու բարոյական  համարձակութեան, առա՛նց սեփական «Ես»ի մակոյկը ցեղի ոգու խռոված ովկիանին  յանձնելու բնազդական սիրոյ՝ անկարելի կը լինէր ներքին քաոսի մատնւած,  խու-ճապահար բազմութիւններին նման խօսք ասել եւ պարտւողական ոգիներում ցեղի  հզօրանքի յոյսն ու կրակը բորբոքել: Ցեղի ոգու տա-րերքն էր Նժդեհին  Զանգեզուրում դարձրեց հզօր անհատականութիւն, նրա՝ ձայնով է, որ նա ցայսօր  էլ մնում է պերճախոս: Նժդեհի անհատականութիւնը, համոզումները, կրօնը պայմանաւորւած են ցեղով: Նա  պաշտամունք ունի Ահարոնեանի հանդէպ, որովհետեւ սա «անցաւորից յաւիտենականը  տանող ճամբի վրայ հանդիպել է իր ցեղի ոգուն» եւ առաջ-նորդւում է նրա  շնչով: Նա մոլեկրօն դաշնակցական է, որովհետեւ  այս կուսակցութիւնը ծնած է մեր «ցեղի ոգու շարժից», որովհետեւ նրա մէջ  «ցեղի ձայնը կայ», որով-հետեւ նրա խոստացած բարոյական երջանկութիւնը հայ  անհատ մարդու հոգեխառնումն է «ցեղի ոգու հետ»: Նա  փառաբանում է Հայրենիքը, որովհետեւ հայ ցեղի հոգեւոր բոյնն է: Օտար երկիրը  հայրենիքի «ստուերն է»,- ասում է նա: Նրա համար բո-լոր առաքինութիւնների  չափանիշը հայրենապաշտութիւնն է: «Անհայրենասէրը անառաքինի է»: «Մշակոյթը  հոգեւոր դէմքն է, որով հայրե-նապաշտումից զուրկ մշակոյթը մշակոյթ չէ»: Նա  երկիւղածութեամբ սպասում է «Հայ Գերմարդ»ի, «նորհայ» մարդու յայտնւելուն,  որովհետեւ նրանից է ակնկալում ցեղի վրէժը լուծե-լու, ցեղի տունը  վերակառուցելու նւիրական գործը: Նա երկրպագում է  հայութեան տիտանական ցաւին, որովհետեւ նա ցեղի ցաւն է - ցաւը, որ նրան  տալիս է ա՛յն յոյսը, թէ «տառապանքից ու ամօթան-քից» ծնումդ պիտի առնի մեր  «նոր կրօնը - հպարտանքի կրօնը»: Մենք կասենք՝ նաեւ փրկութեան եւ հզօրանքի կրօնը - «Մա՛հ ներքին տկարութեան»: «Արիւնով  ու ջղերով» ասւած եւ ապա գրի առնւած այս խօսքերը լուծում են Նժդեհի հզօր  անհատականութեան գաղտնիքը: Նա պայմանաւորւած է ցե-ղային մեծ «Ես»-ին  ներդաշնակօրէն հոգեխառնւելու, համաձուլւելու կարողութեամբ, ասել է ա՛յն  ոյժով, որ Նժդեհին մղում է դառնալ հայրենապրումի եւ ցեղապաշտումի մոլեռանդ  քարոզիչը: Գ) Ֆրագմենտարիզմ. - Արդէն նկատւեց,  որ բարձր տեմպերամենտի ու հզօր անհատականութեան հոգեբանական տիպարին  իւրայատուկ է ֆրագմենտար մտա-ծում, որով եւ ոճ: Մեր գրականութեան մէջ  այսորակ ոճն իր կատարելութեան է հասնում Նարեկացու մօտ, իսկ համամարդկային  հոգեւոր ստեղծագոր-ծութեան մարզում՝ նրա տիտանը Նիցշէն է: Նժդեհի  ոճն ու մտածումն էլ կրում են ֆրագմենտարիզմի որոշ դրոշմ: Նրա մտածումն  արդէն զուրկ է սիստեմների շրջանակում սեղմւելու ընդունակութիւնից: Բոլոր  ֆրագմենտարիստների պէս նա էլ ստեղծագործում է ո՛չ թէ թելերով, որոնք ի  վերջոյ հիւսւածքի, այսինքն, սիս-տեմի պիտի վերածւեն, այլ՝ հանգոյցներով:  Ո՛չ թէ խաղաղ զարգացում, այլ՝ խոյանք, ո՛չ թէ երկարապատում եւ զգուշաւոր  շարայարումներ, այլ՝ կարճ խորհրդածութեանց յանկարծօրէն յաջորդող վճռաշունչ  բանաձեւումներ - ահա՛ Նժդեհի մտածման եղանակը: Ֆրագմենտար ոճն ըստինքեան ապացոյց է ենթակայի հոգեւոր աշխարհի հարստութեան եւ խորութեան: Ֆրագմենտարիստը  խուսափում է ձեւերին եւ սովորութեանց կոմպրոմիսներ անել: Զօրեղ է նրա մտքի  կաղապարիչ ֆունկցիոնը: Բնազանցու-մի արւեստագէտ է նա: Նրա  արտայայտութիւնները պատկերաւոր ընդհանրացումներ են՝ սինթէզ եւ ալեգորի  միասին: Նրա երեւակայութիւնն ա-նիշխանական մի ոյժ ունի, մի ոյժ, սակայն, որ  միշտ նոր կերպեր է ծնում. ֆրագմենտարիստը նորաստեղծ է: Նրա երջանկութիւնն է  դառնալ իր ներկայացրած հաւաքական «ես»ի պատգամախօսը: Այդ է պատճառը, որ  մարդկային յարաբերութեանց աշխարհում, հոգեհաղորդ տարրերի համար նա դառ-նում  է անգերազանցելի կազմակերպիչ եւ հրահրիչ, թշնամու հանդէպ, սակայն, մի՛շտ  մնում՝ ատելավառ բացասիչ: Սլաքներ ունի ֆրագմենտա-րիստի խօսքը. նրա մտքերը  պայթուցիկներ են, որոնք ձգտում են սրտերը հրդեհել. երկարաշունչ չեն նրանք,  որովհետեւ շրթունքի խօսք լինելուց առաջ, սրտի պոռթկումներ են: Ֆրագմենտար  ոճաբանի հոգեբանութեան այս գծերը ընդնշմարում ենք արդէն «Էջեր իմ օրագրէն»  ու «Բաց նամակներ հայ մտաւորականութեան» գրքոյկներէն, «Որդիների պայքարը  հայրերի դէմ» գրքի, եւ «Յիշի՛ր պատերազմը» յօդուածաշարքի մէջ: Մենք  հանդիպում ենք նրանց նաեւ այս գրքոյկում, ինչպէս նաեւ բոլոր դէպքերում, երբ  կարդում եւ մանաւանդ երբ լսում ենք Նժդեհն:  * * *Հապճէպով եւ հարեւանցիօրէն վերլուծելով երկասիրողի մի քանի գծերը, մենք գրեթէ սպառեցինք մեր խօսքը նաեւ երկի մասին: Նժդեհը նրանցից է արդէն, որոնք նոյնանում են իրենց երկին: Ի՛նչ յատկապէս սոյն գրքոյկի հրատարակութեան առիթով ընթերցողների ուշադրութեան պիտի յանձնուէր՝ արդէն ուրւագծւեց այս խորհրդա-ծութեանց ա՛յն մասում, ուր խօսք եղաւ հեղինակի անհատականութեան շուրջ: Կրօնականութեան հասնող ցեղապրումի քարոզն է այդ - մի քա-րոզ, որ իր էութեամբ նոր չէ, սակայն իր թափով՝ նորատիպ: Ժողովուրդների ինքնափրկութիւնն ու յաղթական վերելքը պայմանաւորւում են նրանով, թէ նրանց պատկանող անհատները որպիսի ընդունակութիւն ունեն իրենց անձնական կորովը նւիրաբերել ցեղադրօշ մի գաղափարի իրակա-նացման գործին: Այս նւիրաբերումը, սակայն, ո՛չ այլ ինչ է, քան գործնական իմաստութիւն անհատական անցաւորը ցեղի մէջ յաւիտենական արժէ-քի, ասել է՝ մշակութագործ ոյժի վերածել: Բայց առանց գիտակցական եւ բնազդական խոր ցեղապրումի՝ անհատը միշտ էլ իր փոքրիկ ոյժով մնում է՝ կենտրոնախոյս: Իսկ այդ դէպքում ո՞ւր կմնայ մեր վրէժի գործը, ո՞ւր՝ Հայրենիքը վերաշինելու մեր երազը: Բայց ահա՛ Նժդեհը մատնանշում է ձգողական մի կենտրոն - ցեղի տառապանքը: Սա է աշխարհից մեզ ընծայւած ընդհանրական պարգեւը. ծանր յիշատակի պէս նա չոքել է բոլորիս սրտին: Նա է մեր ցեղի հոգեւոր պիտակը. նրանով է ճանաչում մեզ աշխարհը եւ նրա անունով է, որ պիտի գործենք բոլորս: Տառապա՛նքը, որ իր լծակից սպանիչ ամօթանքով պիտի խեղդէ բոլորիս, քանի դեռ թուրքը մնում է անպատիժ: Եւ տառապա՛նքը, սակայն, որով կենագործ ազգերն իրենց ցեղի նժոյգն են մտրակում դէպի Յաղթանակ: Պիտի կարողանա՞նք այս տառապանքը ստեղծագործ ոյժի վերածել - սա է մեր կեանքի մեծագոյն խնդիրը, մեր գալոց պատմութեան միակ խորհուրդը: Այս գրքոյկն ասում է՝ այո: Նա աւետում է մեզ Հայ Գերմարդու երկունքը: Մեր օրերում, երբ վերջապէս որոշ յուսատու խռովք է նկատւում ոգիներում, երբ անակնկալներով հարուստ մի յղութեան նախանշաններն են ընդնշմարւում հայ կեանքում՝ պէ՛տք է այս ցեղաշունչ գրքոյկը կրկին եւ կրկին կարդալ: Բայց եւ խորհրդածել նաեւ միջոցների, մեր ինք-նափրկութեան տեխնիկի մասին: Նրա քարոզած խօսքերը հաճելի են, բայց եւ ծանր պարտականութիւն են դնում մեր ուսերին: Որովհետեւ «մա՛հ ներքին տկարութեան» պատգամը հոգեբանական մեծ նախապատրաստութիւնն է պատմական ա՛յն գործնական եզրակացութեան, որ վաղը չի՛ կարող այլ խօսքով բանաձեւուել, քան «մա՛հ արտաքին թշնամուն»: Իսկ այդ հնարաւոր կը դառնայ ցեղի հոգեւոր տիտանականութեան համապատասխանող մի տեխնիկով: Հայկ Ասատրյան«Ցեղի Ոգու Շարժը», Սոֆիա, 1932թ. «Լուսանցք» թիվ 13, 14 (189, 190), 2011թ.Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում | 
Saturday, April 16, 2011
«Նժդեհի Ցեղի Ոգու Շարժը» - Հայկ Ասատրյան (Սոֆիա, 1932թ.)
Subscribe to:
Post Comments (Atom)

 
 
 
 
 
No comments:
Post a Comment