Անցած երեք տարիները ցույց տվեցին, որ Կևորկովի «շկոլան» անցած Սերժ Սարգսյանը շատ է սիրում ձևական ժողովներն ու ցուցադրական թամաշան։
Հիշու՞մ եք, թե 2008–ի մարտի 1–ի արդյունքում ՀՀ նախագահի աթոռին բազմած Սարգսյանն իր պաշտոնավարման սկզբնական փուլում ինչպիսի ոչինչ չնշանակող հավաքներ էր կազմակերպում իրեն ծանոթ ու անծանոթ կուսակցապետերի հետ։ Այդ կուսակցապետերից ոմանք Սարգսյանի ուղղակի կամ անուղղակի ենթակայության տակ աշխատող մարդիկ էին, բայց այդ ձևաչափի կաննոներից ելնելով՝ իրենց «կարծիքն» էին հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ։ Տեսարանը շատ զավեշտալի էր, բայց այդ ամենը մեր «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաեթերում ներկայացվում էր որպես աննախադեպ։ Երևույթն այդ իրոք աննախադեպ էր, բայց աննախադեպ էր իր անիմաստությամբ ու մառազմատիկությամբ։ Դա իրականում նեոբոլշևիզմին հատուկ կառավարման ոճ էր։
Հիմա կուսակցականների հետ թամաշայական հանդիպումների ժամանակներն անցել են, բայց նեոբոլշևիզմը շարունակվում է։ Սարգսյանական կառավարման նեոբոլշևիզմն արտահայտվում է և՛ ձևի, և՛ բովանդակության մեջ։
Ուրբաթ երեկոյան շատերը տեսած կլինեն Սերժ Սարգսյանի հանդիպումը երկրի տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ։
ՀՀԿ «ճկուն» նախագահը, դեմքի մտահոգ ու բանիմաց արտահայտությամբ, խոսում էր տնտեսության մեջ առկա խնդիրների մասին։ Հետևելով «Մտահոգ նախագահ, կատարող ենթականեր» խորագրի ներքո անցակցվող հանդիպմանը՝ հիշեցի Թուրքմենբաշու խորհրդակցությունները, որոնք բախտ եմ ունեցել դիտելու, երբ մեկ շաբաթով գտնվում էի Թուրքմենստանում։
Թուրքմենբաշին էլ նույն այդ ոճով ժողովներ էր անում ու դա ամեն օր ցուցադրվում էր թուրքմենական «պատասխանատու» հեռուստաալիքներով։ Պարզապես տարբերությունն այն է, որ Թուրքմենբաշին դա անում էր շաբաթական երեք անգամ և մի քանի տարի շարունակ, իսկ Սերժ Սարգսյանը նման ձևաչափով առաջին անգամ է հեռուստահաղորդում կազմակերպում ու հայտնի չէ, թե մեկ էլ երբ նման տեսարաններ դիտելու հնարավորություն կունենանք։ Բայց հուսանք, որ սա առաջինն էր, բայց վերջինը չի լինի, մանավանդ, որ «մերոնք» անշեղորեն գնում են Սափարմուրատի անցած ուղով։ Այսինքն՝ ամեն ինչ դեռ առջևում է։
Շուտով բրեժնևյան ոճի նիստերն էլ, հավանաբար, ճշգրտությամբ կվերականգնվեն։ Բա էլ ի՞նչ անեն իշխանությունները, եթե տնտեսությունն անկում է ապրում։ Հացի խնդիրը լուծել չի հաջողվում, հետևաբար՝ տեսարաններ պետք է ապահովեն։
Դատելով ցուցադրված կադրերից՝ խնդիր էր դրված Սերժ Սարգսյանից ստանալ երկրի տնտեսությամբ ու հատկապես գյուղի խնդիրներով տապակվող ու գիշերները չքնող ղեկավարի կերպար։
Պարզ դարձավ, որ իշխանությունները հիմա որոշել են զբաղվել գյուղով։ Կարելի է արդեն ենթադրել, թե ինչպիսի ավերածություններ են սպասվում այդ ոլորտում, քանի որ ինչին ձեռք են տալիս «Սարգսյան և ընկերներ» թիմը՝ չորանում է։
Ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանը նախաձեռնեց հայ–թուրքական «սիրավեպը», իսկ արդյունքում և՛ Ղարաբաղի, և՛ հայ–թուրքականի մասով ստացանք ավելի վատ վիճակ, քան էր «ֆուտբոլից» առաջ։ Վարչապետը որոշել էր զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, իսկ արդյունքում փոքր ու միջին բիզնեսը հայտնվեց կաթվածահար վիճակում։ Այժմ թիրախը, փաստորեն, գյուղն է։ Խեղճ գյուղ։
Վերլուծելով այն քայլերը, որոնք արվել են մինչև այդ խորհրդակցությունը և որոնք, ենթադրաբար, պետք է օգնեին գյուղին՝ գալիս ես այն եզրակացության, որ ոչ ադեկվատության ու մառազմի սինդրոմը համատարած է դարձել իշխանական համակարգում և գյուղին փրկել է պետք կառավարչական առաջիկա «բարեշրջումներից»։ Սերմացու օրհնել տվող բիզնեսմեն գյուղնախարարը ևս մի քանի այդպիսի «նորարարություններ» անի՝ «տիրացուին» կտա կանցնի իր ծիծաղելի քայլերով, իսկ գյուղը հաստատ «կզարգանա», մանավանդ եթե սերմացու օրհնողը «Բենթլիի» ղեկը ձեռքին Սամոն մոտենա կարտոֆիլին։ Եթե այդ ձևով պետք է իշխանությունը գնա դեպի գյուղ, ապա նոր տիպի «միջազգային ագրարային կենտրոնի» շինարարություն է մեզ սպասվում։
Ի՞նչ ասեմ։ Աստված թող փրկի մեզ «բարեպաշտներից», իսկ գյուղն ու երկիրը հայ ժողովուրդն իր ուժերով ոտքի կկանգնեցնի։
Կարեն Հակոբջանյան
No comments:
Post a Comment