Փետրվար 28, 2011թ. 10:30
Գիտաժողովի կազմակերպիչներն այն համոզման են, որ եկել է մեր ազգային նպատակների իրականացման ուղղությամբ համատեղ գործելու ժամանակը: Իսկ այս առումով շատ կարևոր է մտավորական ներուժի համախմբումը:
Ժամանակն է, որ կորոսյալ հայրենիքի առասպելը շոշափելիորեն ընկալվի իբրև իրական պահանջատիրություն, տանտիրոջ տունդարձի իրավունք և չափածո խոսքից վերածվի իրավական փաստաթղթերի:
Մեր հայրենքի մի մեծ հատվածը` բռնզավթված Արևմտյան Հայաստանը միֆ չէ, ունենք միջազգային իրավունքով ամրագրված հիմքեր, մեր պահանջատիրությունը ընդունված այդ իրավունքով պաշտպանելու համար:
Մեր պահանջը ոչ թե տարածքի է, այլ Հայրենիքի: Թուրքիային Հաագայի դատարան բերելու համար լրջագույն, տևական և հետևողական աշխատանք է հարկավոր թե’ Սփյուռքում, թե Հայաստանում:
Կազմակերպիչների նպատակն է շարունակել այս ուղղությամբ ձեռնարկված քայլերը` դրանք ընթացք դարձնելու համար, համալրել պահանջատիրության իրավագիտական այն հիմքը, որ ստեղծվել է առ այսօր:
Ինչ-որ առումով, գիտաժողովը սկիզբ է, որի շարունակության տերը բոլորս ենք:
Գիտաժողովի ընթացքում հնչեցին արժեքավոր զեկուցումներ ու ելույթներ: Զեկուցումներով հանդես եկան` Արևմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը,
բանասիրական գիտություների դոկտոր, բանահավաք, ազգագրագետ Վերժինե Սվազլյանը «Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների վկայությունները` որպես իրավաքաղաքական պահանջատիրության գործոն» թեմայով,
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավիկ Մարությանը. զեկուցման թեման էր «Լեզվական ցեղասպանություն»,
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավիկ Հարությունյանը` «Արևմտյան Հայաստանի եկեղեցիների և վանքերի բռնազավթված և ոչնչացված ունեցվածքի փոխհատուցման իրավական հիմքերը» թեմայով.
Քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը խոսեց` «Արևմտյան Հայաստանի հայերի հայրենատիրության իրավաքաղաքական հարցի շուրջ»:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հանգամանորեն ներկայացրեց «Ուրարտական հուշարձանների վիճակը Արևմտյան Հայաստանում»
Եզրափակիչ զեկուցմամբ հանդես եկավ քաղաքագետ, ‹‹Ուխտ Արարատի›› հայրենասիրական հասարակական նախաձեռնության աշխատանքների համակարգող և համանուն պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Փաշաբեզյանը` «ԼՂՀ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների (հայկական հարցի լուծման ) իրավական ուղիները» թեմայով:
Գիտաժողովում հնչած զեկուցումները, արտահայտված կարծիքներն ու տեսակետները կամփոփվեն հատուկ թողարկման մեջ:
ArmAr.am
No comments:
Post a Comment