2008–ի մարտի 1–ի շնորհիվ նախագահ դառնալով՝ Սերժ Սարգսյանը փորձեց այսպես կոչված բարեփոխումների միջոցով պահել իր աթոռը։ «Բարեփոխումներն» այդ ընդգրկեցին երկրի արտաքին և ներքին քաղաքական ասպարեզները։
Արտաքին քաղաքականության մեջ որդեգրվեց տխրահռչակ «նախաձեռնողականությունը», իսկ ներքին կյանքում խնդիր դրվեց քաղաքականության թամաշայացման միջոցով հանել հանրային լարվածությունը (Սարգսյանը մարզահամերգային համալիրում ժամերով քննարկումներ էր կազմակերպում իրեն ծանոթ ու անծանոթ կուսակցապետերի հետ)։
Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, ապա հայտարարվեց, որ իշխանությունները գնում են «երկրորդ սերնդի» բարեփոխումների և Հայաստանը տարատեսակ միջազգային կենտրոնների վերածելու ճանապարհով։
Նշված բոլոր ուղղություններով էլ Սարգսյանի թիմն այս երեք տարիների ընթացքում խայտառակ ձախողումներ արձանագրեց և բացահայտեց իր թուրքմենբաշիական ու նյուվասյուկիստական էությունը, որի խորհրդանիշն, անշուշտ, Տիգրան Սարգսյանն է։
Ճիշտ է, «ֆուտբոլային» դիվանագիտության միջոցով «նախաձեռնողականներին» հաջողվեց ժամանակ շահել ու մնալ Բաղրամյան 26–ում, բայց սոցիալ–տնտեսական ներկա վիճակը մեզ կրկին տեղափոխում է 2008–ի մարտի 1–ից հետո առկա ելման դիրք։
Եթե հայ–թուրքական գործընթացով իշխանությունը պարտվեց՝ իր հետ պարտության տանելով ու վարկաբեկելով նաև «ֆուտբոլային» դիվանագիտության գաղափարախոս և համատեղությամբ տիտղոսային ընդդիմադիր համարվող Լևոն Տեր–Պետրոսյանին և, կարելի է ասել, արժեզրկեց փողոցային ընդդիմադիրների դավանած արժեքները, ապա ներքին վիճակի լարվածությունն այժմ վերակենդանացման հնարավորություն է տալիս ՀԱԿ առաջնորդին, ով կարող է պարզապես օգտվել այն նվերից, որը նրան մատուցեցին «ֆուտբոլասերներն» իրենց անգրագետ կառավարմամբ ու ինքնաոչնչացնող մոտեցումներով։ Միայն Տիգրան Սարգսյանի վերջին հարցազրույցն ինչ ասես արժեր՝ իր «Հայաստանին ապրանքային արտադրություն պետք չէ» անհեթեթ ձևակերպմամբ։ Վարչապետի այդ խոսքերից հետո, թերևս, մարդ չմնաց, որ չհասկանա, որ Հայաստանի տնտեսական վիճակի վատացումը ոչ միայն ու ոչ այնքան միջազգային ճգնաժամի, այլ իշխանությունների մտածողության ու տնտեսությունը հետևողականորեն իրենց տակ վերաձևելու արդյունք է։
Ահա այս ամենի ֆոնին տեղի ունեցող քաղաքական գործընթացները և, մասնավորապես, ՀԱԿ մարտիմեկյան հանրահավաքը կարող է դառնալ հեղափոխական կամ եգիպտական բնույթի քաոտիկ զարգացումների սկիզբ։ Օրինակ՝ այսօր հանրահավաքի մասնակիցները «ինքնաբուխ» կարող են վերանվաճել Ազատության հրապարակը, որը յուրօրինակ հաղթանակ կլինի ՀԱԿ–ի համար, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել իշխանական բուրգի փլուզմանը։ Եվ դա շատ հավանական է։ Եթե իշխանություններն ամբողջությամբ կորցրել են իրենց ադեկվատությունը, իսկ վարչապետը, պատկերավոր ասած, իրեն պահում է ֆրանսիական Մարիա Անտուանետա թագուհու պես և հացի կարոտ մարդկանց խորհուրդ է տալիս թխվածք ուտել, ապա պարզ է դառնում, որ Լյուդովիկոսի կամ Մուբարաքի վերածված Սերժ Սարգսյանին այլ բան չի մնա, քան հեռանալը, բայց նա այդ մասին կիմանա ամենավերջում։
Հարց է առաջանում։ Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո։
Հիմա մենք ունենք մի վիճակ, երբ մի կողմում Սերժ Սարգսյանն է՝ իր «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» կառուցելու ցանկությամբ, իսկ մյուս կողմում՝ հարթակը զբաղեցրել են մարդիկ, ովքեր հիմանադիրներն են այս կլանաօլիգարխիկ համակարգի, ընտրակեղծիքների, ամենաթողության, ինչպես նաև կրողներն են հակապետական այնպիսի կոդերի, ինչպիսիք են «Մինչև ղարաբաղի հարցը չլուծվի (փաստացի՝ միակողմանի զիջվի) և Ցեղասպանությանն հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից չհանվի (փաստացի՝ մոռացության մատնվի)՝ լավ չենք ապրի»։
Ստացվում է, որ Հայաստանը հայտնվել է կրակի ու ջրի արանքում։ Պարզ է, որ այս իշխանությունների մնալու դեպքում մենք ամեն օր գահավիժում ենք, և նրանց հեռացումը խիստ անհրաժեշտություն է, բայց նույն վատ վիճակն է մեզ սպասվում նաև տերպետրոսյանական ուժերի իշխանության գալու պարագայում։
Պարզ է նաև, որ Հայաստանում եգիպտական տիպի զարգացումների դեպքում իշխանությունները կփորձեն բռնություններով պահել իրենց աթոռները, բայց ենթադրվում է, որ դա նրանց, մեծ հաշվով, չի հաջողվի, ինչի արդյունքում երկիրը կարող է հայտնվել քաոսի մեջ։ Իսկ թե ի՞նչ կլինի քաոսից հետո՝ դժվար կամ էլ ընդհակառակը՝ շատ հեշտ է կանխատեսելը։
Սա՛ է այսօրվա Հայաստանի ներքաղաքական դաշտի վիճակը, և սրանից ելնելով՝ յուրաքանչյուրը կարող է իր եզրակացություններն ու կանխատեսումներն անել։
Կարեն Հակոբջանյան
No comments:
Post a Comment