Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետությունը
[ 2010/10/22 | 17:46 ]Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ Տիգրան Փաշաբեզյանը («Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնություն, Երևան), Սամվել Սեդրակյանը («Ազատ Հայք» հասարակական կազմակերպություն, Երևան) և Արմեն Ռաքեդջյանը («Աղավնի» հասարակական կազմակերպություն, Շուշի) ներկայացրին նախորդ օրը ՀՀ գրողների միության տան մեծ դահլիճում տեղի ունեցած քաղաքացիական ժողովի արդյունքները:
Նախաձեռնության ներկայացուցիչները նշեցին, որ ժողովը լեցուն դահլիճում ընթացել է բարձր ոգևորության, լայն բազմակարծության մթնոլորտում: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և Մշակույթի հայկական հիմնադրամի նախագահ Արևշատ Ավագյանը: Բացի հիմնական 7 զեկույցից` օրակարգային հարցերի շուրջ իրենց բանավոր կամ գրավոր դիրքորոշումն են ներկայացրել նաև «Ժառանգություն», ՀՅԴ, ՀՌԱԿ, ԺՈՒԿ, «Սոցուժերի միություն» կուսակցությունների և «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի ներկայացուցիչները:
Ապա տեղի է ունեցել բաց քննարկում, որի ընթացքում ելույթ ունեցած մտավորականները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց մտահոգությունն են հայտնել Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների կապակցությամբ` կարևորելով դրանց արդյունավետորեն դիմակայելու անհրաժեշտությունը:
Քաղաքացիական ժողովի արդյունքներով ևս 6 կազմակերպության միանալուց հետո նախաձեռնող խմբի անդամների ընդհանուր թիվը հասել է 40-ի: Նախաձեռնող խումբը բաց է նոր անդամակցողների առջև:
Նախաձեռնող խմբի` Քաղաքացիական ժողովից հետո տեղի ունեցած աշխատանքային քննարկման արդյունքում որոշվել է վերակազմակերպվել մշտապես գործող ձևաչափի, ինչպեսև ընդունվել է հետևյալ հայտարարությունը:
Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի հայտարարությունը
Ընդունվել է 2010թ. հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի աշխատանքների ամփոփման արդյունքում
Մենք` արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի նախաձեռնող խմբի անդամներս, համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը թե իր հռչակումից անմիջապես հետո և թե այժմ` դրանից գրեթե 20 տարի անց, ունի բոլոր իրավական, քաղաքական և բարոյական հիմքերը Հայաստանի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իր անկախության ճանաչման համար:
ԼՂՀ ճանաչված չլինելը խոչընդոտում է հանրապետության զարգացմանն ու առաջընթացին, միջազգային մշակութային համագործակցությանը, Արցախի քաղաքացիների տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների լիարժեք իրականացմանը:
Արցախի բնակչության կրկնակի կամարտահայտման արդյունքում ձևավորված անկախությունն ու ինքնիշխանությունը ինքնին արժեք են, իսկ դրա ճանաչումը չի կարող լինել ոչ սակարկման առարկա և ոչ էլ դրա արդյունք: Հայաստանի Հանրապետությունը և միջազգային հանրությունը պետք է օր առաջ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:
Մենք անընդունելի ենք համարում, առանց Արցախի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության, միջազգային ցանկացած ձևաչափով նրան վերաբերող խնդիրների քննարկումը, ինչպեսև բանակցային սեղանին դրված մադրիդյան սկզբունքները, որոնք կասկածի տակ են դնում ԼՂՀ ինքնիշխանությունը և իր Սահմանադրությամբ հաստատված տարածքային ամբողջականությունը:
Մինսկի խմբին առաջարկում ենք հակամարտության խաղաղ կարգավորումը քաղաքական դաշտից տեղափոխել իրավական դաշտ` «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» 1907թ. հոկտեմբերի 18-ի Հաագայի կոնվենցիայում ամրագրված լուծումներին և քայլերին համապատասխան:
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է իր օժանդակությունը ցուցաբերի Արցախի քաղաքացիական հասարակության հանրակարգերի և ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հայաստանի, Սփյուռքի և Արցախի համատեղ ներգրավմամբ պետք է մշակվի հստակ համազգային ծրագիր` առաջիկա տարիներին Արցախի բնակչությունը բազմապատկելու, Ադրբեջանից մազապուրծ հայ փախստականներին Արցախում բնակեցնելու, ինչպես նաև ապօրինաբար Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական ազգային օջախներին, հոգևոր և նյութական արժեքներին վերատիրանալու ուղղությամբ:
Մենք պահանջում ենք պետական մակարդակով մշակել և ընդունել Արցախի Հանրապետության` որպես հայկական անկախ պետականության կայացման, ամրապնդման ու միջազգային ճանաչման հայեցակարգ և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների միջև փոխազդեցության և փոխհարաբերությունների ապագա տեսակին ու բնույթին վերաբերող ռազմավարություն:
22 հոկտեմբերի 2010թ., Երևան
No comments:
Post a Comment