Tuesday, October 5, 2010

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հայտարարությունը


Letter A.php

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարվեց ՀՀ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հրաժարվելու և օտարալեզու դպրոցների բացումը միայն «Հանրակրթության մասին» օրենքով կարգավորելու’ կոալիցիայի որոշման մասին, հարկ ենք համարում նախաձեռնող խմբի անունից հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

1. Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում և սփյուռքում ծավալված աննախադեպ հասարակական ընդվզումը և յուրատեսակ շարժման վերածված դիմադրությունն ուղղված են եղել ոչ թե այս կամ այն օրինագծի, այլ կոնկրետ օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարի ու ծրագրի դեմ:

2. «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չկատարելու պարագայում ցանկացած հանրակրթական հաստատության գործունեություն, որը դասավանդումն իրականացնում է օտար լեզվով, լինելու է հակաօրինական, քանի որ հակասելու է վերհիշյալ օրենքի Հոդված 2-ին, համաձայն որի’ «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դասիտարակության լեզուն գրական հայերենն է», և ըստ նույն օրենքի’ բացառություն կարող է լինել միայն ազգային փոքրամասնությունների ու ոչ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար: Ի դեպ, սրա մասին ամիսներ շարունակ հայտարարել են թե՛ վարչապետ Սարգսյանը, թե՛ նախարար Աշոտյանը’ վկայակոչելով Կառավարության իրավաբանների կարծիքը, ում մասնագիտական կարողություններին կասկածելու որևէ հիմք չունենք: Այժմ, հայտարարելով, թե «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա, նախագծի հեղինակները պարտավոր են առնվազն մատնանշել այն իրավական հիմքերը և հիմնավորումները, որոնք թույլ են տալիս խուսափել օրենսդրական հակասություններից, ինչը չի արվում:

3. Նույն հիմնավորմամբ «Լեզվի մասին» օրենքին հակասող է պետք ճանաչել Կառավարության կողմից ԱԺ ներկայացված’ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի’ «Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»:

4. Մասնավոր դպրոցներից մեկի տնօրենի և ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի բանավոր հղումը «Հանրակրթության մասին» օրենքի Հոդված 6-ի կետ 5-ին’ որպես ավագ դասարաններում որոշ առարկաներ օտար լեզվով դասավանդելու հիմքի, բացարձակ անհեթեթություն է, քանի որ նշված կետը սահմանում է ընդամենը «ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակի» տոկոսը և որևէ հնարավորություն չի տալիս պարտադիր ժամաքանակից դուրս դասաժամերն անցկացնել օտար լեզվով, ինչը նույնպես կհակասեր «Լեզվի մասին» օրենքին:

5. Վերոհիշյալ դրույթներից պարզ է դառնում, որ Հայաստանում արդեն գործող այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որտեղ ՀՀ’ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չհանդիսացող քաղաքացիների համար դասավանդումը կազմակերպում է օտար լեզվով, հակաօրինական են’ անկախ նրանից, որ նրանք չեն տրամադրում ՀՀ պետական նմուշի ավարտական վկայական. «Լեզվի մասին» օրենքն այդպիսի բացառություն չի ենթադրում, և պետք է փակվեն կամ իրենց գործունեությունն անհապաղ համապատասխանեցնեն ՀՀ օրենսդրությանը:

6. «Ազգային ինքնությունը, լեզուն, ժառանգականությունը պահպանելու, ձուլման և հեռացման հերթական ռիսկերից խուսափելու, իսկ մյուս կողմից’ միջազգային համագործակցությունը, սերունդների դաստիարակման գործում փորձի փոխանակումը չսահմանափակելու, կրթության հարցերում ճկուն, արագ արձագանքող և մրցունակ լինելու» (ԱԺ նախագահի ելույթի անուղղակի մեջբերում) միակ և բոլորի կողմից ընդունելի ճանապարհը կարող է լինել միայն միջազգային կրթական ծրագրերի տեղայնացումը և բացառապես հայոց լեզվով դրանց մատուցումը: Ընդ որում, մի քանի փորձարարական և նորարարական դպրոցներում հաջողություններ արձանագրելու պարագայում ՀՀ Կառավարությունը պարտավոր է այդ փորձը տարածել նաև Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների վրա’ այդպիսով բարձրացնելով ամբողջ հանրակրթության մրցունակության մակարդակը և խուսափելով որակյալ դպրոցական կրթության «էլիտարացումից» և «կլանայնացումից»:

7. Նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանում բարձրակարգ կրթությամբ մտահոգ բոլոր անհատներին ու կազմակերպություններին (ներառյալ’ կուսակցություններին և բիզնեսի ներկայացուցիչներին) և առաջին հերթին’ դրա համար պատասխանատվություն կրող պետական մարմիններին գործուն միջոցներ ձեռնարկել միջազգային կրթական ծրագրերի (մասնավորապես, Միջազգային բակալավրիատի) տեղայնացման, ինչպես նաև ուսուցիչների պատշաճ վերապատրաստման ուղղությամբ: Մինչ այդ հարկավոր է շրջանառությունից հանել օտարալեզու դպրոցներ բացելու բոլոր տեսակի մասնավոր և կառավարական նախագծերը և ստեղծել հատուկ հանձնաժողով’ ազգային կրթության մրցունակության բարձրացման ռազմավարությունը մշակելու և իրականացնելու համար: Պատրաստ ենք մեր ողջ ներուժը (գիտելիքներ, կազմակերպչական հնարավորություններ, հանրային լայն աջակցություն և այլն) ներդնել սույն գործի իրականացման համար:

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնություն:

www.7or.am

No comments:

Post a Comment