Thursday, August 26, 2010

«Անառակ» որդու վերադարձը կամ ո՞վ կհաղթի «սառը» պատերազմում


«Անառակ» որդու վերադարձը կամ ո՞վ կհաղթի «սառը» պատերազմում

Հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցի կապակցությամբ հիմնականում ծայրահեղ գնահատականներ են հնչեցվում։

Սարգսյանի քարոզչաթիմը տեղի ունեցածը ներկայացնում է վարդագույն, իսկ տերպետրոսյանական հարթակային ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց սպասարկող ԶԼՄ-ները՝ սև գույներով՝ համեմված հակառուսական վայնասունով։ Բնականաբար, երկու կողմերն էլ դա անում են առավելապես քաղաքական իրադրությունից ելնելով, քանի որ ժամանակը ցույց է տվել, թե ինչքան անսկզբունքային են իրենց կողմնորոշումներում և՛ Ս. Սարգսյանը, և՛ Լ. Տեր-Պետրոսյանը։ Մի օր նրանք կարող են ծայրահեղ քիրվա լինել, մի օր՝ ծայրահեղ ՆԱՏՕ-ամետ, մեկ այլ օր էլ՝ ռուսահպատակ։ Իսկ դրա պատճառն այն է, որ նշյալ երկու սուբյեկտներն էլ իրենց մտածողությամբ հայաստանակենտրոն չեն, ինչն էլ հանգեցնում է աշխարհաքաղաքական թափառաշրջիկության։

«Անառակ» որդու վերադարձը

ՀՀ իշխանությունների այժմյան վարքագիծը ՌԴ-ի հետ հարաբերություններում խոսում է այն մասին, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունը ՀՀ-ին այնքան մեծ վտանգների առաջ կանգնեցրեց, որ իշխանությունները, խուճապի մատնված, պատրաստ են գերհավատարմության երդումներ տալ հյուսիսային գործընկերոջը, միայն թե ժամանակավորապես կարողանան շունչ քաշել ու մարսել թուրք-ադրբեջանական «կոկտեյլի» դառնությունը։ Այսպիսով՝ Արևմուտքի հետ Սերժ Սարգսյանի «սիրախաղի» փուլում արձանագրված ֆոնային հակառուսականությանը փոխարինելու է գալիս մոլի ռուսամետությունը։ «ֆուտբոլայինից» հիմա կտրուկ անցում է կատարվում դեպի «հակաֆուտբոլային» դիվանագիտություն։ Ասել է թե, ականատեսն ենք լինում «Անառակ» որդու վերադարձը» արարի յուրօրինակ դրսևորմանը։

Առիթից օգտվելով՝ ռուսները Սերժ Սարգսյանին «հուպ» տվեցին «по полной программе», ինչի համար պետք չէ մեղադրել նրանց։ Եթե մեկը պատրաստ է տրվել, ապա վերցնող միշտ էլ կգտնվի։ Այլ հարց է, որ իշխանությունների կոպիտ սխալի դիմաց վճարում է ժողովուրդը, և եթե այսպես շարունակվի, ապա կարելի է միայն ենթադրել, թե ուրիշ է՛լ ինչով պետք կլինի թեկուզև հոգեբանական անվտանգության դիմաց հատուցել հետագայում։ Այդ հարցի պատասխանը գտնելը մեր պետության ապագայով մտահոգ մարդկանց խնդիրը պետք է լինի վաղը, իսկ այսօր ՀՀ իշխանություններին մնում է միայն Ռուսաստանի նախագահի պետական այցի կապակցությամբ թմբկահարել «նախաձեռնողականության» հերթական «ձեռքբերումը» և Սարգսյանի անձնական PR-ով զբաղվել՝ առավոտից երեկո պտտեցնելով Մեդվեդևի հետ ունեցած նրա ձեռքսեղմումներն ու Գեղամյանի հետ կերած ճաշը։

Մեկ դիտարկում. իշխանական քարոզչամեքենան տարբեր քաղաքական իրավիճակում նույն պարզունակ և արևելյան քծնանքային ոճով է կարողանում աշխատել։ Մեդվեդևի այցն ու հայ-ռուսական ռազմական համագործակցության նոր պայմանագրի ստորագրումն այս օրերին ներկայացվում է որպես «դարի գործարք», ճիշտ այնպես, ինչպես սրանից մեկ տարի առաջ «դարի գործարք» էր ներկայացվում Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան գալն ու հայ-թուրքական զույգ արձանագրությունների գիշերային ծնունդը։ Ի՞նչ արած, սարգսյանական իշխանության էությունն է այդպիսին։ Այլ աշխատաոճ նրանք չունեն։

Հանգչող կրակի բոցկլտումները

Ակնհայտ է, որ հայ-ռուսական նոր համաձայնագրի ի հայտ գալն ուղղակի հետևանք է «ֆուտբոլային» դիվանագիտության, և այժմ դեմագոգիայով են զբաղված բոլոր այն ուժերը, որոնք գովերգում ու ողջունում էին Սարգսյանի «ֆուտբոլային» քայլերը, իսկ հիմա հիստերիայի մեջ են ընկել հայ-ռուսական համաձայնագրի փաստից, թե՝ հարա՜յ, հասե՜ք, ՀՀ անկախությունը վերացրեց Ռուսաստանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարությունը հայ-ռուսականի մասով հետևյալն է. ՀԱԿ-ն այդպես էլ հստակ ու միասնական տեսակետ չհայտնեց ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման վերաբերյալ։ Տեր-Պետրոսյանը փորձեց արտաքուստ հաճոյանալ ռուսներին կամ առնվազն չեզոք դիրք ընդունել, բայց միևնույն ժամանակ իր թիմակիցների բերանով հակառուսական իռացիոնալ վայնասուն բարձրացրեց։

Այն գնահատականները, որոնք հնչեցվում են տերպետրոսյանական ճամբարից, թե ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգմամբ ու ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմաբ մենք անկախության կորուստ ունեցանք, թե մենք դրա պատճառով կշարունակենք հակաժողովրդավարական երկիր մնալ և այլն, իշխանական պրոպագանդայից ձևով տարբերվող, բայց բովանդակությամբ նույն հակապետական մտածողության դրսևորումներից է։

Հայաստանի անկախությանը նախևառաջ հարվածում են մեր ներքի՛ն կյանքում առկա արատները՝ կլանաօլիգարխիկ համակարգը, իշխանական «բեսպրեդելը», կախյալ դատարանները, «էջմիածնական միաբանի» հոգեվիճակ ունեցող և «Եղազար Այնթապցուն» հլու-հնազանդ ծառայելուն պատրաստ հարթակային ընդդիմությունը, մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ընտրակեղծիքները, աշխատավորների չպաշտպանվածությունը, սեփականության վերաբաշխումները և այլն։

Կեղծ հայրենասիրությամբ պետք չէ զբաղվել ու ասել, թե ռուսների ներկայությունը խոչընդոտում է ՀՀ զարգացմանը, ու որպեսզի մենք իրական անկախություն ստանանք, պետք է շուտափույթ և ամեն գնով կարգավորել (փաստացի՝ միակողմանի զիջել) Ղարաբաղի հարցը, որից հետո ռուսական զորքի ներկայության կարիքը չի լինի։ Նման մտքեր հայտնողները ենթագիտակցորեն Հայաստանը տեսնում են թուրքական տարածագոտու մեջ, քանի որ այս պահին ու տեսանելի ապագայում Հայաստանի անկախության ապահովումն ու անվտանգության համակարգը ՀԱՊԿ-ի շրջանակներում է հնարավոր, և եթե հայտարարում ես՝ Ռուսաստա՛ն, հեռացի՛ր, ապա լավագույն դեպքում մազոխիզմով ես տառապում։ Այլ հարց է, թե արդյոք կկարողանա՞նք օգտագործել անվտանգության որոշակի համակարգ ունենալն ու փխրուն խաղաղության պահը և կայանալ որպես երկիր։ Եթե ոչ, ապա ռուսական բանակը մեզ չի փրկի և մեր անվտանգությունը չի ապահովի։ Առավելևս մեզ չի փրկի ինքնամոռաց քիրվայության գաղափարախոսությունը։

Տերպետրոսյանականների մտածողության ալգորիթմը՝ Հայաստանում ռուսական բանակի գտնվելու և Հայաստանի ապագայի հետ կապված հետևյալն է՝ ռուսական ներկայությունը ՀՀ-ին թույլ չի տալիս զարգանալ։ Ռուսներն այստեղ են գտնվում՝ օգտվելով ղարաբաղյան չկարգավորված հակամարտության փաստից։ Հետևաբար եթե ուզում ենք լավ ապրել, ապա պետք է շուտափույթ գնալ Ղարաբաղի հարցի լուծման (անգամ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակով), որից հետո արդեն ռուսական ռազմաբազաների կարիքն այլևս չի լինի, և մենք հնարավորություն կստանանք զարգացման ուղի դուրս գալու՝ օգտվելով թուրք–ադրբեջանական բաց սահմաններից։

Առավել չհիմնավորված և անտրամաբանական եզրահանգման դժվար է գալ։ Ռուսական ռազմաբազա՞ն է պատճառը, որ Հայաստանում ընտրություններ են կեղծվում, և տնտեսությունը իշխանության լիակատար վերահսկողության տակ է։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ, և անհեթեթություն է նման մտածողությունը, ճիշտ այնպես, ինչպես սխալ է ասելը, թե ռուսները մեզ կպաշտպանեն ադրբեջանական ագրեսիայից, և հայ-ռուսական համաձայնագիրը, որը Սերժ Սարգսյանը ստորագրեց, այլևս ապահովագրում է մեզ։ Երկուսն էլ ծայրահեղ մոտեցումներ են և կապ չունեն իրականության հետ։

ՀՀ անվտանգության հիմնական սպառնալիքն ու անկախության հնարավոր կորստի պատճառն, ըստ այդմ, ոչ թե ռուսական ռազմաբազաների առկայությունն է լինելու, թուրքական ճնշումները կամ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությունը, այլ ՀՀ-ում առկա տնտեսաքաղաքական համակարգը, այն ղեկավարող խումբը, միապետական սահմանադրության առկայությունը և դրանով պայմանավորված հոռի բարքերը, որոնք պետք է փոխել և ա՛յդ դեպքում միայն կունենանք անվտանգության 100 տոկոսանոց երաշխիք։

Հայաստան - 2046

Այժմ բուն փաստաթղթի մասին։ Ստորագրված հայ-ռուսական ռազմական համաձայնագիրը ոչ մի էական բան, մեծ հաշվով, չի փոխել մեր անվտանգության համակարգում, ինչպես որ փորձում են ներկայացնել սարգսյանական սազանդարները։ Դրանից մեր անվտանգությունը ո՛չ ավելացել, ո՛չ էլ պակասել է։ Համաձայնագիրը մեկ բան է, իրական կյանքը՝ մեկ այլ։ Համաձայնագրի ու դրա շուրջ ստեղծված աժիոտաժն ընդամենը բացահայտեց, որ ՀՀ իշխանությունների վախը թուրքերը բռնել են և սարգսյանականները կարիք ունենին ինքնահանգստացման. վախի աչքերը մեծ է լինում։

Իրականությանը չեն համապատասխանում իշխանությունների քայլերը գովերգող հաստիքային «վերլուծաբանների» և «քաղաքական գործիչների» այն պնդումները, թե եթե Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից հարձակում լինի, ապա ռուսները մեր օգտին կմիջամտեն ու մեր անվտանգությունը կապահովեն՝ վերջերս ստորագրված համաձայնագրի շրջանակներում։ Սո՛ւտ է։ Այդպիսի բան չի նախատեսված հայ-ռուսական ռազմական համագործակցության փաստաթղթով, ու կոպիտ սխալ է նման քարոզ տանելը։ Ստացվում է, որ Ադրբեջանն իրոք Հայաստանին կարող է հաղթել պատերազմով, բայց քանի որ ռուսները չեն թողնի, ուստի կարելի է հանգիստ լինել։

Միտումնավոր են անում, թե ոչ, բայց նմանատիպ էժանագին ու սուտ քարոզչությամբ իշխանությունները Հայաստանը դասում են Հարավային Օսիայի մակարդակի երկրների շարքը, և զրոյին հավասարեցնում մեր զինված ուժերի արժանիքները։ Դա թերարժեքության քարոզ է, և իշխանություններն իրենց հոգեվիճակն ակամայից փոխանցում են ողջ հասարակությանը։ Առավել հակապետական քայլ դժվար էր պատկերացնել, սակայն մեր «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները հայ-ռուսական համագործակցության ներկա ընթացքն այդպիսի՛ լույսի ներքո ներկայացնելու հրահանգ էին ստացել Բաղրամյան 26-ից։ «Ազատ, բայց պատասխանատուներն» այդ հրահանգը կատարեցին ճիշտ այնպես, ինչպես Գյուլ «խաղացնելու» փուլում «հիմնավորում» էին, թե մինչև Թուրքիայի հետ սահմանը չբացվի, լավ չենք ապրի, և Սերժ Սարգսյանը գերիմաստուն քայլ է արել՝ թուրքերի հետ գիշերային որոշում կայացնելով։

Նկատենք, որ և՛ այն օրերին, և՛ հիմա իշխանական քարոզչության հիմքում ընկած է ոչ թե պետության շահը, այլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը վառ գույներով ներկայացնելը։ Ոչինչ որ տարբեր ժամանակահատվածներում իրար հակասող քայլեր են արվում, և ոչ մի շոշափելի արդյունք հայկական դիվանագիտությունը չի արձանագրում։ Կարևորը ՀՀԿ «ճկուն» ղեկավարի գովքն անելն է, ինչին էլ ականատես ենք լինում։

Ռեալպոլիտիկ

Ի՞նչ ստացանք մենք ՌԴ-ի հետ նոր համաձայնագիր կնքելով և արդյոք կարո՞ղ է ՀՀ-ն ՀԱՊԿ-ի շրջանակներում ապահովել իր անվտանգությունը։ Պատասխանը միանշանակ չէ. և՛ այո, և՛ ոչ։ Անվտանգության ապահովումը կախված է այն հարցից, թե ինչպիսի՞ զարգացումներ կլինեն ՀՀ-ի ներսում։

Համաձայնագիրը թուղթ է, որը միս ու արյուն կստանա, եթե ՀՀ–ն տարածաշրջանում դառնա գործոն, այլ ոչ թե մուրացկան, ինչպես որ Սերժ Սարգսյանն է պատկերացնում արտաքին քաղաքականությունը։ Այդ ամենից ելնելով էլ պետք է շատ սառը գնահատել իրավիճակը։

Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հնարավոր ագրեսիայի դեպքում համաձայն կլինեմ այն տեսակետի հետ, որ ՌԴ-ն դա թույլ չի տա, ինչպես որ թույլ չտվեց 1993թ., երբ ի պատասխան Քելբաջարի ազատագրման մերոնց գործողության՝ թուրքական բանակը մոտենում էր ՀՀ սահմաններին ու սպառնում հարձակմամբ։ Ասել է թե, թուրքական ներխուժումից մենք ինչ-որ առումով ապահովագրված ենք ռուսական բանակի գործոնով։ Վերջինս իր երկրի շահերից ելնելով՝ թույլ չի տա Թուրքիայի մուտքը տարածաշրջան, բայց դա չի նշանակում, որ նույն կողմնակալ մոտեցումը ռուսների կողմից կլինի Հայաստանի կամ ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմագործողության պարագայում։ Ուստի մենք պետք է հստակ գիտակցենք, որ ՀՀ անվտանգության թիվ 1 երաշխավորը հայ–ադրբեջանական առճակատման դեպքում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը պետք է լինեն, իսկ անվտանգության այս կամ այն համակարգի մեջ ընդգրկվելն ընդամենը լրացուցիչ տարր է ավելացնում մեր անվտանգության համակարգին։

Պետք չէ պատրանքներ ունենալ և կարծել, թե ՌԴ-ն Ադրբեջանի հետ կսրի իր հարաբերություններն ու անվերապահորեն կաջակցի մեզ, եթե վերսկսվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունները Ղարաբաղում կամ ՌԴ–ն մեր կողմից կլինի ԼՂՀ անկախության ճանաչման հարցում։ Այդպես չի եղել ո՛չ 90-ականներին, ո՛չ էլ հետագայում կլինի։ Զենքի մատակարարում երկու կողմերին էլ կլինեն, բայց միամտություն է ՌԴ-ից որևէ մեկի օգտին ուղղակի միջամտություն ակնկալելը և պետք էլ չէ։ ՌԴ–ն կլինի նրա կողմն ով ուժեղ է, վե՛րջ։

Հարկավոր է շատ պարզ բան գիտակցել. որ Ռուսաստանն առաջնորդվում է բացառապես իր շահերով, և այդ շահերի շրջանակի մեջ է նաև Ադրբեջանը, որին ամենայն հավանականությամբ ռուսները կվաճառեն C-300 համակարգը, ու որպես դրա փոխհատուցում մեզ հետ կնքեցին 49-ամյա ռազմական համաձայնագիր։ Այսինքն՝ Ռուսաստանը յուրօրինակ կոմպլեմենտարիզմ է կիրառում մեր ու ադրբեջանցիների հետ հարաբերություններում և որոշակի հավասարակշռություն է պահում։

Սեպտեմբերին կատարելիք այցի ընթացքում, վստահ եմ, Մեդվեդևն Ադրբեջանում կհայտարարի, թե հայ-ռուսական համաձայնագիրն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, և իրենք ճանաչում են մեր հարևանի տարածքային ամբողջականությունը ոչ այն քարտեզով, որով մեզ հաճելի կլիներ։ Բայց դրանից պետք չէ հուսահատության գիրկն ընկնել և դառնալ իռացիոնալ ռուսատյաց, ինչպես որ չարժե ռուսամոլ քծնանք ցուցաբերել։ Դրանք ծայրահեղ մոտեցումներ են։

Անկախ գերտերությունների հայտարարություններից՝ հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծումը կլինի նրա՛ օգտին, ով իր երկրի ներսում կկարողանա ավելի մրցունակ համակարգ ստեղծել։ Ով հաղթի այդ «սառը» պատերազմում, նրա հետ էլ հաշվի կնստեն և՛ ռուսները, և՛ թուրքերը, և՛ ամերիկացիները, և՛ մյուսները։

Ոչ մեկը մեր փոխարեն մեր տունը չի կառուցելու և մեր փոխարեն չի կռվելու։ Դա մեկընդմիշտ պետք է ականջներիս օղ անենք և դրսի երրորդ ուժերին չապավինենք։ Դաշնակցել, համագործակցել կարելի է, բայց ապավինել՝ երբեք։

Պատերազմից ու մարդկային կորուստներից խոսափելու լավագույն ուղին, հետևաբար, արդիական պետություն ստեղծելն է և ղարաբաղյան «ստատուս քվոն» որպես ժամանակային «քարտ-բլանշ» օգտագործելը։ Ուստի՝ «ստատուս քվոն» չի կարելի ներկայացնել որպես մեր անկախությանը սպառնացող հանգամանք։ Ընդհակառակը, «ստատուս քվոն» մի միջանկյալ վիճակ է, որի ընթացքում եթե կարողանանք ազգային առաջընթաց ապահովել, ապա այդ միջանկյալ վիճակը կդառնա զարգացման խթան, և «դե ֆակտո»-ն «դե յուրե» դարձնելու հնարավորությունն անհամեմատ կմեծանա։ Սա՛ է, որ հայաստանյան կղերապահպանողականները չեն կարողանում ընկալել, քանի որ հոռետես են իրենց բնույթով։ Իսկ վաղվա Նոր Հայաստանը լավատեսների և պրագմատիկների միջոցով է միայն հնարավոր կառուցել։

Անդրանիկ Թևանյան

No comments:

Post a Comment