Tuesday, August 3, 2010

Հայաստանում թմրամոլությունն աճել է 50 %-ով

Հայաստանի համար 1 թմրամոլ՝ Ս.Ս.



Հայաստանում թմրամոլությունն աճել է 50 %-ով
[ 2010/08/03 | 19:33 ] առողջապահություն, հասարակություն
Սոնա Ավագյան

Հայաստանի դեղատներում ազատ վաճառվում են դեղամիջոցներ, որոնցից կարելի է թմրամիջոց պատրաստել

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 1.717 ծանր (ներերակային) թմրամիջոց օգտագործող, ինչը 50 %-ով ավելի է 2010 թ. ցուցանիշից` հաշվառված 1.144 թմրամոլից: Ոչ պաշտոնական տվյալներով (Լիսաբոնում գործող Թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի ուսումնասիրություններ)` Հայաստանում կա 5.000-7.000 ծանր թմրամիջոց օգտագործող, մոտ 25.000 մարդ էլ օգտագործում է կանեփից պատրաստված թմրամիջոցներ: Վերջինների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա, քանի որ նրանք չեն դիմում առողջապահական համակարգ:

Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը թմրամոլության աճը բացատրեց 2 պատճառով: Նախ, ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում թմրամոլների թիվն ավելանում է: Եվ երկրորդ` թմրամոլներն սկսել են բուժման նպատակով ավելի հաճախ դիմել առողջապահական համակարգ, քանի որ Հայաստանում թմրամիջոցների օգտագործումը ապաքրեականացված է:

Հայաստան թմրամիջոցները (ափիոն տեսակի) ներմուծվում են հիմնականում Իրանից: «Իսկ կանեփը մեր տեղականն է: Մոտավորապես 25.000 հոգի նախընտրում է կանեփ, որովհետև կանեփը և հեշտ է ճարել, և չի բերում այնպիսի ծանր առողջական խնդիրների, որոնց բերում է ափիոնը: Դրանից հետո ընտրում են ափիոնից պատրաստվող թմրամիջոցներ: Նույն ափիոնը կարող է լինել տարբեր գների` կախված նրանից, թե որ երկրից է բերված, ով է բերել: Ամենաթանկը արժե սուբուտեքս թմրամիջոցը, որը Ֆրանսիայից է բերվում. մի օգտագործման չափաբաժինը 150 դոլար է»,- նշեց Պետրոս Սեմերջյանը:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստանում կան դեռահասներ, որոնք Ռուսաստանից բերված հաբեր են որպես թմրամիջոց օգտագործում` Պետրոս Սեմերջյանն ասաց. «Հաբերը իրենք պատրաստում են, դարձնում ներարկման թմրամիջոց և ներարկում են: Չէի ասի, որ երիտասարդների շրջանում դա տարածված է: Դա ուղղակի թմրամիջոցի մի տեսակ է: Հիմա շատ տարածված է, որ դեղատներից գնում են «Սեդալգին» և «Կոակսիլ» անվանմամբ դեղամիջոցներ (2-ն էլ ազատ վաճառքում են), որոնցից քիմիական ճանապարհներով ստանում են թմրամիջոցներ և օգտագործում են»:

«Կոակսիլ»-ից և «Սեդալգինից» պատրաստված թմրամիջոցները շատ վտանգավոր են. արագ հանգեցնում են մարդու դեգրադացիայի և ծանր հարված են հասցնում առողջությանը:

Հայաստանում թմրամիջոցներ ամենից շատ օգտագործում են Երևանում: Թմրամոլների մեծ մասը 25-35 տարեկան է: «Թմրամոլությունը սկսվում է հիմնականում պատանեկան տարիքում: Որոշ տարիներ հետո, երբ առաջանում են առողջական խնդիրներ, մարդիկ դիմում են առողջապահական համակարգ: Նաև որոշ տարիներ հետո, երբ սկսվում են սոցիալական խնդիրներ, նրանք ընկնում են ոստիկանության տեսադաշտ և հայտնաբերվում են: Մեզ դիմում են կամավոր, բացահայտում է ոստիկանությունը»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքերով` Նարկոլոգիական կլինիկայում դեռահասներ երբեք չեն եղել, սակայն այլ նոր միտում է նկատվում. մի քանի ամիս է, սկսել են 18-20 տարեկան աղջիկներ դիմել: Հայաստանում աղջիկները կազմում են թմրամոլների ընդհանուր թվի շատ փոքր` մոտ 0,5 %-ը: Հաշվառված է 12 կին թմրամոլ: 2009 թ. առաջին կիսամյակում Նարկոլոգիական կլինիկա ոչ մի կին չի դիմել: Այս տարվա առաջին կիսամյակում դիմել է 8 կին: «Նրանք հիմնականում գիշերային աշխատանք ունեցող երիտասարդ աղջիկներ են»,- ասաց Նարկոլոգիական կլինիկայի ղեկավարը:

Չկա մարդու այնպիսի օրգան-համակարգ, որը չախտահարվի թմրամիջոցի օգտագործումից: Ամենից վտանգավորն այն է, որ թմրամիջոցն ախտահարում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը, ինչը հանգեցնում է ուշադրության կենտրոնացման կորստի, թուլանում են կենտրոնական նյարդային համակարգի բոլոր ֆունկցիաները:

Բացի սրանից` թմրամոլությունը հանգեցնում է արյունածին վարակների փոխանցման` ՄԻԱՎ/ՁԻԱՀ, Հեպատիտ C, Հեպատիտ B: «Մենք չունենք մի թմրամոլ, որը չունի Հեպատիտ C: Դա ծանրագույն հիվանդություն է: Եվ ունենք 15 %-ով ՄԻԱՎ-ով վարակակիրություն»,- ասաց Պետրոս Սեմերջյանը:

Նրա տեղեկացմամբ` թմրամոլությունից բուժումը ՀՀ քաղաքացիների համար կատարվում է պետպատվերի շրջանականերում, իսկ ցանկացած այլ մարդու համար վճարովի է: Հայաստանում կիրառվում են թմրամոլությունը բուժելու բոլոր նորագույն մեթոդիկաները, որոնք դեռ չեն կիրառվում, օրինակ, Ռուսաստանում, Վրաստանում:

Նարկոլոգիական կլինիկայում ստացիոնար բուժումը տևում է միջինը 15 օր: Այնուհետև հիվանդն անցնում է ամբուլատոր բուժում, իսկ հաջորդ 5 տարիներին լինում է բժշկական դիտարկման տակ: Արդյունավետ է համալիր բուժումը, երբ թմրամոլի հետ աշխատում է բժիշկների թիմ, որը ղեկավարում է բժիշկ-նարկոլոգը: Թիմում աշխատում են նաև հոգեբան, թերապևտ, նյարդաբան: Նարկոլոգիական կլինիկայում գործում է հոգեբանական ծառայություն, թեև Պետրոս Սեմերջյանը նշում է, որ միայն հոգեբանական ծառայությունը չի կարող արդյունք տալ:

Եթե մարդը հաջողությամբ անցնում է բուժման վերոնշյալ բոլոր փուլերը, ապա կարելի է ասել, որ նա առողջացել է, այլևս կախում չունի թմրամիջոցից: Եթե մարդուն հաջողվում է անցնել այս ամբողջ փուլը, ապա թմրամոլության կրկնությունը կազմում է 5 %:

Պետրոս Սեմերջյանի խոսքերով` եթե մարդը բուժվելուց հետո նորից է սկսում թմրամիջոցներ օգտագործել, ապա սա ոչ թե առողջապահական, այլ սոցիալական բնույթի խնդիր է: Ճիշտ նույն կերպ մարդը 2-րդ անգամ կարող է թոքաբորբով հիվանդանալ, եթե չպահպանի նորմալ ռեժիմ:

«Լրիվ ուրիշ հարց է` մարդը վերադառնո՞ւմ է թմրամոլության, թե՞ ոչ: Դա իր ընտրությունն է: Համենայն դեպս, առողջապահական բոլոր խնդիրները վերացվում են: 80 %-ը նորից վերադառնում է ինչ-որ ժամանակ հետո: Մարդը վերադառնում է իր հին բակ իր հին ընկերների մոտ, նույն շրջապատ: Ամեն մարդ ունի իր ժամանցի ձևերը, մոտեցումները, և կրկնում է նույնը, ինչ առաջին անգամ սկսվել է: Դա ոչ բուժական խնդիր է: Եվ այդ ուժային փորձերը` մարդկանց փոխարեն որոշել` իրենք ոնց ապրեն, միշտ անցնում են ապարդյուն»,- ասաց Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքերով` թմրամոլությունը պայմանավորված չէ սոցիալական վիճակով: «Թմրամոլությունը շատ ավելի կրիմինալ կուլտուրա է: Չեմ կարող ասել, որ գործազրկությունը նպաստում է թմրամոլության տարածմանը: Իսկ կանխարգելումը կրթական խնդիր է»,- ասաց բանախոսը:

Թմրամոլության դեմ պայքարն արդյունավետ կլինի այն դեպքում, երբ մարդը նախ և առաջ գնահատի իր առողջությունը: Այնուհետև նրան պետք է բացատրեն, թե ինչ ազդեցություն կարող է իր վրա ունենալ որևէ վնասակար երևույթ, այդ թվում նաև թմրամոլությունը: Այժմ ողջ աշխարհում բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր չեն աշխատում այն պարզ պատճառով, որ մարդիկ չեն գնահատում իրենց առողջությունը:

Հայաստանում թմրամիջոցի օգտագործումը քրեորեն չի հետապնդվում, և կալանք նախատեսված չէ: Մինչդեռ թմրամիջոցների հետ ցանկացած այլ գործողություն` առք, վաճառք, նվիրատվություն, պահպանում, տեղափոխում և այլն, քրեորեն պատժելի է: Պատճառն այն է, որ ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում թմրամոլներին դիտարկում են որպես հիվանդ մարդկանց և առաջարկում են ոչ թե ոստիկանական և պատժիչ, այլ առողջապահական և վերականգնողական միջոցառումներ:

«Դարեր ի վեր ոչ մի պատժիչ միջոց ոչ մի երևույթ չի կարողացել կանխել: Բոլոր դարերում եղել է թմրամոլություն, և բոլոր դարերում փորձել են պայքարել թմրամոլության դեմ հիմանականում ուժային միջոցներով: Մինչև հիմա կան երկրներ, որտեղ թմրամոլությունը ոչ միայն քրեորեն պատժելի է, այլև դատապարտվում է մահվան: Կա թմրամոլության դեմ պայքարի միջազգային օր` հունիսի 26: Այդ օրը Պեկինի գլխավոր հրապարակում մարդկանց շարում են և գնդակահարում են հրապարակավ, որ բոլորը տեսնեն և վախենան, բայց դա չի օգնում. թմրամոլությունը և այնտեղ է շատանում, և ամբողջ աշխարհում: Այնպես որ համաշխարհային փորձը եկել է մի եզրահանգման, որ պետք է ուղղակի բուժել այդ մարդկանց»,- ասաց Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքերով` Հայաստանում թմրամոլության կանխարգելման միջոցառումներ են իրականացնում Առողջապահության և Արդարադառության նախարարությունները, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը: «Անցյալ տարի` սեպտեմբերին, նախագահն ընդունեց նոր հրամանագիր` թմրամոլության դեմ պայքարը ուժեղացնելու և կանոնակարգելու նպատակով, որտեղ ներգրավված են պրակտիկորեն բոլոր գերատեսչությունները: Հայաստանում գործում է Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի ղեկավարը ոստիկանապետն է ի պաշտոնե»,- ասաց Պետրոս Սեմերջյանը:

Պաշտոնական վիճակագրություն չկա, թե թմրամիջոցների օգտագործումից տարեկան քանի հոգի է մահանում, սակայն ուսումնասիրություննները վկայում են, որ այդպիսիք շատ են: Երբ թմրամոլը մահանում է, վիճակագրությունը նրա մահն արձանագրում է որպես, օրինակ, սրտի կանգից, շնչառության կանգից կամ լյարդի ցիրոզից և ոչ թե թմրամիջոցի օգտագործումից առաջացած մահ:

No comments:

Post a Comment