Friday, August 20, 2010

Հայեր ջան, էս «տուպոյ» վրացիներին չարժի նմանվել, Հայաստանում հայերեն

Անգլերենը դառնում է Վրաստանի երկրորդ լեզուն
Գրվել է Օգոստոս 20, 2010 -ին




Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի որոշմամբ` անգլերենը դառնում է այդ երկրի երկրորդ լեզուն:
Կրթության նախարարության մշակած նոր ռազմավարության համաձայն` առաջիկա չորս տարիներին կրթական համակարգը ամբողջովին համապատասխանեցվելու է նոր չափորոշիչներին: 100 օտարերկրացի ուսուցիչներ` ԱՄՆ-ից,Կանադայից, Նոր Զելանդիայից, Լեհաստանից եւ այլ երկրներից, արդեն Վրաստանում են, մինչեւ այս ամսվա վերջ եւս 50-ը կգան, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսվում է արտասահմանցի ուսուցիչների թիվը հասցնել 1000-ի:

Տարբեր երկրներից ժամանած ուսուցիչների հետ նախօրեին Բաթումիում կայացած հանդիպմանը Սահակաշվիլին անգլերենը Վրաստանի երկրորդ լեզուն դարձնելու գործընթացը որակել է «հեղափոխություն կրթական ոլորտում»` համոզմունք հայտնելով, թե սա երկրի զարգացմանն ուղղված ամենամեծ ներդրումն է:

«Ամենակարեւոր պահանջն այն է, որ Վրաստանում բոլոր դպրոցականները` 5-ից մինչեւ 16 տարեկան, անգլերեն խոսեն, եւ առաջիկա 4 տարիներին մենք կհասնենք դրան», – հայտարարել է նա` հավելելով, որ առաջին լեզուն վրացերենը կլինի, երկրորդ լեզուն` անգլերենը, իսկ երրորդ լեզուն կընտրվի հասարակության շրջանում եւ տարածաշրջանում պահանջարկը հաշվի առնելով` չինարենը, արաբերենը, թուրքերենը կամ ռուսերենը. Սահակաշվիլին, ըստ վրացական լրատվամիջոցների, լեզուները թվարկել է հենց այս հաջորդականությամբ, ռուսերենը նշելով ամենավերջում`արաբերենից ու թուրքերենից հետո:

Հայտարարելով, որ առաջիկա 4 տարիներին Վրաստանում օտար երկրներից ժամանած անգլերենի ուսուցիչների թիվը կհասնի 10 հազարի, Միխեիլ Սահակաշվիլին այս ծրագիրը համեմատել է միջնադարում վրաց թագավոր Դավիթ Շինարարի գործունեության հետ, ով վրացական բանակն ուժեղացնելու համար այլ երկրներից զինվորականներ էր բերել: «Այն ժամանակ պետության հզորությունը որոշվում էր բանակի մարտունակությամբ, իսկ հիմա` կրթությամբ», – պարզաբանել է նա:

Վրաստանի կրթության բնագավառում մյուս նորամուծությունը «Ռուսական շրջափակման 200 տարիները» վերնագրված ձեռնարկն է, որով այս տարվանից դպրոցներում ուսուցում է կազմակերպվելու պատմությանը կից:

Իրինա Հովհաննիսյան
azatutyun.am

No comments:

Post a Comment