Ի՞նչ է մեծ աղմուկ հանած «C-300»-ը
[ 2010/08/20 | 13:55 ] Հիմնական թողարկում, տարածաշրջան, քաղաքականություն
Վահե Սարուխանյան
Խորհրդային, այժմ արդեն ռուսական «C-300»-ը միջին հեռահարության զենիթահրթիռային կայանքների մեծ ընտանիք է: Այն ունի իր տարբերակները ցամաքային զորքերի («C-300B»), ռազմածովային նավատորմի («C-300Ф») եւ հակաօդային պաշտպանության` ՀՕՊ զորքերի համար («C-300П»): Վերջիններս էլ ունեն իրենց առանձին տարատեսակները:
ՀՕՊ զորքերում կիրառվող «C-300П»-ն լինում է երկու տեսակի` «C-300ПT» եւ «C-300ПC»: Սրանք միմյանցից տարբերվում են նրանով, որ առաջինի արձակող համակարգը փոխադրվում է քարշակի միջոցով, իսկ երկրորդինը ինքնագնաց է: Ընդ որում`«C-300ПT»-ն խորհրդային սպառազինության մեջ է մտել 1978-ին, սակայն վիետնամյան ու մերձավորարեւելյան ռազմական բախումների փորձը խորհրդային մասնագետներին ստիպել է 1982-ին անցում կատարել նոր` ավելի արագ ու այլ չափանիշներով նախորդին գերազանցող նոր տեսակի` «C-300ПC»-ին: Վերջինիս ձեւափոխված` մոդեռնիզացված տարբերակը ստացել է «C-300ПМ» անվանումը:
1993-ին Ռուսաստանը մշակել է «C-300ПМ»-ի արտահանվող տարբերակը, որն իր սարքավորումներով որոշակիորեն տարբերվում է ռուսաստանյան տարբերակից. արտահանվող տարբերակին տրվել է «C-300ПМУ-1» անվանումը: 1997-ին ասպարեզ է հանվել վերջինիս թարմացված օրինակը` «C-300ПМУ-2» «Ֆավորիտ»: Ռուսաստանը հենց այս տարբերակի 2 դիվիզիոն է, ըստ շրջանառվող լուրերի, պատրաստվում վաճառել Ադրբեջանին:
«C-300ПМУ-2» «Ֆավորիտ»-ի համար մշակված «48H6E2» հրթիռները ի զորու են մինչեւ 195 կմ հեռավորությամբ խոցել փոքր ու միջին հեռահարության բալիստիկ հրթիռներն ու աերոդինամիկ թիրախները` կառավարվող թռչող օբյեկտները:
«C-300ПМУ-2» «Ֆավորիտ»-ի մեկ կայանքն իր մեջ ներառում է 2 աշտարակ, 12 (4 հիմնական, 8 լրացուցիչ) արձակող համակարգ (զենիթահրթիռային համալիր), նշանառման եւ լուսավորման 1 ռադիոլոկատոր, ինչպես նաեւ 1 ղեկավարման համակարգ, որի մեջ են մտնում հրամանատարական կետն ու հայտնաբերման ռադիոլոկատորը: Արձակող համակարգերից կամ զենիթահրթիռային համալիրներից յուրաքանչյուրը սովորաբար գտնվում է իր զորամասի անձնակազմի տրամադրության տակ: Հրամանատարական կետի նպատակը դրանց միջեւ թիրախների բաշխումն է:
«C-300ПМУ-2» «Ֆավորիտ»-ը մարտական վիճակի է բերվում 5 րոպեում: Կայանքի զենիթահրթիռային համալիրներից յուրաքանչյուրը կարող է միաժամանակ նշանառման դնել մինչեւ 12 հրթիռ եւ միաժամանակ խոցել մինչեւ 6 թիրախ: Համալիրը կարող է ոչնչացնել 10 մետրից մինչեւ 27 կմ բարձրության եւ 3-200 կմ հեռավորության տիրույթում 2800 մ/վրկ արագությամբ թռչող աերոդինամիկ ու բալիստիկ թիրախներ:
«C-300»-ը իրական ռազմական գործողությունների չի մասնակցել, սակայն զորավարժությունների ընթացքում ցույց է տվել իր բարձր կարգը:
Ռուսաստանն այժմ ունի նաեւ գերժամանակակից «C-400» կայանքներ, որոնք դեռեւս չի արտահանում: Ըստ wikipedia.org բաց հանրագիտարանի` դա տեղի կունենա միայն ռուսական բանակն այդ զինատեսակով հանդերձավորելուց հետո: Իսկ «C-300ПМУ-2» «Ֆավորիտ»-ը, որը «C-300» ընտանիքի առայժմ վերջին անդամն է, առաջին անգամ արտահանվել է Չինաստան: Վերջինս «C-300ПМУ-1»-ի եւ «C-300ПМУ-2»-ի նմանությամբ սկսել է թողարկել իր սեփական արտադրանքը: Ընդհանրապես «C-300»-ի տարբեր տեսակներ, ըստ wikipedia-ի, արտահանվել են Հնդկաստան, Կիպրոս, Իրան, Վիետնամ, Հունգարիա, Սիրիա, Ալժիր, Բելառուս, Բուլղարիա, Ղազախստան, նախկին Դեմոկրատական Գերմիանիա, Սլովակիա, Ուկրաինա, Հայաստան: ԱՄՆ-ը ոչ ամբողջական համակարգ է ձեռք բերել Բելառուսից, իսկ Ղազախստանի միջոցով Ռուսաստանից գնման փորձը ձախողվել է, Հարավային Կորեան էլ մշակում է «C-300»-ի իր տարբերակը:
Հայաստանի մասին ինֆորմացիան բավականին սուղ է: Նշվում է, որ ամբողջական տվյալներ չկան, սակայն հաստատված է «C-300ПС»-ի նվազագույնը 2 դիվիզիոնի առկայությունը մեր երկրում: Բանն այն է, որ 2005-ի օգոստոսին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Տաջիկստանի ՀՕՊ ստորաբաժումները մասնակցել են ԱՊՀ-ի ՀՕՊ միավորված համակարգի «Ռազմական համագործակցություն-2005» զորավարժության հերթական փուլին, որին Հայաստանը ներկայացված է եղել հենց «C-300ПС»-ի 2 դիվիզիոնով: Ընդ որում` «C-300ПМУ-2» «Ֆավորիտ»-ը «C-300ПС»-ից հետո ստեղծված երրորդ թարմացված տարբերակն է, այնպես որ նրանից առավել հզոր է:
wikipedia-ում տվյալներ չկան այն մասին, որ Ադրբեջանը ներկայումս տիրապետում է «C-300ПМУ-2» «Ֆավորիտ»-ի, փոխարենը նշված է, որ հարեւան երկիրն ունի ավելի ցածր կարգի «C-200» զենիթահրթիռային համակարգ, սակայն քանակը չի նշվում:
Ադրբեջանին «C-300»-ի հավանական վաճառքի առումով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս Հանրային հեռուստաընկերությանը ասել է հետեւյալը. «Գիտեք, «C-300» զենիթահրթիռային համակարգերը տագնապի ինչ-որ խորհրդանիշ են դարձել: Այժմ Ադրբեջանի առիթով են որոշակի խոսակցություններ սկսվել, ավելի վաղ նման խոսակցություններ կային նաև Իրանի պարագայում: Այժմ այլ երկրների առումով էլ են նման խուճապային կարծիքներ հնչում, թե եթե որևէ երկիր ստանա «C- 300» համակարգերը, դա կապակայունացնի իրադրությունը: Սակայն եկեք չմոռանանք, թե իրենցից ինչ են ներկայացնում «C-300» զենիթահրթիռային համակարգերը, դրանք պաշտպանական սպառազինություններ են` կոչված պաշտպանելու համապատասխան տարածքը դրսի հրթիռային հարձակումներից: Ահա և վերջ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք «C-300» համակարգերը, ինչպես և սպառազինությունների ցանկացած տեսակ, մատակարարում ենք միջազգային իրավունքի նորմերին, այդ ոլորտում մեր միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես և արտահանման վերահսկմանն առնչվող մեր ներքին օրենսդրությանը համապատասխան, որը սպառազինությունների վաճառքով զբաղվող պետությունների շարքում ամենախիստերից է: Մենք երբեք զենք չենք մատակարարում այնպիսի տարածաշրջաններ, որտեղ նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը, լինի դա Անդրկովկասը, Մերձավոր թե Միջին Արևելքը, կամ մոլորակի մեկ այլ հատված: Ուստի, իմ կարծիքով, պետք է դիտարկել խնդրի էությունը, իսկ էությունն այն է, որ խոսքը պաշտպանական սպառազինությունների մասին է, որոնք մատակարարվում են բացառապես միջազգային պայմանավորվածությունների պահանջներին համապատասխան: Ես չէի փորձի դրանում իրադրությունն ապակայունացնող գործոն փնտրել: Պաշտպանական սպառազինություններն իրադրությունը չեն ապակայունացնում: Բացառությամբ միայն այն դեպքերի, երբ ինչ-որ մեկը փորձում է հարձակողական սպառազինություն գործի դնել, պաշտպանական սպառազինությունները կարող են խնդիր հարուցել նրա համար, ով ուժ է ծրագրում կիրառել: Ես համոզված եմ` տարածաշրջանում, որի մասին խոսում ենք, որևէ պետություն չի պատրաստվում նոր ռազմական գործողություններ սկսել, քանի որ դա աղետալի կլիներ»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ վերջերս ասել է. «Գտնում եմ, որ ցանկացած նոր սպառազինության ձեռքբերում ուժերի հավասարակշռության վրա համապատասխան նաեւ ազդեցություն կունենա, բայց հիշեցնում եմ, որ «C-300» համակարգերը պաշտպանական համակարգեր են, եւ միեւնույն ժամանակ էլ նրանց հնարավոր ձեռքբերումների մասին մենք չենք կարող ասել՝ տեղեկություններ ունենք, թե չէ, առավել եւս, որ դա հերքվել է»:
Սակայն «C-300»-ի` պաշտպանական համակարգ լինելու մասին պաշտոնյաների հանգստացնող հայտարարություններին ի պատասխան բավական է նշել, որ սրանք ի զորու են նաեւ հրետանու նման խոցել վերգետնյա թիրախներ, եթե դրանց կոորդինատրները հայտնի են:
շարունակելի
Friday, August 20, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment