Saturday, August 7, 2010

Արքայից Արքա Տիգրան Մեծը այս տարի դառնում է 2150 տարեկան




Արքայից արքայի ծննդյանը նվիրված տոնակատարությունները մեկնարկել են
[ 2010/08/06 | 15:28 ] հասարակություն
Ինգա Մարտինյան

Այս տարի լրանում է Հայոց արքա Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակը, որին նվիրված միջոցառումները սկսվել են դեռ մայիսի 12-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած եռօրյա գիտաժողովով, ապա շարունակվել Բեռլինում, Հալեպում, Լայպցիգում, Համբուրգում, Փարիզում եւ Մարսելում` հայագիտական դասախոսությունների շարքով:

«Ցավում ենք, որ չնայած մեր ջանքերին` Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակը համապետական մակարդակով չնշվեց»,- ասում է «Սերունդ» հայապահպան միավորման ներկայացուցիչ Արտակ Մովսիսյանը:

Օգոստոսի 11-ին` Հայոց Բուն Տոմարի առաջին` Նավասարդի 1-ին օրը «Սերունդ» հայապահպան միավորումը ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ նախաձեռնում է ուխտագնացություն դեպի Արցախի Տիգրանակերտ: Դա, ըստ Արտակ Մովսիսյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ Տիգրան Մեծը հիմնադրել է 7 քաղաք` Տիգրանակերտ անունով, բայց այժմ դրանցից միայն Արցախի Տիգրանակերտն է, որ գտնվում է հայերի տիրապետման տակ:



«Ուխտագնացությունը նպատակ ունի շեշտելու նաեւ ազատագրված տարաքները, քանի որ երբ Տիգրան Մեծը հայտնվեց միջազգային բարդ կացության մեջ, ինքը զիջեց նվաճած տարածքները, բայց հայրենական մի թիզ հող չզիջեց: Մենք այս ուխտագնացությամբ ուզում ենք շեշտադրել տիգրանյան խորհուրդը եւ դասը` մեր օրերի համար»,- ասում է Արտակ Մովսիսյանը:

Ուխտագնացությունը մեկնարկելու է օգոստոսի 11-ի առավոտյան` Հայկ Նահապետի արձանին պսակադրությամբ: Միջոցառմանը ներկա կլինի նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դրանով մտադիր են նշել եւ Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակը, եւ Սեւրի պայմանագրի 90-ամյակը, որը լրանում է օգոստոսի 10-ին, եւ Հայոց Բուն Տոմարի 4502 թվականը:

Արցախի Տիգրանակերտից բացի, միջոցառումներ են նախատեսվում Ստեփանակերտում, Շուշիում եւ Բերձորում: Տիգրանակերտում կբացվի Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված հուշաքար, կցուցադրվի նաեւ «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը:

Հաջորդ օրը` օգոստոսի 12-ին, նախատեսվում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում անցկացնել ոգեկոչման արարողություն:

No comments:

Post a Comment