Wednesday, August 11, 2010

Պատմության ինստիտուտի տնօրենը համակարծիք չէ ՀՀ իշխանություններին

Պատմության ինստիտուտի տնօրենը համակարծիք չէ ՀՀ իշխանություններին
[ 2010/08/10 | 13:44 ] տարածաշրջան, քաղաքականություն
Վահե Սարուխանյան



«Տարիներ շարունակ մեզանում տիրում էր այն մտայնությունը, որ չարժե անդրադառնալ Սեւրի պայմանգրին, դա արկածախնրություն է: Այսինքն` իբր դա նշանակում է ձեռնոց նետել Թուրքիային ու վտանգել նորանկախ Հայաստանը: Ամբողջ հարցն այն է, որ ինչպես տարածքային հատուցման խնդիրը, այնպես էլ մինչ այդ ցեղասպանության խնդիրը շոշափելը ամենեւին նման բան չի ենթադրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Ցեղասպանության մասին խոսելը, ըստ նրա, ուղղակի կապվում է տարածքային հատուցման խնդրի հետ: «Մեր ցեղասպանությունը տարբերվում է մյուսներից նրանով, որ մեր դեպքում տեղի է ունեցել հայրենազրկում,- շեշտեց պատմաբանը:- Այսօր խոսել իրական հատուցման մասին (մի հանգամանք, որը իրավաբանորեն արձանագրվեց 1920-ի օգոստոսի 10-ին մեծ տերությունների կողմից) նշանակում է խոսել ՀՀ անվտանգության մասին, բարձրաձայնել այն իրողության մասին, որ ՀՀ-ն այսօր էլ գործ ունի նույն ցեղասպան երկրի հետ»:

Խնդրի լուծումը, Մելքոնյանի հավաստմամբ, ոչ ոք չի պատկերացնում պատերազմի կամ ուժի կիրառման միջոցով. «Աշխարհը մեկ անգամ դե յուրե հաստատել է իր կամքը եւ արդարացիորեն օսմանահպատակ ժողովուրդների համար արձանագրել է հեռանկար: Այսինքն` նրանց համար այնպիսի կենսապայմաններ, որ այդ ժողովուրդները երկարատեւ տիրապետության թոթափումից հետո կարողանան ունենալ ինքնուրույն պետականություն, ու դրանք գոյատեւեն»:



Աշոտ Մելքոնյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների սառեցման պայմաններում Սեւրի դաշնագրի խնդիրն էլ ավելի արդիական է դառնում:

«Երբ մենք ասում ենք, որ կսպասենք այնքան, մինչեւ թուրքական կողմը խորհրդարանական մակարդակով վավերացնի այդ արձանագրությունները, նշանակում է, որ մենք մեզ մատնում ենք պասիվության, որովհետեւ այդ արձանագրությունների ճակատագիրը ամբողջությամբ թողել ենք Թուրքիային,- նշեց պատմաբանը:- Ես կարծում եմ, որ Թուրքիայի օրեցօր կոշտացող քաղաքականության պայմաններում մենք այս կեցվածքին պետք ավելացնենք այն, որ Թուրքիայի կողմից վավերացումը չպիտի անպայման նշանակի ուղղակիորեն վավերացում հայկական կողմից, որովհետեւ այդ արձանագրության մեջ կա մի կետ, որն ուղղակի խաչ է քաշում Սեւրի դաշնագրի վրա»:

«Ի՞նչ է նշանակում դե-յուրե ճանաչում Ախուրյան-Արաքսը որպես պետական սահման ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ,- հարց է տալիս պատմության ինստիտուտի տնօրենը:- Նույնիսկ Կարսի պայմանագրի ստորագրումը չի նշանակում միջազգայնորեն այդ սահմանի ճանաչում, որովհետեւ եւ քեմալական Թուրքիան, եւ Խորհրդային Հայաստանը 1921-ի հոկտեմբերի 13-ին ստորագրված Կարսի պայմանագրի ժամանակ միջազգային սուբյեկտ չէին հանդիսանում, եւ այդ պայմանագիրը վավերական չէ: Այսօրվա պայմաններում միանգամայն այլ է, քանի որ եւ ՀՀ-ն, եւ Թուրքիան ՄԱԿ-ի անդամ են, եւ դրա վավերացումը կնշանակի մեր կողմից այդ սահմանի ճանաչում»:

Ա. Մելքոնյանն ասում է, որ Սեւրի դաշնագրի բարձրաձայնումը իր մեջ արկածախնդրության նշույլ չի պարունակում, որովհետեւ հենց ինքը` Թուրքիան է փորձում խնդիրը բարձրացնել միջազգային դատարանում` իրեն հանիրավի ցեղասպանության մեջ մեղադրելու հիմքով: «Մի օր կարող է ստացվել այնպես, որ հայկական կողմը, որը տուժյալ կողմ է ու պիտի խնդիրը դատարան տեղափոխեր, դատարանում հայտնվի Թուրքիայի կողմից դատարանում հարցն արծարծելուց հետո: Մենք Սեւրի դաշնագրի լույսի ներքո պիտի պատրաստ լինենք նման մարտահրավերների»,- եզրափակում է Ա. Մելքոնյանը:

No comments:

Post a Comment