Friday, July 2, 2010

ԿՈՄԱՆԴՈՍ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐՔԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻՑ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ»

ԿՈՄԱՆԴՈՍ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐՔԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻՑ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ»

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Հունիսի 18-ին Չայլու գյուղում կատարված ողբերգության մեջ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն առաջին հերթին մեղադրում է հայկական կողմին: Սահմանում եղել են անփորձ զինվորներ, հետեւաբար սպաները պետք է ավելի աչալուրջ լինեին ու չկորցնեին զգոնությունը:

«5 հոգու կորուստը հրամանատարության մեղքն է: Կատարվածն անուշադրության հետեւանք է: Սահմանին պետք է լինեին պատասխանատուներ: Այժմ դեպքի վայրում աշխատում է հատուկ խումբ, որը կբացահայտի կատարվածն, ու մեղավորները կպատժվեն: Սա պետք է դաս լինի հայկական կողմի համար, որ այսօրինակ դեպքերը չկրկնվեն: Խորհուրդ կտայի, որ հայկական կողմը պատասխան հարված տար ադրբեջանցիներին», ասաց նա` հավելելով, որ Չայլու գյուղում զինվորների պահվածքը չի արտացոլում հայկական բանակի պատկերը:

Նա նշում է, որ հայկական կողմը երբեւէ սադրանքի չի դիմում, ի տարբերություն Ադրբեջանի: Կոմանդոսը համոզված է. դա հատուկ է արվում, որպեսզի իրենց համոզեն, որ ադրբեջանական բանակն ուժեղ է, եւ նրանք պատրաստ են պատերազմի` այդ կերպ թաքցնելով իրենց թույլ կողմերը:

Համեմատական անցկացնելով հայկական եւ ադրբեջանական բանակների միջեւ` Արկադի Տեր-Թադեւոսյանն առանձնացնում է, որ ադրբեջանական բանակը քանակական առումով մեծ է, քան` հայկականը: Սակայն քանակը դեռ չի նշանակում որակ: «Ադրբեջանական բանակում մեծամասնություն են կազմում ազգային փոքրամասնությունները` թալիշներ, վրացիներ, լեզգիներ, որոնք այնքան էլ չեն ցանկանում պայքարել հանուն Ադրբեջանի եւ Ալիեւի կլանի: Ինչպես յուրաքանչյուր երկրում, այնպես էլ Ադրբեջանում, երկրի հարստությունը պատկանում է ոչ թե ժողովրդին, այլ` իշխանություններին: Հետեւաբար, երբ ասում են` Ադրբեջանը նավթի երկիր է, եւ Բաքվում մարդիկ երջանիկ են` սուտ է: Ադրբեջանում ներքին մթնոլորտը սրված է, եւ դա արտացոլվում է նաեւ բանակում»:

Կոմանդոսը չի բացառում ռազմական գործողությունների վերսկսումը, բայց եթե սկսվի, սկզբնական շրջանում հաղթանակը Ադրբեջանի կողմը կլինի: «Ադրբեջանն այդ հաղթանակը կապահովի փողի եւ տեխնիկայի օգնությամբ: Կլինեն բազմաթիվ զոհեր, սակայն որոշակի պահի հայկական կողմը մարդկային գործոնի շնորհիվ հաղթանակ կտանի: Ադրբեջանում սպաները ստիպում են զինվորներին, որ կռվեն: Դա իրենց հայրենիքը չէ եւ չեն ցանկանում օտար հողի համար մահանալ: Այս դեպքում հայկական կողմը ոչ միայն դուրս կշպրտի ագրեսորին, այլ ռազմական գործողություններ կծավալի սահմանից այն կողմ»:

Հայկական կողմը գիտե Ադրբեջանի թույլ տեղը. դրանք նավթամուղներն ու գազամուղներն են, եւ հնարավոր ռազմական գործողության պարագայում առաջին հերթին հայկական կողմը դրանք կպայթեցնի: «Այդ նավթի միայն 15 տոկոսն է պատկանում Ադրբեջանին, մնացյալը` Անգլիային, եւ նա թույլ չի տա Ադրբեջանին վտանգել իր հարստությունը` պատերազմ սկսելով Հայաստանի հետ»:

Կոմանդոսը հավելում է, որ եթե ռազմական ճանապարհով Ադրբեջանը չկարողանա հաղթել, գուցե հաղթի դիվանագիտական ճանապարհով: Ներկայացնելով G-8-ի հայտարարությունը` ասաց, որ դա հայկական դիվանագիտության պարտությունն էր:

«Երբեւէ չեմ կարդացել ավելի բացասական հայտարարություն Հայաստանի մասին: Տեքստում ասվում էՙ «Հանել զորքը տարածքներից»: Դա միանշանակ օգուտ է ադրբեջանական կողմին: Հայկական զորքի դուրսբերումը ազատագրված տարածքներից ողբերգություն է եւ Հայաստանի կործանումը: Սրանով կկերտվի պարտվողական Հայաստանի ապագան: Կսկսենք մեր թշնամիների մեջ փնտրել ընկեր, հետո մեր ընկերների մեջ` թշնամի: Դա կկործանի մեզ», ասաց նա` հավելելով, որ Քլինթոնի այցը Հայաստան հետապնդում է մեկ նպատակ` կյանքի կոչել G-8-ի հայտարարությունը:

Արտաքին քաղաքականության ուղեգիծը գնահատելով «2», Կոմանդոսը հիշեցնում էՙ հայկական կողմը դիվանագիտական պարտություն է կրել 1994թ, երբ Բիշքեկում կնքվեց հրադադարի համաձայնագիր: «Համաձայնագրի կետերից մեկում Ադրբեջանը պահանջում է զորքերի դուրսբերում տարածքներից: Պատերազմում պարտվող կողմը նման պահանջ է դնում, եւ հաղթող կողմը դա ընդունում է: Մեր նախագահներն իրար հետեւից սխալներ են գործում: Պետք է հասկանանք, թե ինչու սխալվեցինք, որ հասանք այս արդյունքին»:

No comments:

Post a Comment