Friday, July 30, 2010

ՀԵՐԻՔ ՉԷ՞ ԿՈՐԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՀԵՐԻՔ ՉԷ՞ ԿՈՐԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ամսաթիվ՝ 30/07/2010Բաժին՝ Թուրքիա, ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացին մեկնում Թուրքիա` հանգստանալու – այս հարցադրումը վերջին օրերին հայկական սոցիալական կայքերում ամենաշատ քննարկվողներից է. օրերս հարեւան երկրում իր արձակուրդն անցկացնող 29-ամյա Աննա Դավթյանը անհետացել է հյուրանոցից: Ինչպես նշել է նրա մայրը` «աղջիկը եղել է 6 ամսվա հղի»: Մի քանի օր առաջ էլ թուրքական հանգստից վերադարձավ Սարաջյանների ընտանիքը, որի մայրը հայկական կայքերից մեկին պատմել էր, թե ինչպես իր ամուսնուն եւ 15-ամյա որդուն թուրքերը ծեծել են, հանձնել ոստիկանություն… միայն այն պատճառով, որ ընտանիքը պահանջել է իրենց տրամադրել «իրոք 5-աստղանի հյուրանոց», որի համար վճարել էին դեռ Երեւանում: Խնդիրն անշուշտ լուրջ քննարկումներ եւ ուսումնասիրություններ պահանջող է, սակայն փորձենք հասկանալ` ինչո՞ւ հանկարծ հրեաները այս տարի որոշեցին ազգովին բոյկոտել թուրքական լողափը, սակայն հայերս` ոչ: Թուրք-իսրայելական սկանդալից հետո իսրայելական գրեթե բոլոր ԶԼՄ-ները, պետական-հասարակական հիմնարկները միաբերան կոչ արեցին իսրայելցիներին` չմեկնել Թուրքիա, որովհետեւ «Թուրքիան մեզ պատերազմ է հայտարարել», բացի այդ, «թուրքական հյուրանոցների տարածքից դուրս` այդ երկրում որեւէ հրապուրիչ բան չկա զբոսաշրջիկի համար` «մուսուլմանական մուղամներ, նամազի հրավերներ, թուրք տղամարդկանց «անդուր եւ միանշանակ» հայացքներ…», գրեցին հրեաները: Իսկ մե՞նք` մեզ համար հրապուրի՞չ է այս ամենը, մեր կանայք արժանի՞ են «թուրք տղամարդկանց անդուր եւ հրապուրիչ հայացքներին»: Եթե Թուրքիան նոր է Իսրայելին «պատերազմ հայտարարել», ապա մեզ` երբվանի՞ց… մի՞թե միայն այն, որ այդ երկիրը չի վերացնում Հայաստանի շրջափակումը, հետեւաբար մեզ համարում է իրեն թշնամի, չի ստիպում մեզ էլ` գոնե հակընդդեմ քայլեր ձեռնարկել: Անշուշտ, խոսքը փոխադարձ թշնամանքի մասին չէ, այլ սկզբունքայնության` ազգային միասնակամ սկզբունքայնության: Իսկ, որ թուրքերը մեզ մեծ սիրով են ընդունում, ապա անում են լոկ նրա համար, որ հետագայում ի լուր աշխարհի բարձրաձայնեն` «հայերը մեզ թշնամի են համարում, իսկ մենք մեր հյուրանոցներում սպասարկում ենք նրանց` ժպիտը դեմքերիս», տեսնո՞ւմ եքՙ ինչքան լավն ենք մենք ու արդար, այս «շարունակությամբ»:



Ահա Թուրքիայի նպատակը, իսկ ո՞րն է մերը, այն ՀՀ քաղաքացիներինը, որոնք արհամարհելով, որ Անկարայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեկնում են թուրքական լողափ` 10-14-20 օրերով, ո՞վ պետք է նրանց պաշտպանի, երբ հանկարծ անձնագիրը կորի, վթարի ենթարկվի, ի վերջո` ինքը անհետանա, ո՞վ է այսօր պաշտպանում այն հայուհիներին, որոնք առանց անձնագրի «մի ձեռքից մյուսն են ընկնում», ոչ ոք: Վստահաբար, այն քաղաքացիները, որոնք իրենց թույլ են տալիս վայելել թուրքական լողափը, կարող են նաեւ մեկնել, օրինակ, Վրաստան, Եգիպտոս, «հին ու բարի ժամանակներից» հայտնի Օդեսա, Ղրիմ… հետեւաբար այստեղ խոսքը նախապատվության մասին է, որի տրամաբանությունը` ինձ համար կոնկրետ, անհասկանալի է:



«Երբ թուրք զրուցակիցս իմացավ, որ հայ եմ, թեյ հյուրասիրեց, ավելի սիրալիր դարձավ, մենք սկսեցինք բարեկամաբար զրուցել», «Ազգ»-ի հետ զրույցում նշեց 28-ամյա Վարդանը, որը նոր է վերադարձել Թուրքիայից: Իսկ մեր հարցերին, թե ո՞ւմ պետք է դիմեիք, եթե որեւէ խնդիր ունենայիք, նա պատասխանում է` «չգիտեմ», ո՞վ պետք է պաշտպաներ ձեզ Թուրքիայում, օրինակՙ գիշերային, պատահական փողոցային հարձակումից` «չգիտեմ», իսկ ինչո՞ւ նախընտրեցիք Թուրքիան, ասենք Վրաստանից, «չգիտեմ», պատասխանում է Վարդանը:



Լավ է, որ նա որեւէ խնդրի առջեւ չի կանգնել, առավել լավ է, որ շատերը ոչ մի խնդրի առջեւ չեն կանգնում, սակայն…Թուրքիայում անհետացել է հղի հայ կին, ծեծել են հոր ու որդու…կորում են բազմաթիվ հայերի` հատկապես օրիորդների անձնագրեր… իսկ «թուրքը մեզ սպասարկում է ժպիտը դեմքին», ինչո՞ւ` «չգիտենք»:

Azg.am

No comments:

Post a Comment