Sunday, September 19, 2010

Ինչպե՞ս թույլ չտալ ձախողված իշխանության վերարտադրությունը - 2


Ինչպե՞ս թույլ չտալ ձախողված իշխանության վերարտադրությունը - 2

սկիզբը՝ տե՛ս

Քաղաքական փոփոխությունների տեխնոլոգիան

Սերժ Սարգսյանի թիմի վերարտադրությունը թույլ չտալու համար անհրաժեշտ է քաղաքական դաշտի նոր փոխդասավորություն, իսկ դա հնարավոր է միայն ընդդիմադիր նոր ուժի առկայության դեպքում։ Միայն նոր ուժն ամբողջական ընդդիմություն կարող է դառնալ գործող ռեժիմին՝ չունենալով սարգսյանական թիմի դեմ դուրս գալու գաղափարական ու հոգեբանական որևէ կաշկանդվածություն և վեր պարզելով ազգային-դեմոկրատական փոփոխությունների դրոշը։

Նոր ուժի էներգետիկան կստիպի փոխել բացահայտ կամ վախվորած հակաիշխանական մյուս ուժերի ներքաղաքական պայքարի ռազմավարությունը, մարտավարությունը և հռետորաբանությունը՝ լայն ճակատ բացելով Ս. Սարգսյանի դեմ։ Արդյունքում՝ հնարավոր կլինի ձևավորել լայն կոնսոլիդացիա և գնալ իրական բարեփոխումների, որը ենթադրում է նաև իշխանափոխություն։

Մի պարզ բան պետք է ըմբռնել. եթե քաղաքական դաշտի այս «ստատուս քվոն» պահպանվի, ապա առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին մենք տեսանք Երևանի ավագանու ընտրություններին, երբ ա. ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն վերցրեց և միահեծան իշխանություն ձևավորելու հնարավորություն ստացավ, բ. ԲՀԿ-ն ահագին ձայներ հավաքեց, բայց չկարողացավ ազդել երևանյան իշխանության կառուցվածքի վրա ու հիմա անհասկանալի քաղաքական կարգավիճակ ունի մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնում, գ. ՀՅԴ-ն չհավաքեց անցողիկ տոկոսները, դ. «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեցին 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրենց կայացրած սխալ որոշումը սրբագրելու հոգեմաշ գործունեությամբ զբաղվել, բայց արդյունքում հայտնվեցին տերպետրոսյանական քարոզիչների լուտանքների տակ, դե իսկ Տեր-Պետրոսյանն այլևս չուներ 2008-ի «հմայքը» և ավագանի դառնալու հարցում բավարարվեց ՀԱԿ-ի ստացած շուրջ 15 տոկոսանոց ձայնաքանակով, ինչից հետո էլ հայտարարեց, թե ընտրությունները կեղծվել են, և զբաղվեց իր սիրած գործով՝ գնաց տուն։ Սա՛ է մեզ սպասվում առաջիկա համապետական ընտրություններում, եթե քաղաքական զարգացումներին նոր շունչ չհաղորդվի։

Նկատենք, որ ընդդիմադիր շարժումն այն չէ, երբ հազարավոր մարդկանց հանում ես փողոց, շուրջօրյա ռեժիմով նրանց պահում դուրսը ու երբ իշխանությունները տասը զոհի գնով նախագահի աթոռ են վերցնում ու քեզ էլ առաջարկում բնակարանից դուրս չգալ՝ դրանից ամիսներ անց հիշում ես Եղիազար Այնթապցու «գեղամյանական» ոճի պատմությունը և ավազակապետություն որակված թիմին, հանուն «պետական» շահի, առաջարկում ազգային փրկության համատեղ կառավարություն ձևավորել ու ձեռքի հետ էլ սպասում ազգային աղետի, որ շանս ստանաս հայտարարելու, թե տեսա՞ք, որ ես ճիշտ էի. դա քելեխի տերտերություն է, այլ ոչ թե քաղաքական լիդերի պահվածք։ Այլ խոսքերով՝ դա քաղաքական անմեղսունակություն է։

Նոր ուժի առաքելությանը կանդրադառնամ քիչ հետ, իսկ այժմ մի փոքր «լիրիկական» զեղում։

Собака на сене

2008-ի և 2009-ի համեմատ Սարգսյանն ու իր թիմը գնալով է՛լ ավելի են վարկաբեկվել և այդ բացասական դինամիկան շարունակվում է, բայց, եկեք հստակ գնահատենք իրավիճակը։ Մաշվածություն և վարկանիշի անկում կա նաև մյուս հիմնական ուժերի մոտ։ Դա հատկապես վերաբերում է 2008-ից հետո մնացած իներցիայով տիտղոսային ընդդիմություն ընկալվող ՀԱԿ-ին, որի գահավիժումն այնքան ակնհայտ է, որ անգամ Տեր-Պետրոսյանի իռացիոնալ նվիրյալներին է տեսանելի դարձել։ Իսկ դա նշանակում է, որ ընտրակեղծիքների մեքենան, որն մինչև օրս արել է իր սև գործը, չի խափանվել։ Իսկ դա հնարավորություն կտա սերժսարգսյանական թիմին հեշտությամբ վերարտադրվել։ Ի՞նչը կամ ո՞վ է նրանց խանգարելու այդ բանն անել, եթե ոչ քաղաքական դաշտի նոր փոխդասավորությունը և ներքին կյանքի «ստատուս քվոյի» փոփոխությունը։

Հրե՛ն, 2008-ից հետո մի շարք ընտրություններ են տեղի ունեցել, որոնք իրենց նշանակությամբ գրեթե համապետական բնույթ ունեին ու փաստացի անցնում էին «Սերժ Սարգսյան - Լևոն Տեր-Պետրոսյան» հակամարտության խորագրի ներքո (Կենտրոն համայնքի, Երևանի ավագանու, թիվ 10 ընտրատարածքի պատգամավորական ընտրություններ և այլն) և ի՞նչ։ Ոչի՛նչ։ Բայց չէ՞ որ դրանք յուրօրինակ արտահերթ ընտրություններ էին, ինչն այժմ էլ է պահանջում ՀԱԿ-ը։ Բան չունենք ասելու, թող պահանջեն, բայց մի՞թե արտահերթ ընտրությունների նպատակն այն է, որ ամեն անգամ հայտարարվի, թե իշխանությունները հերթական անգամ բացահայտեցին իրենց հանցավոր էությունը։ Էհ, գիտեինք էդ էության մասին։ Հետո՞։

Արժե՞ արդյոք, հույսը դնելով պարտված Տեր-Պետրոսյանի ու նրա պարտված գաղափարախոսության վրա, սպասել մինչև 2012 թվականը, որպեսզի կրկին ասել, թե կեղծվեցին ընտրությունները։ Իհա՛րկե չարժե։

Արտահերթ ընտրությունը և ընտրական գործընթացն ընդհանրապես պետք է միջոց հանդիսանան էլեկտորալ ակտիվության համար, այլ ոչ թե վերածվեն ինքնանպատակի ու հերթական պարտության, որից հետո մազոխիստական հաճույք ես ստանում սեփական թիմակիցների խոշտանգումներով՝ «Հարա՜յ, հասե՜ք, մեզ ծեծում են» թեմայով։ ՀԱԿ-ն իր ամեն պարտությունից հետո հենց այդպես էլ պահել է իրեն և դրանով նպաստել իշխանական թիմի անպատիժ ինքնավստահության բարձրացմանը։

Պարտությունների պատճառն այլ տեղ պետք է փնտրել։ Մի՞թե պարզ չէ, որ տերպետրոսյանական գաղափարախոսությունն ու քաղաքական մարտավարությունը հակակոնսոլիդացիոն, հակահայկական ու հակապետական բնույթ ունեն և հնարավոր չէ այդ փտած գործիքով պայքարել գործող ռեժիմի դեմ։ Եթե դեռ կան մարդիկ ովքեր դեռ չեն հասկացել այս ամենը, ապա հանգիստ կարող են շարունակել վանկարկել «Լե՛-վո՛ն, նախագա՛հ» կարգախոսը և հույսները դնել մարդաշատ հանրահավաքների վրա։ Ի դեպ՝ եթե լևոնենց հույսը մարդաշատ հանրահավաքներն են, ապա լրիվ ձախողված կարելի է համարել նրանց կոմպանիան, քանի որ Տեր–Պետրոսյանի առավելագույնն այդ մասով արդեն պատմություն է դարձել, որն այլևս չի կրկնվելու և ահա թե ինչու։

Տեսե՛ք. Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմից հայտարարում է, թե միայնակ չի կարող գնալ իշխանափոխության, բայց մյուս կողմից էլ իր գործունեությամբ ու դավանած արժեքներով ոչ միայն վանում է այլ ուժերին, այլ նաև սեփական թիմակիցներից շատերին, ապա այդ տրամաբանությամբ երբեք իրենց պատկերացրած կրիտիկական զանգվածը չի հավաքվի և Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը կդառնա հավերժ, իսկ ՀԱԿ-ը՝ ցանկալի «ընդդիմություն» իշխանության համար։ Սա՞ ենք ուզում։

Եվ ամենակարևորը՝ Տեր-Պետրոսյանն, ի դեմս «ֆուտբոլային» դիվանագիտության ձախողման, Սերժ Սարգսյանի հետ միասին խայտառակ պարտություն է կրել։ Այս ամենը հաշվի առնելով անհասկանալի է, թե հանուն ինչի են պայքարում լևոնականները։ Միայն իշխանափոխության պահանջ դնելով չէ։ Տեր-Պետրոսյանին իշխանության բերենք, որ ի՞նչ անենք. «ֆուտբոլային» դիվանագիտությունը մինչև վերջ շարունակե՞նք, ինչպես որ Լևոնն է պատկերացնում, 1995-ին «ընդունված» սահմանադրությունը վերականգնե՞նք, այսօրվա կաշառակերներին փոխարինենք երեկվա՞ կաշառակերներով, թե՞ թողնենք, որ ընտրակեղծիքներով զբաղվեն միայն հիմնադիր ընտրակեղծարարները։

Իրականությունն այն է, որ ՀՀ առաջին նախագահը բացի ընտրական ֆորմալ պարտությունից կրել է նաև շատ ավելի դաժան՝ գաղափարական պարտություն, և դա հասկանալով է, որ ՀԱԿ-ում հիմա զուտ մարդագլխաքանակ ապահովելու խնդիր են դրել։ Բա ուրիշ ի՞նչ պետք է անեն. եթե քաղաքական գաղափարը մեռնում է, ապա առաջ է գալիս մարդաքանակություն ապահովելու պարզունակ ծրագիրը, որը, թերևս, «Եղիազարի» հետ քաղաքական առևտրի գործիք կարող է լինել «գլխավոր միաբանի» ձեռքում կամ էլ մի քանի մերձավորների պատգամավոր դարձնելու միջոց, ուրիշ ոչինչ։ Բայց նույնիսկ քանակություն ապահովելու և եղածն ավելացնելու խնդիրը նրանք չեն կարողանում լուծել և դրա մասին հենց իրենք են ուղղակի կամ անուղղակի ձևով խոստովանում։ Բա վե՞րջը ...

Փաստ է, որ Լ. Տեր-Պետրոսյանն այլևս չի կարող կրկնել 2008-ի ալիքը, որովհետև դրանից հետո միայն ռեսուրսային (գաղափարական, մարդկային, ֆինանսական և այլ) կորուստներ է ունեցել։ Ուրեմն ի՞նչ, էլ ոտքի չկանգնե՞նք՝ ինչ է թե քիրվաները չեն ուզում մարգինալ դառնալ։ Բայց Տեր-Պետրոսյանի «միաբանական» ծրագրերն ու մարգինալ չդառնալու ցանկությունն ի՞նչ կապ ունեն Հայաստանի ապագայի հետ։

. . .

Սեփական ձախողումները տեսնելով և կանխազգալով քաղաքական անփառունակ վախճանը՝ տերպետրոսյանականներն այժմ թիրախ են դարձրել հասարակությանը։ Պարզվում է՝ այս իրավիճակի պատասխանատուն ժողովրդի այն մասն է, որն իշխանության գալու հարցում չի օգնում իրենց։ «Ընդդիմադիր» մամուլն ու առանձին գործիչներ մեր հասարակության այդ հատվածին ներկայացնում են ծախու, անսկզբունքային և երեսպաշտ լինելու մեղադրանքներ, ու դրանով բացատրում երկրի ներկայիս վիճակը։ Այսինքն՝ «Հայկական Բուրբոններն» այդպես էլ չեն հասկացել, որ «սերգոջանային» գաղափարախոսությամբ իրենք չէին կարող ու այսուհետ ևս չեն կարողանալու իշխանության գալ ու, կամա թե ակամա, ծառայելու են գործող քիրվային, ուստի՝ ժողովրդին պետք չէ մեղադրել։

Արդեն իսկ ակնհայտ է, որ ՀԱԿ առաջնորդն ընդամենը լուծում է ջրի երեսին մնալու և նախագահական ընտրություններից հետո առկա իներցիան մի կերպ պահելու խնդիրը՝ «Տեսնենք, հետո կա՛մ էշը կսատկի, կա՛մ էշատերը» կամ «Փորձենք դառնալ «Եղիազարի» «էջմիածնական միաբանը»» տարբերակների շրջանակներում։ Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը ասվածի վառ ապացույցն էր։

Պարզից էլ պարզ է, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած ցուցակը 2012-ին ձայներ է հավաքելու 5-10 տոկոսի շրջանակներում։ Դա լավագույն դեպքում։ Ու հիմա եթե կան մարդիկ, ովքեր պնդում են, թե ՀԱԿ-ի առկայության պարագայում ընդդիմադիր նոր ուժից խոսելն անիմաստ է, ապա դրանով նպաստում են այս իշխանությունների վերարտադրմանը։ Դա նույնն է, թե 2003-ի ընտրություններից հետո խոսվեր Ստեփան Դեմիրճյանի կամ «Արդարություն» դաշինքի դոմինանտ ընդդիմադիր լինելու մասին։

Ի դեպ, եթե թերթեք այն օրերի մամուլը, ապա հաստատ «դեժավյուի» զգացողություն կունենաք։ Այսօրվա լևոնականները, 2003-ից մինչև 2007-ն ընկած ժամանակահատվածում, մեղադրանքներ էին ներկայացնում Ստեփան Դեմիրճյանին։ Ասածներն այն էր, թե վերջինս զբաղեցրել է ընդդիմադիր քաղաքական դաշտը, բայց ակնհայտ է, որ չունի նախկին վարկանիշը։ Դեմիրճյանը նրանց հակադարձում էր, թե հարթակն ազատ է, խնդրեմ, ով ուզում է թող զբաղեցնի այն, բայց չի կարող, որովհետև մենք ենք տիտղոսային ընդդիմությունը։ Բացի այդ՝ լևոնականներն այն ժամանակ ՀԺԿ նախագահին մեղադրում էին նաև գաղափարական մասով։ ««Արդարություն» դաշինքում հավաքվել են տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ և այդ պատճառով էլ իշխանությունների դեմ արդյունավետ պայքար չի ստացվում»,- հայտարարում էին Ստեփան Դեմիրճյանի հետ այսօր ՀԱԿ-ում հայտնված գործիչներից շատերը։ Դեմիրճյանենք պատասխանում էին, թե իրենց միավորում է իշխանափոխության գերնպատակը և կարիք չկա մտնել գաղափարախոսությունների դաշտ։ Իսկը «դեժավյու» ...

Ո՞րն է մեր ցանկությունը

Ես պատրանքներ չունեմ և չեմ կարծում, որ իմ պատկերացրած ընդդիմադիր նոր ուժը ԱԺ ընտրություններում կհավաքի, ասենք, 80% ձայն, նոր կաբինետ կձևավորի և կգնա համակարգային բարեփոխումների, բայց ես համոզված եմ, որ առանց նոր ուժի հնարավոր չէ փոխել ներհայաստանյան կյանքի «ստատուս քվոն» և արժեհամակարգային տրանսֆորմացիայի ենթարկել ՀՀ տնտեսաքաղաքական հարաբերությունները, ինչն անելու համար պարտադիր նախապայման է իշխանափոխությունը։

Հասկանալի է, որ սրանք կատաղի դիմադրություն ցույց կտան, բայց որպեսզի իշխանափոխությունը լինի անարյուն և չտանի մեր պետությունը ցնցումների, պետք է այնպես անել, որ ընտրակեղծիքների մեխանիզմը շարքից դուրս բերվի մինչև ընտրությունները։ Հակառակ դեպքում՝ մեր քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության անխտիր բոլոր մեթոդները կիրառելի կարող են լինել։

Այլ խոսքերով՝ քաղաքական նոր ուժը պետք է լինի երկրին անհրաժեշտ համակարգային փոփոխությունների շարժիչը, այլընտրանքային գաղափարական հարթակ ձևավորողը և Սերժ Սարգսյանի գլխավորած այս փտած համակարգի գերեզմանափորը։

Կուզենայի հատուկ շեշտել, որ իշխանափոխությունը մեր ներքին կյանքի «ստատուս քվոն» և հարաբերությունները փոխելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։ Մարդիկ պետք է իմանան, թե ինչն ինչով է փոխվելու։ Ասել է թե՝ իշխանափոխությունը միջոց է, այլ ոչ թե նպատակ։ Նպատակ կարող է լինել միայն ազգային-դեմոկրատական փոփոխությունների միջոցով կառուցվելիք Նոր Հայաստանը։

Անդրանիկ Թևանյան

No comments:

Post a Comment