ՀՀ նախագահը ողջունել է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է ասել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ: Նա իր խոսքում մասնավորապես, ասել է.
«Ուղիղ 90 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի սահմանների վերաբերյալ կայացրեց Իրավարար վճիռ:
Քսաներորդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդարությունը եւ վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետեւանքները: Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում եւ ամրագրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը:
Օրինադավությունը եւ բիրտ ուժը խոչընդոտեցին ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելու հնարավորությունը: Այդուհանդերձ, դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար եւ իրավական ուժ:
Առաջին աշխարհամարտի ավարտին փլուզվեցին կայսրություններ եւ Եվրոպայի մի շարք ժողովուրդներ ստացան իրենց ազգային պետությունները ստեղծելու ճանապարհով ինքնորոշվելու հնարավորություն: Նախագահ Վիլսոնը ցանկանում էր, որ Հայաստանը լինի նրանցից մեկը եւ օգտվի եվրոպական քաղաքակրթության ընձեռած բոլոր հնարավորություններից: Նա գիտեր, թե ինչ է նշանակում մեծ երկրի պատասխանատվությունը, նա չէր անտեսում փոքրաթիվ ժողովուրդների տառապանքները:
Անգամ այսօր, իր պատմական ավանդի ուժով, Վուդրո Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը, կանխել ցեղասպանությունները եւ միջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամենաթողությունը խափանելու ուղղությամբ: Նա այն մարդն է, ում երախտապարտ հայ ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես արդարության ջատագովի եւ իսկական բարեկամի:
Պատմական այդ եզրույթի գիտական ուսումնասիրությունն ու վերլուծությունն ունեն կարեւոր նշանակություն: Գիտաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:
ArmAr.am
No comments:
Post a Comment