Ամսաթիվ՝  04/07/2011Բաժին՝ Ապատեղեկատվություն, Հայաստան, Պատմության կեղծում, Վերլուծական

Հունիսի 27-ին Արցախում մեկնարկեց  «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցը, որն իրականացվում է  «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի  նախաձեռնությամբ և Հայկական  բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։
Ըստ կազմակերպիչների` մրցութային կարգով  Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակից առաջիկա  երկու շաբաթվա ընթացքում Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից  դասախոսություններ կլսի հասարակական գիտությունների, հատկապես`  քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների,  հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, արվեստի  պատմության և մի շարք այլ  ոլորտների   վերաբերյալ։
«Դասախոսելու համար Հայաստանից և  Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ և քաղաքական  վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա  Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը, Արշակ Բալայանը Հայաստանից, Գրեգ  Ավթանդիլյանը, Ռոբերտ Նալբանդովը և Ռազմիկ Փանոսյանը Սփյուռքից»,- գրված է  նախաձեռնության մամլո հաղորդագրության մեջ:
Արտաքուստ կարևոր ու օգտակար թվացող այս  հաղորդագրությունը դեռևս մայիս ամսին մեծ ոգևորությամբ տարածեցին բազմաթիվ  հայաստանյան լրատվամիջոցներ:
Սակայն ամառային դպրոցի մեկնարկից երեք օր  առաջ` հունիսի 24-ին, «Հայաստանի զրուցակից» թերթում լույս տեսավ  հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ  («Արցախյան ազատամարտն անջատողական պիտակողները գալիս են Արցախ…  ուսուցանելու»), որում նա սուր քննադատության է ենթարկում այդ  նախաձեռնությունը` բացահայտելով ոչ հայանպաստ փաստեր հրավիրված դասախոսների  սկզբունքների, գաղափարների և գործունեության վերաբերյալ:
ԱՄՆ-ից Արցախ ժամանած դասախոս Ռազմիկ  Փանոսյանը, ինչպես իր հարցազրույցում նշել է Այվազյանը, արցախյան  ազգային-ազատագրական շարժումն անվանում է անջատողական: Սակայն դա Փանոսյանի  միակ ապազգային տեսակետը չէ. ինչպես տեղեկացնում է Այվազյանը, 2006 թ.  Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունում լույս տեսած իր «Հայեր.  թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» գրքում  Փանոսյանը սևացնում է վերջին տարիներին ստեղծված հայ պատմագիտական դպրոցը`  համարելով այն նացիոնալիստական: Մասնավորապես, նացիոնալիստ և ռևիզիոնիստ է  անվանում հայոց բնիկությունը հաստատող հեղինակներին` շրջանցելով հայերի  բնիկ լինելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու հետազոտությունները:
Փանոսյանը «ծայրահեղ նացիոնալիստ» է  անվանում նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, նաև` Հանրապետական  կուսակցության որոշ հին անդամների և ծաղրի ենթարկում նժդեհյան  ցեղակրոնության գաղափարներին հարելու համար:
Ցեղասպանությունից մազապուրծ և օտարության  մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է որպես «ռադիկալ» և  պատճառաբանում, թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և  հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին` հայ վրիժառուներին անվանելով  այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ»  եզրույթով,  որոնք «նացիոնալիստական  պահանջներ» էին առաջ քաշում (Փանոսյանն իր անհամաձայնությունն է հայտնում  նրանց «ազատամարտիկ» համարողներին):
Փանոսյանի թեթև ձեռքով նսեմացվում են նաև  հայ արքայատոհմերը, քանի որ նա կասկած է հայտնում Երվանդունիների հայ կամ  Արշակունիների հայախոս լինելու կապակցությամբ` շահարկելով, մի դեպքում, հին  էլիտաների համար սովորական խառնամուսնություններն օտար արքայական տների  ներկայացուցիչների հետ, մյուս դեպքում՝ առաջին Արշակունիների պարթևական  ծագումը:
Փանոսյանը պաշտպանում ու կրկնում է մեկ  այլ «հայագետի»` Ռոբերթ Թոմսոնի ասածները, թե իբր Խորենացին գրել է  VIII  դարի կեսերին և ոչ թե V դարում», ինչպես նաև մեջբերում է Պատմահոր հասցեին  Թոմսոնի հայհոյանքը. «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է, իսկ նրա երկը՝  ոչ հավաստի աղբյուր»:
Ինչ վերաբերում է հայ ազատագրական  շարժումներին, ապա ըստ Փանոսյանի, օրինակ, Դավիթ բեկի գլխավորած Սյունյաց  ապստամբությունը ազգային-ազատագրական պայքար չէր, այլ այն այդպես են  որակում «նացիոնալիստ պատմաբանները», իսկ Վարդանանց պատերազմը միմիայն  կրոնական պատերազմ էր՝ առանց ազատագրական նպատակների:
Փանոսյանը Արևմտյան Հայաստանի մասին  գրելիս չակերտների մեջ է դնում «կորուսյալ հողեր» արտահայտությունը, իսկ  Ջավախքը վրացական եզրույթով անվանում Ջավախեթի` այդ տարածքի նկատմամբ  ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները բնութագրելով  «նացիոնալիստական»:
Ինչպես նշում է Այվազյանը, Փանոսյանն իր  շարադրանքներում որևէ հիմնավորում չի տալիս` փոխարենն անելով անհեթեթ  հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել  հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը։ «Փանոսյանի  նմաններին ես կոչում եմ երիտսյունիներ։ Ինչպես և տխրահռչակ կեղծարար Ռ.  Սյունին, այնպես էլ Փանոսյանը երբևէ գիտական որևէ լուրջ ուսումնասիրություն  չի հեղինակել, նրա այս գիրքն էլ ընդամենը կրկնությունն է այն բոլոր կեղծ  դրույթների, որոնք ժամանակին հնչեցրել են Նինա Գարսոյանը, Ռոբերտ Թոմսոնը,  Ջեյմս Ռասելը, Ռոնալդ Սյունին, ամերիկյան «հայագիտական» դպրոցի այլ  ներկայացուցիչներ»,- ասում է Այվազյանը:
Ավելացնենք, որ ամառային դպրոցի  մասնակիցների համար «Մեդիա և հասարակություն» թեմայով դասախոսություն է  կարդալու նաև հայաստանցի լրագրող Էմիլ Դանիելյանը: Նա, ըստ Այվազյանի,  պարբերաբար հրաժարվում է օգտագործել իրավական կշիռ ունեցող  «ցեղասպանություն» եզրույթը` նախընտրելով «1915 թ. զանգվածային  սպանություններ և տեղահանումները», ինչը հաճախ է հանդիպում թուրքական  մերժողական դիրքորոշում ունեցող անգլիալեզու հրապարակումներում:
Նշենք, որ 2009 թ. «Արարատ»  ռազմավարագիտական կենտրոնը քննադատել և թարգմանաբար հրապարակել է այդ  լրագրողի հոդվածներից մեկը, որում նա կրկին ցեղասպանություն եզրը փոխարինել  է վերոնշյալ արտահայտությամբ: Ռազմավարագիտական կենտրոնի կոչը`  հրապարակայնորեն հերքել «զանգվածային սպանություններ» արտահայտության  կիրառումը, լրագրողը թողել է անպատասխան:
Սակայն այս ամենի մեջ ամենազավեշտալին այն  է, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է  «անջատողական»` ավելացնելով,  որ այն, «նացիոնալիստական պահանջների կիզակետ  դառնալով, եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը»։
«Սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և  Անկարայում. արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական  և ահաբեկչական մի շարժում»,- մեկնաբանում է Այվազյանը` զարմանալով, որ  անգամ Արցախում՝ հայոց սահմանագծին, չեն հասկանում, թե ում են գրկաբաց  ընդունել և վստահել հայ երիտասարդների կրթադաստիարակչական գործը. «Ի՞նչ են  սովորեցնելու հայ ուսանողներին այդ երիտսյունիները` կեղծ պատմությու՞ն,  ինքնատյացությու՞ն, կամազրկությու՞ն, թե՞ պարտություն», – հարցնում է  Այվազյանը:
Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր,  Արցախի խորհրդարանի պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը մեզ հայտնեց, որ  ամառային դպրոցի մասին տեղեկացել է Այվազյանի` «Հայաստանի զրուցակցին» տված  հարցազրույցից: Վերոնշյալ անձանց կողմից Արցախում դասախոսություն կարդալու  վերաբերյալ նա արտահայտվեց հետևյալ կերպ. «Դա խուլիգանություն է…»:
Արցախի կրթության և գիտության նախարար  Վլադիկ Խաչատրյանը սկզբում հայտնեց, որ ընդամենը տեղյակ է, որ նման բան է  կազմակերպվել, հետո ավելացրեց, որ իրենք չեն կարող խոչընդոտել օրենքով  գրանցված, թույլտվություն վերցրած հասարակական կազմակերպության  գործունեությունը: Քիչ անց նախարարն անձամբ զանգահարեց «Անկախի»  խմբագրություն` հայտնելով, որ ինքը մերժել է համալսարանի ռեկտորի դիմումը  Արցախի պետական համալսարանի շենքն ամառային դպրոցին տրամադրելու մասին.  «Հենց սկզբից էլ այդ ամենի մեջ ինչ-որ կասկածելի բան կար,- ասաց նախարարը,-  եթե հայ լրագրողը հրաժարվում է գործածել «ցեղասպանություն» բառը, դա արդեն  նորմալ չէ»:
Նախարարը նաև հայտնեց, որ ամառային դպրոցն  իր աշխատանքն անցկացնում է «Մեսրոպ Մաշտոց» մասնավոր համալսարանում, իսկ  իրենք վերահսկում են գործընթացը:
Ավելացնենք, որ Արցախում «Ամերիկացիներն  Արցախի համար» ՀԿ-ի ներկայացուցիչ է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակից  Կարեն Կոստանդյանը, որը ողջույնի խոսք է հղել ամառային դպրոցի  մասնակիցներին:
Փաստորեն, Ռազմիկ Փանոսյանը բավականին  գործնական հարաբերությունների մեջ է երիտասարդ հայ գիտնականների ու  պաշտոնյաների հետ. հետաքրքիր է` նրանք համագործակցում են` տեղյակ լինելո՞վ  Փանոսյանի գաղափարներին:
Նշենք, որ «Արցախ» հասարակագիտական  ամառային դպրոցի նախաձեռնողները ներկա ամառային դպրոցի հաջող իրականացման  դեպքում մտադիր են սույն ձեռնարկը դարձնել ամենամյա իրադարձություն…
Անի Գասպարյան | Հունիսի 28, 2011 14:54
Ankak.com
 
 
 
 
 
No comments:
Post a Comment