Մայիս 22, 2011թ. 20:03
Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ- 22 նոյեմբերի, 1920թ.Համաշխարհային քաղաքագիտական միտքը բազմիցս է անդրադարձել Վուդրո Վիլսոնի քաղաքական ժառանգությանը, սակայն գրեթե ոչինչ չի արվել վեր հանելու համար ԱՄՆ նախագահի հետևողական և աննկուն ջանքերը հանուն հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման և, ամենակարևորը, արժեվորելու համար այդ գործունեության բարձրակետը հանդիսացող Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշող և մեկընդմիշտ ամրագրող իրավարար վճռի (arbitral award) քաղաքական անանց կարևորությունը մերօրյա Հայաստանի Հանրապետության ներկայի և ապագայի համար:
Իրավարար վճռի նախընթացը
1920թ. ապրիլի 25-26-ին Դաշնակից և ընթերակա ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ նախագահին երկու խնդրանքով.
ա) ստանձնել Հայաստանի մանդատը,
բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի և Թուրքիայի սահմանը [1]:
Երկրորդ խնդրանքը նաև պաշտոնապես ամրագրվեց խաղաղության վեհաժողովի նախագահի՝ Ֆրանսիայի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի, 1920թ. ապրիլի 27-ի պաշտոնագրով [2]: Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սևրի դաշնագրի մեջ և արդեն Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև դաշնագիրը ստորագրած գրեթե 20 երկրի, անունից հղվեց ԱՄՆ նախագահին: ԱՄՆ նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը և նախագահի վարչակազմը) և համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ), մանրակրկիտ ուսումնասիրեցին հայցը և կայացրին իրավարար վճիռը:
Վուդրո Վիլսոնը իրավարար վճիռը ստորագրեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ՝ դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն վճռի պաշտոնական և ամբողջական անվանումն է. ՙԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ՚ 22 նոյեմբերի, 1920թ.:
Իրավարար վճռի բովանդակությունը
Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ.: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները:
Իրավարար վճռի ներկա կարգավիճակը
Իրավարար վճիռը վերջնական է և պարտադիր է կատարման համար [3]: Այն չունի ժամանակային սահմանափակում [4] և նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել և ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում [5]: Ըստ միջազգային իրավունքի՝ կողմերը, համաձայնվելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ [6]: Կողմերից մեկի մերժումը ի կատար ածելու իրավարարությունը, չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև 16 այլ երկրի կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետևյալ երկրներն են՝ Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա, Սլովակիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Բոսնիա, Հերցեգովինա, Մակեդոնիա և Մոնտենեգրո: Այն պարտադիր է նաև իրավարարի՝ Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը [7] և իրավարարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար [8]:
Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա) և բ) ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը և դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա:
Արա ՊԱՊՅԱՆ
Հղումներ և ծանոթագրություն
1. The Treaties of Peace, 1919-1923, vol. I, New York, 1924, p. xxxii.
2. Papers Relating to Foreign Relations of the United States, 1920, Washington, 1936, v. III, p. 780.
3. A Dictionary of Arbitration and its Terms, (ed. by Katharine Seide), New York, 1970. p. 32.
4. Luzius Wildhaber, Treaty Making Power and Constitution, Basel and Stuttgart, 1971, p. 98.
5. Manual of Public International Law, (ed. by Max Sorensen), New York, 1968, p. 693-4.
6. A Dictionary of Arbitration and its Terms, նշվ. աշխ. էջ 27:
7. Quincy Wright, The Control of American Foreign Relations, New York, 1922, p. 38.
8. John Collier, The Settlement of Disputes in International Law, Oxford, 1999, p. 265.
Առաջին անգամ տպագրվել է ՙԱզգ՚ օրաթերթում, 28 դեկտեմբերի, 2006թ., էջ 3:
ArmAr.am
No comments:
Post a Comment