Մայիս 20, 2011թ. 15:19
![5 5](https://lh3.googleusercontent.com/blogger_img_proxy/AEn0k_sHlb9Ic97XFMZBxzs_ccF_MqTC02r1xloVNBecHMAgbylhq3sgtwgDh66tlwczBryRX5V5ASgxBwSAlBUFf0tBUacFjXnwI65wgVYoFpXkhUdv9DXlt9KHSg-MJtihQA=s0-d)
Ջավախքում հայկական հյուպատոսարանի բացման բանակցությունների մասին ՀՀ Արտգործնախարարության նախաձեռնությունը չափազանց ուրախալի փաստ է: Նշենք, որ Ջավախքում հյուպատոսարանի բացման առաջարկով ՀՀ-ն հանդես էր եկել դեռևս 2002 թ., երբ նույն տարվա սեպտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքում Վրաստանի Նախագահի լիազոր-ներկայացուցիչ (նահանգապետ) Թեյմուրազ Մոսիաշվիլու գլխավորած պատվիրակության ՀՀ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի կողմից առաջարկվեց համատեղ ծրագրերի ընթացքին ավելի մոտիկից հետևելու նպատակով Ջավախքում բացել ՀՀ հյուպատոսարան: Վրաստանն այս առաջարկի նկատմամբ ցուցաբերեց կոշտ դիրքորոշում, իսկ վրացական մամուլն այս կապակցությամբ հանդես եկավ խիստ քննադատական հոդվածներով: Ավելացնենք նաև, որ հարևան Ադրբեջանը Վրաստանում ադրբեջանական հյուպատոսարանի բացման մասին հայտարարություններով հանդես է եկել դեռևս 1994 թ., երբ Վրաստանում գտնվող «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Մ. Մուրշուդզադեն հայտարարեց այդ մասին:
Ներկայումս, երբ Ջավախքի շրջաններում գնալով աճում է ՀՀ քաղաքացիների թիվը, դանդաղ, բայց քայլեր են արվում հայկական տնտեսական ներդրումների ուղղությամբ, հայկական հյուպատոսարանի բացումն ուղղակի անհրաժեշտություն է, որը կարող է դառնալ Ջավախքի` ՀՀ-ի, որպես Մայր պետության հետ իրավահարաբերվելու լավագույն կամուրջ: Ջավախահայությունն, իր հերթին, առկա խնդիրները ՀՀ պատկան մարմինների առջև իրավաբանորեն կարող է բարձրաձայնել հենց Ջավախքում:
Այդուհանդերձ, դատելով հայ-վրացական հարաբերությունների նախորդ շրջանի ոչ այնքան համաչափ զարգացումներից և Վրաստանի քայլերից, ՀՀ-ի այս նախաձեռնության բարեհաջող ավարտի մասին խոսելը դեռևս վաղ է:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ
No comments:
Post a Comment