[ 2010/09/30 | 12:41 ] տնտեսություն
Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։ Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
ՀՀ պետական կառավարման սկզբունքային բացթողումները և դրանց շտկման ուղիները
Ներածական
Պետության կառավարումը գնահատվում է պետական մարմինների կողմից հայտարարված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ցուցանիշների և նպատակների իրագործման որակով:
Ցավոք, անգամ կարճաժամկետ պլանավորման ընթացքում մեր պետական մարմինների համար ՀՀ տնտեսությունը ցուցաբերում է բացահայտ անկառավարելիություն: Դիտարկենք մի քանի թարմ օրինակներ:
1) 2010թ.-ի ՀՀ-ի բյուջեում պլանավորված էր տարեկան սղաճի 2,5-5,5 % տիրույթ: Սակայն արդեն հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար սղաճը գտնվում էր 10% ցուցանիշի մոտակայքում: Այսպիսով, պետության կողմից սղաճի պլանավորման սխալն արդեն կազմում է մոտ 2-3 անգամ:
2) 2009թ.-ի ՀՆԱ-ի անկումը կազմեց երկնիշ թիվ (մոտ 15%) և դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին պարծենում էինք երկնիշ աճով: Նման արդյունքը գալիս է ապացուցելու այն փաստը, որ նախորդ տարիներում ՀՀ-ում չի ապահովվել տնտեսության որակական զարգացումը:
3) 2010թ.-ի առաջին կիսամյակի ներմուծման ծավալները կազմել են մոտ $1,7 մլրդ. ԱՄՆ դոլար, իսկ արտահանման`միայն 440 մլն.: Այսպիսով, ներմուծումը գերազանցում է արտահանումը շուրջ 4 անգամ: Նման պատկերը բացահայտում են ՀՀ տնտեսության բացարձակ անմրցունակությունը, ինչպես նաև տարիներ շարունակ պետության կողմից ներմուծման և արտահանման ծավալների հավասարակշռմանն ուղղված միջոցառումների տապալումը:
Հայաստանի ճգնաժամի առանձնահատկությունը
Մեր ճգնաժամի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ 1991թ.-ից մեկնարկած պետական կառավարման ճգնաժամին 2008թ.-ին գումարվեց ներքին քաղաքական և արտաքին ֆինանսա-տնտեսական ճգնաժամը: Այսպիսով, ներկայումս Հայաստանը գտնվում է 3 ճգնաժամերի ճնշման ներքո, որից միայն մեկը (միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը) մեր «ստեղծագործությունը» չէ:
Այն անձիք, որոնք պնդում են, թե միջազգային ֆինանսա-տնտեսական ճգնաժամն ավարտվում է, սխալվում են, քանի որ ոսկու ռեկորդային բարձր գինը միջազգային շուկաներում (մոտ 1.300 ԱՄՆ դոլար) վկայում է ճիշտ հակառակը: Բանն այն է, որ ոսկու նման բարձր գինը ցույց է տալիս ներկայիս վիճակի նկատմամբ անվստահությունը և դեպի ապագան ուղղված բացասական սպասումները: Այդ իսկ պատճառով միջոցների զգալի մասը ոչ թե ուղղվում է տնտեսության տարբեր ճյուղեր, այլ` դեպի ոսկի: Այսպիսով, ոսկու պահանջարկն աճում է, ինչը նպաստում է այդ մետաղի գնի բարձրացմանը:
Պետական կառավարման 3 կարևոր բացթողումները
1) Բացասական ընտրասերում (սելեկցիա).
Արդեն 1991թ.-ից իշխանափոխության ընթացքում ՀՀ-ի պետական համակարգում սկսվեց «կադրերի թարմացման» գործընթացը կադրերի ջարդի տեսքով: Այդ գործընթացը բնորոշվում էր ոչ այնքան «հին մտածելակերպը» «նոր մտածելակերպով» փոխարինելու մտահոգությամբ, այլ` «մենք գիտենք ինչ անել», «շուկան ամեն ինչ իր տեղն է դնելու» և նման «ռոմանտիկ» կարգախոսներով:
«Մենք գիտենք, ինչ անել» կարգախոսի արդյունքում առ այսօր չգիտենք տարրական հարցի պատասխանը` «Ի՞նչ կառուցվածք պետք է ունենա մեր տնտեսությունը` մասնավորապես, ՀՆԱ-ն, ներմուծումը և արտահանումը»:
«Շուկան ամեն ինչ իր տեղն է դնելու» կարգախոսի արդյունքը դժվար չէ տեսնել սույն հոդվածի ներածական մասում: Իսկ եթե դրան գումարենք օլիգարխիայի ծնումը 90-ականներին և հզորացումը 3-րդ հազարամյակում, պատկերը դառնում է բավականին տխուր: Վայրենի շուկայացումը պետք է տար վայրենի արդյունքներ:
Փաստորեն, «հին մտածելակերպը» փոխարինվեց ոչ թե «նոր մտածելակերպով», այլ` պետական մտածելակերպի բացակայությամբ:
Այսպիսով, շուրջ 20 տարի մասնագետները դուրս են մղվում պետական կառավարման համակարգից, իսկ դեպի համակարգ նետվում են նրանք, ովքեր ուզում են «լավ ապրել»: Զուգահեռաբար, Պարկինսոնի օրենքի համաձայն, պետական համակարգը վերարտադրվում է` աճելով քանակապես և անկում ապրելով որակապես: Այս հիվանդությունը պետական համակարգից տարացվեծ դեպի օլիգարխիկ տնտեսական և կուսակցական համակարգերը:
Մասնագետները, բնականաբար, սկսեցին արտագաղթել` թուլացնելով մեր պետության մրցունակությունը և ուժեղացնելով այլ պետությունների մրցակցային դիրքերը: Իսկ երբ Հայաստանում հնչում են դժգոհություններ, թե «դժվար է գտնել մասնագետներին», ապա դա արդեն զավեշտ է, քանի որ խնդիրը ոչ թե մասնագետների բացակայությունն է, այլ «մասնագետներ որոնողների» մոտեցումերի որակն է:
2) Պետության կառուցման պարզունակ կրկնօրինակում.
Անկախության առաջին իսկ օրերից առ այսօր մեր պետությունը «կառուցվում» է «միջազգային փորձի» կիրառման սկզբունքով: Բազմաթիվ օրենքներ պարզապես թարգմանվում են ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից: Նույն սկզբունքով կառուցվում են տարատեսակ կոմիտեներ, հանձնաժողովներ, տեսչություններ և այլն:
Օրինակ, արդեն ավելի քան 15 տարի ՀՀ-ում «ձևավորվում» է ֆոնդային շուկան: Թարգմանվել և «թեղայնացվել» են օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, ստեղծվել կառույցներ, լիցենզավորվել բրոքերներ: Բացի արտարժույթի առք ու վաճառքից և պետական պարտատոմսերից, առ այսօր չի ձևավորվել արժեթղթերի շուկան:
Նման անհաջողություններն արդեն 20 տարի հաճախակի քողարկվում են «անցումային տնտեսություն» կախարդական բառակապակցությամբ: Բայց Սինգապուրը, Իսրայելը, Ճապոնիան, Գերմանիան, Հարավային Կորեան և մի շարք այլ պետություններ, ունենալով շատ ավելի վատ մեկնարկային պայմաններ, 20 տարվա ընթացքում կարողացան ստեղծել հզոր պետություն և արդյունավետ տնտեսություն:
3) Ազգային բարոյահոգեբանական արժեհամակարգի փլուզում.
Իրականում, այս գործոնը մեր անհաջողությունների մեխն է: Պետական բարեփոխումները լինում են հաջողակ, երբ իշխանությունները սեփական օրինակի, նիստուկացի և ազգային արժեհամակարգի դավանման միջոցով կրթում և դաստիարակում են սեփական ժողովրդին: Այս դեպքում ապահովվում է թե’ ժողովրդի և թե’ պետական բարեփոխումների բարձր կառավարելիությունը:
Օրինակ, երբ խոսվում է «միջին խավի ձևավորման» կարևորության մասին, մատնանշվում է, հիմնականում, նրանց տնտեսական բարեկեցության հատկանիշը: Սակայն, ամենուրեք քարոզելով սպառողական հասարակարգի «արժեքները», ձևավորվում է «էլիտար» կյանքին ձգտող և փող ունեցող լյումպենը: Իրականում, միջին խավն իրենից ներկայացնում է արժանապատվություն ունեցող, որպես մասնագետ գնահատվող և բարեկեցիկ ապրող սոցիալական շերտ: Սակայն, բարոյահոգեբանական արժեհամակարգի փլուզման հետևանքով վանվում է արժանապատվությունը և չի գնահատվում մասնագետը: Իսկ ի՞նչ է անում լյումպենը: Լյումպենը կրկնօրինակում է իր վերադասին, ինչպես Հայաստան-պետությունը կրկնօրինակում է այլ պետություններին (տես` սույն հոդվածի «Պետության կառուցման պարզունակ կրկնօրինակում» խորագիրը, – Հ.Մ.): Փաստորեն, մեր պետությունը` լյումպեն-պետություն է:
Այսպիսով, Հայաստանի մրցունակության մակարդակը բոլոր ասպարեզներում մոտենում է վտանգավոր սահմանագծին, որից այն կողմ` պետության փլուզումն է:
Ելքը
Ինչքան սաստիկ և համակարգային է ճգնաժամը, իսկ վիճակն անելանելի, այդքան մեծ է պետության թռիչքային զարգացման հավանականությունը:
Բերված սահմանումը` կառավարման հիմքային օրենքներից մեկն է: Ի տարբերություն սովորական մարդու պատկերացումների, կառավարման տեսությունը ճգնաժամը դիտարկում է դրական երանգներով: Ճգնաժամը հմուտ ձեռքերում խթանում է առողջացումը և բուռն զարգացումը: Դա տեսական օրենք չէ: Նշված պետությունների (Սինգապուր, Իսրայել, Ճապոնիա, Գերմանիա, Հարավային Կորեա) թռիչքներին նախորդել է սաստիկ ճգնաժամը: Ճգնաժամը բացահայտում է թուլություններն ու թերությունները և, անգամ, «հուշում» ելքի ճանապարհները:
1) Ազգի սերուցքի բյուրեղացում և ինքնակազմակերպում.
Հաշվի առնելով, որ պետության թռիչքի իրագործումը պահանջում է բարձր հոգևոր, մտավոր և կամային հատկանիշներ, պարզ է, որ նման գործընթացը կարող է ապահովել միայն ազգի սերուցքը: Ազգի սերուցքը պետք չէ խառնել ճգնաժամերի ընթացքում ի հայտ եկող «էլիտայի» կամ «ազգի փրկիչների» հետ: Թե ինչպե՞ս են նրանց տարբերակում` առանձին և ծավալուն թեմա է (ի դեպ` շատ «էլիտար մարդիկ» և «ազգի փրկիչներ» ՀՀ-ում արդեն բացահայտված են):
Մարդկության պատմությունը փաստում է, որ թռիչքն ապահովում են միայն այն պետությունները, որտեղ ազգի սերուցքին հաջողվում է համակարգային ճգնաժամի պայմաններում բյուրեղացվել և ինքնակազմակերպվել:
Պարզ է մի բան, որ այս գործընթացը ՀՀ-ում չի կարող սկսվել ոչ հին ու նոր իշխանական, ոչ կուսակցական, ոչ էլ օլիգարխիկ կառույցներում, քանի որ այնտեղ անհամեմատ մեծ է «լավ կյանքին» ձգտող մարդկանց տեսակարար կշիռը:
2) Ազգի «ոսկե հիմնադրամի» ստեղծում.
Պետության թռիչքային զարգացումը պահանջում է տարբեր ոլորտների բարձր որակի մասնագետների ներգրավումը: Հաշվի առնելով, որ հայերը դրսևորել և դրսևորում են իրենց մասնագիտական կարողություներն ամբողջ աշխարհում, հետևապես, Հայ ազգը չունի մասնագետների պակաս: Ուրիշ բան, որ մենք երբևէ լուրջ չենք զբաղվել նրանց բացահայտմամբ և հաշվառմամբ: Այսինքն, չենք կազմավորել ազգի «ոսկե հիմնադրամը»:
Առաջին փուլում անհրաժեշտ է որոնել և կապ հաստատել արդյունքի հասած հայ մասնագետների հետ` թե’ Հայաստանում և թե’ աշխարհում:
Երկրորդ փուլում անհրաժեշտ է իրենց հետ բանակցել` համագործակցության եղանակները համաձայնեցնելու նպատակով: Մի մասը, որոշակի պայմանների կատարման դեպքում, համաձայնվելու են աշխատել ՀՀ-ում: Մյուս մասը` այլ պայմանների դեպքում, պատրաստ են լինելու օժանդակել տեղում: Կլինեն մարդիկ, որոնք կտրականապես մերժելու են որևէ համագործակցություն:
Ազգի «ոսկե հիմնադրամի» ստեղծման լավ փորձ է կուտակել Իռլանդիան: Ի դեպ, իռլանդացիները, հայերի նման այն եզակի ազգերից են, որոնց մեծ մասն ապրում է սեփական պետությունից դուրս:
3) «Ստվերային» կառավարման կառույցների ձևավորում.
Մեզանում տարածված է այն կարծիքը, որ «ստվերային» կառավարման կառույցները հակապետական են: Այն ինչ` ճիշտ հակառակը: «Ստվերային» կառավարման կառույցներն ուժեղացնում են պետության պաշտպանվածությունն ընդհանրապես, իսկ ճգնաժամի ընթացքում` առավելապես: Երբ պետությունում առկա են այդ կառույցներն իրենց մասնագետներով, ճգնաժամի անբարենպաստ զարգացման պայմաններում նրանք ցանկացած պահին և շատ արագ կարող են հզորացնել տվյալ պետության կառավարման համակարգը:
Այս կառավարման եղանակը շատ է տարածված Մեծ Բրիտանիայում, որն այս հարցում ունի դարավոր ավանդույթներ: Այնտեղ բոլոր երեք խոշոր կուսակցություններն ունեն «ստվերային» կառավարություններ:
ՀՀ-ում «ստվերային» կառավարությունների բացակայությունը հաճախ ստիպում է մեր կուսակցություններին (անգամ մեկ պաշտոնատար անձի փոփոխության դեպքում) շտապ փնտրել և կուսակցության շարքեր ընդունել ապագա կամ արդեն նշանակված պաշտոնատար անձանց:
Վերջաբան
«Ազգը, որը չի ուզում պարտվել, չի պարտվում»: (Գարեգին Նժդեհ)
Հարություն Մեսրոբյան
տ.գ.թ., կառավարման փորձագետ
Thursday, September 30, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment