Wednesday, September 8, 2010

Այսօր եղած 6.000-7.000 լեզվից դարավերջում կմնա միայն 300-600-ը


[ 2010/09/08 | 18:49 ]

Օտարալեզու դպրոցների դեմ ակցիայի մասնակիցները խոստանում են, որ որևէ զիջում չեն անելու

Այսօր «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը պիկետ անցկացրեց Ազգային ժողովի` Դեմիրճյան փողոցում գտնվող մուտքի մոտ: Հիշեցնենք, որ օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրինագծերն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց հունիսի 24-ին:

Պիկետին մասնակցում էր ընդամենը մոտ 10 մարդ, ինչը պիկետի մասնակիցները բացատրեցին նրանով, որ այսօր ԱԺ-ն չի քննարկելու «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, այլ ԱԺ Գիտության և կրթության հանձնաժողովը քննարկելու է սեպտեմբերի 14-16-ի ԱԺ-ի նիստերի օրակարգի այդ փաթեթն ընդգրկելու հարցը:

«Մենք մարդաշատ չենք, որովհետև սա դեռ բողոքի այն ակցիան չէ, պարզապես սա հիշեցում է: Եթե ԱԺ-ն փորձի դա արդեն քննարկել երկրորդ ընթերցմամբ, բնականաբար, մենք շատ ավելի ուժգին, մարդաշատ բողոքի ակցիաներ կկազմակերպենք և բողոքի ու պայքարի շատ ավելի լայն տեսականի կօգտագործենք: Որևէ զիջում չի լինելու, ընդհակառակը` հարաճուն ագրեսիվությամբ պայքարելու ենք հանուն մեր նպատակների»,- ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Նա վերահաստատեց շարժման նպատակը, որն է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը շրջանառությունից հանելը:

«Համապատասխան փոփոխություններ չպետք է մտցվեն համապատասխան օրենսդրության մեջ, ինչը հնարավորություն կտար այդպիսի օտարալեզու դպրոցներ բացել արդեն օրինական: Իրենք փորձում են ինչ-որ ապօրինի բաներ անել, դրա դեմ էլ պետք է պայքարել: Բայց եթե հանցագործությունը օրինականացվում է, ապա դրա դեմ դու արդեն չես էլ կարող պայքարել»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Նա առաջարկում է օրինագծերը շրջանառությունից հանելուց հետո կազմակերպել լսումներ, քննարկումներ` Հայաստանում հանրակրթության, հայոց լեզվի կիրառման, զարգացման խնդիրների, ինտերնետում հայալեզու թվային բովանդակությունը մեծացնելու վերաբերյալ:

«Հույս դնել մեր իշխանությունների բարիք կամքի վրա, շատ անիմաստ, ժամանակ խլող զբաղմունք է: Ես հույս ունեմ իմ ընկերների, մեր հասարակության, հանրության գիտակցության վրա, և որ այդ գիտակցությունը և մեր կուռ կամքը այնքան ազդեցիկ կլինեն, որ հակառակ կողմը ստիպված լինի զիջել: Շատ լուրջ իրավիճակ է: Մենք 10-20 տարում վատ իմաստով մեր Հայաստանը չենք ճանաչի: Մեզ անընդհատ թվում է, թե սրանից վատ չի կարող լինել, բայց մեր իշխությունը հենց նրա համար գոյություն ունի, որ մեզ ապացուցի, որ, չէ, սրանից վատ էլ է լինում»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը:

Նա «Հետքին» ասաց, որ իրենց համար որևէ նշանակություն չունի, թե որտեղից է գալիս Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու պատվերը: Հայաստանը արտաքին տարբեր շահերի համընկնման կետում է, և երկրներ կան, որոնք ուղղակիորեն ցանկանում են իրենց ազդեցությունը Հայաստանում ընդլայնել (իսկ լեզուն և կրթությունը ազդեցության շատ կարևոր գործիքներ են):

«Եվ կա տեղական պատվեր: Այս քաղաքենիական, ֆեոդալական դասը որ կա` այսպես կոչված, մեր տերերը, պարզապես ուզում են ժողովրդից իրենց անջրպետը էլ ավելի խորացնել նաև լեզվակրթական համակարգում: Այսինքն` որ իրենց երեխաները անգամ խոսեն այլ լեզվով, անգամ այլ դպրոցներ հաճախեն, և անգամ ֆիզիկական շփման հնարավորությունը ավելի ցածր խավերի հետ, բացառվի»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Օտարալեզու դպրոցների համակարգը, նրա համոզմամբ, ամենախուլ գյուղի երեխայի համար անհնարին կդարձնի բարձրագույն կրթություն ստանալը, և հատկապես ծայրամասային դպրոցները կնմանվեն զուտ գրել-կարդալ սովորեցնող, ծխական ամենապարզունակ դպրոցների:

«Ամենախուլ գյուղում երեխան, ինչ է, դատապարտվա՞ծ է, ինքը չպիտի՞ ապագա ունենա, գոնե տարրական այդ կրթությունը, որ նա կարողանա շատ թե քիչ ստանալ, որոշակի հնարավորություն կտա, ինչպես սովետական ժամանակներում էր: Ամենախուլ գյուղից, առանց որևէ պարապողի, միայն դպրոցի և անձնական պարպմունքների հաշվին, մարդիկ գալիս, լավագույն բուհեր էին ընդունվում»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Պիկետի մասնակիցները սկզբում կանգնած էի ԱԺ` Դեմիրճյան փողոցում գտնվող այն մուտքի մոտ, որտեղով մեքենաները մտնում էին ԱԺ: Նրանք ասացին, որ նպատակն է, որ ԱԺ նախագահը տեսնի իրենց: Երբ ԱԺ նախագահն անցավ և տեսավ ակցիայի մասնակիցներին, նրանք տեղափոխվեցին մի քիչ ավելի վերև:

Երկու անցորդ կին դժգոհ էին, որ ակցիա է անցկացվում: Նրանցից մեկն ասաց. «Подумаешь, էս ո՞ր թիվն է: Ջուրը թանկացավ, լույսը թանկացավ, ի՞նչ ես կանգնել էստեղ, тоже мне: Օտար լեզուն պետք է: Ով հարուստ է, թող տա, ով հարուստ չի, թող չտա»:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ` Արամ Ապատյանն, ասաց, որ իրենք շրջել են մարզերում և համոզվել, որ մարզերի բնակիչները շատ քիչ են տեղյակ խնդրին, քանի որ կենտրոնական հեռուստատեսությունը դրան կամ չի անդրադարձել, կամ ներկայացրել է օտարալեզու դպրոցների կողմնակիցների տեսակետները: Մարզերում շատերը սխալմամբ կարծում են, թե օտարալեզու դպրոցներն այն դպրոցներն են, որտեղ օտար լեզուներն ավելի լավ են ուսումնասիրվում:

«Հետո երբ բացատրում ես իրենց, այդ մարդկանց մի զգալի մասը` միգուցե կեսը, ովքեր սկզբում կողմ էին, ասում են «չէ, չեղավ»: Ինչքանով մարդիկ ավելի քիչ են տեղեկացված, այնքան կողմակից են այս հարցին: Բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ մեծամասնությամբ դեմ են, որովհետև այն մարդիկ, ովքեր ստացել են այդ կրթությունը, սկսում են հասկանալ, որ սա իսկապես վտանգավոր մի բան է, և օտար լեզուների իմացության ճանապարհը այլ է»,- ասաց Արամ Ապատյանը:

Նրա խոսքերով` մեկ այլ շփոթմունք է այն կարծիքը, թե իբր անգլերենի ուսուցիչներ են հրավիրվում Վրաստան այն նպատակով, որ այդ երկրում ևս օտարալեզու դպրոցներ բացվեն: Մինչդեռ այդ ուսուցիչները վրացական դպրոցներում դասավանդելու են օտար լեզու առարկա և ոչ թե մաթեմատիկա, ֆիզիկա կամ քիմիա` օտար լեզվով:

«Ուրիշ բան, որ նրանք դա սկսելու են առաջին դասարանից: Բայց միևնույն է` դա մնում է օտար լեզու: Սահակաշվիլին ասաց, որ այս տարածաշրջանի լեզուներով Վրաստանում մարդիկ պետք է խոսեն, բայց բնավ խոսքը նրա մասին չէ, որ այս հասարակարգում մարդկանց մի մասը պետք է խոսի թուրքերեն, մի մասը` վրացերեն, մյուս մասը` անգլերեն, և մեկը մյուսին չհասկանա: Չէ, լինելու է վրացերենով կրթություն և բավարար իմացություն մնացած լեզուներից, առաջին հերթին` անգլերենից»,- ասաց Արամ Ապատյանը:

Ուստի, Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը արդարացնելու համար վրացիների օրինակը բերելը նա համարում է շփոթել երկու տարբեր երևույթ`օտարալեզու դպրոցներ և օտար լեզվի ուսուցում:

Երեկ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ շահարկում է համարում խոսակցությունները օտարալեզու դպրոցների վտանգավորության մասին և այլևս չի պատասխանելու դրանց:

«Կարելի է պատկերացնել` միշտ տրամաբանական պատասխաններ է տվել, մեր բոլոր փաստարկները ջախջախել է, հիմա հոգնել է արդեն: Այն ժամանակ էլ ասելիք չուներ, հիմա էլ չունի: Պարզապես զգաց, որ ավելի լավ է լռել. դա իր օգտին կարող է լինել»,- նախարարի հայտարարության վերաբերյալ կարծում է Արմեն Հովհաննիսյանը:

Իսկ Արամ Ապատյանը կարծում է, որ եթե մարդն ինչ-որ մի փաստարկ անվանում է շահարկում է և չի անդրադառնում այդ փաստարկի ճիշտ կամ սխալ լինելուն, ուրեմն չունի որևէ բնական պատասխան, հերքում այդ փաստին:

«Իսկ փաստարկը հետևյալն է, որ օտարալեզու դպրոցները կարող են դուրս մղել հայոց լեզուն, և նման երևույթներ տեղի են ունենում տարբեր երկրներում (խոսքը այլ լեզուներին մասին է). ավելի հզոր, ավելի շատ օգտագործվող լեզուները մտնում են այն ասպարեզ, որտեղ այս պահին օգտագործում են ուրիշ լեզուներ: Փաստ է նաև այն, որ եթե այս պահին աշխարհում 6.000-7.000 լեզու գոյություն ունի, ապա հաշվարկների համաձայն, որոնք կատարել են բանիմաց լեզվաբանները, այս դարի վերջում կմնա մոտ 300-600 լեզու: Այսինքն` ամեն 2 շաբաթը մեկ մահանում է մեկ լեզու: Ես կասեի, որ այդ փաստի վրա աչքեր փակել, ասել, որ «դա շահարկում է», նշանակում է, որ մի հիշեցրեք ինձ սրա մասին, ես սրան պատասխան չունեմ, բայց միևնույն է` ես իմ արածը անելու եմ»,- ասաց Արամ Ապատյանը:

Եթե ԿԳ նախարարի նախաձեռնության նպատակը Հայաստանում կրթությունը զարգացնելն է, ապա Արամ Ապատյանը նրան խորհուրդ է տալիս ուսումնասիրել, թե Ֆինլանդիայում, Շվեյցարիայում ինչպես են կարողանում զարգացնել կրթությունը իրենց սեփական լեզուներով ու փայլուն մակարդակի հասնել, և նույնն անել նաև Հայաստանում` զարգացնելով նաև օտար լեզուների իմացությունը:

Այսօրվա պիկետի ժամանակ ցուցարարներին մոտեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նա զանգահարեց և պարզեց, որ օրենքների փաթեթի` ԱԺ սեպտեմբերի 14-16 նիստերի օրակարգ մտցնելու հարցը լսվելու և հետաձգվելու է:

«Չեմ կարծում, որ այդ օրենքը ամբողջությամբ հետ ուղարկեն, բայց լեզվի մասին օրենքին, կարծում եմ, կարող է ձեռք չտան: Այդպիսի ցանկություն իշխանական կուսակցություններն էլ ունեն»,- ասաց պատգամավորը:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով` «Լեզվի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների հաստատվելու դեպքում օտարալեզու կրթությունը հնարավոր կլինի ներդնել հենց միջին դպրոցում, որտեղ ուսուցումը պարտադիր է, և պետք է հասնել նրան, որ նման կրթություն չներդրվի կրտսեր կամ միջին դպրոցում:

«Եթե «Լեզվի մասին» օրենքին ձեռք չեն տալիս, ապա Ռուբեն Վարդանյանը ուզում է դպրոց հիմնի կամ ուզում է Պողոս Պողոսյանը դպրոց հիմնի, արդեն ինքը չի կարող միջին դպրոցում դա ներդնել: Միայն ավագ դպրոցում կարող է ինչ-որ մի օրենքով թույլատրվել, որովհետև այն մասնագիտական է արդեն ու մանկավարժական տեսանկյունից վտանգավոր էլ չէ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ շատ մտահոգված չէ, որ ավագ դպրոցում օտարալեզու կրթություն կարող է ներդրվել, քանի որ բազային կրթությունը և անձի ձևավորումը տեղի են ունենում մինչ ավագ դպրոցը: Ուստի, եթե անձը ձևավորվում է հայկական մտածողությամբ մինչև 14-15 տարեկանը, ապա դրանից հետո արդեն այդ մտածողությունը փոխել հնարավոր չէ, ինչքան նա օտար լեզվով սովորի: «Մեր ամբողջ կռիվն այն է, որ եթե ինչ-որ բան անում են, միայն ավագ դպրոցով սահմանափակվեն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Պատգամավորի այս խոսքերը չբավարարեցին պիկետի մասնակիցներին: Արամ Ապատյանը նշեց, որ մտավախություն կա, որ 10-րդ դասարանում կարող են տեսնել, որ երեխաները վատ են տիրապետում տվյալ օտար լեզվին և առաջարկել օտարալեզու կրթությունը ներդնել ավելի վաղ տարիքում: Նման դեպքեր տարբեր երկրներում եղել են, օրինակ` Լիբանանում: Համաշխարհային բանկն առաջարկում է Լիբանանում անգլերենի դասաժամերն ավելացնել հենց առաջին դասարանից: Իսկ ակցիայի մասնակիցներից Աղավնի Սահակյանը նշեց, որ 9-րդ դասարանից հետո ևս մարդու մտածողությունը կատարելագործվում է, և այդ տարիքում ևս օտարալեզու դպրոցները վտանգավոր են:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ևս մոտեցավ պիկետի մասնակիցներին: Արամ Ապատյանը նրան տվեց օտարալեզու դպրոցների կողմ և դեմ փաստարկները ներկայացնող պրեզենտացիա` տպագիր տեսքով, ինչպես նաև այն նամակը, որը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը ուղարկել էր Հանրային խորհրդին: Նամակում ներկայացվում է, թե ինչպես կարելի է Հայաստանում միջազգային բանալավրիատը կազմակերպել հայոց լեզվով: Լիլիթ Գալստյանը խոստացավ նամակը և օտարալեզու դպրոցների վերաբերյալ տպագիր պրեզենտացիան ԱԺ-ում բաժանել իր գործընկերներին:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ևս մոտեցավ ակցիայի մասնակիցներին: Պատգամավորը նրանցից իմացավ, որ այսօր է որոշվելու օրենքներում փոփոխությունների փաթեթը սեպտեմբերի 14-16-ի նստաշրջան ընդգրկելու հարցը: Արձագանքելով ակցիայի մասնակիցների այն կոչին, որ պատգամավորներին համոզի դեմ քվեարկել օրինագծին` Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Համոզվելու համար պետք է լուրջ խելք ունենաս, չէ՞: Ես փորձում եմ համոզել: Դա միայն ինձանից չի կախված»:

No comments:

Post a Comment