Monday, September 20, 2010

Քարտեզներ. քաղաքականություն և գիտություն


Քարտեզներ. քաղաքականություն և գիտություն

Հայկական քարտեզների սխալ օգտագործումն ու աղավաղումը սկսել է համատարած բնույթ կրել։ Այսօր սխալ հայկական քարտեզներն օգտագործվում են ամենուրեք և բոլոր բնագավառներում։ Խնդիրը հատկապես Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին կամ առանց ազատագրված շրջանների պատկերելն է։ Վերջերս բլոգերներից մեկն (http://www.7or.am/hy/news/2010-08-30/17079/), անդրադառնալով այս թեմային, համեմատել էր ՀՀ պետական կառույցների, մասնավորապես նախարարությունների կայքէջերում տեղակայված ՀՀ քարտեզները։ Մեծ մասը, իհարկե, սխալ էր։ Միակ ճիշտ քարտեզը, որը ներառում էր նաև ԼՂՀ-ն իր բոլոր շրջաններով, տեղակայված էր ՀՀ կառավարության կայքում։ Ամենավերջին տեղում էր ՀՀ ԱԳՆ կայքում տեղադրված քարտեզը, որը ժամեր անց հեռացվեց այնտեղից։

Հայաստանն ու Արցախը որպես մեկ ամբողջություն պատկերելու գիտակցությունն իսպառ բացակայում է, ընդ որում այն աստիճանի, որ, օրինակ, «Օդնոկլասնիկի» կայքի նվերների ցանկում կա Հայաստանի քարտեզը, բնականաբար, առանց Արցախի։ Նույն պատկերին ականատես եմ եղել նաև ֆոտոծառայություններից մեկում, որտեղ բաժակին Հայաստանը պատկերված էր առանց Արցախի։ Նման օրինակները բազմաթիվ են։ Կարելի՞ է արդյոք այս հարցում մեղադրել հասարակ քաղաքացիներին։ Բնավ ոչ։ Պետական բարձր նշանակություն ունեցող հարցում հենց ՀՀ իշխանությունների շրջանում է իսպառ բացակայում այդ գիտակցությունը։ Այս հարցում պետական որևէ հստակ քաղաքականություն չկա։ Եթե ՀՀ հասարակ քաղաքացին հեռուստացույց դիտելիս, պաշտոնական լրատվությանը հետևելիս, եղանակի տեսության ժամանակ օրումեջ մի քարտեզ է տեսնում՝ մի օր Արևմտյան Հայաստանով, մյուս օրը' առանց ԼՂՀ-ի (վերջինս գրեթե մշտական բնույթ է կրում), ակամայից հարց է առաջանում՝ իսկ ո՞րն օգտագործել, ո՞րն է ճիշտ։ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն արտաքին ոլորտում, այլև այս հարցում հայ մարդուն ուղղակիորեն զրկում է իր հաղթանակից։

Այդպիսի քաղաքականության դեմ պայքարի համար համացանցում գործող մի շարք խմբեր ու էջեր առաջացան, որոնց նպատակն էր տարածել ճիշտ քարտեզները։ Օրերս էլ Երևանի մի շարք փողոցներում նույն խմբերի նախաձեռնող անդամները պաստառներ էին փակցրել «Մեկ ամբողջ» (http://www.facebook.com/pages/REAL-MAPS/102934949764624?ref=ts) խորագրով։

Քարտեզագիր, աշխարհագրագետ Գրիգոր Բեգլարյանն, անդրադառնալով հայկական քարտեզներին, նշել է, որ, դժբախտաբար, հին ու պատմական քարտեզներով Հայաստանը հարուստ չի։ Իհարկե, կան տեղեկություններ, որ Անանիա Շիրակացին իր աշխարհացույցում ուներ մի շարք քարտեզներ թե՛ պատմական Հայաստանից, թե՛ այն ժամանակ հայտնի ամբոջ աշխարհից, սակայն դրանք մեզ չեն հասել։ Կան անգամ տեղեկություններ, թե Անանիա Շիրակացին է ստեղծել գլոբուսը։ Մեզ հասած առաջին տպագիր քարտեզը, Գ. Բեգլարյանի խոսքերով, 1695թ. Ամստերդամում տպագրված աշխարհի քարտեզն է, որը կոչվում է Համատարած աշխարհացույց և որի հեղինակն է Ղուկաս Վանանդեցին։ Դրանից հետո, հիմնականում հայոց պատմության դժբախտ իրադարձությունների հետևանքով, հայկական քարտեզները տպագրվում էին ամենուր՝ Բեռլինում, Վենետիկում, Վիեննայում, Թիֆլիսում, Մոսկվայում, Հնդկաստանում և այլուր, բացի Երևանից։ Այստեղ քարտեզագրությունը եկել է խորհրդային իշխանության հետ, երբ, տրամաբանորեն, Երևանը դարձել է Հայաստանի մայրաքաղաքը։

-Բնականաբար, ամբողջ պատմության ընթացքում քարտեզներն արտացոլում էին այն իրականությունը, ինչը որ կար։ Առհասարակ, քարտեզի հիմնական, ես կասեի' նույնիսկ միակ նպատակը թղթի վրա արտացոլելն է այն, ինչ կա երկրագնդի վրա։ Այսինքն, երբ այսօր Լեռնային Ղարաբաղը քաղաքական կամ դիվանագիտական ինչ-ինչ պատճառներով արտացոլվում է ինչ-որ այլ կերպ, դա արդեն քարտեզ չի դառնում, որովհետև այդպես չէ երկրագնդի վրա։ Երբ Քարվաճառը Արցախից դուրս է գծվում, դա այդպես չէ, որովհետև Քարվաճառն այսօր Ղարաբաղում է, և ես Քարվաճառ կարող եմ գնալ Հայաստանից ու Ղարաբաղից, այլ ոչ թե որևէ այլ տեղից։ Հենց դա է այսօրվա քարտեզների առաջին շեղումը,-ընգծել է Գրիգոր Բեգլարյանը։

Նա նշել է, որ ամենասուտ քարտեզ գծողներից մեկը Խորհրդային Միությունն էր, և այստեղ հակասություն է առաջանում, քանի որ ռազմական տեսանկյունից խորհրդային քարտեզներն ամենաճիշտն են աշխարհում, և դրանց հիման վրա այսօր էլ կարելի է պատերազմել, սակայն քաղաքական և բաղադրական իմաստով դրանք, երևի, ամենաշատն են ստում։ «Այդուհանդերձ, նույնը կարելի է ասել և՛ գերմանական, և՛ անգլիական, և՛ մնացած բոլոր քարտեզների մասին, որոնք կոչված են նպաստելու իրենց պետական ինչ-ինչ դիվանագիտական, քաղաքական մոտիվներին ու շահերին, այլ ոչ թե բուն քարտեզագրական նպատակին, որը մնում է միակը։ Հիմա ինչ էլ լինի, դժբախտաբար, բայց ես ստիպված եմ Արևմտյան Հայաստանը գծել Թուրքիայի սահմաններում։ Այն ամենը, ինչ ես կարող եմ անել՝ առաջին հերթին հայկական անվանումներն ու տեղանունները տեղադրելն է, որ մենք չմոռանանք դրա մասին, և երկրորդ հերթին' նշել այն ժամանակացույցը, որով այսօրվա ուխտագնացը կարող է հասնել այնտեղ»։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի քարտեզներին, նա նշել է, որ ճիշտ է' 1991թ. ԼՂՀ-ն հռչակվել է ԼՂԻՄ-ի սահմաններում, բայց երբ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետևանքով հրադադար է ստորագրվել, հայկական ուժերն արդեն ազատագրել են ևս մի շարք շրջաններ, որոնք ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի հողերն են։ Օրինակ, Քարվաճառը և Քաշաթաղի շրջանի մեծ մասը ոչ թե Արցախը, այլ Սյունիքն էր, այսինքն Մեծ Հայքի Սյունիք աշխարհը։

-Արցախ աշխարհի մի մասը՝ Հյուսիսային Արցախը, դեռևս մնացել է Ադրբեջանի օկուպացիայի ներքո, դա Դաշքեսանն է (հայկական Քարհատ), Գետաբեկն է, Խանլարն է (Շակաշեն), Գանձակն է և այլն։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընդլայնեց իր տարածքը՝ 12 հազ. քկմ, ինչը ես' որպես հայ, ընդունում եմ որպես հիմք։ Գոյություն ունի ԼՂ Հանարապետություն, գոյություն ունի արդեն 20 տարի՝ իր բոլոր պետական ենթակառուցվածքներով և ինստիտուտներով, այդ թվում' Սահմանադրությամբ։ Վերջինիս մեջ հստակ գրված է, որ ԼՂՀ -ն զբաղեցնում է այն տարածքը, որին ինքը տիրապետում էր 1994թ. հրադադարի պահին և վարչատարածքային առումով բաժանվում է 7 շրջանների, չկա գրավյալ տարածք, ազատագրված տարածք, պայթագրված տարածք և այլն, կա 7 շրջան՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի։ Քանի որ բուն Շահումյանի շրջանն օկուպացված է մնացել ադրբեջանցիների կողմից, ԼՂՀ-ն Քարվաճառի շրջանը միացրել է Շահումյանի շրջանին, և այն դաձել է Շահումյանի շրջան' Շահումյանի շրջան հասկացությունը պահպանելու նպատակով,-ասել է քարտեզագիրը։

Անդրադառնալով քարտեզի պաշոնական ձևն ընդունելուն կամ չընդունելուն' նա նշել է, որ 2000-2002թթ. ՀՀ Կառավարությանը կից Պետական կադաստի կոմիտեի «Գեոքարտ» քարտեզագրական կենտրոնը հրատարակել է երկհատոր ՀՀ Ազգային ատլասը, որտեղ զետեղված է ՀՀ տնտեսությունը, պատմությունը, ներկայիս աշխարհագրությունը, բնակչությունը։

-Ես մասնակցել եմ այդ ատլասի աշխատանքներին, և ոչ միայն ես, այլև բոլորը համաձայն էին, որ ԼՂՀ-ն պետք է գծվի ըստ Սահմանդրության։ Բնականբար, այդպես էլ գծվել է։ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև սահմանը գծվում է որպես պետական, վերջ։ Հայասատանը բաժանվում է 10 մարզի, Ղարաբաղն էլ, որպես առանձին մաս, չնայած ինքը ևս 7 շրջան ունի, որպես մաս կցված է Հայաստանին, և բնականաբար մեր երեխաները պետք է այդ ձևին սովորեն,-ասել է նա և հավելել, թե պարադոքսային իրավիճակն այն է, որ քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի ընդունել ԼՂՀ անկախությունը, չկա նաև որևէ պաշտոնական օրենք, սակայն ՀՀ կառավարական հրատարակության մեջ, որը, փաստորեն, արտացոլում է ՀՀ պետական դիրքորոշումը, Ղարաբաղը գծվում է 12 հազ. քկմ' իր 7 շրջաններով, սահմանը' Հայաստանի հետ միասին և այլն։

Պարադոքսային է նաև այն իրավիճակը, որ հայկական բազմաթիվ կազմակերպություններ կամ անձինք, ՀՀ քաղաքացիներ, փաստորեն խախտում են Հայաստանի պետական դիրքորոշումը և Ղարաբաղը պատկերում են բոլոր հնարավոր ձևերով՝ ԼՂԻՄ-ի 1988թ. սահմաններով, Շահումյանի հետ, մեկ-մեկ ռուսերեն ասած աղջիկների «пояс стыдливости»-ով և այլն. «Եվ ինչի՞ համար՝ մեր դարավոր թերության համար, երբ մենք պատերազմում զենքի ուժով հաղթանակ ենք տանում, հետո դիվանագիտության մեջ կամ միաջազգային շփման ժամանակ տանուլ ենք տալիս այդ ամենը, որովհետև վախենում ենք»։

Գ. Բեգլարյանն ասել է, որ տարբեր զբոսաշրջային ընկերություններ փորձում են քարտեզներ պատվիրել Հայաստանն ու ԼՂՀ-ն ԼՂԻՄ-ի սահմաններով, ինքն էլ բնականաբար հրաժարվում է։ Այդ քայլը վրոնշյալ կազմակերպությունները հիմանվորում են՝ ասելով, թե տարբեր միջազգային ցուցահանդեսների ժամանակ Ադրբեջանը և Թուրքիան բողոք են ներկայացնում, և իրենք ստիպված են լինում արտադրանքը վահանակներից հանել։

-Ուրեմն, ամոթ իմ պետությանը, որ 7000 հոգի գնացել, Եռաբլուրում պառկել են, 12 հազ քկմ արյունով ազատագրել ենք, բայց ինչ-որ վախկոտ կազմակերպություններ վախենում են միջազգային ցուցահանդեսի ժամանակ երկու կոպեկ ավելին կորցնել և նորմալ պատասխան տալ այդ ադրբեջանցիներին կամ թուրքերին, կամ նույն մեր ռազմավարական գործընկեր ռուսներին,-ընդգծել է նա։

Պետական դիրքորոշումն այս հարցում Գրիգոր Բեգլարյանը համարում է թերի։ Նրա կարծիքով' ստեղծելով ատլասը' պետությունը ճիշտ ուղի է բռնել, սակայն այլևս ոչ մի քայլ չի արվում։

-Պետք է ճանաչել ԼՂՀ-ն գոնե 1994թ. հրադադարի սահմաններում' հաշվի առնելով նաև Շահումյանի շրջանը և Գետաշենի ենթաշրջանը, Մարտակերտի ու Մարտունու այն շրջանների մասերը, որոնք հիմա օկուպացված են, օրենք ընդունել, որ ՀՀ-ում սա է ԼՂՀ պատկերը, սրանք են ԼՂՀ 7 շրջանները, ԼՂՀ տարածքը, բնակչությունը և գյուղերը, ու ով այդպես չգծի, պետք է քրեական կամ քաղաքական պատասխանատվություն կրի հայկական պետության և օրենքների առջև։ Դա է հարցի լուծումը, այլապես, ինչպես ասում են, «один в поле не воин»։ Տարատեսակ աղբ է հայտնվում, և իմ գործն էլ է անիմաստ դառնում,-նշել է Գրիգոր Բեգլարյանը։

Ի դեպ, սեպտեմբերի 15-ին Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կամո Բարսեղյանը բարձրացրել է Հայաստանի հեռուստաալիքներով հեռարձակվող և ԼՂՀ-ի իրականությանը չհամապատասխանող քարտեզի մասին հարցը' նշելով, որ հայաստանյան մի շարք հեռուստաալիքներ դեռևս ցուցադրում են նախկին ԼՂԻՄ քարտեզը, այսինքն չեն տեղադրում ներկայիս տարածքներով ԼՂՀ քարտեզը։ Այսպիսով, չի հարգվում ԼՂՀ Սահմանադրությունը։

ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադառնալով քարետեզները սխալ ներկայացնելու հարցին, նշել է, թե նախ պետք է հասկանալ պատճառները, որոնք դեռևս իրեն էլ պարզ չեն։ Առաջին հերթին, նրա կարծիքով, պետք է գնահատվի քարտեզները ճիշտ ներկայացնելու քաղաքական նշանակությունը։

Հետաքրքիր է, իսկ ո՞վ և ե՞րբ պետք է գնահատի այդ քաղաքական նշանակությունը։ Կարծում եմ' քաղաքական նշանակությունը գնահատելու խնդիրը հասունացել է շա՜տ վաղուց, դեռևս այն ժամանակներից, երբ Ալիևը «դժվարացավ» Արցախը Ադրբեջանի կազմից դուրս պատկերացնել ու դժվարանում է մինչ օրս։

Շատերը նաև նշում են, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն առանձին ներկայացնելը սխալ չէ, քանի որ ԼՂՀ-ն առանձին պետություն է։ Դա ճիշտ հակափաստարկ չէ, որովհետև, առաջին' բանակցութունները դեռ շարունակվում են (երբեք չենք կարող ասել, թե ինչպես դրանք կավարտվեն), երկրորդ' անկախությունը չի նշանակում, թե Արցախը դադարում է հայկական պետություն լինելուց, երրորդ' քանի դեռ Ադրբեջանը չի փոխում իր հռետորությունը (Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմից դուրս, Ադրբեջանի դրոշը անպայման ծածանվելու է Ղարաբաղում և այլն), չպետք է փոխվի նաև քարտեզի ճիշտ պատկերման ձևը։

Ի դեպ, քարտեզները ճիշտ ներկայացնելու քաղաքական նշանակության մինչ այսօր չգնահատված լինելը տարբեր և, միանշանակ, Հայաստանի ու ԼՂՀ-ի համար ոչ նպաստավոր մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Ի վերջո, եթե բանակցային սեղանի շուրջը և դիվանագիտական շփումների ժամանակ հնարավոր չէ շատ բան ասել, դա հնարավոր է անել հենց վերոնշյալ «կողմնակի» միջոցներով։ Կարծում եմ, «տարատեսակ դիվանագիտությունների» նկատմամբ թուլություն ունեցող մեր իշխանության ներկայացուցիչները պետք է որ գնահատեին դիվանագիտական հնարքների նման ձևերը, ինչը անել, սակայն, նրանց թույլ չեն տալիս սեփական վախկոտությունն ու անսկզբունքայնությունը։

Արփի Բեգլարյան

No comments:

Post a Comment