Monday, September 13, 2010

Ինչպե՞ս թույլ չտալ ձախողված իշխանության վերարտադրությունը


Ինչպե՞ս թույլ չտալ ձախողված իշխանության վերարտադրությունը

Այն որ այս իշխանությունները ձախողվել են և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական ոլորտներում՝ գաղտնիք չէ անգամ իրենց համար։ Հետևաբար՝ Սերժ Սարգսյանը չուներ և չունի որևէ քաղաքական առաքելություն։ «Մեծ» բյուջե ունենալու օգնությամբ երկրի ամբողջ տնտեսությունը ձեռքը վերցնելու մարտավարությունը մեր ժողովրդի շահերի հետ բացարձակապես որևէ կապ չունի։ Ավելին՝ «սառը» պատերազմի մեջ գտնվող ՀՀ-ի համար մեծ շռայլություն է նմանատիպ թուրքմենբաշիական մտածելակերպով պետության ղեկավար ունենալը։

Չհաջողված թուրքական գամբիտ

Մարտի 1-ի շնորհիվ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը փորձեց թուրքական գծի միջոցով պահել իր աթոռն ու ձեռքի հետ էլ Հայաստանի համար զարգացման «ֆուտբոլային» օրակարգ ձևավորելու առաքելություն ստանձնել, բայց կանխատեսելի պարտություն կրեց ու հիմա անհասկանալի է, թե ինչով է զբաղված։ Տպավորությունն այնպիսին է, որ երկրում իշխանություն չկա։ Այո՛, պաշտոնյաներ կան, բայց իշխանություն չկա, որովհետև իշխանությունն անելիք է ունենում և արդյունքներ արձանագրում։ Իսկ մեր դեպքում արդյունքներ չկան կամ եթե կան, ապա բացասական նշանով։

Միակ դրական արդյունքը, որն ապահովել են այս իշխանությունները՝ ավտոմեքենաների ամրագոտիները փող գանձելու սպառնալիքի տակ կապել տալն է։

Հա, չմոռանամ ավելացնել նաև, որ Տիգրան Սարգսյանի «բարեշրջումների» շնորհիվ երկուշաբթի օրերն այլևս ասոցացվում են ոչ թե աշխատանքային շաբաթվա սկզբի, այլ՝ մեռելոցի հետ, և դա շատ խորհրդանշական է «նժդեհապաշտների» պարագայում, ովքեր հիմա էլ անցել են օտարալեզու հանրակրթական դպրոցներ բացելու «սուրբ» գործին։

Ուրիշ բանով «նախաձեռնողներն» աչքի չեն ընկել։

Իսկ ամեն ինչ այնքա՜ն «լավ» էր սկսվել...

Ի՞նչ իմանար «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայր Սերժ Սարգսյանը, որ հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրելուց ընդամենը մեկ տարի անց ստիպված է լինելու անցնել «եկեղեցական» դիվանագիտության և հանրային քննարկումների «մեխը» դարձնել Աղթամար մեկնել-չմեկնելու հարցը։

Ի՞նչ իմանար շախմատասեր Սարգսյանը, որ թուրքերը չեն գնահատելու իր «ֆուտբոլային» քծնանքը, երբ նա մեր ազգային հավաքականի գոլ ընդունելուց հետո անբնական ձևով ողջունեց իր թուրք գործընկերոջը։ Թուրքերը ոչ միայն չգնահատեցին Սարգսյանի «ժեստը», այլև նմանատիպ «նախաձեռնողականությունից» ոգևորված՝ է՛լ ավելի լկտիացած սկսեցին խոսել նախապայմանների լեզվով։

Ի՞նչ իմանար ՀՀԿ «ճկուն» նախագահը, որ ապրիլի 24-ից մեկ օր առաջ հրապարակայնացված գիշերային «վոյաժներն» ու իր կողմից խրախուսվող հակառուսական քարոզչությունն ավարտվելու է ռուսական ռազմաբազաների Հայաստանում գտնվելու ժամկետի երկարաձգման պայմանագրի ստորագրմամբ. քիրվայությունից մինչև «էն սհաթ»՝ մեկ քայլ է։

Ի՞նչ իմանար Սարգսյանը, որ Թուրքիա է մեկնելու փակ սահմանով ու մենք անգամ դրա բացման նախաշեմին չէինք լինելու։ Որ իմանար՝ հակառակի մասին չէր հայտարարի։

Ի՞նչ իմանար Ղարաբաղում ապրած, բայց գորիսեցի ներկայանալ սիրող Պետհամալսարանի կառավարման խորհրդի ղեկավարը, որ Գյուլին առաջարկելով օժանդակել Ղարաբաղի հարցում՝ Թուրքիային փաստացի դարձնելու է ակտիվ միջնորդ, որը չի էլ թաքցնում իր կողմնակալությունը և որի հետ այսօր բոլոր շահագրգիռ ուժերը քննարկում են Ղարաբաղի հարցը։

Եթե Սերժ Սարգսյանը աջ ու ձախ հարցազրույց է տալիս ու ասում, թե ինքն «էն գլխից» պատրաստ է դուրս բերել հայկական զորքերը անվտանգության գոտուց՝ միայն թե ճանաչվի ԼՂՀ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բնական է, որ Թուրքիան ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կպնդեն զորքերի դուրս բերման վրա։ Բա հո՞ Ալիևին չեն ճնշելու, ով ոչ մի բան չի հայտարարում, այլ միայն խոսում է Ադրբեջանի՝ իր պատկերացրած սահմաններով տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին։

Այսպես երկար կարելի է ներկայացնել բոլոր այն արտաքին քաղաքական սխալները, որոնք արել է Սերժ Սարգսյանը՝ փորձությունների ենթարկելով Հայաստանի անվտանգությունն ու ապագան։

Արտաքինից զատ՝ խայտառակ արդյունքներ են գրանցվել նաև ներքին կյանքում։

Այսպես. սեփականության վերաբաշխման հարցում Սերժ Սարգսյանի գործիք հանդիսացող վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը խաղից դուրս թողեց փոքր բիզնեսին, իսկ միջին բիզնեսը դեռևս հուսահատ դիմադրություն է ցույց տալիս։

Ինչ մնում է խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, ապա նրանց մի մասն, այս խաղի կանոնների պայմաններում, Հայաստանից արտահանում է իր ունեցած կապիտալը, մյուսները կուլիսային դիմադրություն են ցույց տալիս իշխանական գիլդայի ներկայացուցիչներին, իսկ ոմանք էլ՝ գործիք դառնում իշխանության ձեռքին՝ կլանելով փոքր ու միջին տնտեսվարողներին և չգիտակցելով, որ դրանից հետո գալու է կլանվելու ժամանակը, երբ Սերժ Սարգսյանը հնարավորություն կստանա իրագործել իր «մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելու ծրագրի վերջնական փուլը։

Արտաքին ու ներքին տապալված քաղաքականությունը պատասխանատվություն է ենթադրում, բայց գործող իշխանությունը չի էլ պատրաստվում ընդունել իր սխալները և որևէ կերպ քավել իր մեղքերը։

«Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»՝ հավերժ սխալվելու և այդ սխալներն արդարացնելու բանաձև է մոգոնել «նախաձեռնող» մեր նախագահը։ Դե որ այդպես է՝ ուրեմն պետք է այնպես անել, որ Ս. Սարգսյանը ոչինչ չանի։ Իսկ դրա նախապայմանն այն է, որ այս իշխանությունը պետք է չվերարտադրվի, որպեսզի հնարավոր լինի գնալ համակարգային փոփոխությունների։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

No comments:

Post a Comment