Sunday, June 27, 2010
Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական և այլ ճակատների - Արմեն Ավետիսյան
Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական և այլ ճակատների - Արմեն Ավետիսյան
Գրել է Լուսանցք
26-06-2010
Հայկական տեսանկյուն
Համահայկական բանակ՝ ընդդեմ համաթուրքական եւ այլ հակահայ ճակատների
Ամեն մի ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի եւ հակազդող է նրա ինքնապաշտպանական, անվտանգության համակարգը: Այս համակարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի շարքում, ուստի մեր նախնիները մշտապես կատարելագործել ու հզորացրել են այն` հասնելով կատարելության, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն հայկական պետությունների գոյատեւմանը, քաղաքակրթությունների տարածմանը:
Այս համակարգում կիրառվել եւ հիմա էլ կիրառվում են հոգեւոր-գաղափարական, ռազմապաշտպանական, լեզվակրթական, բնապահպանական-առողջապահական, բարոյահոգեբանական, գիտական-մշակութային, տեղեկատվա-վերլուծական, արտաքին ու ներքին քաղաքական եւ այլ հայեցակարգեր, սակայն, ամենազորավորը Ոգեղեն-Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով են պարուրված եւ կիրառվում են սովորական աչքի համար անտեսանելի ձեւերով: Դրանք ազդեցություն են ունենում ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական առումներով...
Այս իմաստությամբ կարելի է տկարացնել (նաեւ՝ տխմարացնել) ազգերի ու քանդել պետություններ` շատ հարցեր լուծելով առանց զինված կամ այլ ձեւերի բացահայտ ու ճակատային ընդհարման: Ցավոք, այս զորությունից մենք դեռեւս նպատակային չենք օգտվում, որի հնարավորություններն ունենք գենետիկորեն, քանզի արարչական է մեր այդ զորությունը...
ՀՀ ներկայիս անվտանգության համակարգը շատ հեռու է կատարյալ լինելուց, գործունեությունն էլ՝ ազգային անվտանգություն համարելուց... Ուստի` մեր պետության եւ համայն հայության գերխնդիրն է կառուցել ու շարունակաբար արդիականացնել Հայոց Անվտանգության Համակարգը` ինքնատիպորեն զարգացնելով բոլոր անհրաժեշտ ոլորտները:
Իսկ մինչ անվտանգության ոլորտի կատարելացումը, անհրաժեշտ է ունենալ պաշտպանական զորավոր կառույցներ, ինչը թույլ կտա առավել հանդարտ պայմաններում հասնել Հայոց Անվտանգության Համակարգի ձեւավորմանը, ինչը կունենա համահայկական բնույթ... Հայը պետք է իրեն անվտանգ զգա ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում:
Հայ ազգը, լինելով Արարատյան աշխարհի բնիկն ու տերը, բացարձակ ու հզոր ԱրարչաԳենի ժառանգական կրողն է եւ օգտագործելով աստվածատուր հոգեւոր ու գիտական իմացությունն ու բազմափորձ իմաստությունը, հազարամյակներ շարունակ ստեղծել է ազդեցիկ պետություններ, ունեցել է զորեղ ռազմական օրենքներ եւ ուժ ու հիմնականում անխոցելի է եղել այլազգիների համար...
Հազարամյակներ շարունակ հզոր Հայաստանի օգնությանն ու ապավինությանն են դիմել բազմաթիվ երկրներ ու ազգեր, որոնք ցանկացել են թոթափել օտարների լուծը, ապրել պաշտպանված եւ անվտանգ: Հայ բարեպաշտ արքաները հզոր բանակներով հսկել են «անծայրածիր տարածքներ», հաստատել օրենքներ եւ կրել «Արքայից Արքա», «Աշխարհի չորս կողմերի Արքա» եւ այլ հնչեղ տիտղոսներ: Փառավոր է Հայոց Պատմությունը եւ հարատեւ՝ Հայոց անկոտրում Ոգին...
Բայց հետզհետե հեռանալով նախնիների արմատներից, հայարիական ներցեղային ներդաշնակ ապրելակերպից, ինչպես նաեւ, կորցնելով հայրենիք-բնօրրանի հիմնական մասը` հայ ազգը, պարբերաբար ենթարկվելով հալածանքի ու այլասերման, տկարացավ եւ կորցրեց նախկին զորությունը: Եվ վերջին դարերի փորձություններից եւ հալածանքներից հետո թվում էր, թե վիճակն անհույս է այլեւս, սակայն ինքնապաշտպանության աներեւույթ բնազդն արթնացրեց նիրհած հզոր ԱրարչաԳենը եւ խոսեց նախնի-նահատակների հանդեպ ոգեղեն պարտականությունը («Իր նահատակների դեմ մեղանչող ժողովուրդը՝ մեղանչում է իր ապագայի դեմ...» - Գ. Նժդեհ), եւ հայ ազգը գերագույն ճիգերի գնով վերականգնեց իր անկախ պետականությունը: Եվ արդ` դրա պաշտպանությունն ու անվտանգությունը հայության ապագայի ու զարգացման երաշխիքն է...
Ազգի եւ հայրենիքի հուսալի պաշտպանվածությունը, որպես հարատեւման ռազմավարական գործոն, մշտապես լինելու է համահայկական առաջնային եւ անբեկանելի գերխնդիր: Ամեն քայլ (ում կողմից էլ այն ձեռնարկվի), որը կբթացնի կամ կթուլացնի զգոնությունը նշյալ «աքսիոմայի» նկատմամբ, եւ ավելին՝ կենթադրի դավադիր (հակառակ) հիմնավորում, անխուսափելիորեն պետք է համարվի դավաճանություն՝ ՀԱՅՈւԹՅԱՆ եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ դեմ, եւ նախաձեռնողը պետք է հրապարակայնորեն անհապաղ մեկուսացվի՝ պատժվի, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ գնդակահարվի:
Մեծ Նժդեհն ասել է. «Անբարոյականանում են անմարտունակ ազգերը...», եւ հայարիական ազատատենչ ու ռազմաշունչ ոգին պետք է մշտապես խլրտա յուրաքանչյուր հայի հոգում: Հայրենապաշտության, հայրենատիրության (ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի վերակերտում) եւ հանուն ազգի զոհաբերության գաղափարներն են լինելու հայ ռազմիկի ձեւավորման նախահիմքը: «Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասից...», «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թույլը ինչպես սիրո, նույնպես եւ զոհաբերության: Արգասավոր չէ թույլի սերը: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինության (սեր եւ զոհաբերություն)՝ դիպվածների կպարտի իր գոյությունը: Մենք առնվազն կարող եւ հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել ...»,- շարունակում է Նժդեհը: Անհատապես զոհաբերման պատրաստ հերոսների համախմբումը միայն կարող է ստեղծել անպարտելի բանակ՝ ունակ աննախադեպ սխրագործությունների...
«Իր հողի վրա պարտվելը կրկնակի աններելի պարտություն է: Իր հողի վրա պարտվողը ազատ Հայրենիքի իրավունք չունի...»: Հայարիական ռազմի օրենքներն ու վեհանձնությունը, Նժդեհյան Ցեղակրոնությունը. ահա՛ անպարտելիության «հոգեւոր սնունդը»: Արիական-ցեղապաշտական (հայկական-ցեղապահպանական) կացութաձեւը, ներցեղային օրենքներն ու բարոյականությունը. ահա՛ միջավայրը՝ անպարտելիության «մարմնական ծնունդի»...
Ազգի եւ հայրենիքի ինքնապաշտպանությունն իրականացնում է հայոց ազգային բանակը: Ինչպես բանակի ստեղծումը, այնպես էլ ծառայության կազմակերպումը կարգավորվում է զինվորական հատուկ օրենսդրությամբ: Մինչեւ ազգային հիմնախնդիրների վերջնական լուծումը ծառայությունը բանակում պարտադիր է բոլոր հայորդիների համար: Հայ տիարք եւ տիկնայք պետք է տիրապետեն ամենատարբեր մարտարվեստների, ինչպես նաեւ ընդհանուր զինվորական գործին («Առյուծն առյուծ է՝ էգ լինի, թե որձ»): Տարիքային եւ այլ անհրաժեշտ ժամանակավոր կամ հիմնական սահմանափակումներն ընդհանուր օրենքի մեջ կարող են փոփոխման ենթարկվել՝ ըստ իրադրության (պատերազմական, արտակարգ եւ այլ իրավիճակներ) եւ ազգի ինքնապաշտպանության ապահովման առաջնահերթության տեսանկյունից...
Հայոց ազգային բանակը երբեք չի կարող գործածվել հայ ազգի դեմ, այդպիսի շահագործումն անհերքելի դավաճանություն է, եւ յուրաքանչյուր հայ զինվորականի սուրբ պարտականությունն է հստակորեն գիտակցել սա եւ լինել ազգի հետ, բայց ոչ երբեք՝ նրա դեմ:
Հայ ազգին բանակ ունենալու իրավունքից, իսկ բանակին՝ ազգի եւ հայրենիքի շահերը պաշտպանելու պարտականությունից զրկելը հանցագործություն է, ազգահալած քաղաքականության դրսեւորում, որը նույնպես դավաճանություն է:
...«Չի թույլատրվում սպանել` ընկածին, ներքինուն, խաչված ձեռքերով գթություն աղերսողին, հերարձակ փախչողին, նստածին, «ես քոնն եմ» հավաստողին, քնածին, զենք ու զրահ չկապածին, մերկին, անզենին, չկռվողին՝ սոսկ դիտողին, ուրիշի դեմ մարտնչողին, դժվարին կացության մեջ հայտնվածին, որն անզոր է կռվելու, վշտից խոցվածին, ծանր վիրավորին, ահաբեկվածին, նահանջողին՝ միշտ հիշելով ռազմիկի առաքինության մասին պատվիրանը...» - այս եւ նմանատիպ արիական ռազմական օրենքները պետք է ամրագրվեն հայ զինվորականի սրտում: Բայց հարկ է նաեւ սահմանել, որ հայ ռազմիկի ձեռքը երբեք չպիտի դողա մահ եւ ավեր սփռող թշնամուն ու նաեւ դավաճանին գլխատելուց...
Բացի հայոց ազգային կանոնավոր բանակից, անհրաժեշտ է նաեւ ստեղծել համահայկական միացյալ բանակ (ազգ-բանակ, համաժողովրդական բանակ), որի կազմում իր տեղն ու դերը կունենա յուրաքանչյուր հայ՝ անկախ բնակության վայրից: Այդ բանակը ներառելով ամբողջ հայությանը, կառաջնորդվի առանձնահատուկ օրենսդրությամբ եւ կունենա ճկուն կառուցվածք: Համահայկական միացյալ բանակում զորահավաք կկազմակերպվի հայ ազգի եւ Հայաստանի համար ամենավտանգավոր հանգամանքներում...
Զինվորականները մշտապես պետք է գտնվեն Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, իսկ համապատասխան օրենքները պետք է անհրաժեշտ արտոնություններ ու առավելություններ շնորհեն ազգի պահապաններին, հատկապես՝ զոհված եւ վիրավոր ռազմիկների ընտանիքներին, որն անգնահատելի խթան կլինի նաեւ կամավորական ինքնապաշտպանական-ազատագրական շարժումների եւ հայրենիքի մշտարթուն նվիրյալների (աշխարհազորային, ազատամարտիկ, երկրապահ...) կազմակերպման համար: Ազգի եւ հայրենիքի պաշտպանվածության ու անվտանգության կազմակերպման աշխատանքներն ավելի ուժեղացնելու նպատակով բանակից բացի անհրաժեշտ է նաեւ հասարակական կարգ ու կանոնի պահպանության (ազգային ոստիկանություն) եւ ազգային-պետական անվտանգության ապահովության նոր եւ որակյալ ուժերի մշտական առկայությունը: Այդ ուժերը կունենան նաեւ համահայկական կառույցներ եւ ծառայություններ, կառաջնորդվեն համապատասխան օրենքներով, որոնք հստակորեն կտարաբաժանեն պաշտպանության ու անվտանգության ոլորտները եւ կիրականացնեն ազգապահպան գործունեություն: Հասարակական կարգ ու կանոնի պահպանության եւ ազգային-պետական անվտանգության ապահովության նոր ու ազգակենտրոն ուժերի գործածումը հայ ազգի եւ Հայաստանի դեմ` պետական հանցագործություն է՝ ենթակա ամենախիստ դատապարտման:
Ռազմապաշտպանական ուժերի եւ ազգային բոլոր կառույցների ներդաշնակ գործունեությունն է երաշխիքը այն ցանկալի կայունության, որը թույլ կտա հիմնավորապես ու հանգիստ կարգավորել ներազգային խնդիրները եւ բոլոր ուժերը օգտագործել միջազգային թատերաբեմում՝ ի պաշտպանություն ազգային նպատակների եւ խնդիրների...
Այսօր առավել եւս կարեւորվում է համահայկական ազգային բանակի ձեւավորման անհրաժեշտությունը, քանի որ համաթուրքական, համաիսլամական, համա...այլական ճակատներում աննկատ զորահավաք է, եւ մենք պետք է ապավինենք նախ եւ առաջ հայոց միասնական կամքին եւ ուժին...
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment