Monday, June 28, 2010

Ազատվել Ազատիչից

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 28, 2010 14:00



Ազատվել Ազատիչից


ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահների ԼՂՀ խնդրին առնչվող համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի մթնոլորտ է տիրում բանակցային գործընթացում։

Փաստորեն՝ Սերժ Սարգսյանն այնքան է իջեցրել հայկական կողմի պահանջների նշաձողը, որ մենք ընդհուպ մոտեցել ենք 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած տխրահռչակ փուլային տարբերակին։ Փուլայինի և այժմ քննարկվող փաստաթղթերի տարբերությունն այն է, որ այժմ կա մշուշոտ, բայց, այնուամենայնիվ, ԼՂՀ-ի կարգավիճակի հստակեցման հնարավորություն։ Փուլայինի դեպքում ԼՂՀ վերջնական կարգավիճակի հարցն ընդհանրապես չկար։ Մնացած առումներով (ազատագրված տարածքների հանձնում և այլն) Սերժ Սարգսյանը բանակցում է տերպետրոսյանական փուլայինով առաջարկվածի շրջանակներում, որը չի բխում ՀՀ շահերից։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ բանակցային գործընթացը փակուղի է մտնում։ Եթե Ս. Սարգսյանը գնա այսօր քննարկվող տարբերակին կողմ արտահայտվելու ճանապարհով, ապա կհայտնվի Լ. Տեր-Պետրոսյանի ճանապարհին և կհեռացվի իշխանությունից։ Իսկ եթե չգնա, ապա դա կլինի չարյաց փոքրագույնը, սակայն Ադրբեջանը կստանա և արդեն իսկ ստացել է դիրքային առավելություն։ Այսինքն Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի մոտեցումները երկուսն էլ պարտվողական են՝ մեկը արագ պարտություն է առաջարկում, մյուսը՝ դանդաղ։

Ակնհայտ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պարագայում Ալիևը երբեք չի իջեցնի իր պահանջների նշաձողը։ Հետևաբար, եթե ուզում ենք փոխել մեզ համար անբարենպաստ այս մթնոլորտը, ապա պետք է փոփոխությունների գնալ ՀՀ ներքին կյանքում։ Իսկ դա միանշանակ ենթադրում է գործող կառավարման համակարգի և ՀՀ նախագահի փոփոխություն։ Միայն նոր իշխանությունը կարող է փոխել բանակցային մթնոլորտը և զարգացումները տանել մեզ համար բարենպաստ ուղղությամբ։

Փոփոխության է անհրաժեշտ ենթարկել նաև մեզանում առկա քաղաքական դաշտի խաղացողներին։ Տեր-Պետրոսյանը անելիք չունի, քանի որ իր բոլոր գաղափարներն արժեզրկվել ու վարկաբեկվել են իր «հակառակորդ» Սարգսյանի ձեռամբ։

Ինչպես արդեն նշեցի, անելիք չունեն նաև իշխանության ներսում գտնվող «Ֆուտբոլասերները», որոնք արդեն լիովին ձախողվել են և պետք է հեռանան։

«Ազատվել Ազատիչից»՝ սա՛ պետք է լինի ընթացիկ քաղաքական զարգացումների գլխավոր կարգախոսը։ Այդ կարգախոսի իրականացումն, անշո՛ւշտ, պետք է ուղեկցվի նաև պետություն-հասարակություն հարաբերությունների արմատական վերանայմամբ։

Կարեն Հակոբջանյան

No comments:

Post a Comment