Տեր կանգնենք մեր արժեքներին
Մենք՝ Բելգիայի հայ երիտասարդներս, ահազանգելով դիմում ենք հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին:
Սույն թվականի հունիսի 18-ին « Գառնի » պատմամշակութային արգելոց-թանգարանը օտարերկրյա հյուրերի համար վերածվել էր ռեստորանային համալիրի: Կազմակերպված կերուխումի ժամանակ արգելոց-թանգարանի մուտքը փակել էին առօրյա այցելուների համար: Դրանից օրեր առաջ է՛լ ավելի անընդունելի իրադարձություն տեղի ունեցավ Զվարթնոց տաճարի տարածքում: Այս անգամ թույլ էր տրվել օտարերկրացիներին մեր սրբավայրում կազմակերպել խրախճանքի երեկո մերկապարուհիների մասնակցությամբ:
Այս երկու խայտառակ իրադարձությունները խորը վրդովմունք և զայրույթ առաջացրեցին մեր մեջ: Սա բացահայտ սրբապղծություն է: Բոլորիս աչքի առաջ հանդգնորեն ոտնահարվեց մեր ազգային արժանապատվությունը: Այս ոտնձգությունը մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ ապացույց է առ այն որ մեզ առհամարում են մեր իսկ հայրենիքում:
Այս ամենի հանդեպ ծայրահեղ կոռումպացված իշխանությունների և նյութապաշտ եկեղեցու հանցակից պահվածքը սպասելի էր: Սակայն բոլորովին անընդունելի է մտավորականության և ժողովրդի անտարբեր լռությունը:
Ելնելով այս իրողությունից, դիմում ենք բոլոր գիտակից հայերին, կոչ անելով ըստ արժանվույն արձագանքել կատարվածին: Հարկավոր է պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին և նրանց մեղսակիցներին հայ ազգը նվաստացնող արարքի համար:
Այսուհետ հայ մտավորականը և առհասարակ հայ մարդը պետք է գիտակցի, որ ինքն է այն զինվորը ում ուսերին դրված է հայկական բարձրագույն արժեքների պաշտպանության պատասխանատվությունը:
Այսօր, ինչ ինչ պատճառներով, բազմաթիվ հայորդիներ գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում: Սակայն դա չի նշանակու, որ նրանք անտարբեր են հայրենիքի խնդիրների նկատմամբ: Դեռևս նրանք հոգեպես են ձեզ հետ, սակայն շատ շուտով դուք զգալու եք նրանց ֆիզիկական ներկայությունը ձեր կողքին: